Թենիս. Ուիմպըլտընի Մրցաշարք. Ճոքովիչ 45-րդ Անգամն Ըլլալով Ապահովեց Կրան Շլեմի Մրցաշարքի Քառորդ Աւարտականի Իր Տոմսը

Տղոց թենիսի միջազգային դասաւորման պարագլուխի դիրքին վրայ գտնուող սերպ Նովաք Ճոքովիչ երէկ ապահովեց Ուիմպըլտընի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքի քառորդ աւարտականի իր տոմսը` 6-3, 6-2 եւ 6-3 արդիւնքով յաղթանակ մը արձանագրելով ֆրանսացի Հիւկօ Հիւմպերթի դէմ:

Նովաք Ճոքովիչ

Ճոքովիչ, որ 11-րդ անգամն ըլլալով կ՛ապահովէր այս մրցաշարքի քառորդ աւարտականի իր տոմսը, այսպիսով իր արհեստավարժ ասպարէզին ընթացքին կրան շլեմի բոլոր մրցաշարքերուն ծիրին մէջ 45-րդ անգամն էր, որ կը հասնէր քառորդ աւարտական հանգրուան:

32 տարեկան Ճոքովիչ, որ նախորդ տարի այս մրցաշարքի աւարտականին յաղթեց հարաւային ափրիկեցի Քեւին Անտերսոնին, իրեն յաջորդ մրցակից պիտի ունենայ պելճիքացի Տաւիտ Կոֆինին, որ իր յաղթանակը արձանագրեց ռուս Տանիիլ Մետվետեւի դէմ:

Սերենա Ուիլիըմզ

Իր կարգին, ամերիկացի Սերենա Ուիլիըմզ (11-րդ) ապահովեց քառորդ աւարտականի իր տոմսը` 6-2 եւ 6-2 արդիւնքով յաղթանակ մը արձանագրելով սպանացի Քարլա Սուարես – Նաւարոյի դէմ:

Քառորդ աւարտական հասան նաեւ Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա, 2-րդ), Ռաֆայէլ Նատալ (Սպանիա, 3-րդ), Սիմոնա Հալեփ (Ռումանիա, 7-րդ) եւ ուրիշներ:

Էշլի Պարթի

Սակայն թիւ 1 դասուած Էշլի Պարթի (Աւստրալիա), Քարոլինա Փլիսքովա (Չեխիա, 3-րդ) եւ Փեթրա Քվիթովա (Չեխիա, 6-րդ) դուրս մնացին մրցաշարքէն:

 

Share This Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )