Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեան երէկ հետեւեալ շնորհաւորական ուղերձը յղած է մայիսեան Եռատօնին առիթով:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմօրէն շնորհաւորում եմ յաղթանակի եւ խաղաղութեան տօնին, Շուշիի ազատագրման օրուայ առթիւ:
Շնորհաւորում եմ Հայրենական եւ Արցախեան պատերազմների բոլոր վեթերաններին, երկրապահին ու ազատամարտիկին, զինուորին ու սպային, մեր ողջ ժողովրդին, Հայաստանի եւ Արցախի բոլոր քաղաքացիներին, ովքեր անհրաժեշտ պահի միասին դառնում են հայրենիքի պաշտպան:
Շնորհաւորում եմ սփիւռքի մեր քոյրերին ու եղբայրներին, նրանց, ովքեր աշխուժօրէն մասնակցեցին ֆաշականութեան դէմ պայքարին, այնուհետեւ` Արցախի պաշտպանութեանը:
Խաղաղութիւնն ու յաղթանակը, որպէս արժէքներ, ապրելու եւ զարգանալու կարեւոր երաշխիք են ժողովուրդների ու պետութիւնների համար: Շուրջ 75 տարի առաջ Համաշխարհային Բ. պատերազմում նաեւ մեր 600 հազար հայրենակիցների ջանքերով ֆաշականութեան դէմ տարած յաղթանակը խաղաղութիւն բերեց աշխարհին: Իսկ 27 տարի առաջ պատմական Շուշիի ազատագրումով մենք կարողացանք յաղթականօրէն բեկել արցախեան պատերազմի ընթացքը:
Մեր հազարաւոր հայրենակիցներ են զոհուել յաղթանակներ կերտելու եւ խաղաղութիւն հաստատելու ճանապարհին:
Խոնարհւում ենք նրանց անմար յիշատակի առաջ:
Յարգելի՛ հայրենակիցներ,
Մենք պէտք չէ գոհանանք միայն անցեալի ձեռքբերումներն արձանագրելով: Պէտք է յաղթանակենք նաեւ ներկայում եւ բոլոր ոլորտներում, այսօ՛ր ստեղծենք վաղուայ նուաճումների ամուր հիմքերը: Այսօրուայ մարտահրաւէրներին դիմակայելու համար պէտք է ունենանք մտքի յաղթանակներ` գաղափարներ առաջարկենք եւ դրանք կեանքի կոչենք բանակում ու քաղաքացիական կեանքում, սահմանին եւ թիկունքում, աշխատանքում ու տնտեսութեան մէջ, մշակոյթում եւ գիտութեան մէջ:
Արցախեան պատերազմում եւ նրա փառապսակ հանդիսացող Շուշիի ազատագրման ժամանակ յաղթեց Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի մեր միասնական ուժը, հայի ուժը: Պէտք է ամէն ջանք գործադրենք, որ մեր միասնականութիւնը միշտ անխախտ լինի, որպէսզի մեր յաղթանակները շարունակական լինեն, որպէսզի անխախտ լինի խաղաղութիւնը Հայաստանում ու Արցախում:
Կրկին շնորհաւորում եմ մայիսեան տօների առթիւ, մաղթում եմ բոլորիս նոր յաղթանակներ, իսկ մեր երկրին ու ժողովրդին` խաղաղութիւն եւ զարգացում»: