Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերու ընդհանուր հրամանատար Արտակ Դաւթեան շնորհաւորական ուղերձ յղեց բանակի կազմութեան 28-ամեակին առիթով` դիտել տալով, որ այս օրը համայն հայութեան համար տօն է, որովհետեւ բանակն է այն հիմնաքարը, որուն վրայ կառուցուած է մեր պետութիւնը` աշխարհասփիւռ հայութեան հայրենիքը:
«Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերը կազմաւորման բարդ ընթացք ունեցան` սկսուելով արցախեան ազատամարտից եւ շարունակուելով մինչեւ մեր օրերը, սակայն այս տարիների ընթացքում բազմիցս ունեցանք հերոսական դրուագներ եւ հպարտանալու առիթներ: Բանակը ոչ միայն համակարգն է, այլեւ անհատներն են, որ կերտում եւ ամրացնում են այն: Այսօր նախեւառաջ ուզում եմ շնորհաւորել հէնց այդ անհատներին, որոնց նուիրեալ, երբեմն ինքնազոհ ծառայութեան շնորհիւ է, որ ունենք կուռ եւ ամուր կառոյց, որին վստահում եւ ապաւինում է ողջ ազգը: Պատմութիւնը ցոյց է տալիս` հէնց որակի եւ ներքին ուժի շնորհիւ է, որ դարեր շարունակ մենք կերտել ենք յաղթանակներ, եւ այդ աւանդոյթը չի խախտուելու:
«Մենք երբեք չենք մոռանում` հայկական բանակի ակունքներում նախեւառաջ մեր զոհուած հերոսների սխրանքն է. մենք շարունակում ենք բանակաշինութեան գործընթացը` հաւատարիմ մնալով նրանց յիշատակին: Փա՛ռք ու պատիւ մեր զոհուած ընկերներին:
«Նաեւ արձանագրում ենք այսօր մենք ունենք սպայական կիրթ եւ ուժեղ կազմ, խելամիտ եւ պատրաստակամ ժամկէտային զինծառայողներ, հոգատար եւ բանիմաց հրամանատարներ, եւ այս եռամիասնութիւնն է, որ անսասան է պահում մեր երկրի` ինչպէս օդային, այնպէս էլ ցամաքային սահմանները: Մենք բազմիցս յայտարարել ենք եւ կրկնում ենք` պատերազմ հրահրելու ցանկութիւն Հայաստանի զինուած ուժերը չունեն, բայց իւրաքանչիւր պահի պատրաստ են ոչ միայն կասեցնելու հակառակորդի ցանկացած ոտնձգութիւն, այլ նաեւ` ստիպելու մտորել անվերադարձ կորուստների հետեւանքների մասին:
«Ոմանց համար բանակը որդու կամ եղբօր, միւսների համար հօր պէս թանկ է եւ հարազատ: Ամէն մէկս մեր չափաբաժին հոգածութիւնն ունենք տալու բանակին` փոխարէնը ստանալով խաղաղ եւ զարգացող երկրում ապրելու հաւաստիացումը, գրաւականը: Վստահ եմ, որ բոլորս շարժւում ենք այս գիտակցմամբ` սկսած ընտանիքից մինչեւ դպրոց, բանակցային սեղանից մինչեւ մարտական դիրք», նշուեցաւ ուղերձին մէջ:
Հաստատելով, որ արցախեան ազատամարտէն ծնունդ առած հայոց բանակը այսօր հզօր է աւելի քան երբեւէ, եղած է եւ մնայուն կերպով կը կատարելագործուի, հրամանատարը եզրափակեց. «Կեցցէ՛ հայոց բանակը: Փա՜ռք մեր բոլոր հերոսներին եւ այս պահին իրենց հայրենիքին ծառայութիւն մատուցող զինծառայողներին: Պատի՛ւ ունեմ»: