«Միասնութիւնն Է Մեզ Դարձնում Աւելի Ուժեղ Ու Հաստատակամ, Տոկուն Ու Անսասան» Բակօ Սահակեան

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեան հետեւեալ ուղերձը յղած է Հայոց ցեղասպանութեան 104-ամեակին առիթով:

«Ինչպէս ամէն տարի ապրիլի 24-ին, այնպէս էլ այսօր մեր ողջ ժողովուրդը սգում եւ ոգեկոչում է Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը, 1,5 միլիոն հայերի, որոնք սրի քաշուեցին օսմանեան Թուրքիայի իշխանութիւնների կողմից: Դա մարդկութեան դէմ իրականացուած ամենասարսափելի ու հրէշաւոր ծրագրերից մէկն էր, որը դարձաւ խարան` հետագայ սերունդների համար:

Այս օրը մենք բոլորս միասին ենք` Հայաստանում, Արցախում եւ սփիւռքում, միասին ենք հոգով ու մտքով, բոլորս ծաղիկ ենք խոնարհում մեր սրբադասուած նահատակների յիշատակին, բոլորիս սիրտը մղկտում է նոյն ցաւից ու ցասումից:

Միասնութիւնն է մեզ դարձնում աւելի ուժեղ ու հաստատակամ, տոկուն ու անսասան` հայրենիքը զօրացնելու ու զարգացնելու, հայոց անկախ պետականութիւնը ամրապնդելու ճանապարհին: Սա է մեր ժողովրդի պայծառ ու լուսաւոր ապագայի գրաւականը, սա է մեր պատասխանը ցեղասպանութիւններին:

Մենք խորապէս երախտապարտ ենք բոլոր նրանց, որոնք հայ ժողովրդի կողքին էին այն ծանր օրերին, օգնութեան ձեռք մեկնեցին հայրենազուրկ, որբ ու անօթեւան մնացած մեր հայրենակիցներին: Երախտապարտ ենք նրանց, որոնք այսօր էլ մեզ հետ են, իրենց ձայնն են բարձրացնում` յանուն Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման, մարդու հիմնարար իրաւունքների ու ազատութիւնների պաշտպանութեան, բարու եւ արդարութեան յաղթանակի:

Մենք միշտ վառ ենք պահում մեր անմեղ զոհերի յիշատակը եւ այսուհետ էլ կ՛անենք հնարաւորը, որպէսզի այլեւս երբեք ողբերգութիւններ չլինեն, որպէսզի մեր ժողովուրդը տօնի միայն յաղթանակներ»:

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )