«Կառավարութեան Տնտեսական Հատուածի Ծրագրերում Զգալի Դեր Խաղաց Հակափտածութիւն Պայքարը»
«ՖԻՆԷՅՃԸՆԹ.ԱՄ».- Ինչպէ՞ս էք գնահատում կառավարութեան կատարած աշխատանքը եւ ծրագիրը, նաեւ տնտեսական նախաձեռնութիւնները:
ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- Միանշանակ պատասխան դժուար է տալ: Այս յունիսին Ազգային ժողովը հաստատեց նոր կառավարութեան գործունէութեան ծրագիրը, որը նախորդ կառավարութիւնների գործունէութեան ծրագրերից էականօրէն տարբերւում էր, յատկապէս այն հանգամանքով, որ այդ ծրագրի մէջ որեւէ քանակական ցուցանիշ նպատակադրուած չէր, դրանք պարզապէս բացակայում էին: Անշուշտ այդ հանգամանքը տրամաբանական է, քանի որ այս կառավարութեան մէկ տարուայ գործունէութեան ծրագրի մէջ, իմ գնահատմամբ, հիմնականում դրուած են որակական ցուցանիշներ, այսինքն միջավայրի բարեփոխման հետ կապուած մտադրութիւններ` հակափտածութիւն, պիզնես-պետութիւն տարանջատում, իշխանութեան տարբեր թեւերի տարանջատում:
«ՖԻՆԷՅՃԸՆԹ.ԱՄ».- Պարո՛ն Պարսեան, ձեր գնահատմամբ, որքանո՞վ են այդ սպասումներն արդարացւում:
ՍՈՒՐԷՆ ՊԱՐՍԵԱՆ.- Կառավարութեան տնտեսական հատուածի ծրագրերում զգալի դեր խաղաց հակափտածութեան պայքարը, որի ազդեցութիւնը անմիջապէս զգացուեց տնտեսական ցուցանիշների շնորհիւ, առաւելապէս` առեւտրի եւ ծառայութիւնների ոլորտի ցուցանիշների միջոցով: Հէնց այդ երկու ոլորտներում զգալիօրէն կրճատուեց ստուերը: Թուերի լեզուով` միայն յունուար-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստանի տնտեսութիւնն աճեց 7,7 տոկոսով` անցած տարուայ նոյն ժամանակաշրջանի համեմատ, իսկ յուլիս-սեպտեմբերին գիւղատնտեսութեան ոլորտի ծաւալների շարունակական անկման պատճառով տնտեսական աճի ցուցանիշը կազմեց 6,5 տոկոս: Մասնաւորապէս այս սեպտեմբերին, անցած տարուայ սեպտեմբերի համեմատ, գիւղոլորտում արտադրանքի ծաւալը 17,7 տոկոս կրճատուեց. ինչպէս տեսնում էք, խօսքը բաւականին մեծ ցուցանիշի մասին է: Պատճառը բանջարեղէնի ցանքատարածութիւնների կրճատումն էր, որում մեծ է դրամավարկային քաղաքականութեան դերը: Վերջին տարիներին ԱՊՀ գրեթէ բոլոր երկրներում ազգային արժոյթներն արժեզրկուել են 70-120 տոկոս: Սակայն միայն Հայաստանում եւ Թուրքմենիստանում ազգային արժոյթներն արժեզրկուեցին ընդամէնը 15-20 տոկոս, ինչը յանգեցրեց մեր գիւղմթերքի գների բարձրացմանը ԱՊՀ շուկաներում: Եթէ, օրինակ, մէկ լիթր գինին նախկինում վաճառւում էր 100 ռուբլիով, հիմա պէտք է վաճառուի առնուազն 150 ռուբլիով, որպէսզի ապահովուի հայկական ապրանքի ինքնածախսածածկումը:
Բացի այդ` գիւղոլորտը դեռ արտաքին շուկաների պահանջարկը բաւարարելու խնդիր ունի: Անշուշտ հայկական գիւղմթերքի համար ամենալայն դռները բացեց ռուսական շուկան: Սակայն այժմ երկիրը համապատասխան առաջարկ ստեղծելու խնդրի առաջ է կանգնած:
Ինչ վերաբերում է առեւտրին եւ ծառայութիւններին, ապա այստեղ միայն առեւտրի մասով ե՛ւ մանրածախում ե՛ւ մեծածախում ստուերը զգալի կրճատուել է, եւ հէնց դրա շնորհիւ յունուար-սեպտեմբերին տնտեսութիւնն աճ է գրանցել: Իսկ ծառայութիւնների ոլորտի ազդեցութիւնը տնտեսութիւնը զգաց հիմնականում շահող խաղերի ոլորտի շնորհիւ: Մասնաւորապէս յունիս-յուլիս ա-միսներին տեղի ունեցած ֆութպոլի Աշխարհի առաջնութիւնը նպաստեց պուքմէյքերական ընկերութիւնների շահոյթի աւելացմանը:
Այս ամէնով հանդերձ, մեր տնտեսութիւնը այլազանութեան մեծ կարիք ունի:
«ՖԻՆԷՅՃԸՆԹ.ԱՄ».- Դուք ունէ՞ք տնտեսութեան այլազանութեան տեսլական:
Ս. Պ.- Նախ անհրաժեշտ է որոշում կայացնել մաքրոմակարդակով, որ պետութիւնը դառնայ շուկայական յարաբերութիւնների աշխուժ մասնակից: Նախորդ 27 տարիների տնտեսական ազատական տնտեսութեամբ պետութեան դերը կայանում էր միայն պայմանների ստեղծման մէջ, սակայն, իմ համոզմամբ, պետութիւնը պէտք է լինի նաեւ տնտեսութեան խոշոր ծրագրերի իրականացնող մասնակից` արդիւնաբերութեան, գիւղատնտեսութեան, (փոխադրամիջոցների) եւ այլ ոլորտներում:
Արձագանգելով Հարկային օրէնսգրքի վերջին փոփոխութիւններին` առեւտրային մի շարք դրամատուներ որոշում կայացրեցին զիջելու ֆիզիքական անձ յաճախորդների` 2018թ. մայիսի 31-ի դրութեամբ 271 եւ աւելի օր ժամկէտանց անյուսալի դասակարգուած վարկերի գծով հաշուարկուած տոյժերը` վարկառուի հետ համաձայնեցուած ժամանակացոյցով վարկի մայր գումարը եւ հաշուարկուած տոկոսները վճարելու պայմանով: Որքանո՞վ էր արդարացուած այս որոշումը, ձեր կարծիքով:
Ըստ էութեան, այդ նախաձեռնութիւնը ընկերային ազդեցութիւն չի կարող ունենալ մի պարզ պատճառով. այն մարդիկ, ովքեր չեն կարողանում վճարել մայր գումարը տոկոսների հետ միասին, նոյնիսկ տոկոսների ներման պարագայում, մայր գումարը դարձեալ չեն վճարի: Այդ վարկառուներին, որոնց մէջ շատ են ՓՄՁ ներկայացուցիչները, օգնելու ամենաարդիւնաւէտ ճանապարհը տնտեսութեան մէջ իրենց ապրանքի հանդէպ պահանջարկ ձեւաւորելը կարող է լինել: Բազմաթիւ ՓՄՁ-ներ վերջին տարիների ընթացքում դադարեցնում են իրենց գործունէութիւնը ոչ թէ հարկային բեռի, այլ իրացման ծաւալների կտրուկ կրճատման պատճառով, յատկապէս սա տեսանելի է մանրածախ առեւտրի ոլորտում, երբ խոշոր սիւփերմարքեթների ցանցերը յարձակողական կերպով ընդլայնում են իրենց գործունէութեան տարածքները, ինչի արդիւնքում յարակից փոքր եւ միջին խանութներ, կրպակներ փակւում են:
 
			


