Արցախի Ազատ հայրենիք կուսակցութեան նախագահ Արայիկ Յարութիւնեան Դիմատետրի իր էջին վրայ համոզում յայտնած է, որ ազատ, անկախ ու հզօր Հայաստանի եւ Արցախի կերտման ուղիին վրայ կարեւոր է Դաշնակցութեան հետ համագործակցութիւնը: Ան գրած է.
Յարգելի՛ հայրենակիցներ
Երէկ մասնակցել եմ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի մօտ կազմակերպուած Հայ յեղափոխական դաշնակցութեան Ընդհանուր ժողովի մասնակիցների պաշտօնական ընդունելութեանը, որտեղ առիթ եմ ունեցել կրկին հանդիպելու եւ մի շարք հարցերի շուրջ մտքեր փոխանակելու սփիւռքից ու Մայր Հայաստանից ժամանած, իմ կողմից մեծ յարգանք վայելող դաշնակցական ընկերներիս հետ:
Նախ ողջունում եմ Դաշնակցութեան 33-րդ Ընդհանուր ժողովը Արցախում անցկացնելու փաստը: Կուսակցութեան ունեցած մօտ 130 տարիների գործունէութիւնը խիստ շաղկապուած է հայ ժողովրդի պատմութեան հետ: Ֆետայական շարժման, Առաջին Հանրապետութեան հռչակման, սփիւռքում հայապահպանութեան եւ Հայ դատի խնդիրների, ի վերջոյ արցախեան գոյամարտում եւ հայկական անկախ պետականութիւնների շէնացման գործերում անկասկած մեծ է ՀՅԴ-ի ներդրումը: Բայց այս ամէնով հանդերձ` ես առաւելապէս կը ցանկանայի ընդգծել իմ վարչապետութեան 10 տարիների ընթացքում սփիւռքի տարբեր գաղթօճախներ կատարած այցերի ժամանակ տեսածս ու զգացածս: Ամէնուր` Աւստրիալիայում, Մերձաւոր Արեւելքի, Եւրոպայի եւ ամերիկեան մայրցամաքի երկրներում, ի դէմս Դաշնակցութեան ներկայացուցիչների` տեսել եմ հայութեան համար եւ յանուն հայրենիքի պայքարող հայի տեսակը:
Համոզուած եմ` Դաշնակցութեան հետ միասին Հայ դատի վերջնայաղթանակի, ազատ, անկախ ու հզօր Հայաստանի եւ Արցախի կերտման ճանապարհին դեռ մեծ անելիքներ ունենք: