Եւրօ-2020. Հայաստան Արձանագրեց Իր Յաջորդական Երկրորդ Յաղթանակը` 3-2 Արդիւնքով Պարտութեան Մատնելով Յունաստանը
Եւրօ-2020-ի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ Դ. հանգրուանի ճակատումներուն Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը, որ Աթէնքի մէջ հիւրը եղաւ Յունաստանի, արձանագրեց իր երկրորդ յաջորդական յաղթանակը` 3-2 արդիւնքով:
Արձանագրուած այս յաղթանակին շնորհիւ, հայրենի կազմը իր տրամադրութեան տակ ունենալով 6 կէտ, բարձրացաւ 3-րդ դիրք` իր ետին ձգելով Յունաստանը եւ Պոսնիան (Ժ. խմբակ):
Ա. կիսախաղին Հայաստան արդէն իսկ ունէր 2-0 արդիւնքով գերակայութիւն մը դաշտին տիրոջ վրայ` շնորհիւ Ալեքսանտր Կարապետեանի (8-րդ) եւ Գէորգ Ղազարեանի (32-րդ) նշանակած կոլերուն:
Թէեւ Յունաստան 54-րդ վայրկեանին կոլով մը պատասխանեց, սակայն 74-րդ վայրկեանին, Տիգրան Բարսեղեան նշանակեց Հայաստանի երրորդ կոլը: 87-րդ վայրկեանին Յունաստան նշանակեց իր երկրորդ կոլը, բայց եւ այնպէս մրցումին երեք կէտը շահողը հանդիսացաւ Հայաստան:
Երէկուան այս մրցումին հաւաքականի գլխաւոր մարզիչ Արմէն Գիւլբուդաղեանց դաշտ ներկայացուց հետեւեալ կազմը.
Արամ Հայրապետեան, Վարազդատ Հարոյեան, Հայկ Իշխանեան, Յովհաննէս Համբարձումեան, Արտակ Գրիգորեան, Կամօ Յովհաննիսեան, Կարլեն Մկրտչեան (Ռումեան Յովսէփեան, 55-րդ), Հենրիխ Մխիթարեան, Գէորգ Ղազարեան (Պետրոս Աւետիսեան, 83-րդ), Տիգրան Բարսեղեան եւ Ալեքսանտր Կարապետեան (Էտկար Բաբայեան, 71-րդ):
Հայաստան իր յաջորդ մրցումը կը կատարէ 5 սեպտեմբերին` հիւրընկալելով Իտալիան:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Իտալիա | 4 | 0 | 0 | 13 | 1 | 12 |
2.- Ֆինլանտա | 3 | 0 | 1 | 6 | 2 | 9 |
3.- ՀԱՅԱՍՏԱՆ | 2 | 0 | 2 | 7 | 6 | 6 |
4.- Յունաստան | 1 | 1 | 2 | 6 | 8 | 4 |
5.- Պոսնիա | 1 | 1 | 2 | 5 | 7 | 4 |
6.- Լիխթնշթայն | 0 | 0 | 4 | 0 | 13 | 0 |
Նշենք, որ Ե. խմբակին մաս կազմող Ազրպէյճան 5-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց Պաքուի մէջ` Սլովաքիայէն: