ԱՆԻ ՄԱՆԳԱՍԱՐԵԱՆ
ՀԱՐՑՈՒՄ.- Պարոն Հաջեան, օրերս լոյս է տեսել «Արցախի Խորհրդային սպաների միութիւն» հասարակական կազմակերպութեան «Պատիւ Ունեմ» թերթի առաջին համարը ձեր խմբագրութեամբ: Շնորհաւորում ենք եւ բարի երթ մաղթում: Ինչպէ՞ս ծագեց այս մտայղացումը:
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ.- Շնորհակալութիւն: Ճիշդը խոստովանած` ինձ համար անսպասելի էին թէ՛ բուն գաղափարը եւ թէ՛ թերթը խմբագրելու առաջարկութիւնը: Այդ առաջարկութեամբ ինձ դիմեցին Արցախի հանրութեանը լայնօրէն յայտնի անձինք` հիմնադիր կազմակերպութեան պատասխանատուներ, պաշտօնաթող բարձրաստիճան զինուորականներ Հենրիխ Մովսիսեանը եւ Ռաշիդ Պետրոսեանը` ներկայացնելով ու հիմնաւորելով նման պարբերականի տպագրութեան անհրաժեշտութիւնը: Իսկ թէ ինչու յատկապէս ինձ, մանաւանդ որ, իմ համոզմամբ, Արցախում քիչ չեն լրագրողական կարող ուժերը, որոնք ի զօրու են յաջողութեամբ կեանքի կոչելու այդ խնդիրը, ըստ իրենց, նկատի են ունեցել լրատուական դաշտում իմ երկարամեայ փորձառութիւնը: Ի վերջոյ եկանք փոխադարձ համաձայնութեան: Եւ ահա մեր համատեղ աշխատանքի արդիւնքում փետրուարի 17-ին լոյս տեսաւ «Պատիւ Ունեմ»-ի անդրանիկ համարը: Ի դէպ, հէնց նոյն օրն էլ Ստեփանակերտի «Դիզակ պլիւս» հրատարակչութեան տպարանում, հիմնադիր կազմակերպութեան պատասխանատուների մասնակցութեամբ, տեղի ունեցաւ նոր լուսընծայ պարբերականի գինեձօնը:
Հ.- Իսկ որո՞նք են թերթի թեմատիկ առաջնահերթութիւնները:
Մ. Հ.- Նախ ասեմ, որ «Պատիւ Ունեմ»-ը` որպէս ոչ կառավարական կառոյցի պարբերական, չունի որեւէ քաղաքական ուղղուածութիւն: Առաջադրուած խնդիրները բացառապէս հանրային նշանակութեան են: Թերթը կոչուած է ընթերցողների ուշադրութեանը ներկայացնել խորհրդային ու յետխորհրդային շրջաններում հայրենիքի պաշտպանութեանը նշանակալի ծառայութիւններ մատուցած հայազգի սպաների ու զօրավարների, ինչպէս նաեւ` անցած դարում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում կարեւոր աւանդ ներդրած ռուս եւ այլազգի ռազմական գործիչների անցած մարտական ուղին: Նրանցից շատերը ներկայումս վաստակած հանգստի են, եւ թերթը պարբերաբար կ՛անդրադառնայ նրանց նաեւ քաղաքացիական առօրեային` իր էջերում բարձրաձայնելով այդ խաւի ներկայացուցիչների հնարաւոր կենցաղային հոգսերի ու խնդիրների մասին եւ այդ ամէնի վրայ սեւեռելով իշխանութիւնների ու հասարակութեան աջակից ուշադրութիւնը: Պաշտօնաթող զինուորականները, անշուշտ, շարունակում են մնալ որպէս հասարակութեան աշխուժ խաւ: Նրանք պատրաստակամ են իրենց հարուստ գիտելիքներն ու փորձն անմնացորդ մատուցելու հայրենիքի եւ ժողովրդի անվտանգութեան ապահովման գործում իրենց փոխարինելու եկած նոր սերունդների ներկայացուցիչներին, ինչպէս նաեւ` էապէս նպաստելու աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակութեանը:
Հայ ժողովրդի, այդ թւում` Արցախի հայութեան բազմադարեայ պատմութիւնը յագեցած է յանուն հայրենեաց մղուած պայքարի պանծալի էջերով, հայ ռազմական արուեստի փայլուն օրինակներով, այդ բախտորոշ իրադարձութիւններում իրենց անձնուէր հայրենասիրութեամբ առանձնապէս աչքի ընկած սպաների եւ զօրավարների անուններով, որոնց մասին թերթի անդրադարձ-պատումներն ընթերցողներին հնարաւորութիւն կը տան լիարժէք պատկերացում կազմելու մեր հեռաւոր ու մօտ նախնեաց հերոսական անցեալի մասին:
Բացի այդ` թերթն իր հրապարակումներում կ՛անդրադառնայ նաեւ աշխարհի այլ երկրների զինուած ուժերում ծառայող եւ բարի համբաւ վայելող հայազգի ռազմական գործիչների կեանքին ու գործունէութեանը:
Հ.- Պարոն Հաջեան, բայց, արդեօք, նոյն այդ ասպարէզն անուշադրութեա՞ն է մատնուած մեր լրատուական դաշտում:
Մ. Հ.- Ես չէի ասի, թէ անուշադրութեան է մատնուած: Ո՛չ, ի հարկէ: Արցախում գործող թէ՛ տպագիր պարբերականները եւ թէ՛ ելեկտրոնային եւ այլ լրատուամիջոցներն իրենց հրապարակումներում, անշուշտ, անդրադառնում են մեր թերթի որդեգրած թեմատիկային, բայց դա իրականացւում է, հասկանալի պատճառներով ոչ այնքան հետեւողականօրէն` կախուած իրադարձային պահանջուածութիւնից: Բայց ահա թեմայի նպատակասլաց լուսաբանում չի իրականացւում: Ի հարկէ, դրանում ոեւէ մէկին մեղադրելու խնդիր չեմ տեսնում, քանզի այդ լրատուամիջոցների թեմատիկ ուղղուածութիւնը, ի տարբերութիւն մեր թերթի, շատ աւելի լայն ու բազմաբնոյթ է, եւ այդ խառը լրահոսում հազիւ թէ դրանք հնարաւորութիւն ունենան աւելի լայն տեղ տալ նման հրապարակումներին:
Հ.- Հետաքրքիր է, «Պատիւ Ունեմ»-ն ինչո՞վ է տարբերուելու Արցախում հրատարակուող միւս թերթերից, յատկապէս Պաշտպանութեան բանակի «Մարտիկ» եւ «Արցախի ազատամարտիկների միութիւն» հասարակական կազմակերպութեան «Հայրենեաց Պաշտպան» թերթերից:
Մ. Հ.- Անշուշտ, որոշակի թեմատիկ աղերսներ հնարաւոր է լինեն այդ պարբերականների հրապարակումների հետ, ինչն անխուսափելի է: Բայց այդ թերթերն իրենց առանձնայատուկ թեմատիկ ուղղութիւններն ունեն` Պաշտպանութեան բանակի առօրեայ, արցախեան ազատամարտի հերոսական էջեր եւ այլն, իսկ «Պատիւ Ունեմ»-ը, ի լրումն այդ ամէնի, հիմնականում ուշադրութեան կենտրոնում կը պահի քիչ առաջ նշածս հանրային խաւի ներկայացուցիչներին` արժեւորելով հայրենիքին նրանց մատուցած նշանակալի ծառայութիւնները: Ի դէպ, մենք համագործակցութեան նախնական պայմանաւորուածութիւն ենք ձեռք բերել թէ՛ «Մարտիկ»-ի եւ թէ՛ «Հայրենեաց պաշտպան»-ի խմբագիրների հետ:
Հ.- «Պատիւ Ունեմ»-ը լոյս է տեսնում հայերէն եւ ռուսերէն լեզուներով: Ինչո՞ւ յատկապէս երկլեզու:
Մ. Հ.- Նախ` կը ցանկանայի շեշտել, որ Արցախն աշխարհին ընկալելի ներկայացնելու համար մենք տարալեզու լրատուամիջոցների եւ, առհասարակ, գրականութեան աններելի պակաս ունենք: «Պատիւ Ունեմ»-ը փորձելու է թէկուզ իր նուազ հնարաւորութիւնների սահմաններում լրացնել այդ բացը: Մտադիր ենք թերթի համարներն առաքել նաեւ Ռուսաստանի Դաշնութիւն եւ յետխորհրդային տարածքի այլ պետութիւններ` հայկական համայնքների եւ, առհասարակ, ռուսալեզու ընթերցողների համար: Ցաւօք, այդ երկրներում ապաստանած մեր շատ հայրենակիցներ հանգամանքների բերումով այնքան էլ հաղորդ չեն հայոց լեզուին, եւ ահա փորձում ենք այս թերթի միջոցով նոյնպէս նպաստել հայրենիք-սփիւռք կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: Բացի այդ` թերթը ձգտում է ռուսալեզու հասարակութեան շրջանում հնարաւորինս ճանաչելի դարձնել Արցախը, յընթացս` եւս մէկ կապող օղակ դառնալ հայ եւ ռուս ժողովուրդների աւանդական բարեկամութեան շղթայում: Առաջին իսկ հնարաւորութեան դէպքում կարող է եւ մէկ այլ լեզուով, ասենք` անգլերէն էջեր ունենայ մեր թերթը: Այլ մտայղացումներ շատ կան այդ կապակցութեամբ, պարզապէս չշտապենք առաջ ընկնել իրադարձութիւններից, արցախցու ասած` չբոբիկանանք մինչեւ գետին հասնելը:
Հ.- Վերջին տարիներին տպագիր մամուլը կարծես թէ այնքան էլ մեծ պահանջարկ չունի, որովհետեւ համացանցն ու ելեկտրոնային թերթերը զբաղեցրել են այդ հարթակը: Համարձակ չէ՞, արդեօք ձեր կատարած քայլը:
Մ. Հ.- Նախ` թոյլ տուէք նկատել. տպագիր մամուլը, այնուամենայնիւ, պահպանում է իր պահանջարկը եւ ունի իր մշտական ընթերցարանը: Ինչ վերաբերում է մեր թերթի ելեկտրոնային տարբերակին, ապա, յուսամ, առաջիկայում այդ խնդիրը կը ստանայ իր լուծումը: Նախքան այդ` մենք արդէն պայմանաւորուել ենք «russia-artsakh.ru» ռուսալեզու լրատուական-վերլուծական կայքի պատասխանատու, ռուսագիր արձակագիր, հրապարակախօս Աշոտ Բեգլարեանի հետ` մեր թերթի հրապարակումները գործընկերային հիմունքներով այդ կայքի միջոցով տարածելու շուրջ: Մեր հիմնական խնդիրը նիւթական բնոյթի է, ինչը. կարծում եմ, առաջիկայում կը լուծուի` շահագրգիռ բարերարների եւ, ինչո՞ւ չէ, հնարաւոր է նաեւ իշխանութիւնների օժանդակութեան շնորհիւ: Այդ իսկ ցանկալի հեռանկարով է, որ առաջին իսկ համարում տեղադրել ենք ընթերցողներին ուղղուած ուղերձ` յորդորելով աջակից լինել «Պատիւ Ունեմ»-ին եւ զետեղելով «Պատիւ Ունեմ»-ի հիմնադիր կառոյցի` ԱՀ Խորհրդային սպաների միութեան դրամատնային հաշուեհամարները: Ահա դրանք.
«Արարատբանկ» ԲԲԸ
ՀՀ դրամով` 0510038144240100
ՌԴ ռուբլով` 0510038144240158
Ամերիկեան տոլարով` 1510038144240101
– Շնորհակալութիւն հարցազրոյցի համար:
– Խնդրեմ: Բարին ընդ ձեզ: