ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ
Վերջերս մի խումբ դաշնակցական ուսանողների նկատմամբ կայացուած կարգապահական վճիռները առիթ դարձան, որ դարձեալ խօսուի ՀՅԴ-ի գաղտնապահութեան մասին: Երեւոյթը պարուրելով մութ եւ դաւադիր խորհրդաւորութեամբ, այս խնդիրը կրկին ու կրկին ջրի երես է հանւում յատկապէս Դաշնակցութեան դէմ ծաւալուող հերթական հակաքարոզչական ալեկոծութիւնների ժամանակ: Ցանկանում եմ այս առիթով որոշ մտքեր յայտնել Դաշնակցութեան եւ առհասարակ կուսակցական գաղտնապահութեան մասին, ինչպէս եւ` թռուցիկ անդրադառնալ տուեալ երեւոյթի հետ ուղղակի ու անուղղակի կերպով առնչուող կարգապահական խնդիրներին:
Լինելով ազգային ազատագրական պայքարի յեղափոխական կուսակցութիւն, համախմբելով իր դրօշի ներքոյ հարիւրաւոր առասպելական հերոսների, կանգնած լինելով պետականութեան վերածնութեան ակունքներում, միշտ յայտնուելով այնտեղ, ուր վտանգի սպառնալիք է հասունացել հայութեան տարբեր հատուածների գլխին, անբնական չէ, որ Դաշնակցութեան շուրջ հիւսուել են երգեր ու առասպելներ, գործունէութեան տարբեր դրուագների ու դրսեւորումների վերաբերեալ ձեւաւորուել են միֆականացուած եւ երբեմն չափազանցուած պատկերացումներ: Դրանցից մէկն էլ վերաբերում է Դաշնակցութեան փակ ու գաղտնապահ գործելու մտայնութեանը:
Նորանկախացող Հայաստանում գործունէութեան որոշ ոլորտներում Դաշնակցութեան գաղտնիութեան շրջանը եւ սահմանները ընդգրկում էին ղարաբաղեան զինեալ պայքարի սկզբնական հատուածը, երբ Խորհրդային Միութիւնը դեռ շունչը չէր փչել: Դրանից յետոյ անգամ կուսակցութեան զինուած գործունէութիւնը բացայայտ է եղել, առնուազն` պետութեան համար: Դաշնակցութիւնը Հայաստանում եւ Արցախում ձեւաւորում էր մարտական խմբեր, յայտնի վայրերում անց էր կացնում մարզումներ եւ այդ ջոկատներին ուղարկում էր կռուելու: Արցախում եւ Հայաստանի սահմաններում որպէս ռազմական առանձին միաւորներ գործող ՀՅԴ ջոկատների, ինչպէս եւ Շուշիի առանձնակի գումարտակի գործունէութիւնը համադրւում էր իշխանութիւնների եւ մասնաւորաբար զինուած ուժերի շտաբների հետ:
Մնացած մարզերում Դաշնակցութեան գործունէութիւնը եղել եւ մնում է ամենաբացը` հէնց Հայաստանում եւ Արցախում:Եւ այս երեւոյթը ուղղակիօրէն բխում է Դաշնակցութեան առաւել ժողովրդավար բնոյթից: Բացատրեմ միտքս: Ինչպէ՞ս են իրենց համագումարներն անցկացնում Հայաստանի բոլոր կուսակցութիւնները` բացառութեամբ Դաշնակցութեան:
Նրանք գումարում են բազմամարդ ժողովներ, մէկ-երկու ելոյթ են ունենում օրուայ քաղաքական խնդիրների եւ ընդհանուր անելիքների շուրջ ու, սովորաբար միաձայն, քուէարկում են կուսակցական ղեկավարութեան կողմից ներկայացուող նոր մարմինների թեկնածուների ցանկերին: Այս, այսպէս կոչուած, հրապարակային ժողովների ժամանակ երբեք չի լսւում ֆինանսական հաշուետուութիւն, տեղի չեն ունենում հաշուետու մարմինների աշխատանքի, իրականացուած եւ գալիք քաղաքական աշխատանքների, մասնաւորապէս այլ ուժերի, իշխանութիւնների եւ ընդդիմադիրների հետ փոխյարաբերութիւնների շուրջ քննարկումներ: Բացառւում է որեւէ խօսակցութիւն անցած կամ գալիք ընտրութիւնների մարտավարութեան, արած-չարածի եւ անելիքների մասին: Մտածելը, թէ նման քննարկումներ նրանք առհասարակ չեն կատարում անհեթեթ է եւ չարժէ դրան անդրադառնալ: Նշանակում է, որ բոլոր այդ հարցերը քննարկւում ու պատասխաններ են ստանում ղեկավարութեան փոքր խմբերի փակ ժողովներում:
Ինչպէ՞ս է իր ժողովներն իրականացնում Դաշնակցութիւնը: Ամիսներ առաջ ժողովի ծաւալուն եւ ամբողջական օրակարգը ուղարկւում է տուեալ շրջանի, իսկ բարձրագոյն ժողովների դէպքում` աշխարհի բոլոր կառոյցներին, որպէսզի, առանց բացառութեան, բոլոր դաշնակցականները ծանօթանան ու քննարկեն դրանք, առաջարկեն բանաձեւ-նախագծեր, ընտրեն իրենց պատգամաւորներին եւ ընդունուած նախագծերով վերջիններիս ուղարկեն վերին ժողովներ:
Ժողովներում քննւում են գործունէութեան բոլոր ոլորտների հարցերը, ներքեւի ժողովներից բերուած եւ վերին ժողովներում կայացած քննարկումների հիման վրայ ձեւաւորւում են որոշումներ, որոնք հետագայում յղւում են ներքեւ, պահանջով, որպէսզի դրանց ծանօթանան բոլոր դաշնակցականները: Կարո՞ղ են արդեօք նման պարագաներում որոշումներն ու գործերը գաղտնի մնալ կուսակցական ընկերներից: Իսկ կարելի է՞ այդ ողջ գործընթացն ու որոշումները պահել իշխանութիւններից գաղտնի, երբ բոլոր օրակարգերն ու բանաձեւերը բազմացւում են հարիւրաւոր օրինակներով եւ յղւում են հազարաւոր մարդկանց: Երբ քննարկումները լինում են ոչ գաղտնի վայրերում, տասնեակ մարդկանց մասնակցութեամբ:
Ըստ գործող կանոնագրի եւ աւանդոյթի, մարմինները պարտաւոր են լինում անցնող ամիսների գործունէութեան վերաբերեալ պարբերաբար հաշուետուութիւններ ներկայացնել շարքերին, գրաւոր կամ բանաւոր կերպով, կազմակերպելով ընթացիկ մեծ հաւաքներ: Այսքանից յետոյ կարելի՞ է մտածել, որ Դաշնակցութեան գործունէութեան մէջ գաղտնիութիւն գոյութիւն ունի: Այդ դէպքում, ի՞նչ անուն տալ միւս կազմակերպութիւնների գործունէութեանը: Նման տրամաբանութեամբ, ինչո՞ւ գաղտնի չհամարել, օրինակ, այս կամ այն ուժի եւ խմբակցութեան պարբերական փակ նիստերը:
Դաշնակցութեան համար ուրիշ ի՞նչ բաց գործունէութեան անհրաժեշտութեան մասին են խօսում այդպիսի հարցեր բարձրացնողները: Նրանք ցանկանում են, որ, բերանբաց տանտիրուհու պէս, ՀՅԴ-ն իր ողջ ներքին անցուդարձը դարձնի հրապարակայի՞ն: Իսկ կ՛ասէ՞ք, թէ առհասարակ ո՛վ է նման կերպ վարւում: Մեր աչքի առաջ, անցնող երեք տասնամեակների ընթացքում, զանազան կուսակցութիւններ ստեղծուեցին, դրանք յաջողեցին ու ձախողուեցին, պառակտուեցին ու միաւորուեցին: Երբեւէ ներքին գործընթացները դարձե՞լ են հրապարակային քննարկման առարկայ: Չհաշուած այն դէպքերը, երբ ոմանք աղմուկով դուրս են եկել կամ դուրս են դրուել իրենց կառոյցներից:
Այս դէպքում խնդիրը նոյնիսկ ոչ թէ կուսակցական գաղտնապահութեանն է առնչւում, այլ պարզ պարկեշտութեան եւ էթիկայի հարց է, որ վերաբերում է գործի կամ ցանկացած այլ նպատակներով ձեւաւորուած որեւէ հաւաքականութեան: Պատկերացրէք, որ խանութի աշխատողը մշտապէս դրսում պատմում է, թէ ինչ աշխատանքային ու մարդկային յարաբերութիւնների առանձնայատկութիւններ ու նրբութիւններ գոյութիւն ունեն իրենց անձնակազմում: Ընդունելի կամ պարկեշտ կը նկատուի՞ նման պահուածքը: Մենք պիտի ցանկանանք լինել կուսակցութիւն ու կուսակցականնե՞ր, թէ՞ պիտի ձգտենք ցուցադրուել ինչպիսին ենք մենք:Ներքին խոհանոցի (անգամ տնային խոհանոցի) հրապարակայնացումը անխուսափելիօրէն կը տանի բարոյական կապերի թուլացման, յարաբերութիւնների քայքայման ու պառակտման:
Գուցէ հէնց սա՞ են ուզում նրանք, որոնք ցանկանում են ՀՅԴ-ի ներքին խոհանոցը դարձնել հանրային թատրոն: Գուցէ ազգային ու յեղափոխական կուսակցութեան կարգապահական ու կազմակերպական ամրութիւ՞նն է, որ հանգիստ չի տալիս ոմանց:
Դաշնակցութեան ազգային, հասարակական, քաղաքական եւ այլ բնոյթի գործունէութիւնը ամէն օր պատշաճօրէն ներկայացւում է հայ ժողովրդին` լուրերի, հարցազրոյցների, ասուլիսների եւ այլ ճանապարհներով, եւ թէ խոհանոցում այդ ամէնն ինչպէս է եփւում, կարծում եմ բնաւ էլ ժողովրդի հետաքրքրութեան առարկան չէ եւ ոչ էլ դաշնակցականների ողբերգութիւնը:
Անդրադառնամ ՀՅԴ ուսանող երիտասարդների պատժական որոշումների օրինակին: Ստում են նրանք, որոնք յայտարարում են, թէ այդ որոշումները կայացուել են սոսկ ներքին հարցերը հրապարակայնացնելու համար: Այդ խնդիրը վերջինն է վերջիններիս կատարած հակակարգապահական ու հակականոնագրային արարքների շարքում:
Նշենք նաեւ, որ որոշ դէպքերում կուսակցական պատիժները կայացւում են առանց համապատասխան ատեանների ու յանձնախմբերի քննութեան, որովհետեւ, ըստ կանոնագրի, երբ հակականոնագրային արարքը ակնյայտ է, որոշումները կարող են կայացուել վարչական կարգով, առանց ենթակաների հետ անցկացուած քննութեան: Եթէ, օրինակ, մարդը կուսակցութեան եւ նրա որոշումների դէմ հանդէս է եկել մամուլով կամ այլ հրապարակային ձեւերով, այլեւս ի՞նչ է անհրաժեշտ անթոյլատրելի արարքի փաստն ապացուցելու համար: Ի դէպ, վերջին շրջանում անցկացուած ընկերային ժողովների ժամանակ կուսակցական մարմինների կողմից հարիւրաւոր ընկերներին մանրամասնօրէն ներկայացուել են ուսանողների նկատմամբ կայացուած որոշումների պատճառները, այնպէս որ, այս հարցում էլ գաղտնի որեւէ բան գոյութիւն չունի:
Առհասարակ քիչ թէ շատ փորձառութիւն ունեցող դաշնակցականները շատ լաւ հասկանում են` որո՛նք են իրենց իրաւունքներն ու պարտականութիւնները, ո՛րն է հակականոնագրայինի սահմանը եւ երբ անցնում են այն հրաշալի պատկերացնում են, թէ կատարածը ինչ հետեւանքներ կարող է ունենալ: Եւ երբ մարդը գիտակցուած ձեւով եւ ոչ մէկ անգամ կրկնում է նոյն կամ նմանատիպ արարքը, ապա ակնյայտ է, որ նա հոգեբանօրէն ընդունել է պատժուելու` անգամ կուսակցութեան շարքերից դուրս դրուելու հեռանկարը: Ոչ ոք այս կուսակցութիւնից հեշտ չի դուրս դրւում, իսկ նրան, որ համարժէքօրէն չի մեղանչել, ոչ ոք չի կարող դուրս դնել: Մարդիկ յաճախ տարիներով կրկնուող նոյն սխալների համար բազմիցս զգուշացւում են ընկերաբար, ստանում են համեմատաբար թեթեւ պատիժներ, մինչ հասնում են դաշնակցական մարդու համար ծանրագոյն պատժի, երբ կուսակցութեան դռները շրխկացւում են նրանց ետեւից:
Իսկ այլ կուսակցութիւնների ու կազմակերպութիւնների դէպքում միթէ՞ նոյնը չի պատահում, երբ իր որեւէ անդամը, գիտակցուած հետեւողականութեամբ, երկար ժամանակ գործում է ընդհանուրի կողմից հաստատուած որոշումների դէմ:
Դաշնակցութիւնը դաշնակցականների սեփականութիւնը չէ, այն ազգային արժէք է, որը դեռ մեծ առաքելութիւն ունի հայ ժողովրդի ապագայի կերտման գործում: Ոչ մի կասկած չունեմ, որ ծլարձակելով մայր հողում` Դաշնակցութիւնը դեռ վերածուելու է հզօր կաղնու եւ կարողանալու է սաղարթների տակ պատսպարել հարազատ ժողովրդին գալիք փոթորիկներից, լինելու է նրա արժէքների ու երազանքների արթուն պահակը, դառնալու է հզօր պատնէշ` հայոց վաղուայ սահմաններին: Դրա համար Դաշնակցութեան հերթական սերունդների պարտաւորութիւնն է անաղարտ ու անկախ պահել այս ուժը: Դաշնակցութիւնը ոչ մէկի քմահաճոյքով չի կարող փոփոխուել եւ ոչ մէկի գրպանում չի կարող տեղաւորուել: Բայց բազում «մոլորեալներ» ու հայատեացներ մաշելու են դեռ իրենց կեանքը այդ նենգ նպատակն իրականացնելու անշնորհակալ ճիգի վրայ: