«ՌԱԶՄԻՆՖՕ»
Հայկական մամուլում եւ փորձագիտական շրջանակներում ժամանակ առ ժամանակ լինում են «Նախիջեւանում թուրքական ռազմական խարիսխի առկայութեան, կամ դրա հնարաւոր տեղակայման» մասին խօսակցութիւններ ու քննարկումներ:
Նախիջեւանի առանձին համազօրային բանակի կազմաւորումից (2013 թ. աշուն) ի վեր հաւաքուած մեր տուեալները եւ դրանց համադրումը խօսում են այն մասին, որ Ազրպէյճանն այս պահին կարիք չունի Նախիջեւանում թուրքական զինուած ուժերի (ԶՈՒ) մշտական ներկայութեան, քանի որ Հայաստանի հետ հնարաւոր ռազմական գործողութիւնների դէպքում սահմանին մօտ տեղակայուած թուրքական ստորաբաժանումները կարող են ներգրաւուել «նախիջեւանեան ճակատում» եւ այլն:
Կա՞յ արդեօք Նախիջեւանում թուրքական ռազմական խարիսխ:
Բաց աղբիւրների հետազօտութեամբ զբաղուողների համար Նախիջեւանը «ամենահաճելի վայրերից» չէ` պայմանաւորուած տեղեկութիւնների խիստ սակաւութեամբ, ինչպէս նաեւ` տեղի աւատապետական կարգերի խստութեամբ: Այնուամենայնիւ, տարբեր աղբիւրների համադրմամբ, հնարաւոր է հասկանալ Նախիջեւանի Առանձին համազօրային բանակի կառուցուածքը, զօրամասերի տեղակայման վայրերը եւ այլն: (Այդ հարցին մանրամասն անդրադառնալու ենք «Ռազմաքաղաքական հանդէս»-ի յաջորդ համարում, որը նախատեսում ենք հրապարակել մարտի վերջին):
Ելնելով մեր ունեցած տուեալներից` կարող ենք ասել, որ յայտնի բոլոր զօրամասերը պատկանում են Նախիջեւանի բանակին եւ ինքնավար հանրապետութեան ուժային այլ կառոյցներին:
Հաւանականութիւնը, որ կը լինեն մեզ դեռեւս անծանօթ խարիսխներ, երբեք չենք կարող բացառել, սակայն այդ հաւանականութիւնը մեծ չենք համարում:
Նախիջեւանում կա՞յ թուրքական ռազմական խարիսխի անհրաժեշտութիւն: Եթէ հարցը դիտարկենք ռազմական անհրաժեշտութեան եւ Նախիջեւանի հատուածը ամրացնելու տեսանկիւնից, ապա կարծում ենք, որ նման անհրաժեշտութիւն այս պահին չկայ: Նախ` Նախիջեւանն ինչ-որ իմաստով ծուղակ է, եւ առանց խիստ անհրաժեշտութեան այնտեղ զօրախումբ տեղակայելը, այսպէս թէ այնպէս, բաւականին վիճելի որոշում կը լինէր հէնց Թուրքիայի տեսակէտից:
Բացի այդ, հնարաւոր ռազմական գործողութիւնների դէպքում, եթէ անգամ անհրաժեշտութիւն առաջանայ, Թուրքիայի բանակի ստորաբաժանումները 30-40 րոպէում կարող են անցնել Նախիջեւան եւ յայտնուել Սադարակի թիկունքում: Ի դէպ, Թուրքիայի տարածքում 2017-ից կառուցուել է նաեւ նոր, այլընտրանքային, զուգահեռ ճանապարհ, որը, կարծում ենք, հէնց հնարաւոր զօրաշարժերի համար է:
Բացի այդ, խարիսխի տեղակայման համար կայ նաեւ քաղաքական խոչընդոտ: Ինչպէս նշեցինք, Նախիջեւանում բաւականին խիստ աւատապետական կարգեր են: Անգամ աւելի խիստ, քան` «մայրցամաքային» Ազրպէյճանում: Այս պայմաններում ուղղակի անհնար է պատկերացնել, որ Իլհամ Ալիեւը կամ Վասիֆ Թալիպովը (Նախիջեւանի մեճլիսի ղեկավարը եւ Նախիջեւանի փաստացի ղեկավարը) կարող են իրենց տարածքում հանդուրժել այլ երկրի զինուժի գոյութիւն: Ուստի, առանց յստակ, անհերքելի փաստերի, Նախիջեւանում թուրքական զինուժի տեւական ներկայութեան մասին խօսել չենք կարող:
Թուրքական ի՞նչ ստորաբաժանումներ են տեղակայուած Նախիջեւանին մօտ: Սահմանի այդ հատուածում տեղակայուած է Պայազետ քաղաքի Առաջին մեքենայացուած գունդը, եւ այդ գնդի ենթակայութեամբ գործող 5-րդ սահմանապահ գունդը:
 
			


