Ստեփանակերտի մէջ 25 փետրուարին տեղի ունեցած ՀՅԴ Հայ դատի յանձնախումբերու խորհրդաժողովին ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանին արտասանած խօսքը:
Ողջունում եմ բոլորիդ մասնակցութիւնը Հայ դատի յանձնախմբերի խորհրդաժողովին, որը տեղի է ունենում մեր բոլորիս սրտի ամենազգայուն կէտում` հպարտութեան, սիրոյ, պատուի, կամքի ու յաղթանակի առանցքում` Արցախում:
Պարտադիր չէ յիշեցնել, թէ ինչո՛ւ խորհրդաժողովի անցկացման վայրը ընտրուեց հէնց այստեղ. այդ հարցի պատասխանը բոլորիս մէջ է, որովհետեւ Արցախը բոլորիս մէջ է, մեր ամէնօրեայ խոհերում, մեր խօսքում եւ որ ամենակարեւորն է` գործում: Աշխարհով մէկ սփռուած Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների նուիրեալները բոլորից լաւ գիտեն, որ Արցախով է անցնում հայի լինելիութեան մայր ճանապարհը, եւ այդ ճանապարհը միշտ պէտք է զերծ պահել օտարածին թափանցումներից ու քաղաքական խարդաւանքներից: Այդ ճանապարհը բոլորիս պատուի ուղին է, ու դա այն յստակ սահմանումն է, որ ապացուցելի ու վիճելի չէ:
30 տարի առաջ Դաշնակցութիւնը զգալով վերահաս վտանգը` վերադարձաւ Արցախ, վերադարձաւ զէնքով, կամաւորի ազնիւ մղումներով, առաջինը նետուեց մարտի դաշտ ու պայքարի կոչ արեց: Դաշնակցութիւնը կորցրեց իր գաղափարակից մարտիկների մի ամբողջ բանակ, որովհետեւ նրանց համար կուսակցութեան գաղափարախօսութիւնը վեր էր ամէն ինչից ու յանուն այդ գաղափարախօսութեան էլ չխուսափեցին սեփական կեանքը նուիրաբերելու: Զոհաբերութեան գնով կեանք առան յաղթանակները, Դաշնակցութիւնն անկախութեան գաղափարը դարձրեց հաւատամք, դարձաւ ազատ Արցախի պետականակերտման անտրտունջ շինարարներից մէկը եւ մինչ օրս էլ շարունակում է սկսած գործը:
Հայ դատի յանձնախմբերը, իրենց գործունէութեան կիզակէտում պահելով Արցախի ճանաչման դժուարին առաքելութիւնը, նիւթական ու մարդկային նուազ միջոցներով, բայց նպատակի գիտակցումով օրնիբուն պայքարում են` ամէն պահի զգալով ազրպէյճանական եւ թուրքական նենգ քարոզչութեան հարուածները: Նրանք հարուածներից չեն վախենում, նրանք պատմական ճշմարտութեամբ են հակադարձում, նրանք չեն կաշառում մարդկանց, որ վերջիններս ամպիոններից ստեր բարձրաձայնեն, նրանք կաթիլ առ կաթիլ մատուցում են ճշմարտութիւնը` յանուն արդարութեան:
Սփիւռքում Արցախի մշտական ներկայացուցչութիւնների, իսկ Արցախում իշխանութիւնների հետ Դաշնակցութիւնը պատրաստակամօրէն համագործակցում է բոլոր այն աշխատանքներում, որոնք միտուած են Արցախի միջազգային ճանաչմանը, նրա զարգացմանն ու շէնացմանը: Բնական դաշնակիցներ լինելով, տասնամեակներ շարունակ մեզ յաջողուել է ցուցաբերել համագործակցութեան օրինակելի վարքագիծ` միշտ առաջնորդուելով յանունի գաղափարով:
Այսօր հաւաքուել ենք ամփոփելու արուածը եւ խօսելու անելիքների մասին, որովհետեւ Դաշնակցութեան համար միշտ էլ անելիքները շատ են, յատկապէս ներկայ փուլում` զանազան մարտահրաւէրների եւ աշխարհում տեղի ունեցող քաղաքական խաղերի թնճուկում:
Ուզում եմ նորից ողջունել բոլորիդ, բարի ընթացք մաղթել խորհրդաժողովին եւ խօսքս եզրափակել Նժդեհի յայտնի խօսքով. «Ոչ մի տեղ առանց Արցախի ու Սիւնիքի, առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզօր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյութիւն ունենալ չի կարող»: