
ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ
«Հիմնական հոպիս հիմա կարդալն է, այսինքն` միշտ է դա եղել: Ի դէպ, ես կարդում եմ երկու տիպի գրականութիւն` գիտական գրականութիւն եւ հետաքննական վէպեր: Վերջինները աւելի շատ կարդում եմ, որ անգլերէնը չմոռանամ: Լուրջ գեղարուեստական գրականութիւն հիմա քիչ եմ կարդում: Ինչ որ պէտք է, ես ժամանակին կարդացել եմ»:
Վահան Յովհաննիսեանի հետ խօսելիս, յատկապէս` երբ կար ազատ ժամանակ եւ հակուածութիւն հոգեշահ զրոյցների համար, կարելի էր համոզուել, որ ընթերցած գրականութեան շնորհիւ նա կուտակել էր գիտելիքների ծանրակշիռ պաշար: Յիշելով պատառիկներ նրա բանաւոր ելոյթներից, հրապարակախօսական գրութիւններից եւ, ի հարկէ, ստեղծագործած, ցաւօք միակ, վէպից կարելի է հասկանալ, որ կուտակած այդ գիտելիքները բազմազան էին, ընդգրկում էին համաշխարհային պատմութիւնը, մշակոյթը եւ այլ ոլորտներ: Հայ, ռուս, եւրոպական եւ այլ ժողովուրդների պատմութիւնը, մշակոյթը, կենցաղը, ազգագրական առանձնայատկութիւնները գիտէր մասնագիտական խորութեամբ:
Այլ հարց, որ նա մտաւորականի իր կերպարն ի ցոյց դնելու յաւակնութիւններից հեռու էր եւ, միւս կողմից, գիտելիքները դրսեւորելու ասպարէզից էլ հեռացել էր` մի օր կենսագրութեան կտրուկ շրջադարձ կատարելով դէպի ազգային-ազատագրական պայքար, Հայաստանի անկախութեան շարժում եւ կուսակցական, քաղաքական ու պետական գործունէութիւն:
Սա նրա կեանքի աներկբայ ընտրութիւնն էր, թէեւ առիթների դէպքում ափսոսանքով էր յիշում գիտական գործունէութեան տարիները եւ երբեմն էլ, իրեն յատուկ հիւմըրով, ասում. «Յաջողութիւն ձեր աշխատանքներին, ես վերադառնում եմ հնագիտութիւն»:
Նախկին գործընկերներն ասում են, որ Վահան Յովհաննիսեանը լաւ հնագէտ էր, եւ քաղաքականութեան հաշուին պատմագիտութեան այս ասպարէզը կորցրեց հմուտ ու հեռանկարային գիտնականի:
Մասնագիտութեան ընտրութեան եւ մասնագիտական աշխատանքի մասին պատկերացում կազմելու համար աւելի տպաւորիչ կը լինի, եթէ դարձեալ լսենք իրեն` մէջբերում կատարելով վերը նշուած հարցազրոյցից:
«Ես մանկութեան տարիներից էլ ուզել եմ պատմաբան դառնալ: Ինձ սկզբում աւելի շատ հետաքրքրում էր միջնադարը: Երբ հիմնարկն աւարտելուց յետոյ վերադարձայ Հայաստան (Մոսկուայում եմ աւարտել) ցանկացայ աշխատել եւ զբաղուել միջնադարեան Հայաստանի, յատկապէս` Կիլիկեան թագաւորութեան ժամանակաշրջանով: Ի դէպ` երբ աւելի վաղ ես Հայաստանում փորձեցի պատմութեան բաժին ընդունուել, «ամենավերեւից» պահանջ եկաւ, որ պատմութեան մէջ չմտնեմ, քանի որ այլախոհի որդի եմ: Ես ստիպուած ընդունուեցի բանասիրական բաժին, բայց, որպէսզի յետոյ անեմ այն, ինչ ուզում եմ, տեղափոխուեցի Մոսկուա: Երբ վերադարձայ, միջնադարի ուսումնասիրութիւնն էլ առջեւս փակեցին, ասացին, որ այնպիսի բան ընտրեմ, որը հեռու լինէր մեր ժամանակներից, որպէսզի «դասակարգային պայքար» չլինէր: Ես ընտրեցի հնագիտութիւնը` պրոնզէ դարը: Ոտք ու ձեռքով մտայ դրա մէջ եւ հասկացայ, որ դա աշխարհի ամենալաւ մասնագիտութիւնն է:
Ես տարբեր տեղերում եմ պեղումներ արել` Հարաւային Հայաստանում, յատկապէս` Վայքում, Դիլիջանի շրջակայքում, Սեւանի աւազանում: Սակայն ամենակարեւոր յուշարձանը, որի պեղումները ղեկավարել եմ, եղել է յայտնի Քարաշամբի դամբարանադաշտը` Երեւանից 30 քմ հիւսիս` Հրազդան գետի հունով: Այդ դամբարանադաշտի նիւթերը մինչեւ հիմա դեռ ամբողջութեամբ հրապարակուած չեն: Այնպիսի հրաշալի յուշարձան էր, որ պետութիւնը որոշեց դրա մի մասը դարձնել արգելոց եւ դեռ չպեղել, հետագայում աւելի նոր ու կատարելագործուած գործիքներու միջոցով շարունակել: Եւ հիմա այդպէս էլ մնում է: Դամբարանադաշտի տարածքը կառուցապատման տակ էր: Մենք շինարարների հետ վէճերով կարողացանք դադարեցնել շինարարութիւնը: Ես նոյնիսկ ստիպուած եղայ Աւանի դպրոցի աշակերտներին պառկեցնել դամբարանաթմբի վրայ, որ թրաքթորները կանգնեն: Դրանից յետոյ մենք ստացանք պեղումների թոյլտուութիւն, արգելեցինք շինարարութիւնը եւ սկսեցինք աշխատանքները, որոնք այնպիսի արդիւնքներ տուեցին, որ, 1940-ականներից սկսած, ամբողջ Հարաւային Կովկասում չեն եղել: Յայտնաբերուած գանձերը ներկայումս պահպանւում են պատմութեան թանգարանում: Ես դրանք հրապարակել եւ դրանց հիման վրայ պաշտպանել եմ թեկնածուական թեզ»:
1980 թուականից Վահան Յովհաննիսեանը աշխատում է «Էրեբունի» թանգարանում, նախ` որպէս գիտաշխատող, յետոյ` գիտահետազօտական բաժնի վարիչ, իսկ 1989 թուականից տեղափոխւում է Գիտութիւնների ակադեմիայի հնագիտութեան եւ ազգագրութեան հիմնարկ: Տարբեր հնագիտական արշաւախմբերի կազմում պեղումների է մասնակցում Հայաստանի տարածքով մէկ. այդ պեղումների ընթացքում յայտնաբերուել են պրոնզի եւ վաղ երկաթի դարի շատ արժէքաւոր նիւթեր:
Բայց ամէնից աչքի ընկնող գտածոները, ինչպէս եւ ինքն է նշում հարցազրոյցում, պեղուել են Քարաշամբում, ուր աշխատում էր Վահան Յովհաննիսեանի ղեկավարած արշաւախումբը: Քրիստոսի թուարկութիւնից առաջ XXIII դարի դամբարանում յայտնաբերուել են անգնահատելի գիտական եւ նիւթական արժէք ներկայացնող գտածոներ: Դրանց թւում է հռչակաւոր արծաթէ գաւաթը, որի վրայ պատկերուած դիցաբանական սիւժէն մշակութաբանօրէն կապում է գաւաթի ստեղծողներին մեր երկրի հնագոյն հնդեւրոպական բնակչութեան` հայերի նախնիների հետ: Հրաշալի պահպանուած գաւաթը վկայում է, որ այդ շրջանում արդէն Հայաստանը բաւական զարգացած արտադրական ու մշակութային կեդրոն է եղել: Այս եւ միւս ցուցանմուշներն այսօր Հայաստանի պատմութեան թանգարանի հպարտութիւնն են եւ որպէս այցեքարտ ցուցադրւում են Հայաստանում ու արտերկրում:
Գտածոներն ու հետազօտութիւնները հիմք են հանդիսացել Վահան Յովհաննիսեանի մի քանի տասնեակ գիտական աշխատութիւնների եւ թեկնածուական թէզի համար:
Ռուսաստանում եղած տարիներին Վահանն աշխատել է նաեւ, այսպէս ասած, ռուսական Լուվրում` Էրմիթաժում, եւ Լենինկրատի Արեւելագիտութեան ու հնագիտութեան հիմնարկներում:
Մէջբերուող հարցազրոյցում, անդրադառնալով յայտնի ռուս գիտնական, Էրմիթաժի տնօրէն Փիոտրովսքու կողմից ասուած այն մտքին, թէ ափսոսում է, որ Վահանը հեռացել է հնագիտութիւնից եւ դարձել քաղաքական գործիչ, Վահանն ասում է. «Ինձ յայտնի չէ, որ նման բան է ասել: Բայց եթէ որեւէ մէկն ասել է, ապա ես համաձայն եմ: Ես էլ եմ ափսոսում: Բայց ճակատագիրն է ստիպել: Երբ պատերազմը Ղարաբաղում անխուսափելի դարձաւ, ես շատ երիտասարդ չէի, բայց մինչ այդ խորհրդային բանակում, չինական սահմանի վրայ, յատուկ ջոկատներում էի ծառայել: Զէնքին եւ պատերազմի արուեստին տիրապետում էի: Եթէ գիտելիքներ ունես, որոնք քո ժողովրդին այդ պահին պէտք են, ուրեմն ընտրութեան առջեւ ես` եթէ ոչ` ես, ապա ո՞վ»:
Հարցազրոյցից բերուած այս ընդարձակ մէջբերումների նպատակը ո՛չ միայն մտաւորական Վահան Յովհաննիսեանի կենսագրական փաստերը ներկայացնելն էր, այլեւ որոշ պատկերացում փոխանցելը նրա մարդկային կերպարի մասին:
Քաղաքական գործիչ Վահանը մեզ յայտնի էր իր տրամաբանուած, կրակոտ ու սուր ելոյթներով: Նա մշտազբաղ էր խորհրդարանի, խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների, կուսակցական եւ քաղաքական բազմաշերտ գործունէութեամբ, միաժամանակ` պատգամաւորութեան վերջին տարիներին սկսեց նաեւ յօդուածներ գրել:
Վահանի համար այս աշխատանքը ձեռնարկելու մղիչ ուժը խոր մտահոգութիւնն էր Հայաստանի ապագայի վերաբերեալ: Յաճախ էր կրկնում այն միտքը, թէ երկրի ժողովրդագրական եւ միւս կորուստները խորանալով կարող են մի սահմանի հասցնել, որտեղից վերադարձ այլեւս հնարաւոր չի լինի: Այս մասին է վկայում նաեւ «Երկիր» կայքէջում հրապարակուած եւ հետագայում գրքի վերածուած յօդուածաշարի խորագիրը` «Մայրամուտ, որը պէտք է կասեցնել»:
Յօդուածաշարի նախաբանում Վահանը գրում է. «Ամենասարսափելին այն է, որ մենք հաշտւում ենք պարտութեան հետ, որին ինքներս ենք մեզ դատապարտում օրէցօր: Կա՛մ զարթօնքի թարմ քամի եւ քայլ դէպ ապագայ, կա՛մ մակաբուծութիւն սեփական պատմութեան վրայ, ահա սա է այն ընտրութեան իրական իմաստը, որի առաջ մեր երկիրը կանգնած է»:
Ընտրելով հրապարակախօսութեան լեզուն` իրարայաջորդ յօդուածներում դրանց հեղինակը անդրադառնում է մեր պատմութեանը, փորձում բացայայտել հայ մարդու խառնուածքի այն առանձնայատկութիւնները, որոնք որոշակի դեր են խաղացել նրա պատմական ճակատագրում եւ կանխորոշել այսօրուայ իրականութիւնը: Հետաքրքրական ու խորը վերլուծութեան են ենթարկւում Հայաստանի անկախութեան նոր շրջանի գործընթացները` ախտորոշելու նպատակով առկայ իրականութեան պատճառահետեւանքային կապերը: Իսկ հետապնդուող հիմնական նպատակն, ի հարկէ, ստեղծուած իրականութիւնը յաղթահարելու ելքերի որոնումն էր: Իր վերլուծութիւնները Վահանը կատարում է պատմական ընդգրկուն հայելու վրայ` համեմատութիւնների ճանապարհով, ընդհանրութիւններն ու օրինաչափութիւնները յայտնաբերելու մտասեւեռմամբ:
Յօդուածաշարն արժէքաւոր է, քանի որ քննւում են մեր ընդհանուր ճակատագրի հարցերը: Միւս կողմից, որպէս քաղաքական-վերլուծական նիւթ, հետաքրքրութեամբ էր ընթերցուելու, եթէ անգամ մեզ չվերաբերէր:
Ինչպէս յիշեալ եւ միւս յօդուածների պարագայում, նոյնպիսի անակնկալ էր ընկեր Վահանի վէպի լոյս աշխարհ գալը: Ինչն էր «ստիպել» կուսակցական-քաղաքական, պետական աշխատանքներով բազմազբաղ մարդուն ձեռք զարկել ստեղծագործական աշխատատար գործի: Յամենայն դէպս, ոչ գրողի համբաւ ձեռք բերելու յաւակնութիւնը: Ծանօթանալով այն ուղերձների հետ, որոնք յղում է վէպն ընթերցողին, ինչպէս եւ հետեւելով գրքի վերաբերեալ Վահանի որոշ արտայայտութիւններին, կարելի է յիշել քսաներորդ դարի երկրորդ կէսի լատինաամերիկեան մեծ գրականութիւնը ստեղծած հեղինակների հետեւեալ արտայայտութիւնը. «Ես գրում եմ, որպէսզի օգնեմ լատինաամերիկեան յեղափոխութեանը»: Կարծեմ` նմանօրինակ քաղաքական-գաղափարական պատուէր է իր առջեւ դրել կամ, այլ կերպ ասած, կամաւոր յանձնառութիւն էր ստանձնել նաեւ Վահանը` ձեռնամուխ լինելով իր համար նոր, ստեղծագործական աշխատանքի: Ենթադրութիւնս հաստատւում է իր իսկ այն բացատրութեամբ, թէ` «վէպը ռուսերէն եմ գրել, որպէսզի աւելի լայն լսարան ունենայ»: Այս նոյն նկատառումով էլ սեփական կեանքի մայրամուտին նա անհամբեր էր, որ տեսնի, հայերէնի կողքին անգլերէն թարգմանութիւնը: Վահանը հաւատում էր իր ուղերձների կարեւորութեանը այսօրուայ համաշխարհային տագնապալի զարգացումների խորապատկերի վրայ, եւ վէպի ընթերցողն էլ համոզւում է ասելիքի կարեւորութեան մէջ:
Ի՞նչ վէպ է գրել Վահանը: Այն կարելի է դասել նրա սիրելի հետաքննական սեռին: Աւելի ստոյգ` քաղաքական հետաքննութեան սեռին: Կարելի է անուանել նաեւ պատմական հետաքննութիւն: Միւս կողմից` հետաքննական գրականութեանը բնորոշ է որոշակի ժամանակահատուածի մէջ որոշակի իրադարձութիւնների զարգացումն ու հանգուցալուծումը: Այնինչ` «Մանդիլիոնը» նման է երկու հազարամեակ ընդգրկող իրադարձութիւններով եւ սերունդների խճճուած կենսագրութիւններով պատմավէպի: Սակայն ժանրային այս բնորոշումը եւս կաշկանդիչ է թւում ներկայ ժամանակում ապրող մարդկանց ճակատագրերի ու յարաբերութիւնների համապատկերի առումով, եւ պէտք է պարզապէս ընդունել, որ ինչպէս ամէն մի լաւ ստեղծագործութիւն, «Մանդիլիոնը» եւս չի տեղաւորւում իզմերի ու գրական սեռերի կաղապարների մէջ:
Մէկհատորեակի ծաւալի մէջ յաջողուել է ընդգրկել երկհազարամեայ ժամանակահատուած ամփոփող իրադարձութիւններ` սկսած Եդեսիայի Աբգար թագաւորի նամակագրութիւնից Յիսուս Քրիստոսի հետ եւ Տիրոջ գործունէութեան ու ձերբակալութեան նկարագրութիւններ, Կոստանդնուպոլսի կործանումից մինչեւ հայոց ջարդերը, Առաջին աշխարհամարտը, կամաւորական շարժումն ու ինքնապաշտպանական կռիւները, Սարդարապատը, Առաջին Հանրապետութեան անկումն ու Փետրուարեան ապստամբութիւնը, Հայաստանի խորհրդային տարիներից մինչեւ նոր վերազարթօնք, ղարաբաղեան պայքար ու Հայաստանի անկախացում: Եւ, ի վերջոյ, ներկայիս իրականութիւնը` կրօնական ծայրայեղականութիւնը եւ միջազգային ահաբեկչութիւնը:
Ժամանակային մէկ կտաւի վրայ միախառնելով ու շաղկապելով պատմական իրադարձութիւնները` Վահան Յովհաննիսեանը ապացուցում է, որ չկան իրարից կտրուած անցեալ ու ներկայ, այլ կայ իրադարձութիւնների մէկ շղթայ: Անցեալը շարունակում է ուղղութիւն տալ ներկային, եւ ներկան կարող է ներգործել անցեալի վրայ: Իր ստեղծագործութեան հերոս Ռալֆ Կոտերեանի բերանով նա մէջբերում է Ճորճ Օրուելի հետեւեալ արտայայտութիւնը. «Ով կառավարում է անցեալը, նա կառավարում է ապագան, ով կառավարում է ներկան, նա կառավարում է անցեալը»:
Կարծես, այս ճշմարտութեամբ առաջնորդուելով է, որ իրար հետ կենաց-մահու մրցակցութեան մէջ են մտնում «Մանդիլիոնի» հակառակորդ կողմերի հերոսները, որոնց մի մասը ձգտում է գտնել եւ փրկել Քրիստոսի ձեռամբ արարուած նրա դիմապատկերը, իսկ միւս կողմը ձգտում է գտնել եւ ոչնչացնել այն:
Անդրադառնալով ներկայիս աշխարհը ալեկոծող երեւոյթներից մէկին` Վահան Յովհաննիսեանն ընթերցողին է յղում գլխաւոր ուղերձներից մէկը` ֆիզիքական յաղթանակից առաւել կարեւոր է նկատւում հոգեւոր կռուանների թուլացումն ու ոչնչացումը: Հէնց քրիստոնեայ հզօր երկրներում հրապարակւում են գրքեր, նկարահանւում են ժապաւէններ, որոնց միջոցով շատ նրբօրէն, յաճախ նոյնիսկ քրիստոնէութեան արժէքների պաշտպանութեան անուան տակ իրականացւում է կասկած սերմանելու, հոգեւոր արժէքներն ու սրբութիւնները վարկաբեկելու գործընթաց: Պատահականութի՞ւն է այս բոլորը: Վահան Յովհաննիսեանն ասում է` ոչ:
Առհասարակ, իւրաքանչիւր մարդ եւ, ի հարկէ, քաղաքական գործիչ իրականութիւնը տեսնում է սեփական մտահորիզոնի չափով: Ոմանց համար աշխարհն այն է, ինչ սկսւում է իրենցից եւ պտտւում սեփական առանցքի շուրջը, ոմանք էլ, ինչպէս Վահանը, տեսնում են ո՛չ միայն ընթացիկ երեւոյթները, այլեւ թափանցում դրանց խորքը եւ յանգում օրինաչափութիւնների վրա հիմնուած ընդհանրացումների: Այդ իսկ պատճառով նմանների հնչեցրած ահազանգերը ոչ թէ քաղաքական չափազանցութիւնների սեռից են, այլ բխում են վաղուայ արդիւնքն ու հետեւանքը կանխազգալու կարողութիւնից:
Վահանը կայացած գիտնական էր, երբ եկաւ Դաշնակցութիւն եւ դարձաւ Հայաստանի նորակազմ կառոյցը ներկայացնող ղեկավար անձ: Նրան, սակայն, գայթակղում էր ոչ թէ իր կարգավիճակը, այլ Արցախը, ազատագրական կռիւը, կենդանի պայքարն ու ճիգը` ուղղուած հայաստանեան կեանքի հակասութիւնների յաղթահարմանը: Նա եղաւ Դաշնակցութեան համասփիւռ կառոյցի կարեւոր դերակատարներից մէկը` իր ընդգրկուն կերպարով կրկնելով պայքարի ու գրչի մեծ նախորդներին եւ միաժամանակ լինելով ու մնալով որպէս իւրայատուկ ու անկրկնելի Վահան Յովհաննիսեան:


