Ժողովրդավարական ընտրութիւններով Հայաստանում ձեւաւորուեց մի խորհրդարան, որտեղ ընդդիմութեան բեմականացումը կը լինի վատ խաղարկուած բեմագրութիւն. իր դիմատետրեան էջում գրում է ՀՅԴ անդամ Արտակ Սարգսեանը:
«Փաստացի, Փաշինեանը մնաց ժողովրդի առջեւ մենակ` պատասխանատուութեան ողջ բեռով: Մերժելու միջոցներից զրկուելով` Փաշինեանը մնաց մերժման միակ ապագայ թեկնածուն:
Մինչ այդ, կուլակաթափութեան առաջիկայ սերիալները շուրջ 1 տարի դեռ կը զբաղեցնեն արդարութեան ծարաւ ժողովրդի անյագուրդ ցանկութիւնները, որից յետոյ վառօդի դատարկ տակառում կը յայտնուի ազատ տարածութիւն: Փաստացի, վարչապետը կարող է յայտնուել այնտեղ, որտեղից սկսել էր` Դիոգինեսի կողքին, երբ ոչինչ չունէր կորցնելու:
Առաջիկայ քաղաքական խնդիրներն ու պայքարը կը լինեն խորհրդարանից դուրս, որտեղ նոր վարչախմբին, յուսամ, սպասւում է անհանգիստ պայքար: Այսպիսի խորհրդարանը կարող է երկար չդիմանալ, քանզի ընդդիմութիւնը, իրականում, ընդդիմանալու է նաեւ խորհրդարանի միւս 2 ուժերին, որոնք Փաշինեանի 2-րդ եւ 3-րդ խօսափողներն են:
Եթէ մարդիկ կեանքում ունենում են շատ մրցակիցներ ու թշնամիներ, երկար ու հանգիստ չեն կարող քնել: Կարծում եմ` այս դէպքում անձնասիրութիւնը յաղթեց բանականութեանը, եւ ժողովրդավարութիւնը ելաւ ժողովրդավարութեան դէմ` հաստատելով նոր քաղաքական մենաշնորհ: Կարելի է ասել` Փաշինեանը յաղթեց քաղաքական մենաշնորհեալներին եւ աւելի հաստատակամ գրաւեց նրանց տեղը: Իսկ պատմութիւնից դասեր պէտք է քաղել, քանզի երբեմն քաղաքական ուժերը մնում են ժողովրդի քուէի տակ` չկարողանալով արդարացնել նրանց սպասումները:
Քաղաքական գովազդն աւարտուեց, մնում է` զգանք նոր իշխանութեան գործունէութեան դրական ազդեցութիւնը», գրել է Արտակ Սարգսեանը:



