Այսօր որոշ կայքերի «մամուլի տեսութիւն» բաժնում իբրեւ «ժամանակ» թերթի նիւթ, հրապարակուել է ՀՅԴ Երեւանի աւագանու ցանկը գլխաւորող Միքայէլ Մանուկեանին վերաբերող մի յօդուածից հատուած, որն իրականութեան հետ աղերս չունի: Առ այդ, հարկ ենք համարում պարզաբանել:
1in.am կայքում, օգոստոսի 28-ին, ժամը 18:04 հրապարակուել է Սոնա Յարութիւնեանի ստորագրութեամբ մի յօդուած` https://www.1in.am/2414873.html, ուր ակնյայտ կեղծ եւ արժանապատուութիւնը վիրաւորող տեղեկութիւններ են հրապարակուել եւ գնահատականներ են տրուել ՀՅԴ Երեւանի աւագանու ցանկը գլխաւորող, Ազգային ժողովի նախկին պատգամաւոր Միքայէլ Մանուկեանի հասցէին:
Սոյնով ներկայացնում ենք կեղծ տեղեկութիւնների անհիմն լինելու փաստարկները:
1.- Լրագրողը գրում է` «ուշագրաւ է, որ ՀՅԴ թեկնածու Միքայէլ Մանուկեանը քրէական անցեալ ունի®»: Մարդուն քրէական անցեալի համար կարող են մեղադրել, եթէ այդ յանցանքն ապացուցուած է դատարանի որոշմամբ եւ որը չի կորցրել վաղեմութեան ժամկէտը: Քրէական գործն անգամ դատարան չուղարկուած, նոյն նախաքննական մարմնի գործը կարճուել է: Միքայէլ Մանուկեանը, քաղաքական պատճառներով 12 ամիս, կեղծ մեղադրանքով անազատութեան մէջ գտնուելով, արդարացուել է, ինչպէս նրա հետ անազատութեան մէջ գտնուած իր բոլոր չորս ընկերները:
2.- Լրագրողը գրում է` «սպանութիւնից երեք օր անց ՀՅԴ-ական Միքայէլ Մանուկեանի նկատմամբ հետախուզում էր յայտարարուել, որից յետոյ նա յայտնաբերուել էր եւ տեղափոխուել ԱԱԾ մեկուսարան»: ՍՈՒՏ է այս տեղեկութիւնը: Միքայէլ Մանուկեանի նկատմամբ հետախուզում յայտարարելը, հեռուստատեսութեամբ նրա լուսանկարը ցոյց տալը այդ օրերին էլ, շատերի համոզմամբ, ունէր քաղաքական ենթատեքստ եւ տեղաւորւում էր օրուայ իշխանութեան` ՀՅԴ-ի նկատմամբ սանձազերծուած լայնածաւալ յարձակման տրամաբանութեան մէջ: Այդ իսկ պատճառով, Միքայէլ Մանուկեանը ներկայացաւ ԱԱԾ` նախապէս տեղեակ պահելով այդ օրերին գործող մի քանի լրատուամիջոցների: ԱԱԾ մուտքի մօտ, բազում քաղաքացիների եւ լրագրողների ընկերակցութեամբ, իբր ողջ Հայաստանով փնտռուող «կասկածեալ» Միքայէլ Մանուկեանը, մի շարք լրագրողների եւ Ազգային ժողովի պատգամաւորների ներկայութեամբ, ստիպուած էր շուրջ 40 րոպէ կանգնել ու սպասել ԱԱԾ գլխաւոր մուտքի դիմաց: Պարզապէս քննիչները խառնուել էին եւ իրենց բեմագրութիւնը տապալուել էր. Միքայէլ Մանուկեանն իր ոտքով էր եկել նախաքննական մարմին:
3.- Միքայէլ Մանուկեանին եւ ընկերներին ուղղուած մեղադրանքներն այնքան հիմնազուրկ էին, որ անգամ քննութեան համար ձեւաւորուած աշխատանքային խմբի առաջին ղեկավարը հրաժարուեց գործը քննել, ինչից յետոյ այն փոխանցուեց ոչ անյայտ, հետագայում ԱԱԾ պետ դարձած Քարլոս Պետրոսեանին: (Առնուազն լրագրողը նրա հետ կարող էր զրուցել, որի ՀՅԴ նկատմամբ մեղմ ասած ոչ բարեկամական վերաբերմունքը բոլորին է յայտնի):
4.- Այդ ժամանակ Հայաստանի Հանրապետութեան քրէադատավարական օրէնսգրքով նախատեսուած առաւելագոյն կալանքի ժամկէտ սահմանուած 9 ամիսների ընթացքում, նախաքննական մարմինը չկարողացաւ գտնել որեւէ փաստ: Ժամանակ շահելու համար, այդ օրուայ քաղաքական իշխանութիւնը գնաց աննախադէպ քայլի. մի քանի օրուայ ընթացքում, հապճեպ Ազգային Ժողովի քուէարկութեամբ փոխուեց Հայաստանի Հանրապետութեան քերադատավարական օրէնսգիրքը, եւ նախնական կալանքի ժամկէտը դարձրեցին 12 ամիս, որպէսզի վերեւից իջեցուած քաղաքական պատուէրը քրէօրէն հիմնաւորեն եւ Միքայէլ Մանուկեանին յայտարարեն Համբարձում Գալստեանի սպանութեան մեղաւոր: Սակայն յաջորդ երեք ամիսների անարդիւնք աշխատանքից յետոյ, նախաքննական մարմինն ու քաղաքական իշխանութիւնը ստիպուած էին ընդունել իրենց ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ:
5.- Լրագրողը գրում է. «®ըստ շրջանառուող լուրերի` այլեւս քաղաքապետի լիազօրութիւններ չունեցող Գալստեանի հետ ՀՅԴ-ն պիզնես խնդիրներ էր ունեցել, որոնք լուծում չէին ստացել»: Նախ, ՀՅԴ-ն երբեք չի ունեցել տնտեսական հետաքրքրութիւններ: Միաժամանակ, լրագրողի տարիքը թերեւս թոյլ չի տալիս, որ յիշի ինչ լուրեր էին այդ օրերին շրջանառւում, ու օդից վերցրել է կեղծ մեղադրանք ՀՅԴ տնտեսական շահերի մասին: Այնինչ այդ օրերին բոլորը գիտէին, մամուլը գրում էր, թէ Համբարձում Գալստեանը ի՛նչ խոր հակասութիւններ ունէր իր անդամակցած ՀՀՇ վերնախաւի որոշ անդամների հետ:
6.- Լրագրողը, խախտելով անմեղութեան կանխավարկածը, լրագրողական բարոյագիտութեան կանոնները, առանց երկու կողմերի կարծիքը լսելու, դիմել է միայն Միքայէլ Մանուկեանի դէմ սարքուած քրէական գործի գլխաւոր «ճարտարապետներից մէկին»` այդ ժամանակ ԱԱԾ պետի տեղակալ, այդ օրերի ԱԱԾ պետ Դաւիթ Շահնազարեանի մերձաւոր ազգական, ոստիկանութեան համակարգից, նոր ԱԱԾ տեղափոխուած եւ իր ոչ արհեստավարժութեամբ յայտնի Գուրգէն Եղիազարեանի օգնութեանը:
7.- Գուրգէն Եղիազարեանը ՍՏՈՒՄ է, ասելով, որ «®իսկ Միքայէլ Մանուկեանին ես եմ բռնել հետախուզում յայտարարելուց յետոյ…»: Վերոշարադրեալում նշել ենք, որ Միքայէլ Մանուկեանն անձամբ է ներկայացել նախաքննական մարմին:
8.- Գուրգէն Եղիազարեանը շինծու գործն արդարացնելու համար յղում է անում Համբարձում Գալստեանի եղբօր վկայութեանը, թէ իբր «Գալստեանի եղբայրն էր ասել, որ Մանուկեանն է եղել…»: Եղիազարեանը ՍՏՈՒՄ է, քանի որ Համբարձում Գալստեանի եղբօր եւ Միքայէլ Մանուկեանի առերեսման ժամանակ, առաջինը լոկ արդէն հետախուզում յայտարարելու հաղորդագրութիւնում ցուցադրուած լուսանկարով է նմանեցրել Մանուկեանին, բայց հաստատապէս չի կարողացել պնդել: Ինչն էլ հիմք է դարձել, որ հակառակ քաղաքական պատուէրին, նախաքննական մարմինն անգամ չհամարձակուի այդ վկայութիւնը մեղադրանքի հիմքում դնել:
9.- Ինչ վերաբերում է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգէն Եղիազարեանի մասնագիտական ունակութիւններին, մենք չէ, որ պէտք է դատողութիւն անենք: Դրա մասին պարբերաբար լաւագոյնս բարձրաձայնել են ԱԱԾ պաշտօնեաները, երբ անգամ նրան սուիններով են ընդունել իր պաշտօնավարման օրերին, ինքն էլ կէս տարուայ պաշտօնավարումից յետոյ ստիպուած էր հեռանալ այդ համակարգից: Եթէ կարիք լինի, կարող ենք պարոն Եղիազարեանի յիշողութիւնը թարմացնել. Օրինակ` մէկ այլ քրէական գործով այնքան ոչ մասնագիտօրէն էր կեղծել մի խնդրայարոյց փաստաթուղթ, որ պարզապէս պաշտօնազրկման էր արժանացել` ոչ որակեալ կեղծման համար:
Ինչ վերաբերում է 1in.am կայքի ազնուութեանն ու անաչառութեանը: Այն, որ յստակ է արժանաւոր թեկնածուներից մէկին սեւացնելու միտումը, վկայում են թէկուզ յօդուածը պատրաստելուց նրա կարծիքը չլսելը եւ հակառակ խօսքի հնարաւորութիւն չտալը: Նիւթն առաւել շատ տարածում գտնելու համար, կայքը «հետաքրքրական» քայլի է դիմել: Յօդուածը կայքում տեղադրուել է օգոստոսի 28-ի երեկոյեան 18:04-ին` https://www.1in.am/2414873.html, ապա առաւօտեան հրապարակուել նոյն կայքի տպագիր «ժամանակ» թերթում, ապա տպագրումից յետոյ, իր իսկ հրապարակած յօդուածը 1in.am կայքը, օգոստոսի 29-ին, 08:16-ին, «ՀՅԴ քրէական թեկնածուն. Միքայէլ Մանուկեանը մեղադրուել է Համբարձում Գալստեանի սպանութեան համար. «ժամանակ» վերնագրով կրկին հրապարակել է կայքում` https://www.1in.am/2415113.html:
Առաջին անգամ չէ, որ այս կայքն իր ոչ առարկայական, ոչ մասնագիտական, կեղծ ու ապատեղեկատուութիւն պարունակող յօդուածներով ու լուրերով յայտնւում է հանրութեան ուշադրութեան կենտրոնում:
Պարբերաբար ՀՅ Դաշնակցութեան կառոյցը եւս յայտնուել է 1in.am կայքի թիրախում, հիմնազուրկ հրապարակումներով: Ամէն անգամ, ազատ խօսքի եւ արտայայտուելու իրաւունքի մտասեւեռումով, անուշադրութեան ենք մատնել այդ հրապարակումները: Մենք օգտուելու ենք Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ մեզ տրուած բոլոր միջոցներից, մեր կազմակերպութեան, մեր ընկերների հեղինակութիւնն ու պատիւը պաշտպանելու համար:
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆԵԱԿ
29 օգոստոս 2018