ՔՆԱՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Լուտովիկա եւ Յակբ Այնթապլեան
Կեդրոնի գլխաւոր մասնագէտ
Մայիսի 11-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում տեղի ունեցաւ «Արեւմտահայերէնի, հայագիտութեան գիտահետազօտական Լուտովիկա եւ Յակոբ Այնթապլեան կեդրոն»-ի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին ներկայ էին` ԱՀ ԿԳՍ նախարար Նարինէ Աղաբալեանը, ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնեանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանտր Մանասեանը, բանաստեղծ, թարգմանիչ, գրականագէտ Հենրիկ Էդոյեանը, բանաստեղծ, թարգմանիչ Յակոբ Մովսէսը, բանաստեղծ Մովսէս Մանուկեանը, ճանաչուած գրողներ, գիտնականներ, մշակոյթի բնագաւառի ներկայացուցիչներ, դասախօսներ եւ ուսանողներ:
Բացման խօսքում համալսարանի նախագահ Վարդան Յակոբեանն ընդգծեց բուհում գիտահետազօտական կեդրոնի անհրաժեշտութիւնը, որն իր տեսակի մէջ միակն է տարածաշրջանում: Կեդրոնի ստեղծումն իրագործուեց ամերիկահայ անուանի սրտաբան, բանաստեղծ ու բառարանագէտ Յակոբ Այնթապլեանի եւ նրա կնոջ` Լուտովիկա Այնթապլեանի բարեգործութեամբ: Վ. Յակոբեանի հաւաստմամբ` կեդրոնը կը նպաստի մեր լեզուի երկու ճիւղերի փոխհարստացմանը, մայրենիի զարգացմանն ու ազգային միաբանութեանը:
ԱՀ ԿԳՍ նախարար Նարինէ Աղաբալեանն իր ողջոյնի խօսքում շեշտեց կեդրոնի բացման կարեւորութիւնը եւ ուսանողների ներգրաւուածութիւնը գիտահետազօտական աշխատանքներում, ինչը մշտապէս եղել է եւ կը մնայ նախարարութեան ուշադրութեան կեդրոնում: Ն. Աղաբալեանը կեդրոնին նուիրեց Սարգիս Արք. Ջալալեանցի «Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան» բարձրարժէք գիրքը:
Հեռարձակուած շնորհաւորական տեսաուղերձում դոկտոր Յակոբ Այնթապլեանը շեշտեց` պատահական չէ, որ կեդրոնի բացման գաղափարն իրագործւում է Արցախում, Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցներից մէկը հէնց Արցախում է հիմնել, եւ այսօր մեծն քերթող Նարեկացու անունը կրող համալսարանում «Մատեան ողբերգութեան» պոէմը գրաբարով կարդալու կարողութիւնն արդէն իսկ ճշմարիտ հայ լինելու առհաւատչեան է:
«Հայագիտութիւնը հսկայական մի քուրա է, եւ խորհրդանշական է, որ Արցախն առաջիններից մէկն է տէր կանգնում արեւմտահայերէնին, որը ԵՈՒՆԵՍՔՕ-ի կողմից գրանցուած է ոչնչացման եզրին գտնուող լեզուների շարքում,- ասաց Էդ. Միլիտոնեանը եւ պատրաստակամութիւն յայտնեց օժանդակելու կեդրոնի կայացման գործին»:
Քաղաքագէտ Ա. Մանասեանը արժեւորեց հայագիտութեան ուսումնասիրութեան քաղաքական նշանակութիւնը եւ ներկաների ուշադրութիւնը հրաւիրեց այն հանգամանքի վրայ, որ հէնց արեւմտահայերէնն ու Արցախի բարբառն են հարազատ մնացել գրաբարեան ընդհանուր արմատին: «Պատերազմող Արցախում` կրակի առաջին գծում, հայագիտական այսպիսի կեդրոնի գործունէութիւնը հայոց անկոտրելի ու բարձր ոգու մասին է վկայում», ասաց Ա. Մանասեանը:
Հենրիկ Էդոյեանի խօսքով, բոլոր լաւագոյն իրադարձութիւնները հայ ժողովուրդը մայիսին է տօնում, եւ այդ ցանկն այսօր համալրւում է եւս մէկով: Բանաստեղծի համոզմամբ, Արցախն իր ուսերին է վերցնում մի մեծ առաքելութիւն` ցոյց տալով հայ ժողովրդի միասնութիւնը, որը դրուած պիտի լինի գիտական եւ գաղափարական հիմքերի վրայ:
Մեսրոպ Մաշտոց համալսարանի նախագահ Դոնարա Գաբրիէլեանը խօսեց ուսումնական հաստատութիւնների համագործակցութեան մասին, քանի որ նրանց ջանքերը ծառայում են նոյն վեհ գաղափարի իրագործմանը` մատաղ սերնդի բարոյահոգեբանական ու հայրենասիրական դաստիարակութեանը: Դ. Գաբրիելեանը կեդրոնին նուիրեց «Հայաստան. ՀՀ եւ ԼՂՀ» գիրք-հանրագիտարանը:
«Գրիգոր Նարեկացի» համալսարանում գիտահետազօտական կեդրոնի ստեղծումը ոչ միայն գեղեցիկ, այլեւ համարձակ ու խիզախ քայլ է, որը խօսում է բուհի ձեռքբերումների մասին, մանաւանդ` ժամանակակից բարձրագոյն ուսումնական հաստատութիւններին ներկայացուող բարձր պահանջների պայմաններում», ասաց ԱրՊՀ փրոֆեսէօր Օֆելիա Բաբայեանը:
Նորաստեղծ գիտական կեդրոնի տնօրէն, բան. գիտ. թեկնածու Ամալիա Գրիգորեանը շնորհակալութիւն յայտնեց կեդրոնի հովանաւորներին եւ ներկաներին` ջերմ մաղթանքների համար, պատմեց կեդրոնում գործող հայագիտական դասընթացների, ծրագրերի ու անելիքների մասին:
Դասընթացի մասնակիցների անունից շնորհակալական խօսք ասաց Աննա Աւանէսեանը: Միջոցառումը եզրափակեցին դասընթացի մասնակիցներ Անգելինա Առուստամեանը եւ Անուշ Եսայեանը, ովքեր արտասանեցին Ե. Չարենցի «Տաղ անձնական» եւ Դ. Վարուժանի «Ձօն» բանաստեղծութիւնները:
Հայագիտութիւնն ընդգրկում է աղբիւրագիտական, լեզուաբանական, գրականագիտական եւ այլ կարեւոր բաղադրիչներ, ինչն արժեւորում է նրա տեղն ու նշանակութիւնը համաշխարհային գիտական մտքի մէջ եւ հայ ժողովրդի հոգեւոր կեանքում: Այս առումով, «Գրիգոր Նարեկացի» համալսարանի «Արեւմտահայերէնի, հայագիտութեան գիտահետազօտական Լուտովիկա եւ Յակոբ Այնթապլեան կեդրոն»-ը աննախադէպ երեւոյթ է հայագիտութեան արդիական խնդիրներն ուսումնասիրելու ասպարէզում:
«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ»
18/5/2018