ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Սա սրտերի հինգանկիւն է
Եւ փռուած է
Աշխարհագիր մի խժդժուած տարածքում,
Որ սրբազան հայրենիք է եղել սուրբ,
Բայց պղծուել է զաւակների սուրբ արեամբ,
Զաւակաթափ, հայրենաթափ, հայաթափ.
Այժմ ժահում է մի ողջ ազգի
Ցեղասպանութեամբ անթաղ
Դիակների, դիակների նեխութեամբ…
Հինգթեւանի մի ոգի է սրտաչափ,
Բռունցքաչափ,
Որ ճեղքել է
Դաւակցութեան լռութիւնը ապերախտ,
Մխրճուել է երկնի սիրտը,
Քամելու մի ճիթ արցունք,
Ի դիմաց այն յորդ ու հեղեղ արիւնի,
Որ թափուեց ու մկրտեց հողն հայրենի
Հայրերի ու մայրերի ալ արիւնով,
Որդիների ու դուստրերի արիւնով,
Եւ մի ամբողջ սերնդի տաք արիւնով,
Որ չողջունեց արեւին իր ծնունդով:
Լիզպոնի հինգակոտոր հուր աստղունք,
Որ պայթիւնն է
Հինգապատիկ նոյն սրտի
Ու սրտերի,
Մեր սրտերի,
Ամբողջական մի ազգութեան սրտերի
Մէկ սիրտ դառած հինգ սրտի…
Ու որոտը,
Արձագանգի յոյժ դղիրդը սիրտ ճեղքող
Այն պայթիւնի,
Որ որոտաց մեր հանուրիս սրտերում,
Արձագանգում է դեռեւս, տակաւին
Անթաղ նահատակների սուրբ կոյտերում
Զաւակաթափ, հայրենաթափ, հայաթափ
Հայրենիքում ազգաթափ,
Որ դամբարան է հիմա,
Լոկ դամբարան անցեալների բնօրրան
Հայրենիքի, հայրենիքի խժդժուած…
Կամաւոր ու անձնազոհ հինգ ոգիներ,
Որ ինքնավառ բոցերում
Մատաղեցին հինգը սիրտ,
Մէկ սիրտ եղած հինգը սիրտ,
Խարանեցին մեծ լռութեան դաւակից
Բոլոր անսիրտ մարդերին,
Շեղբեցին ճեղք խոստովանքի
Համաշխարհային ցոլքով:
Հինգաբռունցք մէկ խոյանք,
Որ վառել է մեր սրտերում
Սուրբ պահանջի հրիտակը ազգային,
Շիրիմելու նահատակներին մեր սուրբ
Սրբագործեալ հայրենիքում խժդժուած:
Կլենտէյլ, Քալիֆորնիա, 20180727