ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
Յունուար 27-ը Հոլոքոստի զոհերի յիշատակման միջազգային օրն է, որը մեծ շուքով եւ համապատասխան խորհրդաժողովով նշուեց Իսրայէլի պետութեան կողմից: Մասնակցում էին մի քանի տասնեակ երկրների ղեկավարներ ու միջազգային հեղինակաւոր անձինք:
Հայոց ցեղասպանութիւնը եւ Հոլոքոստը մարդկութեան դէմ երբեւէ կատարուած ամենածանր ու հրէշային ոճրագործութիւններից են եղել, որոնց դատապարտումն ու պատշաճ գնահատանքի արժանացնելը շատ կարեւոր նախաձեռնութիւններ են նման ոճրագործութիւնները կանխարգիլելու համար:
Մեր երախտագէտ ժողովուրդն էլ, Երեւանի օղակաձեւ գեղեցիկ զբօսայգում, կառուցել է Հոլոքոստը եւ Հայոց ցեղասպանութիւնը ներկայացնող մի յուշարձան, որի երկու սիւները, խորհրդանշում են հայ եւ հրեայ ժողովրդների ճակատագրերի նմանութիւնը: Դեռ աւելի՛ն. Երեւանում յունուար 24-ից 31-ը, Հայոց ցեղասպանութեան-հիմնարկում, «Հոլոքոստի յիշողութեան շաբաթ» խորագրի ներքոյ մի շարք միջոցառումներ են կազմակերպուել որտեղ հնչել են ուշագրաւ բանախօսութիւններ` «Հոլոքոստի յիշատակի օրուայ խորհուրդ», «Հայոց ցեղասպանութեան եւ հրէից Հոլոքոստի կառուցուածքային առանձնայատկութիւններ» Հրեաների զանգուածային բնաջնջման նախապատրաստումն ու իրականացումը հիթլերեան վարչակարգի կողմից» եւ այլն:
Արդեօք մինչ այսօր Իսրայէլի իշխանութեան կողմից, որպէս ճակատագրակից ժողովուրդի, հայ ժողովրդի ցեղասպանութեան ճանաչման կապակցութեամբ որեւէ զօրակցութիւն յայտնուե՞լ է:
Արդեօք ցայսօր Իսրայէլի իշխանութիւնը, հայ ժողովրդի ցեղասպանութեան համար, որպէս 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդի, որեւէ յուշարձան կառուցե՞լ է:
Արդեօք Իսրայէլի իշխանութիւնը, Երեւանի նման, «Հայոց ցեղասպանութեան յիշողութեան շաբաթ» խորագրի ներքոյ ուշագրաւ բանախօսութիւններ ու զանազան միջոցառումներ կազմակերպե՞լ է:
Արդեօք այսօր Իսրայէլը մի քանի տասնեակ պետութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների նման` պաշտօնապէս ճանաչե՞լ է Հայոց ցեղասպանութիւնը:
Ցաւօք սրտի, հակառակ հայ ժողովրդի ու Հայաստանի պետականութեան կողմից Հոլոքոստի նկատմամբ ցուցաբերուած այնքան մարդասիրական եւ գորովալից վերաբերմունքի, Իսրայէլի իշխանութիւնները, հակառակ հրեայ մի շարք մտաւորականների, Հայոց ցեղասպանութեան նկատմամբ միշտ էլ ցուցաբերել են անտարբերութիւն ու քար լռութիւն: Անշուշտ այս անտարբերութիւնն ու քար լռութիւնը գալիս են սիոնիզմի պատմական ակունքներից:
Սիոնիզմը հրեայ ժողովրդի ազգային գաղափարախօսութիւն է, որի նպատակն է աշխարհով մէկ ցրուած հրէութեանը միատեղելը իր պատմական հայրենիքում` Պաղեստինում: Սիոնիզմի հիմնադիրն է համարւում աւստրիացի հրեայ լրագրող Թէոտոր Հերցելը (1860-1904թթ): Նա սուլթան Ապտիւլ Համիտ 2-րդի վստահութիւնը շահելու եւ այդ ճանապարհով Պաղեստինում հրէական պետութիւն հիմնելու նպատակով որոշել էր չարաշահել Հայկական հարցը, որի համար յանձն է առնում հայ ազատագրական շարժումները սուլթանին հնազանդեցնելու, դրանք ի չիք դարձնելու ուղղութեամբ աշխատանքներ, այն էլ` սուլթանի կողմից կազմակերպուած 300.000 հայերի կոտորածի պայմաններում: Սիոնիզմը յոյսը կտրած սուլթանից` հրէական հարցի լուծումը տեսնում է սուլթանի գահընկէցութեան եւ սիոնիզմի կողմից ֆինանսաւորուած երիտթուրքերի իշխանութեան գալու մէջ, որոնք էլ իշխանութեան գալուց յետոյ կազմակերպեցին Հայոց ցեղասպանութիւնը:
Հայկական հարցը, Հայ դատն ու Հայոց ցեղասպանութիւնը միշտ էլ սիոնիզմի համար եղել են նպատակներին հասնելու համար միջոց եւ ոչ թէ նպատակ:
Նոր Ջուղա