ԷԴՈՒԱՐԴ ԳԱԼՍՏԵԱՆ
Analitik.am-ի զրուցակիցն է ԵՊՀ թրքագիտութեան ամպիոնի վարիչ, փրոֆեսէօր Ալեքսանդր Սաֆարեանը.
ՀԱՐՑՈՒՄ.- Ինչպէ՞ս եղաւ մասնագիտութեան ընտրութիւնը, ինչու՞ որոշեցիք նուիրուել թիւրքագիտութեանը:
Պատմաբանասիրական հակումներ ունեցել եմ պատանեկութիւնից, նոյնիսկ բանաստեղծութիւններ էի գրում, որոնցից մի քանիսը հետագայում տպագրուեցին «Գարուն» ամսագրում` գրեթէ հարիւր հազար տպաքանակով: Արեւելագիտութեան բաժանմունք ընդունուել եմ 38 տարի առաջ, այն ժամանակ արաբական, իրանական եւ թրքական բաժինների ընդունելութիւնն ընդհանուր էր: Երբ ընդունուեցի, բաժանմունքի տնօրէն, երջանկայիշատակ Մերի Հրաչեայի Քոչարը, իմանալով, որ դպրոցն աւարտել եմ ոսկէ մետալով, յորդորեց ընտրել թրքական բաժինը, որտեղ ամենաբարդ տեսական առարկաները հէնց ինքն էր դասաւանդում:
Այսօր խոնարհումով եմ յիշում մեծ հայրենասէրին` փրոֆեսէօր Մերի Քոչարին, ով հետագայում դարձաւ նաեւ թեկնածուական ատենախօսութեանս գիտական ղեկավարը, ամէն ինչ արեց ինձ Մոսկուա եւ Դամասկոս վարժախմբերի գործուղելու, նախկին ԽՍՀՄ առաջատար թրքագէտների հետ ծանօթացնելու, ասել է թէ, իմ մասնագիտական կայացման համար: Երախտագիտութեամբ եմ յիշում իմ երջանկայիշատակ մեծ ուսուցիչներին` փրոֆեսէօրներ Ճոն Կիրակոսեանին եւ Յակոբ Փափազեանին, ով այնպիսի անօրինակ վարպետութեամբ-թեթեւութեամբ էր կարդում օսմաներէն, պարսկերէն, արաբերէն ամենախրթին ձեռագրերը, որ արտերկրի գործընկերներից ստացել էր «արեւելագիտութեան Մոցարտ» անունը: Արեւշատութիւն, երկար տարիների կեանք ու նորանոր ստեղծագործական յաջողութիւններ եմ մաղթում սիրելի ուսուցչիս` փրոֆեսէօր Գուրգէն Մելիքեանին, ով յիրաւի, կրթել ու դաստիարակել է սերունդներ: Վստահ եմ` իր բազմահազար աշակերտներն ի խորոց սրտի հիմա միանում են այս բարեմաղթանքիս:
Հ.- Ի՞նչ հիմնախնդիրներ ու մարտահրաւէրներ ունի հայ արեւելագիտութիւնը եւ ի՞նչ խորհուրդներ էք տալիս ձեր ուսանողներին, ովքեր որոշել են զբաղուել թրքագիտութեամբ:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Կան հիմնախնդիրներ ու մարտահրաւէրներ, որոնք կանգնած են ընդհանրապէս մեր գիտութեան կամ ընկերային գիտութեանց առաջ: Կան նաեւ իւրայատուկ խնդիրներ…
Ամէն դէպքում, պէտք է արձանագրել, որ մեր օսմանագիտութիւնը եւ թրքագիտութիւնը նորանկախ Հայաստանում, չնայած մշտական անբաւարար ֆինանսաւորմանը, յարատեւ վերելք են ապրել: Մեր թրքագիտութեան խնդիրը շատ լայն ու պատկերաւոր ձեւակերպմամբ առարկայականօրէն գոյութիւն ունեցող «թուրք-մահմետական աշխարհի» հանդէպ Հայաստանի ու համայն հայութեան «յարմարուելու մեքանիզմների» մշակումն ու բիւրեղացումն է, որից բխում են բազում-բազում որոշակի խնդիրներ, գիտակրթական ու մշակութային աշխատանքներ, տարաբնոյթ, յաճախ ոչ ասիմեթրիք լուծումներ-ալկորիթմներ… Անշուշտ, ինձ յատկապէս մտահոգում է երիտասարդ, տաղանդաւոր մասնագէտների արտագաղթը, հայ ժողովրդի ամենամեծ հարստութեան` ուղեղների արտահոսքը, այսուհանդերձ, փաստ է նաեւ, որ եթէ իմ երբեմնի ասպիրանտները` օսմանագէտ-դոկտորներ Տիգրան Պետրոսեանն ու Անի Սարգսեանն այսօր աշխատում են Պերլինի եւ Համպուրկի առաջատար համալսարաններում, դա խօսում է մեր արեւելագիտական դպրոցի միջազգային մակարդակով մրցունակութեան մասին:
Ամենեւին գաղտնիք չէ, որ մեր բարին չկամեցողներ Ազրպէյճանում եւ Թուրքիայում այսօր ոչ միայն ահռելի-անասելի ֆինանսական միջոցներ են ծախսում հակահայաստանեան պայքարում, այլեւ փորձում են ձեւաւորել հայի բացասական կերպար: Սրան հակազդելը նաեւ ասիմեթրիք լուծումներով գերյագեցած, բարդ, նուրբ, միանշանակօրէն ոչ արհեստավարժ եւ «աղմկոտ» մօտեցումներ չհանդուրժող մի գործընթաց է: Հայ թրքագէտի անգամ պատահական սայթաքումը կարող է վտանգել ոչ միայն նրա մասնագիտական վարկը եւ ասպարէզը, այլեւ` վնասել մեր ժողովրդին: «Մի՛ վնասիր» պատգամը հայ արեւելագէտներիս համար աւելի պակաս արդիական-գործնապաշտական չէ, քան` բժիշկների համար: Աւելորդ է ասել, թէ որքան կարեւոր է թրքագէտի համար թրքերէնի, օսմաներէնի, ազրպէյճաներէնի, այլ արեւելեան լեզուների, եւ ի հարկէ, ռուսերէնի եւ անգլերէնի հնարաւորինս հիմնարար իմացութիւնը, վերլուծական ունակութիւնների եւ թարգմանչի հմտութիւնների ձեւաւորումը: Յատուկ ուզում եմ ընդգծել ռուսերէնի բացառիկ կարեւորութիւնը թրքագիտութեան ոլորտում: Թերեւս գիտութեան այն բացառիկ ոլորտը, որտեղ ռուսերէն տեղեկատուութիւնը գերակշռում է անգլերէնին, հէնց թրքագիտութիւնն է, ինչը պատմական ու քաղաքական խոր արմատներ ունի, թրքական տարբեր ժողովուրդներ ներկայացնող գիտնականների ու մշակոյթի գործիչների համար ռուսերէնը պատմականօրէն եղել եւ մնում է հաղորդակցման հիմնական միջոց…
Շատ կարեւոր է ամէնօրեայ քրտնաջան աշխատանքը, աշխատասիրութիւնը, ինչը ես եւ մեր թրքագէտ դասախօսները փորձում ենք ներարկել մեր սիրելի ուսանողներին հետեւողականօրէն` նրանց նախապատրաստելով աշխատաշուկայում առաւել մրցունակ լինելուն:
Հ.- Ձեր աշակերտների ի՞նչ ձեռքբերումներով էք հպարտանում, որոնք քիչ լուսաբանուած լինելով հանդերձ, մեծ դեր են խաղացել հայ թրքագիտութեան զարգացման մէջ:
Պ.- Աշակերտներով հպարտանալը, իմ կարծիքով, ամենաարդարացուած հպարտութիւնն է եւ որեւէ աղերս չունի գոռոզութեան հետ:
Սիրելի գործընկերոջս եւ նախկին աշակերտիս` պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Աշոտ Սողոմոնեանի, ճանաչուած պոլսահայ լրագրող Տիրան Լոքմագէօզեանի հետ համահեղինակած մեր թրքերէնի դասագիրքը հայաստանեան ամենամեծ հրատարակչութիւններում արդէն իսկ հրատարակուել է վեց անգամ, այս գրքի մասին Հայաստանում եւ Թուրքիայում լոյս է տեսել շուրջ երկու տասնեակ դրական գրախօսութիւն, որոնցից մէկն էլ գրել է երջանկայիշատակ սիրելի ընկերս` Հրանդ Տինքը:
Անթաքոյց հպարտանում եմ իմ` վաղուց տասից աւելի ասպիրանտներով, ովքեր այսօր առաջատար դիրքեր են զբաղեցնում ոչ միայն հայաստանեան, այլեւ համահայկական թրքագիտութեան եւ օսմանագիտութեան ասպարէզում: Արեւելագիտութեան բաժանմունքի ներկայիս տնօրէն, փրոֆեսէօր Ռուբէն Մելքոնեանը ոչ միայն ճանաչուած է մեր գիտական ու մշակութային հանրութեան կողմից, այլեւ, որ ոչ պակաս կարեւոր է, յիրաւի, սիրուած է ուսանողների ու դասախօսական կազմի կողմից: Վերջերս նա հրատարակեց թուրք գրականութեան` հայ իրականութեան մէջ առաջին, այդքան սպասուած բուհական դասագիրքը: Մինչ այդ նա ակադեմիկոս Ռուբէն Սաֆրաստեանի, Վահրամ Տէր Մաթեւոսեանի, Արթուր Դումանեանի, Յակոբ Չաքրեանի, Անուշ Յովհաննիսեանի հետ համատեղ հրատարակել էր «Թուրքիայի Հանրապետութեան պատմութիւն» յոյժ արդիական եւ արժէքաւոր դասագիրքը:
ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների հիմնարկի հայ-օսմանական առնչութիւնների բաժնի վարիչ եւ թրքագիտութեան ամպիոնի դոցենտ Լուսինէ Սահակեանը հայաստանեան առաջատար օսմանագէտներից, աղբիւրագէտներից եւ լեզուաբաններից մէկն է: Փրոֆեսէօր Գուրգէն Մելիքեանը, Լուսինէ Սահակեանը եւ նուաստս մի քանի յօդուածներ ենք հրապարակել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ղազախստանի առաջատար համալսարաններում, զեկուցումներ ներկայացրել մի շարք միջազգային գիտաժողովներում` նուիրուած հայատառ ղփչաղերէն ձեռագրերի լեզուաբանական ուսումնասիրութեան առաւել բարդ, անշուշտ նաեւ, հասարակական-քաղաքական արտակարգ մեծ հնչեղութիւն ունեցող հիմնախնդիրներին: Ի հարկէ, հայատառ ղփչաղերէն ձեռագրերի ուսումնասիրութեան եւ դրանց թրքական լեզուների պատմութեան վիճայարոյց հիմնահարցերի լուսաբանման ասպարէզում հայ արեւելագէտների վաստակած գերակայութեան մասին Ռուսաստանի Դաշնութիւնում, Ղազախստանում, Թուրքմենստանում անհամեմատ աւելի շատ է գրուել ու խօսուել, քան` մեր ԶԼՄ-ներում:
ԵՊՀ հայագիտական հետազօտութիւնների հիմնարկի հայ-օսմանական առնչութիւնների բաժնի վարիչ Լուսինէ Սահակեանի, նոյն բաժնի գիտաշխատող Անի Սարգսեանի եւ նուաստիս բազմամեայ ստեղծագործական համագործակցութեան արդիւնքում վերջերս հրատարակուեց նաեւ հայ իրականութեան մէջ առաջին բուհական «Օսմաներէնի դասագիրքը»:
Հպարտ եմ նաեւ գիտութեան մէջ իմ «թոռներով»` արդէն իմ ասպիրանտների ասպիրանտներով: Բանասիրական գիտութիւնների թեկնածու Նայիրա Պօղոսեանը բազմիցս հանդէս է եկել միջազգային տարբեր գիտաժողովներում` դառնալով մրցունակութեան «կրկնօրինակման տիպար»:
Ռուբէն Մելքոնեանի, Լուսինէ Սահակեանի, Անի Սարգսեանի, Նայիրա Պօղոսեանի եւ մեր միւս թրքագէտների աշխատանքներն այսօր տարբեր լեզուներով պարբերաբար հրատարակւում են` Ֆրանսայում, Գերմանիայում, Քանատայում, Թուրքիայում, Ռուսաստանում, Չինաստանում, Ղազախստանում, Թուրքմենստանում, Իրանում եւ այլ երկրներում: Աշխարհագրութիւնը շա՜տ շա՛տ լայն է…
Հարկ է յաւելել, որ մեր շրջանաւարտներն այսօր մեծ յաջողութեամբ աշխատում են արտաքին գործերի նախարարութիւնում, պաշտպանութեան նախարարութիւնում, այլ գերատեսչութիւններում, ճանաչուած լրագրողներ ու վերլուծաբաններ են:
Հ.- Տարիներ շարունակ դասաւանդել էք ԵՊՀ-ում եւ արտերկրի տարբեր բուհերում, հետաքրքիր է իմանալ, ըստ ձեզ, ինչո՞վ է առանձնանում ներկայիս` անկախութեան սերունդը:
Պ.- Ազատ-անկաշկանդ մտածելակերպով: Սա մեծ արժէք է, անասելի մեծ ներուժ ունի մեր երիտասարդութիւնը: Տաղանդաւոր հայ երիտասարդներ միշտ եղել են, կան ու կը լինեն: Սա նաեւ ռեկրիացուող ռեսուրս է, բայց այն երբեւէ չի կարելի մսխել: Եթէ ոեւէ գիտաշխատող-մանկավարժ համոզուած չէ, որ իրենից յետոյ եկողներն իրենից լաւն են, ապա նա համալսարաններում անելիք չունի:
Հ.- Ի՞նչ զարգացումներ էք կանխատեսում հայ-թրքական յարաբերութիւններում` կապուած Թուրքիայում վերջերս կայացած ընտրութիւնների հետ:
Պ.- Մեր ընթերցողները լաւ են տեղեկացուած այն հարցում, որ Թուրքիան Արցախի շուրջ հակամարտութեան ողջ ընթացքում որդեգրել է միանշանակ ազրպէյճանամէտ դիրքորոշում, արցախեան հիմնահարցը ներառել է հայ-թուրքական յարաբերութիւնների առանց այդ էլ բարդ թնճուկում: Տարիներ առաջ, երբ ծաւալւում էր «ֆութպոլային դիւանագիտութիւնը», եւ մեր հասարակական-քաղաքական միջավայրում սուր վէճեր էին ծաւալւում, ԵՊՀ փորձագէտներս մի քանի հրապարակումներում արձանագրել ենք, որ Կիւլը եւ Էրտողանը սուր քննադատութեան էին ենթարկւում էլ աւելի ազրպէյճանամէտ տէօվլեթպահչելիական եւ քըլըճտարօղլուական ընդդիմութեան կողմից` «ազրպէյ ճանցի եղբայրներին դաւաճանելու համար»:
Ակնյայտ էր, որ չարչրկուած յայտնի արձանագրութիւնները խորհրդարանական վաւերացման որեւէ հեռանկար չունէին: Առաջիկայում կանխատեսում եմ փոփոխութիւններ` ներթրքական իրականութեան մէջ, աւելի հեռահար հեռանկարում` հերթական «մակընթացութիւններն ու տեղատուութիւնները» նաեւ ռուս-թրքական յարաբերութիւններում, բայց ոչ էական տեղաշարժեր հայ-թուրքական յարաբերութիւններում (առնուազն` մինչեւ ընդհանուր կամ տարածաշրջանային քաղաքականութեան հրամայականներում էական տեղաշարժերը): Գիտակցելով, որ ձեր կայքի ընթերցողներն առաւել իրազեկուած են, պարզապէս նրանց դատին կը ներկայացնէի նաեւ ԵՊՀ արեւելագիտութեան բաժանմունքի միջամպիոնային համագործակցութեան արդիւնքում 2017թ.-ին հրատարակուած «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Թուրքիայի հասարակական-քաղաքական միջավայրում» հաւաքական մենագրութիւնը, որի համահեղինակներն են մեր ամպիոնի օգնական, պատմական գիտութիւնների թեկնածու Դաւիթ Սաֆարեանը, ՀՀ վաստակաւոր մանկավարժ, փրոֆեսէօր, ԼՂՀ ԶՈւ գնդապետ Գուրգէն Մելիքեանը, ԵՊՀ իրանագիտութեան ամպիոնի վարիչ, դոցենտ Վարդան Ոսկանեանը եւ նուաստս: Մենագրութիւնն ամփոփում է Թուրքիայի հասարակական-քաղաքական միջավայրում Արցախի հակամարտութեան, հայ-թուրքական յարաբերութիւնների թնճուկում նրա ներառման հիմնահարցերը, թրքական եւ ազրպէյճանական ԶԼՄ-ներում «հայկական թեմատիկայի» համալիրի բազմամեայ մշտազննման ու վերլուծութեան արդիւնքները, համահեղինակների գիտագործնական առաջարկները:
Կարծում եմ` վերոյիշեալ հաւաքական մենագրութիւնը, որի խմբագիրն է ակադեմիկոս Ռուբէն Սաֆրաստեանը, իսկ գրախօսները` փրոֆեսէօր Ռուբէն Մելքոնեանը եւ արաբագիտութեան ամպիոնի վարիչ, դոցենտ Հայկ Քոչարեանը, կը հետաքրքրի ոչ միայն արեւելագէտներին, քաղաքագէտներին, միջազգայնագէտներին, լրագրողներին, այլեւ` հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման խնդիրներով հետաքրքրուող ընթերցողների առաւել լայն շրջանակին: