Սոյն թուականի նոյեմբերը 23-25 Աւստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցաւ Եւրոպայի երիտասարդ ընկերվարականների (ԵԵԸ – Young European Socialists) պիւրոյի ժողովը: ՀՅԴ Երիտասարդականի անունից ժողովին մասնակցում էր Սարինէ Աբրահամեանը (Հոլանտա):
Ժողովին մասնակցում էին աւելի քան 40 երիտասարդ ընկերվարականներ Եւրոպայի տարբեր երկրներից` Սպանիա, Փորթուգալ, Պուլկարիա, Հոլանտա, Գերմանիա, Յունաստան, Պելճիքա, Ֆինլանտա, Դանիա, Իտալիա, Շուէտ, Նորվեկիա, Խրուաթիա, Մակեդոնիա, Կիպրոս եւ այլն:
Նշելի է, որ պիւրոյի ժողովը կայանում է տարին երկու անգամ, որտեղ կազմակերպութեան նախագահութիւնը եւ վարչութիւնը ներկայացնում են իրենց կատարած գործունէութեան հաշուետուութիւնը, ճշդւում է կազմակերպութեան քաղաքականութեան ուղղութիւնը եւ ընդունւում են բանաձեւեր: Ժողովում բանաձեւեր ընդունուեցին միջավայրի պահպանութեան, ընկերային արդարութեան, կանանց իրաւունքների եւ առողջապահութեան ապահովագրութեան վերաբերեալ:
ԵԵԸ-ի նախագահութիւնը ներկայացրեց իր կատարած աշխատանքները, որոնք քննարկուեցին եւ գնահատուեցին: Որոշուեց կազմակերպութեան քարոզչութեան ուղղութիւնը` Եւրոխորհրդարանի ընտրութիւնների կապակցութեամբ, որոնք տեղի պիտի ունենան 2019 թուականի մայիսի 23-ին:
Ընդունուեց նաեւ ԵԵԸ-ի Եւրոխորհրդարանին ընդառաջ մանիֆեսթը:
Ժողովում, ըստ օրակարգի, անդամ կազմակերպութիւնները զեկուցեցին իրենց երկրում տիրող քաղաքական իրավիճակի, ձեռքբերումների ու բացթողումների մասին:
Սարինէ Աբրահամեանն իր զեկոյցում անդրադարձաւ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումներին եւ կայանալիք արտահերթ ընտրութիւններին: Ժողովի պաշտօնական օրակարգից դուրս, ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը բազմաթիւ երկկողմ հանդիպումներ ունեցաւ մասնակից պատուիրակութիւնների հետ` ՀՅԴ Երիտասարդականի եւ նրանց միջեւ համագործակցութեան խորացման վերաբերեալ:
ՀՅԴ Երիտասարդականը Եւրոպայի երիտասարդ ընկերվարականներ կազմակերպութեան լիիրաւ անդամ է:
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ



