ԱՇՈՏ ՎԱՒԵԱՆ
Աշտարակի Սուրբ Մարիանէ եկեղեցին մի սրբավայր է, որի զօրութեանը մարդիկ հաւատում են: Եկեղեցին իր նուիրեալ երկրպագուներն ունի, այստեղ յաճախ են գալիս ուխտաւորներ` հիւանդութիւններից ապաքինուելու, զաւակ ունենալու կամ կենսական այլ խնդիրների լուծման ակնկալիքներով:
Եկեղեցին կառուցուել է 1281թ. եւ օծուել Կոյս Մարիանէի անունով, որ համաքրիստոնէական սուրբ է, քրիստոնէութեան վաղ շրջանի` երրորդ դարի նահատակներից: Մարիանէն Անտիոքից էր, քաղաքի գլխաւոր քուրմի դուստրը, ում մայրը վախճանւում է իր ծնուելուց յետոյ, յանձնւում քրիստոնեայ ստնտուի խնամքին եւ դառնում երդուեալ հաւատացեալ: Հայրն աղջկան դուրս է հանում տնից, երբ վերջինս հրաժարւում է ուրանալ Քրիստոսին, որպէսզի դառնար քրմուհի, եւ իրեն հարազատ մայր դարձած դայեակի հետ Մարիանէն տեղափոխւում է քաղաքի մերձակայ արօտավայրեր, զբաղւում գառնարածութեամբ: Այնտեղ նրա գեղեցկութիւնը նկատում է հռոմէացի զօրավարը, առաջարկում ուրանալ հաւատքը, ամուսնանալ իր հետ, եւ ստանալով մերժում` դաժան չարչարանքների է ենթարկում Մարիանէին, որոնք ուղեկցւում են նաեւ հրաշքներով: Սակայն 15-ամեայ աղջիկը մնում է անդրդուելի եւ նահատակւում:
Սուրբ Մարիանէ եկեղեցին գրաւում է յատկապէս երիտասարդներին: Այստեղ շատ են կատարւում պսակադրութիւններ: Սրբավայր յաճախ են այցելում նաեւ նրանք, որոնք կրում են Մարիամ, Մարիանա, Մարինէ եւ Մարգարիտա անունները: Եկեղեցուն կից գործում է «Սուրբ Մարիանէ» երիտասարդաց միութիւնը, որն ունի 45 անդամներ, ուր ընդունուելն այնքան էլ դիւրին չէ: Հարկաւոր է մասնակցել կիրակնօրեայ հոգեւոր դասընթացներին եւ տիրապետել բաւարար գիտելիքների: Միութեան անդամները կարիքաւորներին ցուցաբերում են զանազան աջակցութիւններ, երեխաների համար ամրանը կազմակերպում են շրջապտոյտներ, ճամբարներ, կատարում ուխտագնացութիւններ դէպի սրբավայրեր, իրականացնում շաբաթօրեակներ…
Իր ճարտարապետութեամբ, կատարեալ համաչափութիւններով, թմբուկի շքեղութեամբ եւ սլացիկ գմբէթով, փոքր մակերեսի պայմաններում բարձր թռիչքով Սուրբ Մարիանէ եկեղեցին եզակի մի կառոյց է, որը նման չէ որեւէ այլ եկեղեցու: Բարձրութեան պատճառով դարերի ընթացքում տեղի ունեցած երկրաշարժերից 4 կողմից եկեղեցու պատերին առաջացել են ուղղահայեաց ճեղքեր, բայց այդուհանդերձ հնադարեայ կառոյցը մնացել է կանգուն:
Սուրբ Մարիանէ եկեղեցին լինելով ամենամեծը Աշտարակ քաղաքում` զբաղեցնում է բաւական փոքր մակերես, այնպէս որ, յաճախ երիտասարդները ստիպուած են խումբ առ խումբ, միմեանց փոխարինելով մասնակցել կիրակնօրեայ պատարագներին:
Դեռեւս 1905-ին եկեղեցին ընդարձակելու նպատակով լուսահոգի Մկրտիչ Ա. Վանեցի կաթողիկոսի օրօք հաստատուել է եկեղեցու արեւմտեան հատուածի նախագիծը եւ սկսուել շինարարութիւն, սակայն նրա վախճանից յետոյ, խորհրդային տարիներին եկեղեցու կիսակառոյց պատերը ծածկուել են թիթեղով եւ տարիներ շարունակ ծառայել որպէս գիւղատնտեսական կամ զինամթերքի պահեստ…
Եւ ահա, 115 տարի անց, վերջապէս իր աւարտին հասաւ Խրիմեան Հայրիկի սկսած գործը. փետրուարի 22-ին Սուրբ Մարիանէ եկեղեցու արեւմտեան հատուածի հանդիսաւոր բացումն էր, եկեղեցու վերաօծումը: Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցութեամբ օծուեցին նորակառոյց ս. սեղանը, խորանի սիւները, մկրտութեան աւազանն ու մնացեալ սիւները: Վեհափառն օրհնանքի եւ գնահատանքի ջերմ խօսքեր ասաց վերակառուցման բարերար Մովսիսեան ընտանիքի հասցէին եւ Գրիգոր Մովսիսեանին պարգեւատրեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագոյն` «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» պատուոյ շքանշանով:
Գրիգոր Մովսիսեանը հանրութեանն արդէն ծանօթ է իր ազգային-հոգեւոր գործերով: Նա հեղինակել է «Վահագնի ծնունդը կամ մեր Տէր Յիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» գիրքը, հրատարակել երջանկայիշատակ Գարեգին Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի հայաստանեան քարոզների երկհատորեակը, հովանաւորել այլ հեղինակների հոգեւոր աշխատութիւնների տպագրութիւններ, մեծապէս աջակցել է Արցախի Մեխակաւան բնակավայրում Զօրաւոր Սուրբ Աստուածածին եկեղեցու կառուցմանը, կատարել էլի ուրիշ միայն իրեն ու Տէր Աստծուն յայտնի բարեգործութիւններ, որոնց մասին, ինչպէս եւ վայել է ճշմարիտ քրիստոնեային, նա չի սիրում հնչեցնել. «Երբ ողորմութիւն անես, փող մի՛ հնչեցրու քո առջեւ, ինչպէս անում են կեղծաւորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպէսզի փառաւորուեն մարդկանցից» (Մատթէոս 6:1-2):
Հէնց նրա նախաձեռնութեամբ եւ ֆինանսական օժանդակութեամբ էր, որ ամրացուեցին Սուրբ Մարիանէ մայր եկեղեցու պատերի ճեղքերը, եկեղեցու արեւմտեան հատուածի կիսակառոյց պատերը բարձրացուեցին անհրաժեշտ մակարդակի, շինութիւնը պատշաճ տանիքապատուեց, կառուցուեց սուրբ խորանը` միաժամանակ նրա յետին հատուածում պահպանելով շինարարութեան ընթացքում բացայայտուած հնամենի որմնանկարները, կատարուեցին ներքին յարդարման աշխատանքներ, եկեղեցու բակում կառուցուեց պատմութեան թանգարանում պահպանուող Սուրբ Տաթեւի վանքի պատմական դռների զարդանախշերի կրկնօրինակմամբ երկու հիասքանչ խաչքարեր… Սակայն երբ բարերարին են յիշեցնում այս ծաւալուն աշխատանքների մասին, ամենամեծ ներդրումն այս գործում նա համարում է մի տատիկի ամսուայ թոշակը, որ դրամարկղից շտապել էր ուղիղ եկեղեցի եւ կարծես Աւետարանում իր վերջին լուման տաճարի գանձանակին նուիրաբերած այրի կնոջ օրինակով, խնդրել իր ամբողջ խնայողութիւնը նուիրաբերել եկեղեցու կառուցման գործին:
Իսկ Սուրբ Մարիանէ եկեղեցու արեւմտեան հատուածի բացման արարողութիւնն իրօք որ աննախադէպ էր, բոլորի կողմից երկար սպասուած հրաշք մի իրադարձութիւն: Հեռու-մօտիկ վայրերից բազում ուխտաւորներ էին ժամանել այստեղ. շրջակայքում բազմութիւնն այնքան հոծ էր, որ անհնար էր եկեղեցու մուտքին մօտենալ, իսկ նրա նոր ընդարձակ սրահում պարզապէս կանգնելու տեղ չկար: Ետնամասում կաթսաներով մատաղ էր եփւում, եւ ամէնուր ազգային երգն էր ու պարը: Սա հոգեւոր իսկական մի տօնախմբութիւն էր, ուր բոլորն էին սրտով ուրախ: Եւ ուրախալի էր, որ յատկապէս շատ էին երիտասարդները, ինչը ստիպում էր մտաբերել երջանկայիշատակ Գարեգին Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսին, ում «ժամանակների նշանները» յուշում էին, թէ շնորհիւ երիտասարդութեան` 21-րդ դարում տեղի է ունենալու հոգեւոր եւ կրօնական կեանքի զարթօնք:
Այո՛, Սուրբ Մարիանէ եկեղեցին վերջապէս ընդարձակուեց ու ամբողջացաւ, բայց այն ընդարձակուեց ոչ միայն տարածքային առումով: Վստահաբար ստուարացան նրա երկրպագուների շարքերը, եւ էլ աւելի գերիշխող դարձաւ հոգեւոր մթնոլորտը նրա շուրջ: Թող որ նոյնանման ճակատագրի արժանանան նաեւ մեր միւս եկեղեցիները, այդ միտումը տարածուի, որպէսզի իրագործուի Գարեգին Ա. հայրապետի մարգարէութիւնը, եւ հոգեւորն իր յաղթանակը տօնի նիւթականի հանդէպ: Ի շահ` մեր ժողովրդի, ի շահ` մարդկութեան…