Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Թաւրիզի Հայագիտական Բ. Գիտաժողով

Նոյեմբեր 10, 2018
| Գաղութային
0
Share on FacebookShare on Twitter

Ուրբաթ, 28 սեպտեմբեր եւ երկուշաբթի, 1 հոկտեմբեր 2018-ին Ատրպատականի հայոց թեմում տեղի ունեցաւ Թաւրիզի հայագիտական Բ.  գիտաժողովը` հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ թեմի առաջնորդ Գրիգոր եպս. Չիֆթճեանի: Ըստ կազմակերպիչ յանձնախումբի հաղորդած տեղեկութեան, գիտաժողովը ամէնամեայ դրութեամբ տեղի է ունենալու: Ինչպէս անցեալ տարի, այս տարի եւս հայագիտական տարբեր բնագաւառներում հմտութիւն ձեռք բերած շուրջ մէկ տասնեակ ուսումնասէր անձնաւորութիւններ իրենց զեկոյցներով հանդէս եկան եւ ներկայացրին իրենց ուսումնասիրութիւնների արդիւնքը: Այս տարի եւս գիտաժողովը յատուկ մէկ նշանաբան չունէր, նիւթերի այլազանութիւնը յատկանշւում էր: Զեկուցումներ ներկայացուեցին հետեւեալ բնագաւառներից. Ատրպատականի հայոց թեմի տեղական պատմութիւն եւ գիտարշաւ, Հայոց ցեղասպանութիւն, հայ հին եւ նոր գրականութիւն, երաժշտութիւն, միսիոնագիտութիւն եւ ընկերաբանութիւն: Զեկուցաբերները ժամանել էին Գերմանիոյ տարբեր քաղաքներից, Յունաստանից եւ Ճափոնից: Մերձաւոր Արեւելքի անապահով կացութիւնը նկատի ունենալով` մի շարք մասնակցիներ իրենց մասնակցութիւնից դժբախտաբար հրաժարուել էին: Գիտաժողովի լեզուն անգլերէնն էր: Ներկայ գտնուեցին թաւրիզահայ համայնքի անդամներ, որոնց շարքում երիտասարդների թիւը զգալի եւ քաջալերական էր, տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Թաւրիզի հայագիտական գիտաժողովները ունեն այն իւրայատկութիւնը, որ այստեղ միայն գիտական զեկուցում եւ քննարկում չէ, որ ներկայացւում է, այլ թեմի հայկական կառոյցները, վանքերն ու դրանց առնչուած բազմաշերտ պատմութիւնը գիտապտոյտների շնորհիւ լուսարձակի տակ են բերւում, հայկական անցեալ ու ներկայ կեանքի տարբեր երեսներ քննարկումի առարկայ են դառնում: Ատրպատականի հայոց պատմութեան հպանցիկ մի ակնարկ հայը հանդէս կը բերի, ի միջի այլոց, իբրեւ ճարտարապետ, քանդակագործ, վանաշէն, յեղափոխական գործիչ, մտաւորական: Հայկական ինքնութեան այս երեսները շեշտադրող ու անսպառ աղբիւր է Ատրպատականի հայոց թեմի աշխարհագրական տարածքը ամբողջութեամբ:

Գիտաժողովը կայացաւ վերոնշեալ երկու օրերին, սակայն ամբողջ շաբաթուայ ընթացքում նիւթերն ու քննարկումները անպաշտօն զարգացումներ ունեցան` երբեմն բացելով նոր մօտեցումների ծալքեր: Մի քննարկումի կարեւոր արձագանգը կարելի էր լսել, օրինակ, մէկ վանքի այցելութեան ընթացքում` առիթ տալով ծաւալումների:

Գիտաժողովի առաջին եւ հիմնական մասը տեղի ունեցաւ առաջին օրը` ուրբաթ, 28 սեպտեմբեր 2018-ին, Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան կեդրոնատեղիում, որը գտնւում է առաջնորդարանի շէնքում: Հա՞րկ է յիշել, որ նոյն այս շէնքում, որը ատենին Կեդրոնական վարժարանն է եղել, 1919-ին իբրեւ ուսուցիչ պաշտօնի էր կոչուել անուանի լեզուագէտ Հրաչեայ Աճառեանը:

Կազմակերպիչ յանձնախմբի անունից բացման խօսքը կատարեց Իշխան Չիֆթճեանը, որ անդրադարձաւ Ատրպատականի ու յատկապէս  Թաւրիզի պատմաշխարհագրական նշանակութեան, որը պատմական ու արդի Հայաստանների, անցեալի ու ներկայի, Վանի ու Երեւանի միջեւ գտնուելով` «ընդմիջական» ինքնութեան բոլոր երեսները մատակարարել է ատենին` քաղաքականից, կրօնականից, տնտեսականից մինչեւ մշակութայինն ու կենցաղայինը: Գիտաժողովին Թաւրիզում կայացումը նա առնչեց զեկուցողների դէպի պատմական այս տարածքը այցելելու կարելիութեան հետ: Նա ուրախութեամբ շեշտեց, որ Ատրպատականի հայոց թեմը այցելող յատկապէս ակադեմական անձնաւորութիւններ անցած տարիների ընթացքում մեծ հետաքրքրութեամբ արձագանգել էին իրենց այստեղ ապրած փորձառութեանց` հրատարակելով ուսումնասիրութիւններ ու գեղարուեստական գործեր, ներկայացնելով դասախօսութիւններ Եւրոպայի տարբեր քաղաքների գիտական եւ այլ հաստատութիւնների մէջ: Նա եզրափակեց իր խօսքը հետեւեալ մտածումներով. «Վայրերն ու իրերը կա՛մ կը մեռնեն, կամ լո՛ւռ կը մնան ու կը լռեցուեն, կա՛մ էլ իրենք իրենց լեզուով կը խօսեն, եթէ մենք կարողութիւնը ունենանք դրանց խօսեցնելու` դրանց բերելով առաջուայ մէկ վիճակից դէպի այլ` նոր վիճակ: Տեսէք, իբրեւ օրինակներ, առաջնորդարանի բակում փոշիներից յառնած ձիակառքը կամ Առաջնորդարանի մուտքում կանգնած Հին Ջուղայից վերապրած երկու խաչքարերը: Այսպէս էլ մեր գիտական զեկոյցներով ու ներկայութեամբ մեր շեշտը կը բերենք դնելու այս թեմի հարուստ պատմութեան նոր էջին մէջ»: Հուսկ, նա համառօտակի ներկայացրեց իւրաքանչիւր զեկուցաբերի ու նրա նիւթը:

«Ատրպատականի հայոց տեղական պատմութիւն» խորագրեալ Ա. նիստին առաջին զեկոյցով («Անկանխատեսելի առաքելութիւն Ղարատաղի լեռների վրայ` հայկական ժառանգութեանց փնտռտուքով») հանդէս եկաւ առաջնորդ սրբազանը, որ նախորդ տարի արդէն հրատարակել էր թեմի պատմական յուշարձաններին վերաբերող իր հեղինակած ուսումնասիրական հսկայածաւալ հատորը, որը ամփոփում է թեմի հայկական յուշարձանների անցեալի ու յատկապէս ներկայի տեղագրական եւ վաւերագրական տուեալները:

Իր առաջնորդութեան առաջին տարուց արդէն այցելած լինելով Ատրպատականի Սալմաստ, Փայաջուկ, Խոսրովա, Զէյվաջուկ, Մահլամ, Թազա Քեանդ, Ղարաբաղ (Սալմաստի մօտ), Մուժումպար, Ուրմիա, Մարաղա, Միանտապ, Թաղիապատ, Մահապատ, Արտապիլ եւ այլ քաղաքներ, աւաններ ու գիւղեր, նա իր ներածութեամբ համապարփակ պատկերացում մատուցեց, թէ թեմի սահմաններից ներս հայկական յուշարձանները ի՛նչ կացութեան մէջ են գտնւում, ի՛նչ ապագայ կարող են ունենալ, ինչպիսի՛ վերաբերմունքի են արժանանում դրանք պետական ու տեղական մակարդակի վրայ: Արեւելեան Ատրպատականի հիւսիսային կողմում գտնուող Ղարատաղը կամ Գարաճատաղը, որը ծանօթ է նաեւ Արասպարան անունով, լեռնային ընդարձակ մի շրջան է, որը տարածւում է Քուշատաղից, Ահարի հարաւում, մինչեւ Արաքսի հովիտը:

Ղարատաղը ունի շուրջ 23.500 բնակչութիւն: Սահմանամերձ շրջան լինելուն` դա մեծ վնասներ է կրել ռուս-պարսկական պատերազմների ընթացքում, 19-րդ դարասկզբին: Սրբազանը ներկայացրեց իր այցելութեանց մանրամասնութիւնները, որոնք իրեն անակնկալների առջեւ էին կանգնեցրել. այժմ ամբողջովին քրտաբնակ կամ ազերիաբնակ գիւղերում թաքնուած ու իրենց դիրքով շատ դժուար գտանելի ու հասանելի, կիսափուլ ու երբեմն քանդուած եկեղեցիների որոնումը երբեմն անկարելի է թուացել իրեն: Վերջին վաթսուն տարիների ընթացքում ոչ մէկ շինութիւն ու վերաշինութիւն կատարուել էր հայաթափ այս շրջանում: Վերջին ղարատաղցիները լքել էին իրենց հայրենիքն ու Թաւրիզ հաստատուել 1956-ին: Տեղացիների հետ զրոյցներով, երբեմն հովիւներից քաղուած տեղեկութիւններով սրբազանը կենդանի ոճով ներկայացրեց իր դաշտային ուսումնասիրութիւնը, որը տակաւին շարունակում է նա:

Ա. նիստի երկրորդ զեկոյցը ներկայացրեց Թաւրիզի համալսարանի դասախօս, երկրաբան դոկտ.  Վարդան Սիմոնզը («Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան պատմութիւնը»), որը նախ մանրամասնօրէն ներկայացրեց կենսագրութիւններն ու գործերը թաւրիզահայ գաղութի ակադեմական եւ մտաւորական դէմքերի, որոնք իրենց տարբեր մասնագիտութիւններով ներդրում էին ունեցել եւ դեռ եւս այսօր էլ ունեն Թաւրիզի ակադեմական շրջանակներում: Դրանցից ոմանք իրենց նախնական կրթութիւնը ստացել էին եւրոպական երկիրներում, օրինակ` Աշոտ Գասպարեանը, ուրիշներ տասնամեակներ շարունակ Թաւրիզի կամ Իրանի մէջ դասախօսի հանգամանքով գործել էին: Ուսողագէտ Մկրտիչ Թումանեանը եղել է հիմնադիրը Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան (2000 թ.): Միութիւնը այսօր ունի մշակութային, ընկերային եւ հրատարակչական գործունէութիւն, կազմակերպում է հանդիպումներ, մշակութային, դաստիարակչական եւ ժամանցի այլեւայլ ձեռնարկներ` գաղութի կեանքին բերելով իր կարեւոր լուման:

Բ. նիստը կոչւում էր «Աստուածաբանութիւն, միսիոն եւ Ցեղասպանութիւն»: Առաջին զեկուցողը, կամքից անկախ պատճառներով, դժբախտաբար չկարողացաւ ներկայ գտնուել` Գերմանիոյ Մարպուրկի համալսարանից փրոֆ. Քարլ Փինկերա, որը զեկուցելու էր գերմանացի աստուածաբան Եոհան Եոախիմ Շրէօտերի (1680-1756) մասին, որը յիշեալ համալսարանում դասախօս էր եղել եւ ուսումնասիրել հայկական աստուածաբանութիւնը: Յոյս ունենք, որ յառաջիկայ տարի նրան կը յաջողուի ներկայ լինել ու ներկայացնել իր զեկոյցը: Յաջորդ զեկուցողն էր աստուածաբան, գրագիտուհի, վերապատուելիուհի Պեթթինէ Ռայխելթը, Գերմանիոյ Լայփցիկ քաղաքից, որը միաժամանակ ներկայացնում էր Սաքսոնիա նահանգի Աւետ.-լուտերական եկեղեցին: Տարիներից ի վեր Ռայխելթն ուսումնասիրում է Քարեն Եփփէի կենսագրութիւնը: Իր զեկոյցով («Դանիացի միսիոնար Քարեն Եփփէ (1876-1935) եւ հայերը») նա յատկապէս կեդրոնացաւ Եփփէի կատարած հայ որբուհիների կարճ կենսագրականների հաւաքման աշխատանքի վրայ: Արխիւային հսկայական հում նիւթ են ներկայացնում սրանք հետագայ ուսումնասիրութեանց համար: Եփփէ այս ձեւով, առաջին անգամ լինելով պատմութեան մէջ, Ա. Համաշխարհային պատերազմի աւարտին ինքնութիւն եւ նկարագիր շնորհած էր լինում իբրեւ անանուն եւ անկենսագրութիւն կորսուելու դատապարտուած բազմաթիւ որբերի, որոնց կենսագրութիւն ու կենդանագիր ապահովելով` նա նրանց վերապրումին տուեց աւելի հաստատուն հող: Ռայխելթ նաեւ ցոյց տուեց Եփփէի կողմից պատրաստուած անձայն մէկ շարժապատկեր` յաւելեալ տեղեկութիւններով մանրամասնելով նրա աշխատանքի ծալքերը:

Յաջորդ զեկուցողն էր Թոքիոյի (Ճափոն) Ուասեթա համալսարանից պատմագէտ դոկտ. Թաքայուքի Եոշիմուրան, որը ներկայացրեց «Ի՞նչն էր դրդապատճառը, որ Խորհրդային Հայաստանի կառավարութիւնը Հայոց ցեղասպանութեան յիսնամեակը կազմակերպեց 1965-ին»: Երեւանի մէջ մասնագիտացած ճափոնցի հայագէտը, որը վերջին տարիներին նաեւ սփիւռքահայ տարբեր գաղութներում յաճախակի ներկայութիւն է եւ ուսումնասիրութիւններ է կատարում, հայոց լեզու դասաւանդում է յիշեալ համալսարանում եւ ծանօթ է իր արեւելահայերէնի տիրապետութեամբ, ինչ որ մեր ունկնդիր հանրութեանը եւս խանդավառեց: Զեկուցաբերը շեշտեց, որ Եղեռնի յիսնամեակը մակերես հանեց հակաթրքական մի շարժում Խ. Հայաստանում, որի ամէնից ցայտուն արտայայտութիւնը եղաւ բողոքի ցոյցերի կազմակերպումը Երեւանի մէջ: Բողոքի ցոյցին մասնակիցներից շատեր հայրենադարձ էին, որոնց ծնողները Եղեռնի դառնութիւնը ամբողջութեամբ ըմպել էին: Թաքայուքի նիւթը ներկայացրեց ոչ թէ ըստ բերանացի պատումների, այլ` արխիւային փաստաթղթերի: Խորհրդահայ կառավարութիւնը փորձել էր հակաթրքական ձգտումները ի նպաստ խորհրդայնամէտ ծանուցումի շահագործել, յատկապէս` հայկական սփիւռքը սիրաշահելու նպատակով: Հակաթրքական այս ձգտումն էր նաեւ պատճառը, որ շատ հայրենադարձներ անկաշկանդ սկսել էին պատմել իրենց ու իրենց ծնողների ապրած եղեռնական փորձառութիւնները: Խորհրդահայ այս քաղաքականութիւնը նաեւ դաշնակցական շրջանակների համար ողջունելի էր: Յիսնամեակի բողոքը, սակայն, հետաքրքրական ընթացք ունեցաւ, երբ հակաթրքական տրամադրուածութիւնն ու Թուրքիայից հողեր պահանջելու իղձը հակախորհրդային բողոքի ալիքի միացան, ինչ որ պետութեան կողմից ճնշումի ենթարկուեց: Այս էր պատճառը նաեւ, որ յիսնամեակից յետոյ Եղեռնի յուշատօներ տեղի չունեցան ընդհանրապէս Երեւանում:

Գ. նիստը նուիրուած էր հայ գրականութեան: Ֆրանսացի պատմագէտ եւ թարգմանիչ դոկտ. Հերւէ Ժորժըլէն, որը տիրապետում է արեւմտահայերէնի, Աթէնքի Ազգային եւ Կափոտիսթրեան համալսարանի դասախօս, զեկուցեց «Գնահատանք Զաւէն Պիպէռեանի (1921-1984) գրական գործի քննադատական եւ ինքնաքննադատական երեսին, կամ` ինչպէ՞ս անտեսուել եւ լուսանցքայնացուել թէ թուրքերի, թէ հայոց կողմից 20-րդ դարում» նիւթի շուրջ: Զեկուցաբերը, որ մեծ ներդրում ունի պոլսահայ վիպագիր Պիպէռեանի վերայայտնաբերման աշխատանքի մէջ, յատկապէս` նրա գործը թարգմանաբար օտար ընթերցողին ներկայացնող իր վաստակով, մանրամասնօրէն ներկայացրեց Պիպէռեանի կենսագրութիւնն ու գրականութիւնը` վեր հանելով նրա ճակատագրով ու թերեւս էլ մասամբ անձնական ընտրութեամբ յառաջ եկած անպատկանելիութեան («հայ լինելը անկարելի է, հայ չլինելը անկարելի է») կեցուածքը, պոլսահայ` թրքահայկական բարդ ու դժուարին կացութիւնը, հին սերունդ նոր սերունդ հակասութեան պարագան, հայկականի ու թրքականի կենցաղային համեմատութիւններն ու զուգորդումները: Ժորժըլէն հրատարակիչ-խմբագիրն է նաեւ Պիպէռեանի 800 էջանի ֆրանսերէն ինքնակենսագրականին, որը շուտով լոյս է տեսնելու Պոլսի «Արաս» հրատարակչատունից: Պիպէռեանի գրականութեան ներկայացման ընթացքին Ժորժըլէն նաեւ յատուկ շեշտ դրեց հեղինակի զարտուղի կերպարի վրայ, որի մասնակի արտացոլքն է կազմում նաեւ նրա գրականութիւնը:

Գ. նիստի երկրորդ զեկոյցը ներկայացրեց Համպուրկի համալսարանից Իշխան Չիֆթճեանը («Նշումներ Յովհաննէս Երզնկացու-Ծործորեցու (13-14-րդ դար) կեսագրութեան եւ գործերի մասին»): Նա վեր հանեց միջնադարու համբաւաւոր մատենագիր, մեկնաբան, շարականագիր հեղինակի կենսագրութեան առնչուած խնդիրներ, յատկապէս` երկու կամ մէկ ու միեւնոյն Յովհաննէսի պարագան: Հայաստանի մէկ շարք ուսումնասէրների հետազօտութեան արդիւնք է երկու Երզնկացի Յովհաննէսների գոյութեան վարկածը, մինչդեռ Մխիթարեանք` Չամչեան եւ Ալիշան, խօսում են միեւնոյն Յովհաննէսի մասին, որը իր մէկ շարք գործերի յիշատակարանի մէջ արձանագրել է` «Ես` Յովհաննէս Երզնկացի, որ այժմ կոչի Ծործորեցի»: Անշուշտ Մխիթարեաններին ձեռնտու էր տեսնել իր կեանքի աւարտին կաթոլիկութեան յարած, Ծործորի վանքում կաթոլիկ գրականութեան թարգմանութեան նուիրուած մեծանուն մի մատենագիր, իսկ այլ մօտեցում ունեցող պրպտողների համար էլ երկու Յովհաննէսների գոյութիւնը կարող էր ընդունելի լինել, յատկապէս` մեկնելով գրական արտադրութեան մանրակրկիտ ուսումնասիրութիւնից: Նա շեշտեց, որ մեր այսօրուայ մօտեցումի արդիւնքը կարող են լինել նման վարկածներ, որոնց կարող ենք աւելի ազատ, ոչ սահմանափակ մեկնութիւն տալ:

Օրուայ վերջին` Դ. նիստը կրում էր «Երաժշտութիւն եւ կենսագրութիւն» խորագիրը: Հանդէս եկաւ դոկտ.  Ռեկինէ Ռանտհոֆերը, Հանովերի երաժշտութեան, թատրոնի եւ հաղորդամիջոցների համալսարանից, որը ներկայացրեց հետեւեալ զեկոյցը.  «Երաժշտութիւն` ընդմէջ աքսորի եւ ազգութեան.  Կոմիտասի պերլինեան ուսումնառութեան շրջանը (1896-1899)»: Կոմիտասի ուսումնառութեան մէջ նա շեշտեց արեւմտեան մշակոյթին ու երաժշտութեան, 19-րդ դարի աւարտին Գերմանիոյ մէջ տիրող քաղաքական, ազգային ու ինքնութեան փնտռտուքի, Պերլին քաղաքի ու համալսարանի ազդեցութիւնները: 136/137-րդ սաղմոսի («Առ գետս բաբելացւոց») Կոմիտասի մշակումը իբրեւ նախաքայլ նշելով, Ռանտհոֆեր բացատրեց, որ երաժշտութիւնը իբրեւ հայրենիք ու փոխակերպիչ, ձեւաւորիչ ուժ` դեր էր խաղում այդ դարաշրջանի Գերմանիայում, որից կարողացաւ նաեւ օգտուել Կոմիտաս` հայ երգին տալով ժողովող ու միաւորող յատկանիշ: Հուսկ, զեկուցաբերը անդրադարձաւ հայկական կոմիտասագիտութեան անմխիթար վիճակին` ի Հայաստան, որտեղ թէեւ վերջերս Կոմիտասի նուիրուած շքեղ մի կեդրոն է կառուցուել, սակայն հայ ուսումնասիրողների գրչի տակ Կոմիտասը յաճախ անհպելի մի սրբի է վերածւում, ինչ որ փակում է հետազօտութեան ամէն ճանապարհ, եւ նրան նուիրւում են միայն վարքագրական ոճով գովասանական ելոյթներ:

Գիտաժողովի Ե. եւ եզրափակիչ նիստը («Գրականութիւն եւ անձնական փորձառութիւն») տեղի ունեցաւ երկուշաբթի, 1 հոկտեմբեր 2018-ին, Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկայի վանքում: Եւս մէկ զեկուցաբեր` դոկտ. Մատթիաս Ֆրից, Պերլինի Ազատ համալսարանից, որը ներկայացնելու էր «Ակսել Բակունց` իբրեւ բանասէր եւ հեքիաթասաց» խորագրով զեկոյցը, կամքից անկախ պատճառներով չկարողացաւ մասնակցել գիտաժողովին: Յուսանք` յաջորդիւ կարողանայ նա իր նիւթը ներկայացնել: Վերջին նիստի վերջին զեկուցաբերն էր Սիլվիա Շմիտը` Գերմանիոյ Պոնն քաղաքից, որը վերջին երեք տարիներին ղեկավարել էր Գերման ակադեմական փոխանակման ծառայութիւն կոչուած հիմնարկութեան երեւանեան գրասենեակը: Նա ներկայացրեց իր ապրած փորձառութիւնը` «Երեւանի մէջ իմ երեք տարիները. դիտարկումներ հայկական ընկերութեան մասին»: Նա նախ ներկայացրեց իր հիմնարկութեան բնոյթն ու ծառայութիւնները, ապա անդրադարձաւ իր երեւանեան գործունէութեան: Երեւանի մէջ նաեւ գերմաներէն դասաւանդելով` նա ընկերաբանական իր դիտարկումները կատարել էր մասնաւորաբար իր ուսանող-ուսանողուհիների հետ ունեցած յարաբերութիւնից մեկնած: Նա օրինակներով բացատրեց, թէ իր ուսանողները լեզուի դասապահի ընթացքում ի՛նչ հակազդեցութիւն են ունենում եւ ի՛նչ ձեւով են քննարկում մի շարք խնդիրներ, որոնք Գերմանիոյ համար օրէնքով ընդունուած, իսկ Հայաստանի համար թապու հանդիսացող նիւթեր են համարւում, օրինակ` միասեռականութիւնը: Նա նաեւ անդրադարձաւ թաւշեայ յեղափոխութեան իր ուսանողներին բերած խանդավառութեան, ինչ որ նոր որակ էր հաղորդել նրանց քննարկումներին:

Նախորդը

Խխունջներ` Ապականումը Չափելու Համար

Յաջորդը

ՀՄԸՄ-ի Անթիլիասի Մասնաճիւղի 2018-2019 Տարեշրջանի Վերամուտը

RelatedPosts

ՀՕՄ-ի Յայտարարութիւնը Շարունակուող Ցեղասպանութեան Մը Դէմ
Գաղութային

ՀՕՄ-ը Կը Մնայ Յանձնառու` Ուսանողներու Կրթաթոշակ Տրամադրելու

Նոյեմբեր 1, 2024
Մեծարենցեան Երեկոներ Երաժիշտ, Երգահան Զեքի Նասիֆ Այնճարի Մէջ
Գաղութային

Մեծարենցեան Երեկոներ Երաժիշտ, Երգահան Զեքի Նասիֆ Այնճարի Մէջ

Հոկտեմբեր 25, 2024
Մինաս Գոճայեանի Եւ Լեւոն Շառոյեանի Այցելութիւնները՝ «Ազդակ»
Գաղութային

Մինաս Գոճայեանի Եւ Լեւոն Շառոյեանի Այցելութիւնները՝ «Ազդակ»

Մայիս 26, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?