Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Տարեդարձ. Յովհաննէս Քաջազնունի. 150-ամեակ

Յուլիս 9, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՆԱՐԻՆԷ ԹՈՒԽԻԿԵԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ

Նրա համար գրականութեան չափանիշը Շէյքսփիրն էր: Կեանքի փիլիսոփայութեան բանալին նա գտնում էր այդ հսկայի տողերի մէջ եւ յաճախ էլ տողերի տակ:

Բայց ժամանակները խառն էին, եւ փիլիսոփայելուց կամ էլ Շէյքսփիր վերլուծելուց զատ եւ գուցէ առաւել` գործել էր պէտք:

Երկու «ես» միմեանց հետ անվերջ բանակցում, երբեմն էլ կռւում էին նրա ներսում: Իր` Յովհաննէս Քաջազնունու խօսքով` «Ես կանգնած եմ երկու ճանապարհների ընտրութեան առջեւ եւ չգիտեմ որ կողմ գնալ` Շէյքսփիրի՞, թէ՞ Էրզրումի»:

Ինչո՞ւ էր հէնց  Էրզրումը դրուած Շէյքսփիրին հակակշռող նժարին: Պարզ պատճառով` Էրզրումն իր ծագումն էր, թէեւ ծնուել էր Ախալքալաքում: Քաջազնունին զգում էր իր ծագումը: Այսինքն` գիտէր ով է, որտեղից է եւ ուր է ուզում գնալ: Նրա արուեստային էութիւնը եւ հայրենիքի հանդէպ պատասխանատուութեան զգացումը միանշանակ առաջացել էին իր ծագման գիտակցումից: Եթէ նա ծնուած եւ ապրած լինէր աւելի բարենպաստ ժամանակաշրջանում, քան 1868-ից 1938 թուականներն էին, հաւանաբար իր մէջ ամբողջապէս կը ձեւաւորուէր արուեստագէտը, եւ նա հայրենիքի հանդէպ իր պարտաւորութիւնը կը կատարէր արուեստի, գրականութեան միջոցով: Բայց առկայ ազգային-քաղաքական-պատմական իրողութիւնները նրան պարտադրեցին քաղաքականութիւնը: Դա էր, ըստ Քաջազնունու, հայրենիքի հանդէպ իր պարտաւորութիւնը ա՛յդ ժամանակ: Ուրիշ հարց է, թէ դրա տակից ինչպէս դուրս եկաւ նա, աւելի շատ ճի՞շդ, թէ՞ սխալ քաղաքական հաշուարկներ կատարեց իր կուսակիցների եւ համախոհների հետ: Քաղաքական մեկնաբանումները նպատակս չեն, մանաւանդ որ, եթէ կային յաջողութիւններ, դրանք արդէն գրանցուած են, իսկ սխալներն էլ արդէն գործուած: Բայց ի՞նչ մարդ էր Յովհաննէս Քաջազնունին` ծնուած 1868-ի փետրուարի 1-ին, անկախ այն բանից, թէ ինչպիսի քաղաքական գործիչ էր: Կարծում եմ սա աւելի հետաքրքիր է: Մանաւանդ որ գրեթէ ոչինչ չգիտենք նրա անձնական եւ մարդկային ձգտումների մասին: Ազնիւ, պինդ եւ յամառ մի մարդ, ով սիրում էր արուեստը, ով կլանում էր փիլիսոփաներին` ինքն էլ դառնալով փիլիսոփայ, ով անչափ սիրում էր Սաթենիկ Միրիմանեան անուն-ազգանունով մի թիֆլիսեցի աղջկայ, ով խենթանում էր իր վեց զաւակներով, ով պատերազմի դաշտում ընկած իր երկու զինուոր որդիների մահուան վիշտը կարողացաւ յաղթահարել, ով իր ստորագրութիւնը դրեց հայութեան համար այնքան վտանգաւոր Պաթումի պայմանագրի տակ, ով դարձաւ Հայաստանի առաջին Հանրապետութեան առաջին վարչապետը, ով փոքր ինչ տարակուսեց իր   կուսակցութիւնից, որի գաղափարներին եւ գործելակերպին միանգամայն  հաւատում եւ վստահում էր ու հեռացաւ շարքերից, ով տեսաւ անկախութեան տեսիլքի փլուզումը, ով իր մահկանացուն կնքեց ստալինեան բանտում: Ողբերգական մի ճակատագիր:

Նախնիները Էրզրումից էին: Ինքը ասում էր Արզրում: Խորապէս երախտապարտ էր իր նախնեաց երկրին եւ դրա բնակիչներին եւ առանձնակի պատկառանք ունէր ընդհանրապէս իր ազգային պատկանելութեան նկատմամբ: 1889-ի փետրուարի 13-ին իր սիրած աղջկան Սենթ Փեթերսպուրկից ուղարկած նամակում գրում է. «Ափսոս, դու չես սիրէ ոչ ախալքալաքցոց եւ ոչ նորանց «կոպիտ լեզուն»` մոռանալով, որ ախալքալաքցիք արզրումցիք են, իսկ Արզրում Հայաստանի սիրտն է, հետեւապէս ախալքալաքցիք իսկական հայեր են: Ներկայացուցիչն են հայի բոլոր առանձնայատկութիւններու, նորանց առաւելութիւններու, պակասութիւններու, վարքի, բարքի եւ այլ եւ այլ: Սիրիր հային»:

Սէրը հայրենիքի եւ հայութեան նկատմամբ Յովհաննէս Իգիթխանեան-Քաջազնունու սրտի եւ ուղեղի մէջ ներարկուել էր ընտանիքում: Նրա հայրը` Մաթեւոս Տէր Յովհաննիսեան-Իգիթխանեանը զարգացած մարդ էր, ուսուցիչ եւ հոգեւորական: Նա հսկայ գրադարան ունէր տանը, Մխիթարեան միաբանութեան կողմից հրատարակուող գրեթէ բոլոր գրքերով եւ  հանդէսներով: «Հիւսիսափայլ»-ի ողջ հաւաքածուն Նազարեանի եւ Նալբանդեանի  յօդուածներով  նոյնպէս այստեղ էին եւ ամենայն հաւանականութեամբ դրանք իրենց չափով սնել էին  Յովհաննէս Քաջազնունու, ում ծածկանունը Ռուբէն Իւանիչ էր, քաղաքական միտքը: «Տէրտէրս», այսպէս էր հումորով եւ սիրով հոգեւորական հօրը կոչում որդին: Մայրը` Փեփրոնէ Կարէնեանը նոյնպէս զարգացած եւ ազնուական կին էր: Սերել էր մտաւորական գերդաստանից: Նրա հայրը, այսինքն` Քաջազնունու մօր կողմից պապը` Յակոբ Կարէնեանը, Ներսիսեան դպրոցի ուսուցիչ էր եւ «Շուշանիկ» ու «Վարդանանց պատերազմ» փիեսների հեղինակը: Ի միջի այլոց, Յովհաննէսը երեխայ եղած ժամանակ դրանք այնքան էր լսել, որ անգիր էր արել եւ յաճախ ինքն էլ բեմադրում էր տանը` երջանկացնելով ընտանիքի անդամներին:

Մօր հօրաքոյրը` Քեթեւան Արամեանը, Թիֆլիսի հայ բեմի առաջին դերասանուհիներից էր, իսկ մօր հօրեղբայրը` Սմբատ Կարէնեանը, մեծ թատերասէր էր: Յովհաննէսի մայրը գիշերները բարձրաձայն ընթերցում էր Խաչատուր Աբովեանի «Վէրք Հայաստանին»: Այն մեծագոյն տպաւորութիւն էր գործել յատկապէս Յովհաննէսի վրայ եւ հնարաւոր է, որ նպաստած լինէր հետագայում տղայի ազգային    հարցերում տեսակէտների եւ սկզբունքների ձեւաւորմանը: Սա էր ընտանեկան այն միջավայրը, որտեղ ծնուել եւ աշխարհի, հայրենիքի, իր ինքնութեան եւ ծագման մասին առաջին տեղեկութիւններն էր ստացել իմ հերոսը: Ընտանիքը այն առաջին ճիշդ օղակն էր, որ բաւական նպաստաւոր եղաւ Յովհաննէս Քաջազնունու իբրեւ մարդ, իբրեւ տղամարդ, իբրեւ հայ, իբրեւ փիլիսոփայ եւ ազգային-քաղաքական գործիչ ձեւաւորման եւ կայացման համար: Ընտանիքից յետոյ յաջորդ օղակը լինելու էր Թիֆլիսի Ռէալական դպրոցը, ապա եւ Փեթերսպուրկը իր համալսարանական կեանքով եւ ընդյատակեայ գաղտնի կազմակերպութիւնները, որտեղ 1880-ականներին խմորւում էր նոր ժամանակների քաղաքական միտքը: Յովհաննէսը մեկնում է Փեթերսպուրկ բարձրագոյն կրթութիւն ստանալու: Միաժամանակ դիմում է 2 ինստիտուտ` տեխնոլոգիական եւ ճարտարագիտական: Առաջին քննութիւնից երկու հաստատութիւններում էլ  գերազանց է ստանում: Սակայն երկրորդ քննութեան օրը համընկնում է եւ ստիպուած է լինում ընտրութիւն կատարել: Ընտրում է ճարտարագիտականը: Յովհաննէսին չի վախեցնում մեծ մրցոյթը, երբ 40 տեղի համար պայքարում էր 140 դիմորդ: Եւ նրա քաջութիւնը արդարացւում է:

Նա  ընդունւում է: Վարձում է փոքրիկ սենեակ 10 ռուբլով, 10 ռուբլի էլ յաւելեալ վճարում է տանտիրուհուն իրեն կերակրելու համար, միանուագ մուծում է 70 ռուբլի պարտադիր ուսանողական համազգեստի համար եւ յաճախում դասերի` զուգահեռաբար ռուս հրատարակիչներին յօդուածներ մատակարարելով: 25 տարեկան հասակում Քաջազնունին կ՛աւարտի ինստիտուտը` դառնալով շէնքերի, կամուրջների, ճանապարհների ճարտարագէտ-շինարար: Ի միջի այլոց, Գիւմրիում նրա ինժեներական նախագծով կառուցուած քաղաքային գրադարանի շէնքը 1988-ի աւերիչ երկրաշարժին մնաց կանգուն: Կառուցողը ազնի՛ւ մարդ էր եղել: Իսկ Պաքուի հայկական Մայր եկեղեցին, որի նախագծող ճարտարագէտը նոյնպէս Քաջազնունին էր, աւերուած է 1930-ականներին, բայց ոչ թէ բնական, այլ կոմունիստական աղէտի հետեւանքով:

Քաղաքացիական ինժեներների այս ինստիտուտի ուսանողները կարծես յատուկ ընտրուած լինէին` արիստոկրատ ընտանիքներից: «Բոլորը, տնօրէնից սկսած մինչեւ դռնապանը այստեղ առանձնանում են յղկուածութեամբ եւ նրբաճաշակութեամբ», իր սիրած աղջկան գրած նամակներից մէկում պատմում է ուսանող Քաջազնունին: Մինչ ինստիտուտ ընդունուելը նա արդէն սիրահարուած էր օրիորդ Սաթենիկին, ընդ որում սիրահարուած էր հիմնաւորապէս եւ անբեկանելի որոշում ունէր նրա հետ ամուսնանալու: Թէեւ առարկայականօրէն դա քիչ հաւանական էր, հաշուի առնելով օրիորդի հօր բացասական եւ անգամ յարձակողական վերաբերմունքը երիտասարդ Յովհաննէսի նկատմամբ: Նաեւ Սաթենիկի մնացեալ ազգականութեան գործօնը, որ թիֆլիսեան հասարակութեան այն խաւն էր, որի  գաղափարները եւ լաւ ու վատ մարդու մասին պատկերացումները ձեւաւորւում էին միմիայն համաձայն նրա ունեցած փողի քանակի եւ պաշտօնի աստիճանի: Ամէն դէպքում, սիրած աղջկայ հարազատների կողմից հրահրուած անբարենպաստ իրավիճակը  յուսալքութեան չմատնեց Յովհաննէսին: Նա յամառօրէն եւ նպատակասլաց կերպով հալեցրեց Միրիմանեան ընտանիքի անդամների սրտի սառոյցը:

Մինչ երկուսի համար կեանքի կարեւոր, շրջադարձային իրադարձութիւնը, որն ամուսնութիւնն էր, բաւական հետաքրքիր եւ խորը փիլիսոփայական նամակներ են գրուել միմեանց: Սաթենիկ Միրիմանեանին գրած Քաջազնունու նամակները մանաւանդ սկզբնական շրջանում առանց վարանելու կարելի է դասել հոգեվերլուծութեան եւ հոգեկան բուժման ոլորտին: Դրանք հեռական նիստեր էին, որոնց միջոցով Յովհաննէսը զարմանալի նրբանկատութեամբ եւ ճշգրտութեամբ բացայայտում եւ մեկնաբանում էր Սաթենիկի հոգեվիճակի պատճառահետեւանքային կապը: Նաեւ ցոյց էր տալիս դրանից դուրս գալու ճանապարհը: Ընդ որում, չպարտադրելով իր անձը եւ չշահարկելով իր սէրը աղջկայ  նկատմամբ: Դրանք սթափ, ներքին մեծ ներուժով, արտակարգ հմայքով եւ վեհ յատկանիշներով օժտուած մարդու նամակ-օգնութիւններ էին: Եթէ տարեթուին չնայես, կը թուայ, թէ դրանք գրուած են հասուն, կեանքի փորձառութիւն ունեցող մէկի կողմից: Օրինակ` ստորեւ բերուած նամակը գրուած է 1885 թուականին, այսինքն` երբ Քաջազնունին ընդամէնը 17 տարեկան էր, Սաթենիկն էլ` 16: Սա իր եւ օրիորդ Միրիմանեանի նամակագրութեան սկիզբն էր: Յովհաննէսը նոր էր տուն վերադարձել Թիֆլիսից:

 

1885թ. յունիս 20
Ախալքալաք

«…Դուք ծնուել էք տաք, կրքոտ հոգով: Դրա վկայութիւնը ձեր անատոմիան է  սեւ մազեր եւ աչքեր, թուխ մաշկ, արդէն 16 տարեկանում հրաշալի գծագրուած կուրծք: Դուք փոքր հասակից սիրոյ կարիք էք ունեցել, ուժեղ, տաք, անկեղծ սիրոյ: Դուք սիրոյ ծարաւ էիք եւ ոչ ոք չէր յագեցնում այդ ծարաւը: Ձեր ծնողները, որքան հասկանում եմ, չէին կարող տալ ձեզ ձեր փնտռածը: Նրանք չափազանց կոպիտ, միակողմանի էին եւ ամենաանզգամ, անմարդկային ձեւով   տրորել են ձեր զգացմունքները: Ձեր եղբայրների մասին էլ չեմ խօսում, նրանք ձեզնից պուպրիկ էին սարքել` զբաղմունք իրենց համար: Տանը չգտնելով սէր եւ կարեկցանք, դուք այն դրսում փնտռեցիք: Եւ էլի չգտաք ձեր զգացմունքների արձագանգը: Զայրացել էք ամէն ինչի վրայ, ձեր սիրտը սառել է եւ չարացել անգիտակցաբար: Դուք յանգել էք նրան, որ բոլոր մարդիկ  միատեսակ վատն են, միատեսակ չար եւ անզգամ, որ բոլոր մարդիկ ձեր թշնամիներն են, որ աշխարհում ոեւէ մէկին սիրել չի կարելի եւ չարժէ էլ: Այս հիւանդագին համոզմունքն է տիրել ձեր էութեանը: Դուք մոռացաք սիրելը, փոխարէնը սովորեցիք ատելը: Ձեր հոգեւոր բոլոր ուժերը գահավիժեցին` ձեզ դարձնելով չար, վրէժխնդիր:

Սկսեցիք աւելի ու աւելի խեղդել ձեր մէջ բարի բնազդները: Անցան տարիներ, դուք ծանօթացաք շատերի հետ, բայց նրանք, ձեր սրտի սառնութիւնը զգալով, ետ քաշուեցին ձեզնից: Դուք ինքներդ քայլ չարեցիք սիրելու, բայց սպասում էիք, որ ինչ-որ մէկը սիրի ձեզ: Այդ մէկը չգտնուեց, եւ դուք եզրակացրիք, որ ձեզ սիրել անհնար է եւ թքեցիք սիրոյ վրայ: Դուք որոշեցիք, որ ինքնազոհ եւ առանց էկոյիզմի (անձնասիրութեան – խմբ.) մարդիկ չկան: Դուք անվստահութիւն ունէք նրանց հանդէպ, ովքեր բարեացակամ են ձեր  նկատմամբ: Ձեզ թւում է, որ նրանք ձեզ խաբում են, խորամանկ են ու նենգ  նպատակներ ունեն: Դուք դարձաք կասկածամիտ, գաղտնապահ: Յետոյ փորձեցիք նմանուել ձեր կարդացած գրքերի հերոսուհիներին: Սկսեցիք ձեւացնել, թէ բարի էք: Ընկերուհիներին, թւում էր, թէ դուք իսկապէս բարի աղջիկ էք, բայց դա խաբէութիւն էր: Մինչեւ դուք չյարգէք եւ չսիրէք ինքներդ ձեզ, ոչինչ չի շտկուի ձեր կեանքում: Դուք կորցրել էք հաւատը ձեր հանդէպ»:

17-ամեայ պատանին պրակտիկ հոգեբանի հմտութեամբ մէկ առ մէկ քննարկում եւ հետեւութիւններ է անում` սիրել ինքդ քեզ, ունենալ ապրելու դրդապատճառ եւ կեանքի նպատակ, լինել ներողամիտ: Սիրած աղջկան խորհուրդ տալիս նաեւ շատ կարդալ` առաջարկելով գրքերի ցանկ, սկզբի համար Դիկենս եւ Տուրգենեւ: Իսկ ի՛ր կեանքի նպատակը, եւ քայլերի կամ որոշումների դրդապատճառները աներկբայ բխել են երկու բանից` հայրենիքին եւ հայութեանը   ծառայելու պահանջից:

Դեռ աշակերտ էր Թիֆլիսի Ռէալական դպրոցում, երբ հետաքրքրուեց եւ յարեց «Նարոդնայա Վոլեա» գաղտնի կազմակերպութեանը: Նրա գաղափարակիցն էր Սիմոն Զաւարեանը, ով 1890-ին դարձաւ ՀՅԴ հիմնադիրներից մէկը: Նաեւ 1880-ականներին նարոդնիկական խմբակներին աշխուժ կերպով մասնակցող Քրիստափոր Միքայէլեանը, ով դառնալու էր ՀՅԴ կուսակցութեան  տեսաբանը եւ առաջնորդը: Նրանք Նարոդնիկութեանը կարողացան ազգային թեքում տալ: Այսպէս` քաղաքական գործունէութեան սկիզբը համընկաւ իր աշակերտութեան տարիներին: Մի քիչ երազային, մի քիչ իրատեսական էին նրա քաղաքական հայեացքները եւ հայութեան ու Հայաստանի ապագայի պատկերը: Անշուշտ առկայ էր ջահելական մաքսիմալիզմը եւ ռոմանթիզմը: Անգամ փորձեց իր սիրած աղջկան ներքաշել քաղաքական գաղտնի ձեռնարկների մէջ: Եւ իբրեւ դաւադրութիւն ընտրեց կեղծանուն: «Գրէք ինձ Լիւսի Զարուցկայա անուան տակ», խորհուրդ տուեց Յովհաննէս Քաջազնունին Սաթենիկ Միրիմանեանին: Նա շատ էր սիրում  Սաթենիկին: Եւ ուզում էր իր սիրած աղջկայ հետ կիսել ոչ միայն սէրը եւ ապագայում ընտանեկան  հովուերգութիւնը, այլեւ քաղաքական պայքարի ողջ ռոմանթիզմը եւ ռէալիզմը: Բարեբախտաբար քաղաքականութիւնը եւ հակացարական տրամադրութիւնները երկուսի միջեւ  բռնկուած փոխադարձ սէրը չվերածեցին կուսակցական-կանոնադրական սիրոյ: Այն մինչեւ վերջ մնաց քնքուշ եւ անսահման: Առաջին հոգեվերլուծական նամակից յետոյ սկսուեց սիրոյ խոստովանութիւններով լի նամակագրութիւնը:

1886, 25 նոյեմբեր
Խարքով

«Իմ Սաթենին.

Ինձ հարցրին, շատ եմ սիրում արդեօք ես իմ հարսնացուին: Այնքան շատ, որ սկսում եմ կասկածել, թէ կայ մէկ ուրիշը այդչափ սիրող: Իմ կեանքը, ապագան, երջանկութիւնը, յոյսերը, ցանկութիւնները նրա հետ են կապուած: Իմ սեփական եսը այնպէս է կապուել նրան, որ ես իմ գոյութիւնը առանձին չեմ պատկերացնում: Այն ինչ կենդանի է իմ մէջ, ուժեղ է, կրքոտ, փնտռող, տառապող` մէկ զգացմունքի մէջ է` սիրոյ: Ես հիմա հասկանում եմ այն սարսափելի ուժը, որ մտել է իմ մէջ: Տուէք ինձ միլիոն թագաւորութիւն, անմահութիւն, ես կը հրաժարուեմ յանուն իմ սիրոյ: Ես սիրուց զուրկ թագաւորական պալատները կը փոխեմ սիրով լի հիւղակների հետ: Խլէք ինձնից այդ զգացումը եւ խլած կը լինէք ամէն բան, որ ես ունեմ»:

Նա իսկապէս յաւերժ մնաց Սաթենիկինը կամ Սաթենինը, ինչպէս սիրում էր փաղաքշօրէն կոչել  նրան: Սաթենիկը շուտով փոխեց իր հայեացքները եւ ապրելաոճը եւ դա արեց միանգամայն գիտակցուած: Կեանքում մարդկանց հետ կատարուող իրադարձութիւնները  պատճառահետեւանքային կապի տրամաբանութեամբ բացատրող Քաջազնունին, իր մտքերը նամակներում շարադրում էր հանգիստ, նուրբ, խաղաղ, կարծես ամբողջութեամբ դարերի իմաստնութեան մէջ ընկղմուած:

Միակ թեման, որի շուրջ խօսելիս նա մի կողմ էր դնում մեղմութիւնը եւ համբերատարութիւնը եւ  դառնում կտրուկ, չոր, աններող, փոթորկուն` հայութեանը վերաբերող հարցն է: «Իմ համոզմամբ,- գրում է Քաջազնունին,- ազգութիւնից դուրս մարդկութիւն չկայ»: Իր ազգութիւնը հայն էր, հաւատամքը` ծառայութիւնը ազգին, պահանջը իր ամենահարազատ մարդուց` սիրել հային եւ խօսել հայերէն: Իսկ ամենահարազատ մարդը Սաթենիկ Միրիմանեանն էր:

Մի քանի անգամ նամակներում Քաջազնունին իրեն թոյլ է տուել  լինել ագրեսիւ`  հայրենասիրութիւնից դրդուած: Բայց մէկ անգամ իր խստութեան պատճառը ուղղակի տղամարդկային սէրն էր եւ դա 1888թ. նոյեմբերի 11-ն էր:

«Գիտես ինչ. այս ամուսնութիւնը պէտք է տեղի ունենայ եւ տեղի կ’ունենայ: Այլապէս թող փուլ գայ ամբողջ աշխարհը: Մտքիցդ հանիր կուսանոց-մուսանոցը: Դու պէտք է դառնաս իմ կինը եւ կը դառնաս եւ ոչ ուշ, քան այս ամառ, այն էլ սկզբին: Այդպէս կը լինի, եթէ անգամ ես ստիպուած լինեմ յանցանք գործել, տասնեակ յանցանքներ: Եթէ ստիպուած լինեմ քթիցդ բռնած տանել դէպի խորան: Պէտք է ամուսնանանք, լսո՞ւմ ես, պէտք է, երդւում եմ Աստուծով: Դու իմը պէտք է լինես, դու չես յանդգնի իմը չլինել: Ես կամ կը մեռնեմ, կամ կը լինեմ քո ամուսինը: Արիւնը խփել է գլխիս, ոչ մի ուժ ինձ ետ չի պահի: Հինգ տարի ես սիրում եմ քեզ, հինգ տարի գիշեր-ցերեկ մտածում եմ քո մասին, հինգ տարի երազում եմ երջանկութեան մասին, հինգ տարի ապրում եմ յոյսերով, հինգ տարուայ մէջ ես ծախսել եմ իմ երիտասարդութեան քսանհինգ տարին: Եւ այսքանից յետոյ հրաժարուե՞մ քեզնից: Ո՛չ սիրելիս, դու ինձ վատ ես ճանաչում: Երեւի իմ մշտական զիջումները քեզ մոլորեցրել են: Ես գիտեմ պահանջել, այն էլ ինչպէս գիտեմ: Հիմա ես անշրջելիօրէն որոշել եմ կամ ամուսինդ դառնալ կամ մեռնել: Հաւատա, որ  կ՛անեմ ամէն հնարաւոր բան, եւ դեռ աւելին, ու կ՛անեմ այնքան ժամանակ, քանի դեռ իմ մէջ առկայծում է կեանքի  կրակը: Ամէն: Համբուրում եմ քեզ, սիրելի, օրինական, յաւերժական տիկինս: Քո Յովհաննէս»:

Նամակը գրուած է ռուսերէն: Ընդհանրապէս սկզբնական շրջանում նրանց նամակագրութիւնը այդ լեզուով էր: Հետաքրքրական է այն, որ նրանց ընկերական յարաբերութիւնները խորը սիրային յարաբերութիւնների վերաճելուն համընթաց, Քաջազնունին անցնում է հայերէնի, թէեւ օրիորդը այնքան էլ վարժ չէր մայրենիի մէջ:

Եւ ոչ միայն ինքն է նամակները գրում բացառապէս հայերէնով, այլեւ պարտադրում, անգամ վերջնագիր է ներկայացնում աղջկան` պահանջելով իրեն պատասխանել միմիա՛յն հայերէնով: Նրա  ագրեսիայի յաջորդ դրսեւորումները կապուած են  հէնց հայոց լեզուի կիրարկման հետ:

(Շար. 1)

 

 

 

Նախորդը

50 Տարի Առաջ (9 Յուլիս 1968)

Յաջորդը

Յուշատետր. Օրերը Երկարիլ Սկսան… (Բ.)

RelatedPosts

«Քանզի Ես Ողորմութիւն (Սէր) Կ՛ուզեմ Եւ Ոչ Թէ` Զոհ Ու Ողջակէզներէն Աւելի` Աստուծոյ Գիտութիւնը» (Ովսեայ 6.6)
Անդրադարձ

«Քանզի Ես Ողորմութիւն (Սէր) Կ՛ուզեմ Եւ Ոչ Թէ` Զոհ Ու Ողջակէզներէն Աւելի` Աստուծոյ Գիտութիւնը» (Ովսեայ 6.6)

Հոկտեմբեր 21, 2025
Մեծապէս Կը Սխալին
Անդրադարձ

Մեծապէս Կը Սխալին

Հոկտեմբեր 21, 2025
Տարեփակի Խոհեր  Ա. –   Պիտի Վերականգնենք Մեր Երթը` Պատմութեան Եւ Աշխարհագրութեան Մայրուղիներուն Վրայ
Անդրադարձ

Տոմս. «Մեր Ժողովուրդը Ո՞ւր Է…»

Հոկտեմբեր 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?