Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Նախագահ Արմէն Սարգսեան. «մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանութիւնը»

April 27, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Ֆրանսատառ «Լ’օրիան լը ժուր»-ը 24 ապրիլ 2020-ին անդրադարձած է Հայոց ցեղասպանութեան եւ հրապարակած է Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանին յօդուածը, որուն մէջ նախագահը լուսարձակի տակ կ’առնէ Ցեղասպանութեան պատմական իրողութեան փաստը, կը ներկայացնէ անոր պատճառները եւ հետեւանքները, մարդկային եւ տնտեսական կորուստները՝ հաստատելով, որ Թուրքիոյ կողմէ Հայոց ցեղասպանութեան ճանաչումը եւ անոր հետեւանքներու վերացումը անվտանգութեան երաշխիք է Հայաստանի եւ հայ ժողովուրդի, ինչպէս նաեւ տարածաշրջանին համար:

Ստորեւ կու տանք յօդուածին ամբողջութիւնը:

 

Ամէն տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը աշխարհով մէկ նշում է 1915թ. Հայոց ցեղասպանութեան 1,5 մլն զոհերի յիշատակը, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանեան կայսրութիւնում զոհ գնացին երիտթուրքական կառավարութեան կազմակերպած հայ բնակչութեան տեղահանութիւնների, զանգուածային ջարդերի, բռնութիւնների, սովի եւ հիւանդութիւնների հետեւանքով:

Աւելի քան մէկ դար է անցել 1915-1923 թթ. մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ գործուած այդ յանցագործութիւնից, սակայն այդ ոճիրի հետեւանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս եւ կաշկանդում Հայաստանի բնականոն զարգացումը: 

Իրականում հայերի զանգուածային կոտորածներն Օսմանեան Թուրքիայում սկսուել են 1894-96թթ. Սուլթան Ապտուլ-համիտ 2-րդի օրօք, որոնց զոհ գնացին 300 հազար հայ: Ժամանակի խոշոր տէրութիւնները, համաշխարհային մամուլը եւ նշանաւոր անհատները` որոնց մէջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլեամ Կլատսթընը, ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսը, գրող Անատոլ Ֆրանսը, գերմանացի միսիոներ Եօհաննես Լեփսիուսը եւ ուրիշներ, թէեւ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին այդ արարքի դէմ, եւ պահանջեցին խոստացուած բարեփոխումներն իրականացնել Արեւմտեան Հայաստանում, որոնցով պէտք է ապահովուեր հայերի տարրական քաղաքացիական իրաւունքների յարգումը, կեանքի եւ գոյքի անձեռմխելութիւնը, սակայն չկարողացան կանգնեցնել սուլթան Ապտուլ-համիտին:

Ոչ էլ Անտանտի երկրները, Վատիկանն ու Թուրքիայում հաւատարմագրուած դիւանագէտները, որոնց մէջ յատկապէս Միացեալ Նահանգների դեսպան Հենրի Մորկենթաուն, կարողացան հետ պահել երիտթուրքերին, որոնք կատարելագործեցին հայերի ոչնչացման մեխանիզմը` հասցնելով այն պետականօրէն ծրագրուած եւ իրականացուած ցեղասպանութեան: Օգտուելով Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարաւորութիւնից` Երիտթուրքական կառավարութիւնը 1915-16թթ. գործի դրեց Թուրքիայիում հայերին իսպառ վերացնելու ծրագիրը` ձեռնարկելով աննախադէպ ծաւալի եւ աներեւակայելի դաժանութեան տեղահանութիւններ, բռնութիւններ եւ սպանութիւններ: (Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան 1915թ. մայիսի 24-ի համատեղ յայտարարութեամբ այն բնորոշեցին որպէս «յանցագործութիւն մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ»: Յետագայում, 1944 թուականին, Ռաֆայէլ Լեմկինը հէնց 1915թ. հայերի ոչնչացումը հիմք ընդունեց, երբ միջազգային իրաւունքում ներդրեց «ցեղասպանութիւն» եզրը):

Առաջին աշխարհամարտի աւարտից յետոյ իր նախորդների գործը շարունակեց Թուրքիայի նոր առաջնորդ Մուսթաֆա Քեմալը` Կիլիկիայում եւ Արեւմտեան Հայաստանում վերացնելով հայութեան վերջին մնացորդներին եւ սանձազերծելով պատերազմ երիտասարդ Հայաստանի Հանրապետութեան դէմ:

Ցեղասպանութեան ակտի եւ այն մեխանիզմների մասին, որոնցով դա իրականացուել է, ականատեսները` դիւանագէտներ, զինուորականներ, ռազմական բժիշկներ, միսիոներներ, քաղաքական գործիչներ, միջազգային մամուլ եւ այլն, անհերքելի վկայութիւններ են թողել: Յետագայում ակադեմիական շրջանակները, պատմաբանները եւ ցեղասպանագէտները, յենուելով արխիւային փաստաթղթերի վրայ, դա մանրամասն նկարագրել եւ հաստատել են: Աշխարհը քաջատեղեակ է դրան:

Կ’ուզենայի կենտրոնանալ ցեղասպանութեան պատճառների եւ հետեւանքների վրայ:

Առանձնացնեմ պատճառներից մի քանիսը:

Առաջինը քաղաքական էր: 1878թ. Սան Սթեֆանոյի եւ Պերլինի ժողովներում բարձրացուած «հայկական հարցը» իր տրամաբանական աւարտին պէտք է հասցուէր պատմական Հայաստանի տարածքների վրայ հայոց ինքնավարութեան հաստատմամբ, հիմք դնելով Հայաստանի յետագայ անկախութեան, ինչը օսմանահպատակ միւս ազգերի դէպքում Պալքանեան պատերազմից եւ Առաջին համաշխարհայինից յետոյ տեղի էր ունեցել կայսրութեան Եւրոպական եւ Միջինարեւելեան հատուածներում:

Հէնց դրան էր դէմ սուլթանական, այնուհետեւ` հանրապետական Թուրքիան, որովհետեւ Հայաստանի անկախութեան դէպքում կայսրութեան մարմնից պոկւում էր ստրատեգիական գերկարեւորութիւն ներկայացնող հատուածը, որը թուրքերի ճանապարհը փակում էր դէպի Կովկաս եւ Միջինասիական երկրներ:

Ի դէպ, այդպիսի տարածքների վրայ հայերի նման ակտիւ ու ձեռներէց մի ազգի կողմից ինքնուրոյն պետութիւն ստեղծելու հեռանկարի նկատմամբ հետաքրքրութիւնը կորցրեցին նաեւ ժամանակի գերտերութիւնները, այլապէս նրանք 1923թ. Լոզանում չէին հրաժարուի 1920թ. օգոստոսի 10-ի Սեւրի հաշտութեան պայմանագրի Հայաստանին վերաբերող բաժնից, որով հայկական գերիշխանութիւն էր հաստատւում Օսմանեան Թուրքիայի հայկական նահանգների վրայ` դէպի Սեւ ծով ելքով:

Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերն անտեսուեցին նաեւ 1921թ. Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերով, որոնցով հայերին յատկացուեց չնչին տարածք: Հայաստանը մասնատուեց` Կարսի եւ Արդահանի նահանգները զիջուեցին քեմալականներին: Միւս կողմից Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը կամայականօրէն յանձնուեցին Խորհրդային Ադրբեջանի վարչական տնօրինութեանը, որով տեւական վէճի օջախ էր ստեղծւում մեր տարածաշրջանում, որի ականատեսն ենք այսօր:

Ցեղասպանութեան միւս պատճառը գաղափարախօսական էր:

Թուրքական նորածիլ ազգայնամոլութիւնը ցանկանում էր բազմազգ եւ բազմամշակոյթ վիթխարի կայսրութիւնը վերածել միադաւան եւ մոնոլիտ թուրքական պետութեան` աչքի առաջ ունենալով իր քաղաքական առաջխաղացումը դէպի Կովկասի եւ Միջին Ասիայի ընդարձակ եւ հարուստ տարածքները:

Այդ ճանապարհի գլխաւոր խոչընդոտները դարձեալ հայերն էին, որ ապրում էին այդ երկու տարածքների միջեւ, ինչպէս նաեւ Փոքր Ասիան բնակեցնող յոյներն ու այլ քրիստոնեաներ:

Ուստի կայսրութեան գերակտիւ երկու տարրերի` յոյների եւ հայերի էթնիկական զտումը այլընտրանք չունէր թուրք ազգայնամոլների համար:

Այն երկու ժողովուրդների, որոնք կերտողն ու ժառանգորդն են Բիւզանդական քաղաքակրթութեան, որոնք Օսմանեան կայսրութեան զարգացմանն ու ծաղկմանը նուիրել էին իրենց տաղանդն ու եռանդը:

Հայկական պետականութեան վերականգնման վերաբերեալ մի այլ դիտարկում:

Ոմանք կարող են կարծել, թէ հայերը բաւարար ռեսուրսներ չունէին ինքնուրոյն պետութիւն ստեղծելու համար, ինչպէս, ասենք, անկախութիւն ձեռք բերած կայսրութեան այլ ժողովուրդները:

Բոլորովին էլ այդպէս չէ, եւ ամէնից լաւ դա գիտէին թուրքերը:

Դեռեւս 17-18-րդ դարերից հայերն ունէին ինքնավարութեան հաստատման, ընդհուպ մինչեւ պետականութեան վերականգնման ծրագիր եւ սահմանադրութիւն: Այդ ժամանակներից սկսած աշխուժօրէն գործում էին քաղաքական խմբակներ, որոնք 19-րդ դարի երկրորդ կէսին վերածուեցին քաղաքական կուսակցութիւնների: Դեռեւս 16-րդ դարի սկզբներից ստեղծուել էին տպարաններ, գրահրատարակչութիւն, 18-րդ դարում` ազգային մամուլ, որտեղ ծաւալւում էին լայն քննարկումներ Հայաստանի եւ հայ ժողովրդի քաղաքական ճակատագրի եւ ապագայի վերաբերեալ: Ռուսաստանում եւ Եւրոպայում պատրաստւում էին տարբեր ոլորտների ուսեալ կադրեր:

Տնտեսութեան եւ առեւտրի մէջ հայերը շատ ակտիւ եւ ազդեցիկ էին ոչ միայն Օսմանեան եւ Ռուսական կայսրութիւնների տարածքների վրայ, որտեղ գտնւում էր նրանց պատմական հայրենիքը, այլեւ Արեւմուտքից Արեւելք, Հիւսիսից Հարաւ ահռելի տարածքների, ուր նրանք իրենց ձեռներէցութեան շնորհիւ դարձել էին անշրջանցելի գործօն, եւ մեծապէս նպաստում էին համաշխարհային առեւտրին եւ Արեւելք-արեւմուտք առեւտրատնտեսական կապերի զարգացմանը:

Հարաւ-արեւելեան Ասիայում բանկային համակարգի հիմնադիրներ Սարգիս ընտանիքը, Ռուսաստանում Լազարեան տոհմը, Միջին Արեւելքում եւ Եւրոպայում նաւթային մագնատ Կիւլպենկեանները եւ Եսայեանները, Կովկասում Ալեքսանդր Մանթաշովը եւ ուրիշներ ժամանակի գործարար աշխարհի յայտնի դէմքեր էին: Նրանց ձեռքին էր կուտակուել վիթխարի կապիտալ:

Այդ կապիտալը ֆինանսաւորում էր հայկական ուսումնական հաստատութիւնների լայն ցանցը, հոգեւոր-մշակութային կենտրոնները, հիւանդանոցներ, երիտասարդական եւ մարզական հաստատութիւններ:

Հայերը, որպէս պետականութեան աւանդներ ունեցող հին ժողովուրդ, ունէին արդիւնաւէտ ինքնակառավարման մարմիններ, ոչ միայն այս երկու կայսրութիւններում, այլ նաեւ Արեւելքից Արեւմուտք իրենց բնակութեան երկրներում: Նրանցից շատերը զինուորական, դիւանագիտական եւ վարչական բարձրագոյն պաշտօններ էին զբաղեցնում տարբեր երկրներում:

Ապագա երկրի ներքին եւ արտաքին անդորրութիւնը պահպանելու համար հայերն ունէին նաեւ Պալքանեան եւ Կովկասեան մարտերում թրծուած հմուտ սպայակազմ, զօրահրամանատարներ, գեներալներ, շարքային զինուորներ եւ կամաւորական գնդէր, որոնք հետագայում` 1-ին եւ 2-րդ աշխարհամարտերի ընթացքում ցուցաբերեցին իրենց ռազմական հմտութիւնները:

Առկայ էր նաեւ բաւարար մարդկային ռեսուրս. ժողովրդագրական առումով հայերը Օսմանեան կայսրութիւնում եւ Կովկասում զգալի թիւ էին կազմում եւ համեմատելի էին միւս ժողովուրդների հետ, որոնցից նոյնիսկ ոմանց գերազանցում էին:

Այսինքն, Առաջին համաշխարհային պատերազմից առաջ հայերն ունէին բոլոր նախադրեալները ինքնուրոյն պետութիւն ձեւաւորելու համար:

Դրա վառ ապացոյցն այն է, որ 1915-1923թթ. ցեղասպանութիւնից յետոյ հայերը կարողացան ոտքի կանգնել եւ պատմական հայրենիքի մի կտորի վրայ կառուցել ժամանակակից զարգացած երկիր: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հայ զինուորները, գեներալներն ու մարշալներն իրենց անունը փառքով պսակեցին ֆաշիզմի դէմ պայքարի բոլոր ճակատներում: Մեր ժամանակներում նրանց թոռներն անձնուրացօրէն պաշտպանում են Արցախի հայ բնակչութեան ազատ եւ անկախ ապրելու իրաւունքը:

Այսօր Հայաստանը Արցախի եւ հայկական կազմակերպուած ու ազդեցիկս հետ միասնութիւն են կազմում: Այն հայերի ժառանգները, որոնք 100 տարի առաջ կանգնած էին վերացման եզրին:

Ոմանք էլ ասում են, թէ արդէն աւելի քան մէկ դար է անցել ցեղասպանութիւնից, եւ ինքան էլ կորուստները ծանր լինեն, դա անցեալ է եւ պէտք է նայել ապագային: 

Ես էլ ասում եմ, մեր հայեացքն ուղղուած է դէպի ապագան, մենք երազում ենք ապագայի մասին, ծրագրում այդ ապագան, ամէն օր աշխատում ապագայ կառուցելու վրայ: Բայց յիշենք, որ ապագան երէկուայ եւ այսօրուայ շարունակութիւնն է:

Մենք շատ յաճախ խօսում ենք մարդկային եւ նիւթական վիթխարի կորուստների մասին: Եւ դա ճիշտ է: 1.5 մլն մարդկային կորուստը էապէս ազդեց հայ ժողովրդի յետագայ վերարտադրման վրայ. նորմալ պայմաններում այսօր պէտք է լինէինք ոչ թէ 10-12 միլիոն, այլ առնուազն դրա կրկնակին: 

Մէկ այլ կարեւոր կորուստ, ինչին ձգտում էին իրարայաջորդ թուրք կառավարութիւնները, հայկական տարրի իսպառ վերացումն էր պատմական հայկական տարածքներից: Այսօր այդ տարածքների վրայ այլեւս չկան համախումբ ապրող հայեր: Եւ եթէ չկան մարդիկ, չկան ուրեմն նրանց լեզուն, սովորոյթները, ապրելակերպը, մշակոյթը, խոհանոցը, տունուտեղը, որոնցով ձեւաւորւում է ազգային միջավայրը, կազմւում հասարակութիւն ու ժողովուրդ:

Այսինքն, հայերը Ցեղասպանութեան հետեւանքով զրկուել են իրենց պապենական հողի վրայ ապրելու եւ իրենց կեանքն ու սեփական ապագան տնօրինելու իրաւունքից:

Եւ նկատի առէք, հայերը նոր ձեւաւորուող ցեղային խումբ չէին, որ ձգտում էին անկախութեան, այլ աշխարհի հին պետականութիւն եւ քաղաքակրթութիւն ունեցող ժողովուրդ:

Ցեղասպանութեանը յաջորդած տասնամեակներում Թուրքիայում հետեւողականօրէն ոչնչացուել են հայերի եւ հայկական քաղաքակրթութեան հետքերը:

Եւ եթէ այսօր մենք արդարացիօրէն դատապարտում ենք աշխարհի տարբեր կողմերում ծայրահեղականների կողմից առանձին պատմական յուշարձանների աւերումը, ապա որքան խստութեամբ պէտք է դատապարտենք, եւ ժամանակին դատապարտած լինէինք, առնուազն հազարամեակների պատմութիւն ունեցող մի ողջ ժողովրդի նիւթական եւ մշակութային յուշարձանների ոչնչացումը:

Հիմա պատկերացրէք աշխարհով մէկ սփռուած փրկուած հայերի վիճակը, որոնցից շատերը տասնամեակներ շարունակ, նոյնիսկ մինչեւ անցեալ դարի 40-50-ական թուականները մնացին անհայրենիք` ապատրիդ:

Ի դէպ, Առաջին աշխարհամարտի ընթացքում թէեւ հայերը, դաշնակից բանակների կազմում, պատուով եւ անձնազոհութեամբ կռուեցին բոլոր ճակատներում` Վերդենից սկսած մինչեւ Պաղեստին, Բրեստից սկսած մինչեւ Տրապիզոն ու Կովկաս, պատերազմի աւարտից յետոյ չստացան իրենց երազած հայրենիքը:

Այսօր հայերի գրեթէ երեք-քառորդն ապրում է տարբեր երկրներում, ամենաբազմազան սովորոյթների, հասարակական կարգերի եւ դաւանանքների պայմաններում: Ամէնուր հայերը մեծ ջանքեր են գործադրում իրենց ինքնութիւնը պահպանելու եւ իրենց իրաւունքների մասին խօսելու համար, որից նրանք զրկուել են ցեղասպանութեան հետեւանքով: 

Որո՞նք են ցեղասպանութեան դասերը եւ ի՞նչ անելիք ունի մարդկութիւնը:

Ցաւալի է գիտակցել, որ մարդկութիւնը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանութիւնից, այն մոռացուեց, երկար ժամանակ մնաց չճանաչուած ու չդատապարտուած, ինչը կարող էր կանխել մարդկութեան պատմութեան ընթացքում յետագայ նման ոճորագործութիւնները: Եւ մարդկութիւնը դրանից յետոյ նորից ականատես եղաւ այլ ցեղասպանութիւների:

Իմ խորին համոզմամբ, Հայոց ցեղասպանութեան ճանաչումը ոչ միայն հայերիս համար է, այլ առաջին հերթին այն համամարդկային անանց արժէքների նկատմամբ մօտեցման հարց է, այդ չարիքը կանխարգելելու հարց: Հէնց այս գիտակցութեամբ է առաջնորդւում Հայաստանը` իր քաղաքականութեան առաջնահերթութիւններից մէկը սահմանելով ցեղասպանութիւնների կանխարգելումը եւ այս ուղղութեամբ ակտիւօրէն քայլեր ձեռնարկելով ազգային եւ միջազգային մակարդակներով: Հայաստանի նախաձեռնութեամբ Մակ-ի մարդու իրաւունքների խորհուրդը 2008թ. սկսած աւանդականօրէն ընդունում է ցեղասպանութիւնների կանխարգելման բանաձեւէր, իսկ 2015թ-ին ՄԱԿ-ի Գլխաւոր վեհաժողովի կողմից դարձեալ Հայաստանի նախաձեռնութեամբ ընդունուեց դեկտեմբերի 9-ը ցեղասպանութեան զոհերի յիշատակի եւ արժանապատուութեան եւ ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին բանաձեւը:  

Ուստի Ցեղասպանութեան ճանաչման հարցը, որ հայերը բարձրացնում են միջազգային հանրութեան եւ Թուրքիայի առջեւ, խիստ այժմէական է: Այն մի քանի բաղադրիչ ունի. hիշողութեան պարտք, նման ոճրի կանխարգելում եւ կրկնութեան բացառում, հետեւանքների վերացում:

Կէս դար լռութիւնից յետոյ 1960-70-ական թուականներին աշխարհն սկսեց կրկին խօսել Հայոց ցեղասպանութեան մասին. 1965թ. Ուրուկուէյը առաջին ճանաչեց այն: Այսօր աշխարհի բազմաթիւ պետութիւններ ու միջազգային կազմակերպութիւններ ճանաչում են Հայոց ցեղասպանութիւնը, որոնց մէջ Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Գերմանիան, Իտալիան, Շուեցարիան, Վատիկանը, արաբական աշխարհում` Լիբանանը, Սիրիան: Նրանց թիւը գնալով աւելանում է: 

Այսօր միջազգային հանրութիւնը բացարձակ մեծամասնութեամբ չի կասկածում Ցեղասպանութեան եղելութեան մէջ: Միաժամանակ, անընդունելի է, երբ Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցը դիտարկւում է Անգարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպէական շահերի տեսանկիւնից:

Այդ դէպքում մենք չենք կարող մի կողմից յայտարարել մարդատեացութեան, խտրականութեան, անհանդուրժողականութեան, հակասեմականութեան, ժխտողականութեան եւ այլ համամարդկային չարիքների դէմ համատեղ արդիւնաւէտ պայքարի մասին, եւ միւս կողմից Հայոց ցեղասպանութեան հարցի շուրջ ,դիւանագիտութիւն բանեցնելէ:

Համոզուած եմ, որ գլխաւորապէս հէնց այդ սկզբունքներով են առաջնորդուել նաեւ Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած երկրները եւ միջազգային կազմակերպութիւնները, որի համար մենք երախտապարտ ենք նրանց:

Երախտապարտ ենք այն երկրներին, որոնք ցեղասպանութիւնից յետոյ իրենց դռները բացել եւ ապաստան են տուել այդ արհաւիրքից փրկուածներին:

Երախտապարտ ենք միսիոներներին, ռազմական բժիշկներին ու բուժքոյրերին, դիւանագէտներին, որբախնամ կազմակերպութիւններին, դժբախտութեան մէջ մեր եղբայրներին` յոյներին, ասորիներին, հրէաներին ու եզիդներին, ինչպէս նաեւ թուրք, քուրդ եւ արաբ այն ընտանիքներին ու անհատներին, որոնք յաճախ իրենց կեանքն ու ապահովութիւնը վտանգելով ջարդի դաժան այդ օրերին օգնութեան ձեռք մեկնեցին ու փրկեցին շատերին:

Այլ հարց է Թուրքիայի իրարայաջորդ կառավարութիւնների դիրքորոշումը` խուսափել ցեղասպանութեան ճանաչումից եւ պետական մակարդակով առաջ տանել ժխտողականութեան քաղաքականութիւնը:

Այսօր միջազգային հանրութիւնը, քաղաքական եւ հասարական գործիչներ, որոնց մէջ նաեւ բազմաթիւ թուրք մտաւորականներ եւ հանրային գործիչներ հարց են բարձրացնում Հայոց ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ, յուսալով, որ Թուրքիայի իշխանութիւնները կ’առերեսուեն սեփական պատմութեան ողբերգական էջերի հետ եւ կը շրջեն դրանք:

Ցեղասպանութեան յանցագործութիւնը վաղեմութեան ժամկէտ չունի: Հայոց ցեղասպանութեան ճանաչումը Թուրքիայի կողմից եւ դրա հետեւանքների վերացումը անվտանգութեան երաշխիք է Հայաստանի եւ հայ ժողովրդի, ինչպէս նաեւ տարածաշրջանի համար:

Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանութիւնը եւ չենք կարող հաշտուել դրա հետեւանքների հետ: Մենք չենք կարող անտեսել զոհերի եւ վերապրածների տառապանքները եւ նրանց սերունդների համար պէտք է ապահովենք անվտանգ ու արժանապատիւ ապագայ:

24 Ապրիլ 2020 թ.

Երեւան

Նախորդը

«Քորոնա» Ժահրը Եւ Կիները

Յաջորդը

Հաղորդագրութիւն Թիւ 18

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Խորհրդարանական Հարցապնդում Եւ Խաղաղութեան Խոստում

September 16, 2026
Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը.  Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով
Անդրադարձ

Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը. Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով

September 16, 2026
Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ
Անդրադարձ

Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ

September 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.