Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Բիւրեղապակէ Մարդը»Հեքիաթների Ժողովածուն` Էլֆիք Զոհրաբեանի Ստեղծագործութեան Ենթախորքում

Յուլիս 6, 2019
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԿԱՐԷՆ ՄԱՆՈՒՋԱՐԵԱՆ

Էլֆիք Զոհրաբեանի «Բիւրեղապակէ մարդը» հեքիաթների ժողովածուն նշանաւորում է ժանրի զարգացման նոր մակարդակը: Պահպանելով դասական հեքիաթի կաղապարային ինչ-ինչ յատկանիշներ` հեղինակը ժանրը հարստացրել է ե՛ւ բովանդակային, ե՛ւ կառուցուածքային տեսանկիւններից: Է. Զոհրաբեանի հեքիաթագրութեան առանձնայատկութիւններն ըմբռնելու համար անհրաժեշտ է յիշել Մ. Բախտինի` ժանրերի տեսութեանը վերաբերող դիտարկումները. «Գրական ժանրն իր բնոյթով արտացոլում է գրականութեան զարգացման ամենահաստատուն, «մշտնջենական» միտումները: Ժանրում պահպանւում են հնամենիութեան չմեռնող տարրերը, այդ հնութիւնը պահպանւում է նրանում միայն մշտանորոգման, այսպէս ասած, արդիականացման շնորհիւ: Ժանրը միշտ այն է եւ այլ է, միշտ միաժամանակ թէ՛ նոր է եւ թէ՛ հին: Ժանրը վերածնւում եւ նորոգւում է գրականութեան զարգացման ամէն մի նոր փուլում եւ ամէն մի անհատական ստեղծագործութեան մէջ ժանրի կեանքն է: Այդ պատճառով եւ` ժանրում պահպանուող վաղնջականութիւնը մեռեալ չէ, այլ յաւէրժ կենդանի, այսինքն` նորոգուելու ունակ հնամենիութիւն: Ժանրն ապրում է ներկայով, բայց միշտ յիշում է իր անցեալը, իր սկիզբը: Ժանրը գրական զարգացման գործընթացում ստեղծագործութեան յիշողութեան ներկայացուցիչն է» (1): Այս հարցին բաւականին հանգամանօրէն է անդրադարձել Սլաւի-Աւիկ Յարութիւնեանը: Խօսելով ժանրերի տեսութեան խնդիրների մասին` Ս. Յարութիւնեանը յատկապէս կարեւորում էր Մ. Բախտինի եւ Եու. Տինեանովի աշխատութիւնները: Յատկապէս ա՛յս գիտնականներին էր բնորոշ եղափոխական մտածողութիւնը: Եու. Տինեանովը «զարգացման» փոխարէն` կիրառում է «տեղաշարժ» եզրոյթը. «Ժանրը, նրա կարծիքով, ո՛չ ցատկ է կատարում, ո՛չ էլ զարգանում է, այլ ենթարկւում է տեղաշարժի, այսինքն գալիս է մի պահ, երբ ժանրը դառնում է անճանաչելի, սակայն, այնուամենայնիւ, նրա մէջ ինչ-որ բան պահպանւում է այն բաւարար չափով, որ ոչ-պոէմը նոյնպէս համարուի պոէմ: Ժանրի վիճակագրական սահմանումն անհնար է. ժանրը տեղաշարժւում է» (2):

 

Հէնց այս դիտարկումների  հիման վրայ էլ պէտք է կառուցենք Էլֆիք Զոհրաբեանի հեքիաթների քննութիւնը: Արդէն իսկ նշեցինք, որ դրանք ներկայացնում են ժանրի զարգացման կամ տեղաշարժման նոր մակարդակը: Ինչո՞վ է պայմանաւորուած այդ նորարարութիւնը: Ինչքանո՞վ է Է. Զոհրաբեանի հեքիաթը համապատասխանում արդի գրական միտումներին: «Հայ ժողովրդական եւ գրական հեքիաթի արդի հիմնախնդիրները» հաւաքական մենագրութեան երկրորդ մասում Ա. Սեմիրջեան-Բեքմեզեանն անդրադարձել է արդի գրական հեքիաթի պոէտիկական յատկանիշներին: Ըստ նիւթի ստեղծման եւ մշակման առանձնայատկութիւնների,  հեղինակն արդի գրական հեքիաթները բաժանում է չորս խմբի. «ա. երբ բանահիւսական հեքիաթի պոէտիկայի հենքի վրայ ստեղծւում են նոր հեղինակային հեքիաթներ, որոնցում պահպանւում են ֆոլքլորային հեքիաթի կանոնները (օրինակ` Վահագն Գրիգորեանի «Հեքիաթների գիրքը», Երազիկ Գրիգորեանի հեղինակած հեքիաթները, մասնաւորապէս ,ձերդ գերազանցութիւն վատ կախարդ պառաւէ գիրքը, Էդուարդ Միլիտոնեանի ,արքայադուստր Թարսինեն», «Շաքարաւազ արքայազնը» եւ այլն),

բ. Աւանդական ժողովրդական հեքիաթների հեղինակային մշակումներ (օրինակ` Լեւոն Խեչոյեանի «Տան պահապան հրեշտակը» հեքիաթների ժողովածուն),

գ. Լրիւ նոր հեքիաթային-գերբնական աշխարհ ստեղծելու հեղինակային միտում, երեւոյթ, որին սովորաբար տալիս են ֆենթըզի ժանրանուանումը (օրինակ` Արմինէ Անդայի «Անկիմիւրի բնակիչները» հեքիաթ-վէպը),

դ. Աւանդական բանահիւսական եւ գրական հեքիաթների վերաիմաստաւորում եւ քայքայում (օրինակ` Արփի Ոսկանեանի «Կարմիր գլխարկով գայլը», Արմէն Օհանեանի «Կիկոսի վերադարձը» եւ այլն): Սրանք հարկ է ընդունել որոշակի վերապահութեամբ, քանի որ հեղինակները խուսափում են գրական նմանատիպ փորձերն անուանել հեքիաթ» (3): Հեղինակը յատուկ ուշադրութիւն է դարձնում ժանրաքայքայման մասնաւոր արտայայտութիւններին: Էդուարդ Միլիտոնեանի, Լեւոն Խեչոյեանի, Երազիկ Գրիգորեանի, Վահագն Գրիգորեանի, Էդուարդ Աւագեանի, Արփի Ոսկանեանի եւ այլոց հեքիաթներն ուսումնասիրելով` հեղինակն ընդգծում է մի քանի կարեւոր երեւոյթներ, որոնք արդի հեքիաթագրութեան կեդրոնական ցուցիչներն են: Դրանցից գլխաւորը, թերեւս, ժանրային համադրականութեան երեւոյթն է: Այդ առնչութիւնները յաճախ յանգեցնում են ժանրային սահմանների տարակերպ խախտումների` պայմանաւորելով  ժանրային բնորոշման անյստակութիւններ (4): Ա. Սեմիրջեան-Բեքմեզեանը կարեւորում է նաեւ աւանդականի եւ նորի իւրօրինակ խաչաձեւումների, այլաբանական շերտերի միջոցով քաղաքական-հասարակական երեւոյթների վերապատկերման արտայայտութիւնները: Ընդհանրացնելով

ուսումնասիրման արդիւնքները` հեղինակը գրում է. «Արդի հայ հեղինակային հեքիաթը, կարելի է եզրակացնել, տարաբնոյթ, պարականոն ու ինքնատիպ դրսեւորումներ ունի, որոնք հիմնականում մի քանի միտում են ուղենշում` բանահիւսական-գրական-աւանդական հեքիաթի քայքայում, աւանդական-հեքիաթի տոպիկաների հիմքի վրայ գրական հեղինակային հեքիաթի ստեղծում, ինչպէս նաեւ` բանահիւսական-ժողովրդական հեքիաթի մշակում» (5):

Սրանք են արդի հայ հեքիաթագրութեան հիմնական միտումները: Համառօտ ակնարկը ցոյց է տալիս, որ վերը նշուած ժանրային զարգացում-տեղաշարժը կատարուել է նաեւ հեքիաթի տիրոյթում: Արդի հեքիաթը նկատելիօրէն տարբերւում է դասական հեքիաթից նախ եւ առաջ իր թեմատիկ-կառուցուածքային յատկանիշներով: Բայց, այնուամենայնիւ, դեռեւս պահպանւում է աւանդականի այն տարրը, որ թոյլ է տալիս այդ ստեղծագործութիւնները քննել հեքիաթի ժանրային տիրոյթներում:

Այժմ վերադառանանք վերը բերուած հարցադրումներին եւ փորձենք տեսնել Էլֆիք Զոհրաբեանի հեքիաթագրութեան դերը արդի հեքիաթի ենթախորքում: Ժանրային ի՞նչ միաւորներ են առկայ Է. Զոհրաբեանի հեքիաթի կառուցուածքում: Այստեղ մեծ նշանակութիւն ունի այն հանգամանքը, որ գործ ունենք բազմաժանր ստեղծագործողի հետ: Հեքիաթները Է. Զոհրաբեանի ստեղծագործութեան մակրոհամակարգում դառնում են այն միաւորները, որոնք ներկայացնում են ժանրային սինթեզը: Վերը բերուած շարադրանքից նկատեցինք, որ ժանրային համադրականութիւնը արդի հեքիաթագրութեանը բնորոշ երեւոյթ է:

Դա լաւագոյն կերպով դրսեւորուել է «Բիւրեղապակէ մարդը» ժողովածուի հեքիաթներում: Հեքիաթ-պատմուածք, հեքիաթ-սաթիրա ժանրային առնչութիւններն առկայ են ողջ ժողովածուում: Դրանք երբեմն պայմանաւորում են ժանրաքայքայման մասնաւոր արտայայտութիւններ, բայց այդ միտումը տուեալ ժողովածուում հետեւողական չէ: Ժանրային առնչութիւններն ստիպում են հայեացք նետել հեղինակի միւս ստեղծագործութիւններին եւ հեքիաթները քննել ընդհանուր ենթախորքում: Ամենավառ կերպով արտայայտուել են հեքիաթ-սաթիրաառնչութիւնները: Սատիրաներում հեղինակը յաճախ էր անդրադառնում մշակութային թեմաներին: Այդ խորապատկերի վրայ լայն դրսեւորում էր ստանում մրցակցութեան մոթիվը: Այսինքն սաթիրայի կերպարները հանդէս էին գալիս իբրեւ մրցակցող եզրեր, եւ հէնց այդ մրցակցութեան գործընթացի արդիւնքում էլ ձեւաւորւում էին երգիծական իրավիճակները: Այս առումով բաւականին մեծ հետաքրքրութիւն է ներկայացնում «Հոգեվիճակ 13» ժողովածուում տպագրուած «Գրողը ձեզ տանի, յարգելինե՛րս» սաթիրան: Մշակոյթի ոլորտում առկայ կեղծ պարգեւների, անձնական հանգամանքներով պայմանաւորուած քննադատութիւնների ու գովասանքների, աւագ եւ կրտսեր սերունդների միջեւ առկայ զաւեշտական բախումներն է ներկայացնում սաթիրան. «Վա՜յ, խեղճ Կոնդեան,- չլսելու տալով ճշմարտութիւնը` շարունակեց ծերունազարդ պարողը,- քառասուն տարի պարողների սերունդներ տաս, վերջում էլ ասեն` ի՞նչ ես արել:

– Դէ մի անուն տուէք ձեր սաներից,- աննորմալ հանգստութեամբ ասաց պարուհին,- որ ցնցել է իր հզօր անհատականութեամբ: Ինձ չհաշուեք. ես ինքնակրթութեամբ եմ հասել բարձունքների» (6): Սա այն մոթիվն է, որ լաւագոյն կերպով դրսեւորուել է տարբեր հեքիաթներում: Այս մոթիվի ներթափանցումը հեքիաթի ժանրային տիրոյթ պայմանաւորել է ժանրային առնչութիւնների հետաքրքիր արտայայտութիւններ: «Բիւրեղապակէ մարդը» ժողովածուի «Ամենակարեւոր գրքերը», «Սոխակն ու Սիրամարգը», «Ծաղիկն ու Փուշը», «Հազարամեայ քարը»  հեքիաթներում տարբեր չափերով ու տարբեր ձեւերով արտայայտուել է այս մոթիվը: Այդ հեքիաթների գլխաւոր կերպարները հանդէս են գալիս իբրեւ մրցակցող եզրեր, իսկ այդ մրցակցութեան գործընթացի բովանդակային կողմը խորապէս սաթիրիք է: Կարելի է ասել` սաթիրիք բովանդակութիւնը մարմնաւորուել է հեքիաթային ձեւի մէջ` պայմանաւորելով հեքիաթ-սաթիրա ժանրային

առնչութիւններ: Հեքիաթի պոէտիկան պարտադրել է ի՛ր օրէնքները, եւ մրցակցող եզրերն այստեղ ոչ թէ մարդիկ են, այլ` կենդանական, բուսական եւ իրային աշխարհի ներկայացուցիչներ («Ամենակարեւոր գրքերը», «Սոխակն ու Սիրամարգը», «Ծաղիկն ու Փուշը»): Աւելի՛ն. մրցակցութեան մոթիվի մասնաւոր արտայայտութիւն կարելի է տեսնել նաեւ «Ամօթի գոյնը» հեքիաթի սկզբնամասում: Այս դէպքում մրցակցող եզրերը վհուկներն են: Նրանց խօսակցութիւններում կարելի է որսալ այնպիսի խնդիրներ, որոնք նկատելի էին նաեւ սաթիրաներում: Խօսքը մասնաւորապէս գլխաւոր վհուկի ընտրութեան գործընթացում առաջացած վէճերի, աւագ եւ կրտսեր սերունդների ներկայացուցիչերի բախման մասին է. «Ո՛չ, նախկին տիրակալ,- գոչեց սմոքինկ` հագած երիտասարդ վհուկը,- ե՛ս կ՛ասեմ…

Լռութիւն տիրեց: Անմաշկ Վհուկը շշնջաց Սափրագլուխ Վհուկի ականջին.

– Երբ նրա տարիքում էի, Մակեդոնացին արշաւանքները դեռ չէր սկսել: Սա ի՞նչ կարող է ասել…» (7):

«Սոխակն ու Սիրամարգը» հեքիաթի եւ վերը նշուած սաթիրայի անուղղակի, թեմաթիք զուգահեռների քննութիւնը, թերեւս, ամենահետաքրքիրն է: Սաթիրայում կեդրոնական նշանակութիւն ունէր անունների պոէտիկան: Կերպարների անունները բովանդակային բնոյթ ունէին (Պնակալեզով, Քսքսեան, Պակասեան, Ներկարարեան, Մալեար): Սա երգիծական գրականութեան մէջ բաւականին տարածուած հնար է:

Ըստ էութեան, այդ անունները կերպարի հեղինակային չափման նախնական արտայայտութիւնն են: Դրանք դառնում են բնաւորութեան կեդրոնական գծի ցուցիչը, ներկայացնում են բուն կոչման եւ իրական գործունէութեան հակադրութիւնը: Հեքիաթում այլ գեղարուեստական հնարների օգնութեամբ է լուծուել այս խնդիրը: Գործողութիւնների տիրոյթում կենդանական եւ բուսական աշխարհի ներկայացուցիչներն են: Եթէ սաթիրայում բովանդակային բնոյթի անուններն էին դառնում կերպարի չափման գլխաւոր ցուցիչը, ապա այստեղ բուսական եւ կենդանական աշխարհի համապատասխան միաւորն արդէն իսկ կրում է որոշակի բովանդակութիւն (Մոլախոտ-աւելորդութեան ներկայացուցչի խորհրդանիշ, Սոխակ-ներքին գեղեցկութեան արտայայտիչ, Սիրամարգ-արտաքին գեղեցկութիւն ունեցող, բայց բովանդակազուրկ էութիւն, Ագռաւ-սեփական թերութիւնները չնկատող կերպար): Այսինքն բուսական եւ կենդանական աշխարհի համապատասխան ներկայացուցիչներն արդէն իսկ որոշակի բնաւորութեան կրողներ են.

«-Արուեստն աւելորդութիւն չի սիրում, Ճնճղու՛կ,- տաքացած վրայ տուեց Մոլախոտը,- առաւել ե՛ս: Ինքս կեանքի աւելորդ ու խանգարիչ երեւոյթների դէմ պայքարող մարտիկ եմ» (8): Լայն առումով, գործ ունենք բովանդակային նոյն կամ նմանատիպ իրողութիւնների հետ: Եւ՛ հեքիաթում, եւ՛ սաթիրայում մեր առաջ մշակութային աշխարհն է, ներքին հակասութիւնները, անարդար մրցակցութիւնը: Բայց արդէն իսկ նկատեցինք, որ հեքիաթի պոէտիկան պարտադրել է նոր, զուտ հեքիաթային գեղարուեստական հնարներ: Դրա արդիւնքում էլ տեղի է ունեցել ժանրային սինթեզը:

«Ամենակարեւոր գրքերը» հեքիաթում կայ մի դրուագ, որ յիշեցնում է ,կրկին հարստացաւ գրականութեան աղբարկղը եւ յայտնաբերուել են ընթերցողներ» սաթիրան: Խօսքը զուտ բովանդակային զուգահեռի մասին է: Սաթիրան արծարծում էր արդի պոէզիայի լեզուի աղճատման խնդիրները. «Օրիո՛րդ Չամուռեան, որքա՜ն դժբախտ է Տէրեանը, որ ծնուել է ձեզնից առաջ, այլապէս նա էլ «է» օժանդակ բայը կը փոխարինէր «ա»-ով` սնուելով քաղցր իրականութիւնից… Յոգնել ենք մեր գրողների ֆրանսական բարեկրթութիւնից եւ բարձր կուլտուրայից ու կարիք ունենք մի աղմկարարի» (9): Հեքիաթում նոյնպէս ակնարկային կերպով դրսեւորուել է դա: Ի հարկէ, այս դէպքում դա ոչ թէ կեդրոնական, այլ ածանցեալ խնդիր է. «-Արա՛, ոնց որ բոմժեր

ըլէք, հլը ձեր կազմին նայէք, հարիֆնե՛ր,- յոխորտաց ժարգոնալեզուով գրուած «Մեռնող պոէզիա» գիրքը, – հա՛մ դուք էք հնացել, հա՛մ ձեր ճիշդը: Սպաննեցիք ձեր ռոկոկօ ոճով: Ճիշդը մի հատ ա, էդ էլ իմ մէջ ա գրած» (10): Այս բոլոր հեքիաթները, ինչպէս նաեւ «Ամօթի գոյնը» հեքիաթի նախադրութիւնը վերը նշուած սաթիրայի անուղղակի զուգահեռներն են:

Մէկ այլ զուգահեռ կարող ենք ներկայացնել «Ճիլիմոնը» պատմուածքի եւ «Նարցիսը» հեքիաթի միջեւ: Կեդրոնում ինքնագնահատականի գերաճի թեման է. «Մինչեւ նոր լսարան մտնելը` պատկերացրեց, թէ իր մասին առասպելներ լսած ուսանողներն ինչպէս յոտնկայս կը ծափահարեն ու լացակումած կ՛ասեն. «Մեր աչքերին չենք հաւատում, որ չուք էք մեզ դաս տալու» (11): Պատմուածքում դա արտայայտուել է հաւանականի եւ իրագործուածի փիլիսոփայական յարաբերութեան համապատկերում(12): Հեքիաթում հեղինակը դարձեալ դիմել է կենդանական աշխարհի ներկայացուցիչերին` կեդրոնական կերպարի բնաւորութեան հիմնական գիծն արտայայտելով բաւականին խօսուն անուան միջոցով. «-Կարծում էք` հե՞շտ է լինել անտառի պաշտամունքի առարկան: Արդէն երեւի համաշխարհային թերթերում էլ գրած կը լինեն իմ մասին, իսկ տատիկս միշտ շնորհակալ ժպտում է ինձ, որ ժառանգել է իմ գեները եւ զարդարում է օփերան: Եւ սա դեռ իմ կարողութիւնների կէսի կէսն է,- համեստօրէն ասաց Նարցիսը (13): Անունն այս դէպքում նոյնպէս դառնում է  բնաւորութեան ցուցիչը: Կարճ ասած` այն, ինչ պատմուածքում ներկայացուած է մարդկային յարաբերութիւնների տիրոյթներում, հեքիաթում փոխադրուել է կենդանական աշխարհ: Խնդիրը դրսեւորուել է այլ ժանրային տարածութիւններում, գործողութիւնները ենթարկուել են այլ ժանրի տրամաբանութեանը:

«Ամօթի գոյնը» հեքիաթի սկզբնահատուածում արտայայտուել է մի խնդիր, որ բովանդակային կողմով յիշեցնում է «Մարդիկ եւ ստուերներ» պատմուածքը: Պատմուածքի կեդրոնական թեման աշխարհի արագ ընթացքի պատճառով մարդու` վազքի մէջ ապրելու, վազքի մէջ գոյատեւելու խնդիրն էր. «-Զզզզըըըը հհյյգսլ լլյիսնգ հկդդհհհհ, – ասացի քրոջս:

-…..ժժժժժդկ բյնսկ…. դկիիիի իֆֆֆֆ… ննկս,- պատասխանեց քրոջս ստուերը» (14): Հեքիաթի սկզբնահատուածում վհուկներից մէկը հէնց ա՛յդ աղէտն է կանխագուշակում մարդկութեան համար. «-Գտա՛: Մարդիկ ժամանակ չեն ունենայ: Կը սիրեն վազքի մէջ: Կ՛ատեն վազքի մէջ: Կ՛ուտեն վազքի մէջ: Հա՛, հա՛, հա՛, հա՜, վազք դէպի անորոշութիւն… -բղաւեց Ներկայի Վհուկը» (15): Նշենք, որ հեքիաթի տիրոյթներում այդ խնդիրը դարձեալ ածանցեալ է, այլ ոչ` կեդրոնական:

«Հոգեվիճակ 13» պատմուածքի կեդրոնում բարդութաւորման պատճառով տառապող մարդն էր: Նա  շարունակ բախւում էր տարբեր խնդիրների եւ հոգեբանօրէն փշրւում էր: Շատ աղօտ զուգահեռ կարելի է որսալ «Բիւրեղապակէ մարդը» հեքիաթի գործողութիւնների հետ: Հեքիաթի թեման առաւել ընդգրկուն է: Հեքիաթն առաւել ընդհանրական խնդիրներ է արծարծում, բայց զուտ գործողութիւնների բնոյթը ստիպում է մտածել հնարաւոր զուգահեռների մասին: Վերջիններս ոչ այնքան բովանդակային են, որքան ձեւային: Կարճ ասած` գործ ունենք կերպարների գործառութային, այլ ոչ թէ բովանդակային ընդհանրութիւնների հետ: Հեքիաթի պոէտիկան այս դէպքում էլ է պայմանաւորել պատկերաւորման իւրայատկութիւններ:

«Նռնոն ու Դռնոն» հեքիաթն իր բնոյթով առանձնանում է այս ժողովածուում: Եթէ յիշենք Ալվարդ Սեմիրջեան-Բեքմեզեանի դասակարգումները, ապա կը տեսնենք, որ այստեղ  աւելի շատ գործ ունենք ժողովրդական հեքիաթի վերաիմաստաւորման ու քայքայման մասնաւոր արտայայտութեան, քան պարզ մշակման հետ: Հեղինակը շատ ազատ է վարուել բանահիւսական նիւթի հետ, այն փոխադրել է ժամանակակից յարաբերութիւնների հարթակ` դրա միջոցով ծաղրելով քաղքենիական սովորութիւնները:

Որոշ հեքիաթներ աչքի են ընկնում կ՛առուցուածքային յատկանիշների ընդհանրութիւններով: «Ամօթի գոյնը» եւ «Բիւրեղապակէ մարդը» հեքիաթների սկզբնակէտերը եւ վերջնակէտերը պայմանաւորուած են վհուկների եւ կախարդների գործողութիւններով: Վհուկներն են դառնում բուն գործողութիւնների ծաւալման սկզբնապատճառ եւ լուծումներն աւարտին հասցնող վերջնակէտ: «Ամօթի գոյնը» եւ «Սիրոյ ջերմաչափը» հեքիաթներում յստակ կերպով ընդգծուած է քաղաքական շերտը: Մենք տեսանք, որ արդի հեքիաթագրութեան տիրոյթներում քաղաքական շերտի դրսեւորումներին ուշադրութիւն էր դարձրել նաեւ Ալվարդ Սեմիրջեան-Բեքմեզեանը: Այդ հանգամանքը նկատելիօրէն ընդլայնում է հեքիաթների բովանդակային տիրոյթը:

Այսպիսով Էլֆիք Զոհրաբեանի հեքիաթագրութիւնը լիովին համահունչ է արդի գրական միտումներին: Այս ժողովածուում տեղ գտած հեքիաթները հիմնականում համապատասխանում են Ալվարդ Սեմիրջեան-Բեքմեզեանի նշած երրորդ կէտին, այսինքն հեղինակն ստեղծել է լրիւ նոր հեքիաթային աշխարհ, որում ներկայացուած իրադարձութիւնները ժամանակակից հասարակական-քաղաքական-մշակութային կեանքի այլաբանական վերապատկերումներն են: Հեքիաթի միջոցով քաղաքական կեանքի այլեւայլ իրադարձութիւններ ներկայացնելու միտումը համահունչ է արդի հեքիաթագրութեան ընդհանուր միտումներին եւ ժանրային մակարդակի նոր որակի, նոր արտայայտութեան ցուցիչներից մէկն է: Հեքիաթների յարաբերութիւնները հեղինակի այլ ժանրի գործերի հետ բաւականին ուշագրաւ են եւ ներկայացնում են միեւնոյն երեւոյթի գեղարուեստական վերապատկերման ժանրային տարբերակներ: Խնդիրն ուսումնասիրւում է տարբեր ժանրային տարածութիւններում: Նոր ժանրի տրամաբանութիւնը պարտադրում է գեղարուեստական պատկերի նոր տարբերակ: Հեքիաթների կապն այլ ստեղծագործութիւնների հետ ոչ միշտ է արտայայտւում կեդրոնակա՛ն թեմայի տեսանկիւնից: Երբեմն այդ կապերն ի յայտ են գալիս ածանցեալ թեմաների միջոցով: Պատմուածքի կամ սաթիրայի կեդրոնական թեման հեքիաթում հանդէս է գալիս ածանցեալ բնոյթով:

 

Գրականութիւն

 

  1. Բախտին Մ. Մ., «Դոստոեւսկու պոէտիկայի խնդիրները», թարգմանութիւնը` Վարդան Ֆերեշեթեանի, «Ոգի-Նաիրի», Ստեփանակերտ, 2012, 351 էջ:
  2. Զոհրաբեան Է., «Բիւրեղապակէ մարդը», «Անտարես», Երեւան, 2017, 136 էջ:
  3. Զոհրաբեան Է., «Հոգեվիճակ 13», «Տիր» հրատարակչութիւն, Երեւան, 2013, 96 էջ:
  4. Յարութիւնեան Ս., «Արուեստի նշանագիտական սահմանները», թարգմանութիւնն ու առաջաբանը` Ալա Խառատեանի, «ՎՄՎ-Պրինտ», Երեւան, 2017, 504 էջ:
  5. Վարդանեան Ն., Սեմիրջեան Բեքմեզեան Ա., Վարդանեան Ն., «Հայ ժողովրդական եւ գրական հեքիաթի արդի հիմնախնդիրները», ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, Երեւան, 2015, 288 էջ:

 

 

 

(1).- Միխայիլ Բախտին, «Դոստոեւսկու պոէտիկայի խնդիրները, Ստեփանակերտ, 2012, էջ 132, ընդգծումը մերն է (Կ.Մ.):

(2).- Սլաւի-Աւիկ Յարութիւնեան, «Արուեստի նշանագիտական սահմանները», Երեւան, 2017, էջ 94:

(3).- Նուարդ Վարդանեան, Ալվարդ Սեմիրջեան-Բեքմեզեան, Նարինէ Վարդանեան, «Հայ ժողովրդական եւ գրական հեքիաթի արդի հիմնախնդիրները», Երեւան, 2015, էջ 92:

(4).- Տե՛ս նոյն տեղում, էջ 93:

(5).- Նոյն տեղում, էջ 105:

(6).- Էլֆիք Զոհրաբեան, «Հոգեվիճակ 13», Երեւան, 2013, էջ 77:

(7).- Էլֆիք Զոհրաբեան, «Բիւեղապակէ մարդը», Երեւան, 2017, էջ 35:

(8).- Էլֆիք Զոհրաբեան, «Բիւրեղապակէ մարդը», Երեւան, 2017, էջ 65:

(9).- Էլֆիք Զոհրաբեան, «Հոգեվիճակ 13», Երեւան, 2013, էջ 65-66:

(10).- Էլֆիք Զոհրաբեան, «Բիւրեղապակէ մարդը», Երեւան, 2017, էջ 9:

(11)  Էլֆիք Զոհրաբեան, «Հոգեվիճակ 13», Երեւան, 2013, էջ 19:

(12).- Այս պատմուածքի կառուցուածքին անդրադարձել ենք առանձին յօդուածով (տե՛ս Կ. Մանուչարեան, «Անիրագործելի հաւանականը Էլֆիք Զոհրաբեանի «Ճիլիմոնը» պատմուածքում», Գրեթերթ, ամառ, 2018, յունիսի 30):

(13).- Էլֆիք Զոհրաբեան, «Բիւրեղապակէ մարդը», Երեւան, 2017, էջ 72:

(14).- Էլֆիք Զոհրաբեան, «Հոգեվիճակ 13», Երեւան, 2013, էջ 50:

(15).- Էլֆիք Զոհրաբեան, «Բիւրեղապակէ մարդը», Երեւան, 2017, էջ 34:

Նախորդը

Անդրադարձ. Հայաստանի Հանրապետութիւն. 100-ամեակ. Ապրուստի Պայմանները 1918-1920 Տարիներուն Ա.

Յաջորդը

Բառերու Գանձարանին Մէջ. Ձախ Ու Ցախ, Ձախլիկներ Եւ Ձախակողմեաններ

RelatedPosts

Կեանքէն Հեռացաւ Վաստակաւոր Բժիշկ, Մամուլի Ժրաջան Աշխատակից Եւ Ազգային Գործիչ Տոքթ. Կարպիս Հարպոյեանը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Առաջին Հայ Բժշկուհին` Էլիզա Մելքոն

Մայիս 12, 2025
Քանատայէն Երկու Ապտակ Թրամփի
Անդրադարձ

Քանատայէն Երկու Ապտակ Թրամփի

Մայիս 12, 2025
«Արաբական Գարուն»-ը` Իբրեւ Նոր Մարտահրաւէր Եւ Նոր Հնարաւորութիւն Չինաստանի Մերձաւորարեւելեան Քաղաքականութեան Համար
Անդրադարձ

«Արաբական Գարուն»-ը` Իբրեւ Նոր Մարտահրաւէր Եւ Նոր Հնարաւորութիւն Չինաստանի Մերձաւորարեւելեան Քաղաքականութեան Համար

Մայիս 12, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?