Գ. Մ.
Թեհրան-Ուաշինկթըն շահերի բեւեռացման այս փուլում չափազանց մեծ կարեւորութիւն է ստանում տեղեկատուական պատերազմը: Կողմերից իւրաքանչիւրը փորձում է հնարաւորինս սահմանափակել դիմացինի քարոզչական խուսանաւումի հնարաւորութիւնը: Հէնց այս մարտավարութեան տրամաբանութեամբ էլ պէտք է դիտարկել Զարիֆի դէմ պատժամիջոցներ սահմանելու Միացեալ Նահանգներու որոշումը, Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց Alikonline-ի պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանը:
Հարցին` իսկ ինչո՞ւ հէնց Զարիֆը, նա պատասխանեց. «Խորհուրդ կը տայի հարցի պատասխանը գտնել Զարիֆի թուիթերեան գրառման մէջ. «Իմ դէմ պատժամիջոցներ սահմանելու պատճառն այն է, որ ես Իրանի գլխաւոր խօսնակն եմ ամբողջ աշխարհում»: Զարիֆը համարւում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցութիւնների առանցքը, որը լաւագոյնս է ներկայացնում Իրանի դիրքորոշումներն ու մեկնաբանում Միջուկային գործարքի եւ տարածաշրջանային իրադարձութիւնների վերաբերեալ Միացեալ Նահանգներ քայլերն ու նախաձեռնութիւնները:
Բացի այդ` զարիֆն իր կրթութիւնը ստացել է Միացեալ Նահանգներում: Նա իր դիւանագիտական գործունէութիւնը սկսել է դեռեւս ուսանողական տարիներին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչութիւնում: Այնպէս որ, նա գերազանց է տիրապետում Միացեալ Նահանգներ լրատուադաշտին, լաւ գիտի ամերիկեան ԶԼՄ-ների հետ շփուելու, ամերիկեան հանրային կարծիքի վրայ ազդելու նրբութիւնները: Դրա վառ ապացոյցը նրա նիւեորքեան վերջին այցելութիւնն էր, որի ընթացքում ամերիկեան ազդեցիկ լրատուամիջոցների հետ ունեցած հարցազրոյցները, նրա ելոյթներն ու ամերիկեան քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ հանդիպումները, բառի բուն իմաստով, հունից հանեցին Միացեալ Նահանգներ իշխանութիւններին` նրանց ջղաձիգ արձագանգի պատճառը դառնալով», նշեց մեր զրուցակիցը:
Ըստ նրա, ակնյայտ է, որ Զարիֆի` բարձրակարգ դիւանագէտի, հմուտ ռազմավարի եւ բանակցողի կերպարը, որը համեմւում է անգլերէնի գերազանց իմացութեամբ եւ նրան յատուկ երգիծանքով, լրջօրէն խանգարում է Միացեալ Նահանգներ քարոզչամեքենային:
«Թագուհուն ընդունուած է համարել որպէս ճատրակի ամենահզօր խաղաքարը: Եթէ Միացեալ Նահանգներ-Իրան դիմակայութիւնը նմանեցնենք երկու մեծ վարպետների միջեւ անցկացուող ճատրակի բարդ խաղի, ապա նման քայլով Միացեալ Նահանգներ փորձում են չէզոքացնել Իրանի, ճատրակի լեզուով ասած, թագուհուն», նշեց Շահնազարեանը:
Միացեալ Նահանգների այս որոշման հնարաւոր հետեւանքների մասին մեր հարցին ի պատասխան` Արամ Շահնազարեանն ասաց. «Կը ցանկանայի մէջբերել հանրապետական ծերակուտական Ռենտ Փաուլի խօսքը` պատժելով դիւանագէտին, դուք զգալիօրէն սահմանափակում էք խնդիրները դիւանգիտական միջոցներով լուծելու հնարաւորութիւնը: Իր այս քայլով Սպիտակ տունը տեսանելի ապագայում, եթէ ոչ` ամբողջովին, գոնէ զգալիօրէն նուազեցրեց դիւանագիտական միջոցներով Իրանի հետ խնդիրները կարգաւորելու, առկայ լարուածութիւնը թօթափելու հնարաւորութիւնը»:
Ըստ նրա, հէնց այստեղ էլ ի յայտ է գալիս Միացեալ Նահանգներ իրանական քաղաքականութեան «ողջ պերճանքն ու թշուառութիւնը», որն էլ ապացուցում է Իրանի հարցով գիտակցուած որոշումներ կայացնելու` Թրամփի վարչակազմի ամուլ մօտեցումը:
«Ես սա ասում եմ ամենայն պատասխանատուութեամբ: Այլապէս, ինչպէ՞ս կարելի է յայտարարել, որ Ուաշինկթընը դեռ բանակցութիւններ է ցանկանում, միայն ոչ` Զարիֆի հետ (ի դէպ, սա Միացեալ Նահանգներ վարչակազմի բարձրաստիճան պաշտօնեաներից մէկի յայտարարութիւնն է, որը հետեւել է Սպիտակ տան` Զարիֆի դէմ պատժամիջոցներ սահմանելու որոշման հրապարակմանը): Հնարաւո՞ր է պատկերացնել, որ որեւէ երկիր կը համաձայնի նման պայմաններով բանակցութիւնների, երբ, փաստօրէն, չէզոքացուած է նրա արտաքին քաղաքականութեան առաջին դէմքը: Դա անհեթեթի ժանրից է», ասաց Շահնազարեանը:
Մեր զրուցակցից փորձեցինք պարզել, թէ ի՞նչ ազդեցութիւն կարող է ունենալ Միացեալ Նահանգների այս որոշումը Մերձաւոր Արեւելքի զարգացումների վրայ: «Այս որոշումը միանշանակօրէն բացասական է ազդելու տարածաշրջանային զարգացումների հետագայ ընթացքի վրայ: Այն կարող է չափազանց վտանգաւոր լինել տարածաշրջանի` առանց այն էլ պայթիւնավտանգ եւ փխրուն կայունութեան համար: Չմոռանանք յայտնի ասացուածքը. «Երբ փակւում է դիւանագիտութեան դուռը, ապա բացւում է հակամարտութեան դուռը»: Ի հարկէ ես չեմ ցանկանում խօսել պատերազմի վերահաս վտանգի մասին, քանի որ կողմերից ոչ մէկին դեռեւս ձեռնտու չէ բեմագրութեան նման զարգացումը: Այդուհանդերձ, տեսանելի ապագայում կարել է ենթադրել հռետորաբանութեան կոշտացում եւ լարուածութեան որոշակի մեծացում:
Այս ընդհանուր պարունակի մէջ ցանկանում եմ յատուկ անդրադառնալ Հայաստանի կարգավիճակին: Ցանկացած նոր պատերազմ Մերձաւոր Արեւելքում, որը կը լինի Իրանի ուղղակի ներգրաւուածութեամբ, կարող է կործանել ոչ միայն Մերձաւոր Արեւելքն` ընդհանրապէս, այլ նաեւ` Հարաւային Կովկասը, այդ թւում` Հայաստանը: Հայաստանը եւ Իրանն անմիջական հարեւաններ են: Հայաստանն Իրանի հետ ունի բարեկամական, գործընկերային եւ ռազմավարականի ձգտող յարաբերութիւններ: Իրանի հետ յարաբերութիւնները կենսական նշանակութիւն ունեն Հայաստանի համար: Հայաստանը մշտապէս փորձել է դա ընկալելի դարձնել երրորդ կողմի, յատկապէս` Միացեալ Նահանգների եւ Արեւմուտքի համար: Վերջին մէկ տարում, սակայն, իրավիճակը որոշակիօրէն փոխուել է: Միացեալ Նահանգներ-Իրան հակամարտութեան օղակը, կարծես, աւելի է սեղմւում Հայաստանի շուրջը: Ամերիկեան վարչակազմն ակնյայտօրէն փորձում է Հայաստանին «կա՛մ, կամ» ընտրութեա՛ն առջեւ կանգնեցնել, ինչը չափազանց վտանգաւոր է եւ յղի` անկանխատեսելի հետեւանքներով», ասաց Արամ Շահնազարեանը: