Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան 21 սեպտեմբերին շնորհաւորական ուղերձ յղած է Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանին` Անկախութեան օրուան առիթով:
Ուղերձին մէջ ըսուած է.
«Մեծարգո՛յ Նիկոլ Փաշինեան,
Արցախի Հանրապետութեան ժողովրդի, իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից ի սրտէ շնորհաւորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 27-րդ տարեդարձի կապակցութեամբ, տօն, որը թանկ ու յիշարժան է համայն հայութեան համար:
Հայ ժողովուրդն անցել է բարդ ու դժուարին ճանապարհ` կերտելով իր ազատ ու անկախ պետականութիւնը, դիմակայել է բազում փորձութիւնների, ունեցել անդառնալի կորուստներ, կրել անասելի զրկանքներ: Սակայն միշտ հաւատացել է իր պայքարի յաղթանակին, հաւատացել է երազանքների յաղթանակին, որ փայփայել է դարեր շարունակ:
Հայաստանի Հանրապետութեան զարգացումն ու զօրացումը բոլոր հայերի խնդիրն է, որի լուծման համար անհրաժեշտ է լինել էլ աւելի համախմբուած ու միասնական, օգտագործել իւրաքանչիւրի ներուժն ու հնարաւորութիւնները, գիտելիքներն ու կարողութիւնները: Բոլորիս պարտքն է մեր աւանդը ներդնել Հայրենիքի եւ հարազատ ժողովրդի պայծառ ու յուսալի ապագայի կերտման գործում:
Մեծարգո՛յ Նիկոլ Փաշինեան,
Մէկ անգամ եւս շնորհաւորում եմ ձեզ եւ մեր ողջ ժողովրդին նուիրական տօնի առթիւ եւ մաղթում խաղաղութիւն, բարօրութիւն ու մեծագոյն յաջողութիւններ նոր յաղթանակների կերտման ճանապարհին»: