Լույս Է Տեսել ՀՅԴ Պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի Վեցերորդ Համարը

Այս համարի հարցազրոյց խորագիրի հիւրն է ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Եագուպեանը: Ուշագրաւ հարցազրոյցում անդրադարձ է կատարւում մասնաւորապէս Արեւմտեան Ամերիկայի շրջանում համաշխարհային համավարակի պատճառով ընկերային եւ այլ խնդիրների առջեւ յայտնուած հայրենակիցներին ՀՅԴ-ի, ուղեկից եւ քոյր կառոյցների միասնական ջանքերով ցուցաբերուող օգնութիւնների թեմային: Պատասխանելով Հայաստան-սփիւռք փոխյարաբերութիւնների առկայ վիճակի մասին հարցին Վիգէն Եագուպեանը ասում է. «Անկախութենէն ի վեր սփիւռքի վերաբերէալ ՀՀ իրարայաջորդ իշխանութիւններու որդեգրած հայեցակարգը ցոյց կու տայ սփիւռքին նկատմամբ լուրջ անտեղեակութիւն մը»:

Հարցազրոյցում ներկայացւում է այն իրականութիւնը, որը ձեւաւորուել է սփիւռքի հանդէպ կաղապարուած պատկերացումների եւ այդ մտայնութիւններից բխող փոխյարաբերութիւնների որակի պատճառով: Ինչպէս յուշում է համարի առաջնորդողը, «Դրօշակ»-ի հերթական հրապարակման առանցքում է բնապահպանութեան թեման: Այս թեմայով գրուած Սիւզան Խարտալեանի յօդուածը կոչւում է. «Բնապահպանական ուրոյն փիլիսոփայութեան համար» եւ անդրադառնում է մարդու բնութեան ու կենդանական աշխարհի փոխյարաբերութիւններին, մարդու իրաւունքներին եւ պարտականութիւններին բնութեան, մեզ շրջապատող աշխարհի նկատմամբ, թէ՛ իրաւական եւ թէ՛ բարոյական առումներով․ «կենդանիներու, բնութեան եւ բնավայրերու բարոյական եւ իրաւական կարգավիճակի չափն ու բնոյթը մարտահրաւէր է, որ պէտք է ընդունիլ»,- գրում է հեղինակը:

Նոյն թեմայով յաջորդ յօդուածի հեղինակը ՀՅ Դաշնակցութեան Հայաստանի գերագոյն մարմնի շրջակայ միջավայրի պահպանութեան եւ բնական ռեսուրսների յանձնախումբի նախագահ Արեգ Ղարաբէգեանն է: «Հայաստանի բնապահպանական որոշ խնդիրների մասին» յօդուածում Արեգ Ղարաբեկեանը անդրադառնում է Հայաստանի մի շարք բնապահպանական հիմնահարցերին եւ ներկայացնում է այս հարցում եղած գնահատականներն ու առաջարկները:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ֆինանսների եւ էքոնոմիքայի յանձնախումբի նախագահ Արմէն Գրիգորեանը, խօսելով Հայաստանի գիւղատնտեսութեան վիճակի մասին, իր հերթին ներկայացնում է այս ոլորտի վերաբերեալ կատարուած ախտորոշումներն ու հիմնախնդիրների յաղթահարմանն ուղղուած անելիքների առաջարկները:

Պաշտօնաթերթի յունիսեան համարում անդրադարձեր կան նաեւ 102 տարի առաջուայ այս պատմական օրերի իրադարձութիւններին, Հայաստանի անկախացման տրամաթիկ ընթացքին, յունիսի 4-ին կնքուած Պաթումի հաշտութեան պայմանագիրին նախորդող ու յաջորդող գործընթացներին: Ընթերցողը այս համարում կը գտնի նաեւ հետաքրքրական այլ յօդուածներ:

«Դրօշակ»-ի համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:

Ներբեռնել համարը Դրօշակ-թիւ-6-2020

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )