Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի մէջ Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնների քարոզարշաւի այս օրերին, ականատեսն ենք որոշ թեկնածուների, քաղաքական ուժերի կողմից Արցախին լեզուակռուի մէջ ներքաշելու, արցախեան շարժումն ու ազատամարտը արժեզրկելու ճիգերին: Սա կատարւում է նախորդող ամիսներին, որոշ շրջանակների կողմից ազգային արժէքներ, մասնաւորապէս Հայ առաքելական եկեղեցին եւ աւանդական հայկական ընտանիքը թիրախաւորելու խորապատկերին: Թւում է, թէ այս բոլորը մաս են կազմում մի ընդհանուր քաղաքականութեան, որի նպատակն է հարուածել մեր ազգային արժէքներին:
Արցախեան շարժումը եւ ազատամարտի յաղթական ընթացքը հանդիսանում են հայոց պետականութեան հիմնաքարերը, վերջին երեսուն տարիների հայութեան ազգային ձեռքբերումների մեկնակէտն ու արդիւնքը, մեր ներկայի հնարաւորութիւնների ու ապագայի նոր ձեռքբերումների երաշխաւորները: Այդ ամէնը ձեռք է բերուել հազարաւոր մարդկանց արեան ու զրկանքների գնով: Վտանգել, հարցականի տակ դնել այդ ամէնը նշանակում է հրաժարուել բազում սերունդների ազգային պետութիւն ունենալու տեսլականից: Պետականութիւնը, դրան ծնունդ տուող ժողովուրդը եւ այդ ամէնից բխող արժեհամակարգը բացարձակ արժէքներ են, իսկ քաղաքական պահական հաշուարկներն ու դրանցից բխող իրավիճակային քայլերը միշտ էլ կը տարալուծուեն պատմութեան հարահոսում:
ՀՅ Դաշնակցութեան Արցախի Կեդրոնական կոմիտէն դատապարտում է նմանօրինակ քայլերը եւ յորդորում` հեռու մնալ պատեհապաշտական մօտեցումներից: Ակնկալում ենք այս օրերին Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների մասնակիցներից պատասխանատուութեան գիտակցում եւ պետականամէտ մօտեցում: Միաժամանակ կոչ ենք անում հայկական բոլոր քաղաքական ուժերին, հանրութեան լայն շերտերին համախմբուել վերը յիշուած բացարձակ արժէքների շուրջ եւ անսասան պահել արցախեան շարժման ձեռքբերումները` կուռ պահելով Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութիւնը: Այդ ամէնի միջոցով մենք կը յաղթահարենք ապագայում տեսանելի եւ անտեսանելի բոլոր տեսակի մարտահրաւէրները:
Միշտ հաւատարիմ` հողին ու հային:
ՀՅԴ ԱՐՑԱԽԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ
30 նոյեմբեր 2018



