ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«Ալիք» Օրաթերթի Գլխաւոր Խմբագիր
Սիրիայի հարցով թեհրանեան գագաթնաժողովում Թուրքիան, ի դէմս Էրտողանի, քաղաքական պարտութիւն կրեց լոկ անազնիւ կեցուածքի ու դիրքորոշումների պատճառով…
Միաժամանակ թէ՛ մեխին եւ թէ՛ նալին խփելով ու դիւանագիտական լարախաղացութեամբ Թուրքիայի հնարքները յօդս ցնդեցին` Սիրիայի ու մասնաւորապէս Իտլիպի հարցում Իրանի եւ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշման առկայութեամբ:
Եւ սա` այն դէպքում, երբ դեռ սեպտեմբեր 7-ին, եռակողմ նիստի նախօրեակին, Թուրքիայի «Հուրրիէթ» պարբերականը անդրադառնալով Սիրիայի հիւսիսային Իտլիպ քաղաքում սիրիական բանակի ու նրա դաշնակիցների ձեռնարկած ռազմական գործողութիւններին եւ վկայակոչելով արտաքին գործերի նախարար Չաւուշօղլուին` գրում էր. «Ռուսաստանի ու Իրանի նպատակն է գրաւել Իտիլպը»… կամ` «…Ոչ ոք դիմացինին թող չխաբի, սրանց (Ռուսաստան, Իրան – Դ. Մ.) նպատակն Իտլիպը գրաւելն է…»:
Էրդողանն էլ, միւս կողմից, կրկին ժողովի նախօրեակին, մարդասէ՜ր ձեւանալով` յայտարարեց. «Սիրիական Իտլիպում կարող է բնակչութեան կոտորած տեղի ունենալ…»:
Ահա, նմանատիպ շանթաժներով Էրտողանը եւ Չաւուշօղլուն ներկայանալով թեհրանեան ժողովին, «Իտլիպում զինադադար հաստատելու» մասին առաջարկ են ներկայացնում, որն էլ բնականաբար ընդունելութեան չի արժանանում Ռուսաստանի եւ Իրանի կողմից: Աւելի՛ն. յաջորդիւ, սեպտեմբերի 8-ի վաղ առաւօտեան, ռուսական օդուժը եւ սիրիական բանակը թիրախային նոր հարուածների են ենթարկում ՏԱԷՇ եւ «Նուսրա» ահաբեկչական խմբաւորումների` Իտլիպում տեղակայուած յենակէտերին…
… Եւրոպայի ու առհասարակ Արեւմուտքի հետ «պարիշելու» թուրքական նկրտումները, յատկապէս երբ դիմագրաւում է տնտեսական խոր ճգնաժամ նոյն Արեւմուտքի ու մասնաւորապէս Միացեալ Նահանգների ճնշման ներքոյ, այսպիսով ձախողուեցին, իսկ այս վերջիններիս կողմից պատուիրուած հաշտարարի ու զինադադար իրացնելու «պատուին» արժանանալը` խաբկանք ու պատրանք:
Եւ վերջապէս, Իտլիպում բնակչութեան կոտորածով «մտահոգուած» Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները հակադարձ արդիւնքներով աշխատում են ի վնաս հէնց իրեն, երբ իր իսկ ղեկավարութեամբ, նոյն Սիրիայի Մանպիճում, իսկ աւելի վաղ` Լաթաքիայում ու հայաբնակ Քեսապում ՏԱԷՇ-ականների ուղեկցութեամբ կոտորածներ ու բռնագաղթեր էին իրականացւում: