Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Անուրջների Էրկրի Կենարար Ջուրը, Արեւմտահայաստանն Այդպէս Էլ Չի Դարձել Թուրքական

Օգոստոս 27, 2019
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՏՄԻԹՐԻ ՓԻՍԱՐԵՆՔՕ

Օսմանեան կայսրութեան իրականացրած Հայոց ցեղասպանութեան 104-րդ տարելիցի կապակցութեամբ Sputnik Արմենիայի սիւնակագիր Տմիթրի Փիսարենքոն ներկայացնում է իր առաջին ուղեւորութիւնը դէպի Արեւմտեան Հայաստան եւ պատմում, թէ ի՛նչ ապրումներ է ունեցել այդ ճամբորդութեան ընթացքում:

… Վանի օդակայանը (պատմական Արեւմտեան Հայաստան, այժմ` Թուրքիայի տարածք) գտնւում է ծովափին: Մինչ ինքնաթիռը վայրէջք կատարելուց յետոյ կանգ էր առնում, այն սկսեցին շրջապատել զրահամեքենաները` պտտուող աշտարակներով եւ խոշոր տրամաչափի թնդանօթներով: Օդակայանի տանիքին յայտնուեցին հրացաններով մարդիկ: Հասկանալի դարձաւ, որ արեւելեան Անատոլիայից ստացուող լուրերը քիւրտ գրոհայինների դէմ յատուկ գործողութիւնների մասին վերաբերում են ոչ միայն հեռաւոր լեռնային շրջաններին:

Փաշայի պալատն ու Պայազետի ամրոցի աւերակները

Ուղեբեռին սպասելիս նկատեցի, որ մուտքի մօտ հերթապահում է քամուֆլեաժով ռազմական պարեկ: Սափրուած ալեհեր սպան բարեացակամօրէն ստուգեց մեզ հետ ժամանած երիտասարդների փաստաթղթերը եւ նրանց բաժանեց խմբերի: Ատրճանակի գեղեցիկ պատեանը  կախուած էր դիմացից, ինչպէս գերմանացիների մօտ` նրանց ժապաւէներում: Տղաներից մի քանիսը, որոնք սպասում էին դուրս գալու իրենց հերթին, սկսեցին պայուսակներում փորփրել իրերը, եւ ես նկատեցի, որ պայուսակների մէջ նոյնանման համազգեստ է, ինչ պարեկների մօտ: Օդանաւակայանը դրսից շղթայուած էր: Տղաներին սկսեցին նստեցնել շէնքին մօտ կանգնած փափուկ օթոպիւսները:

Մայրամուտը Վանայ լճում

–  Ուսանողները ռազմական հաւաքի են եկե՞լ, – հարցրի մեզ դիմաւորած զբօսաշրջային ընկերութեան ներկայացուցչին, երբ նրանք անցան մեր կողքով:

– Ո՛չ, նրանք զինուորներ են:

Յետոյ նա քամահրանքով արտաբերեց ինձ անծանօթ անգլերէն արտայայտութիւններ, որոնցից գլխի ընկայ միայն, որ նա համաձայն չէ կառավարութեան հետ: Զինուորականները շրջափակումը հանեցին միայն այն ժամանակ, երբ նորակոչիկներով օթոպիւսները շարժուեցին…

Հարթաքանդակ Սուրբ Խաչ եկեղեցու վրայ Աղթամար կղզում

Առաջին հերթին մեզ տարան տեսնելու Վանի վրայ վեր խոյացած ուրարտական ամրոցը: Վերելքը բաւական բարդ էր, իսկ տեսարժան վայրերը` ոչ այդքան տեսարժան: Բայց երբ ես հասայ ամրոցի պատին եւ ներքեւ նայեցի, սիրտս ճմլուեց: Բացուել էր ցաւալիօրէն ծանօթ տեսարան` հայկական Այգեստան թաղամասի աւերակները: Այնքան յաճախ էի լուսանկարներում տեսել Այգեստանը հէնց այդ անկեան տակ: Եւ յանկարծ մի միտք ծագեց գլխումս. մենք իզուր էինք բարձրացել ամրոց: Պէտք էր շրջանցել բլուրը եւ գնալ առասպելական թաղամաս, որտեղ 1915-ին Հայոց ցեղասպանութեան ժամանակ հայերը հերոսական դիմադրութեան են ելել:

Աղթամար կղզու նաւամատոյցը

Տեսախցիկի ոսպնեակի մօտեցնելու հնարաւորութեան շնորհիւ` ես նկատեցի, թէ ինչպէ՛ս էր աւերակների մէջ զբօսնում միմեանց ձեռք բռնած արտասահմանցիների մի զոյգ: Երկու տղայ հեծանիւ էին քշում, իսկ հեռւում, ստուերի տակ նստած, զրուցում էին տարէց տղամարդիկ: Հեռւում երեւաց եւս մի տղամարդ: Հաւանաբար տեղացիները մինչեւ հիմա գալիս են այստեղ` հայերի թաքցրած գանձերը որոնելու:

Հայ տների աւերակները հին Պայազետում

Մենք ժամանել էինք Ռամատանի նախօրէին: Ներքեւում` ճանապարհի երկարութեամբ, կանգնած էին վերջերս կառուցուած երկու մզկիթներ: Մինարեթում տեղադրուած բարձրախօսից երաժշտութիւն էր հնչում` միահիւսուելով մոլլայի քարոզների հետ: Թանգարանային համալիրի տարածքից դուրս գալիս ուշադրութիւն դարձրեցի ձնապատ Այգեստանի տեսարանով մի բացիկի: Գեղեցիկ, բայց` շատ տխուր տեսարան…

Աղթամար կղզին

Յետոյ ճանապարհ բռնեցինք դէպի Տողուպայազետ (մինչեւ 1934թ–ը` Պայազետ, խմբ.):  Մենք հրաժարուեցինք այցելել կատուների ապաստան, որպէսզի կարճատեւ դադար անենք լճի ափին: Վանայ լճի ջուրը իւրայատուկ է: Այն աղի է: Ջուրը մտնելիս թւում է, որ լողում ես սոտային լուծոյթում, իսկ երբ չորանում ես արեւի տակ, մաշկդ սկսում է մրմռալ, իսկ յետոյ զգացողութիւն է լինում, որ մաշկդ պատուած է բուրաւէտ իւղի բարակ շերտով: Այստեղ ես յիշեցի, որ երեւանցի ընկերներիցս մէկը խնդրել էր նախնիների հայրենիքից մի բուռ հող տանել: Ես կռացայ եւ մի բուռ վերցրի: Երկար զննում էի այն ափիս մէջ, բայց այն ինձ այդպէս էլ չոգեշնչեց: Այդ հողը ոչնչով չէր տարբերւում նրանից, որի վրայ մեծացել էինք ես ու ընկերս, եւ որին յանձնել էին այստեղից գնացած նրա նախնիներին… Մռայլ մտքերս ցրուեցին լճին նայելիս: Որոշեցի ընկերոջս ոչ թէ հող տանել, այլ` ջուր: Վանայ լճի ջուր…

Վանայ լճի ալիքները

Ուղեկիցներիցս մէկը` մոսկուացի հայ Սամուէլը, անշարժ նայում էր սպիտակ գառների նման փրփրուն ալիքներին, որոնք յայտնուել էին լճի հայելու վրայ ուժգնացած քամու պատճառով:

– Քեզ ի՞նչ եղաւ,- հարցրի ես:

– Յիշեցի, թէ ինչպէս էր պապս մանուկ հասակում շոյում մազերս եւ ասում, որ գանգուրներս նման են Վանայ լճի ալիքներին,- Սամուէլը ձեռք տարաւ դէպի սափրած գլուխը…

Հին Կարս տանող կամուրջը

Պատուհանից այն կողմ սլանում էին Արեւմտեան Հայաստանի գեղեցկութիւնները: Ես ուշադիր նայում էի բլուրներին եւ նկատեցի սրածայր քրիստոնէական եկեղեցու ուրուապատկերը` կորած մակերեւոյթի ծալքերի մէջ: Դժուարանցանելի տեղանքը, հաւանաբար, փրկել էր եկեղեցին կործանումից:

– Էրմենի քիլիսէ՞,- արթնացրի ննջած զբօսավարին:

– Էրմենի քիլիսէ,- պատասխանեց նա եւ քնաթաթախ գլխով արեց:

Հայկական եկեղեցու աւերակներ Անիում

Արեւմտեան Հայաստանը թէեւ մնացել է Թուրքիային, բայց այդպէս էլ չի դարձել թուրքական հող: Այստեղ հայեր չկան, բայց եւ չկայ զգացողութիւն, որ դու Թուրքիայում ես: Հիմա անհնազանդ քրտերն են զինուած բարձրանում սարերը: Դրանցից ամենափառահեղը պահպանում է սրբազան պատմութեան ամենաառեղծուածային գաղտնիքներից մէկը: Ըստ հաւատալիքի, Նոյեան տապանը կ՛երեւայ մարդկութեանը, երբ Աստուած կամենայ: Հաւանաբար դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ այստեղ վերադառնան Արարատի իսկական ժառանգները…

Հայկական եկեղեցու գմբէթի կամարն Անիում

Առաջին անգամ յայտնուելով այստեղ` ես ինձ բռնացրի այն մտքի վրայ, որ փորձում եմ թէկուզ ինչ-որ տարբերութիւն զգալ երկու Հայաստանների միջեւ. այն Հայաստանի, որտեղ ամէն ինչ մօտ է եւ ծանօթ ու հեռաւոր եւ ողբերգական երկրի, որի մասին այդքան կարդացել ու լսել եմ: Ես նայում էի բնութեանը, տարբերութիւններ որոնում, բայց այդպէս էլ չգտայ դրանք: Ո՛չ Վանում, ո՛չ Կարսում, ո՛չ Անիում եւ նոյնիսկ ո՛չ Արարատի գագաթին: Եւ հասկացայ` ինչու:

Որովհետեւ իրականում չկայ Արեւմտեան ու Արեւելեան Հայաստան: Կայ մի ամբողջութիւն` Հայրենիք:

Արարատն անսպասելիօրէն բացուեց մեր առաջ: Մենք նոյնիսկ չհասկացանք, որ դա լեռ է` այդ նոյնը, հարազատը: Յայտնի է, որ թուրքական կողմից այն գեղատեսիլ չէ, բայց ես չէի պատկերացնում, որ այդ աստիճանի: Դա ուղղակի լեռ էր, շատ այլ լեռների նման: Վերջապէս մենք հասանք Տողուպայազետ: Ըստ մեզ` Արեւելեան Պայազետ: Տեղաւորուեցինք հիւրանոցում եւ գնացինք ընթրելու քաղաքի միւս ծայրում` ընդունող ընկերութեան` MURAT CAMP–ի գրասենեակում: Այն գտնւում էր գլխաւոր տեսարժան վայրից` Իսակ փաշայի պալատից մի քիչ ներքեւ:

Մեծ Մասիսի տեսարանը Դարոյնքից (ներկայիս Թուրքիա)

Դրա շրջակայքում աւերակներ էին: Նախկին մասնաւոր հատուածի կմախքներ: Ինչ-որ բան յուշում էր, որ մենք գտնւում ենք հին Պայազետում: Այն Պայազետի, որի 1877-1878-ի ռուս-թուրքական պատերազմի տարիների իրադարձութիւնները նկարագրել է Վալենթին Փիքուլը իր համանուն վէպում: Քիւրտ զբօսավարը հաստատեց, որ այստեղ քրիստոնէական թաղամաս է եղել, եւ այդ փլատակները մի ժամանակ հայերի տներն են եղել: Ի տարբերութիւն Վանի թաղամասի` դրանք աւելի լաւ են պահպանուել:

– Իսկ այնտեղ հայկական այգիներ են: Մենք մինչեւ հիմա այդպէս ենք անուանում այդ վայրը,-զբօսավարը ցոյց տուեց հեռւում երեւացող ծառերը:

– Իսկ որտե՞ղ է յայտնի ամրոցը:

– Ցաւօք, այն քանդուել է…

– Իսկ սրանք ի՞նչ աշտարակ ու պատեր են:

– Դա նոյնպէս հին ուրարտական ամրոց է: Իսկ ուրարտացիները, ինչպէս յայտնի է, հայերի նախնիներն են: Այդ տարածքում մի ժամանակ գոյութիւն է ունեցել հին հայկական թագաւորութիւն, – ոգեշնչուած աւարտեց զբօսավարը` զգալով, որ բոլոր կողմերից ուղեկիցներս` Մոսկուայի, Մերձմոսկուայի եւ Նիժնի Նովկորոտի հայերը, նրա վրայ են ուղղել իրենց տեսախցիկները

– Նա դա յատուկ է ասում,- մեկնաբանեց Արսէնը:-  Հասկացաւ, որ հայ ենք, դրա համար էլ մեզ հաճելի բաներ է ասում: Հին ասիական հնարք է: Նրանք այդպիսին են: Կարող են ժպտալ, խոնարհուել, ձեռքերդ համբուրել, միայն թէ փող չխնայես: Իսկ մէջքիդ յետեւում կը թքեն քո ամանի մէջ:

Մեծ Մասիսի տեսարանը ներկայում քրտական գիւղից

Մենք վերադարձանք գրասենեակ: Խմբի ղեկավարներն ինչ-որ բան պէտք էր քննարկէին ընկերութեան ղեկավարի հետ: Արարատը զինուորական գօտի է: Զբօսաշրջիկների համար պաշտօնապէս առանձնացուած էր միայն մէկ երթուղի` Տողուպայազետի կողմից: Իշխանութիւնների համար այդպէս աւելի հեշտ էր վերահսկել իրադրութիւնը: Բացի նրանից, որ այստեղ ՕԹԱՆ-ի խարիսխ կայ եւ այդտեղից Պաղ պատերազմի տարիներին հետեւել են խորհրդային տարածքին, Արարատը եւ դրա շրջակայքը շարունակում են մնալ զինուած դիմադրութեան օճախ: Ընկերութեան ղեկավարը` Սայիմը խոստովանեց, որ MURAT CAMP անուանումն ընտրել է ի պատիւ աւագ եղբօր, որը 8 տարի նստել է թուրքական բանտում «անօրինական զինուած խմբաւորումներին» յարելու համար:

– Դուք նրա հետ անպայման կը հանդիպէք լերան վրայ: Նա հիմա այնտեղ է, ուղեկցում է խմբերին,- նշեց նա:

Սայիմը եւ նրա շրջապատը չեն թաքցնում իրենց համոզմունքները` նոյնիսկ հաշուի չառնելով այն հանգամանքը, որ իշխանութիւնները կարող են խանգարել իրենց գործերին, որոնք ակնյայտօրէն լաւ են ընթանում: Սայիմին է պատկանում Արարատ լեռ բարձրանալու մենաշնորհը: Արտասահմանից յայտերի մեծ մասը ստանում է նա: Հասկանալի է, որ առանց տեղի իշխանութիւնների, զինուորականների եւ ոստիկանութեան հետ «փոխշահաւէտ» յարաբերութիւններ կառուցելու` ոչինչ չէր ստացուի: Ամէն դէպքում, արեւելքը մնում է արեւելք, եւ «դու ինձ, ես քեզ» բանաձեւն այստեղ հիանալի է աշխատում: Չնայած պաշտօնապէս գործող մէկ երթուղուն` փողով կարելի է ամէն ինչի մասին պայմանաւորուել:

Արգելուած գօտու եւ թուրքական զինուորական պահակակէտի մասին ցուցանակ

Արեւելեան Անատոլիայում թուրքերը փոքրամասնութիւն են կազմում: Հիմնականում` զինուորականներ, ոստիկաններ, ուսուցիչներ եւ ծառայողներ: Չնայած ռազմական թաղամասերը եւ առատ պահակակէտերը միմեանցից հեռու չեն տեղակայուած, դրանք բոլորը խիստ են հսկւում: Հսկողութեան տակ են նաեւ պետական հաստատութիւնները, պաշտօնեաների եւ սպայական ընտանիքների տները: Այդ շէնքերը շրջապատուած են փշալարերով, իսկ երկայնքով աւազով լի պարկերից սարքել են հրակնատէրով թաքստոցներ թնդանօթների համար: Բայց Տողուպայազետում այդ միջոցները աւելի շուտ ձեռնարկուել են` ելնելով ընդհանուր պահանջներից, քան` անհրաժեշտութիւնից: Ամրանն այստեղ զբօսաշրջային Մեքքայ է: Անցած ամառ քաղաքի միջով անցել են 10 հազար լեռնագնացներ: Քրտերի համար ձեռնտու չէ այստեղ այնպիսի գործողութիւններ կազմակերպելը, որոնք կարող են խանգարել Արարատ բարձրանալ ցանկացող առատաձեռն օտարերկրացիներին: Բացի այդ, ակնյայտ է, որ սար բարձրանալուց օգուտ ունեն ոչ միայն զբօսաշրջային ընկերութիւնները եւ նրանց հովանաւորները, այլ նաեւ` սարերում գտնուող փարթիզանները:

Երբ մեզ առաջնորդողները քննարկում էին սար բարձրանալու մանրամասները, զարմացրեց, որ ամէն անգամ վրանները պէտք է հաւաքել, բարձել ձիերի վրայ եւ կրկին ճամբարներ խփել երթուղու ընթացքում: Ինչու՞: Չէ՞ որ մեզանից առաջ եւ յետոյ ուրիշ խմբեր են գնում: Սայիմը մէջքով յենուեց աթոռին, հայեացք նետեց առաստաղին ու անգլերէն պատասխանեց.

– Գիտէք, այստեղ ամէն ինչ այդքան հեշտ չէ: Դա արդէն ձեւաւորուած փորձ է: Այդպէս աւելի յուսալի է: Լինում է, որ որոշ զբօսաշրջիկներ արդէն իջել են, իսկ միւսները դեռ բարձրանում են: Ճամբարը դատարկւում է, եւ դա նկատելով` փարթիզանները կարող են իւրացնել վրանները…

Մենք բարձր էինք խօսում: Բայց քրտերէնն աւելի բարձր էր հնչում Արարատի վրայ: Լերան վրայ քոչուորական իջեւանատեղերի վրաններ են, անասունների փարախներ, արածող ոչխարների ու կովերի հոտեր: Ճարպիկ խաշնարածներն իրենց վրանների վրայ կպցնում են HOTEL, CAFE, SUPERMARKET եւ այլ գրութիւններ: Դա նշանակում է, որ այստեղ կարելի է ստուերում հանգստանալ, սառը ջուր, թան կամ տաք թէյ խմել: Յետոյ նրանք աներեսաբար ստիպում են գնել տարատեսակ մանրուքներ` հուլունքներ, գունաւոր գուլպաներ, ձեռագործ տիկնիկներ եւ հնացած քաղցրաւենիք:

Մեծ Մասիսից տեսարան դէպի Փոքր Մասիս. 4200 մեթր բարձրութիւնից

Արարատի ամենաբարձր գագաթը յայտնուեց մեր առաջ արեւի առաջին շողերի հետ: Գագաթը փայլում էր եւ կայծկլտում: Հէնց առաջին քայլերս դրեցի սառոյցի վրայ, հասկացայ, որ հասնում եմ եւ հեկեկացի: Սառոյցը փխրուն էր: Ես առաջին անգամ էի հեկեկում հիացմունքից: Եւ դա իսկապէս անկեղծ էր: Մերոնցից առաջինը հասայ բարձունքին: Միանգամից չհասկացայ դա: Աչքիս առաջ շքեղ տեսարան էր բացուել: Կողքը մի գագաթ էլ կար, աւելի հեռու` Փոքր Արարատն էր:

Արարատի գագաթը

Ֆրանսացիներին ուղեկցող պեխաւոր մարդուն հարցրի` ցոյց տալով դէպի մօտակայ գագաթը ձգուող հետքերը.

– Եր՞բ կը գնանք այնտեղ:

– Ինչու՞: Այնտեղ պէտք չէ: Մենք ձեզ չենք թողնի: Այնտեղ Հայաստանն է, այնտեղ` Իրանը, այնտեղ` Նախիջեւանը, իսկ այստեղ` մենք: Սա ամենաբարձր կէտն է: Քըր-տըս-տա՜ն, Քըր-տըս-տա՜ն,- գոռաց նա` ձեռքերը վերեւ բարձրացնելով:

Երեւանի վրայ բացուող տեսարանը փակել էր երկար սառցէ «հովարը»: Ես չտեսայ քաղաքը: Ուստի զգացողութիւն մնաց, որ սարը, որը ամէն օր տեսնում եմ մեր երեւանեան բնակարանից, դեռ նուաճուած չէ…

Լուսանկարները`
ԱՐՍԷՆ ԹՈՒՄԱՍԵԱՆԻ

 

 

Նախորդը

Նշմար. Արդի Ողբերգութիւն

Յաջորդը

Գարեգին Կաթողիկոսի Ծննդեան Տարեդարձի Առիթով

RelatedPosts

«Քանզի Ես Ողորմութիւն (Սէր) Կ՛ուզեմ Եւ Ոչ Թէ` Զոհ Ու Ողջակէզներէն Աւելի` Աստուծոյ Գիտութիւնը» (Ովսեայ 6.6)
Անդրադարձ

«Քանզի Ես Ողորմութիւն (Սէր) Կ՛ուզեմ Եւ Ոչ Թէ` Զոհ Ու Ողջակէզներէն Աւելի` Աստուծոյ Գիտութիւնը» (Ովսեայ 6.6)

Հոկտեմբեր 21, 2025
Մեծապէս Կը Սխալին
Անդրադարձ

Մեծապէս Կը Սխալին

Հոկտեմբեր 21, 2025
Տարեփակի Խոհեր  Ա. –   Պիտի Վերականգնենք Մեր Երթը` Պատմութեան Եւ Աշխարհագրութեան Մայրուղիներուն Վրայ
Անդրադարձ

Տոմս. «Մեր Ժողովուրդը Ո՞ւր Է…»

Հոկտեմբեր 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?