ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Այս պատմական ակնարկի շարժառիթը Պաքւում տիրող եւ տարփողուող այն տխրահռչակ մտայնութիւնն է, թէ հայ ազգային տարրը եկուոր է եւ արեւելեան Այսրկովկասում ի յայտ է եկել 19-րդ դարի երրորդ տասնամեակի սկզբներին` 1826-28թթ. երկրորդ ռուս-պարսկական պատերազմից յետոյ, Պարսկաստանից զանգուածային վերաբնակեցման արդիւնքում: Ընդ որում, խնդիրը ներկայացւում է այնպէս, թէ իբր այդ տեղաշարժի շնորհիւ հայերը վերաբնակուել, հաստատուել են ազրպէյճանական ժողովրդի պատմական տարածքներում, այդ թւում` ներկայիս Հայաստանում եւ Ազրպէյճանում: Ըստ Պաքուի վայ-գիտնականների ու քաղաքական գործիչների, այն ժամանակ ցարական իշխանութիւնների հիմնական նպատակն էր «քրիստոնեականացնել», աւելի ճիշդ «հայկականացնել» Ազրպէյճանի գաւառները, «այդ երկրի բնակչութեանը լուսաւորել ուղղափառ կրօնի ճառագայթներով եւ իսլամական փլատակների վրայ բարձրացնել կենարար խաչը», «այդ տարածքների բնակիչներին ստիպել խօսել, մտածել ու զգալ ռուսերենէ: Ահա այդպիսի զառանցանքներ… Մոռացած, ի հարկէ, որ պատմութեան ողջ ընթացքում, այդ թուում` ռուս-պարսկական պատերազմների շրջանում եւ հետագայ տասնամեակներում Ազրպէյճան աշխարհագրական-պետական հասկացութիւն գոյութիւն չունէր ո՛չ պատմագիրների յիշատակումներում եւ ո՛չ էլ շրջանառուող քարտէսներում:
Անշուշտ, նոյն այդ խելացնոր զառանցանքների արտայայտութիւն են Ազրպէյճանի ներկայիս նախագահի յոխորտալի խոստումները, թէ` ազրպէյճանական ժողովուրդը պէտք է առաջիկայ հեռանկարում ետ գրաւի ու վերջնականապէս տէր կանգնի իր նախնեաց բնօրրանին` Սեւանի աւազանին, Սիւնիքին, Երեւանին, Արցախին, միով բանիւ` Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան առկայ տարածքներին: Խոստումները, ինչպէս տեսնում ենք, հեռանկարային ռազմավարական են: Այնպէս որ, անկախ նրանից, թէ ինչպիսի՛ հանգուցալուծում կը ստանայ արցախեան հիմնախնդիրը, ի՞նչ հուն կը փոխադրուեն հայ-ազրպէյճանական յարաբերութիւնները, տարածաշրջանում տեւական խաղաղութեան ու կայունութեան ինչպիսի՞ երաշխիքներ կը տայ միջազգային ընտանիքը եւ ինչպէ՞ս կեանքի կը կոչի այդ երաշխիքները, միեւնոյն է, ազրպէյճանական ծաւալապաշտ քաղաքականութիւնը գալիք բոլոր ժամանակներում մեզ` հայերիս համար մնալու է օրուայ գլխաւոր մարտահրաւէր:
Խոստովանենք, որ այդ մարտահրաւէրն արդէն իսկ որոշ չափով իրագործուել է: Ընդ որում, խորհրդային իշխանութեան օրօք, աւելի յստակ այդ իշխանութեան հոգեվարքի շրջանում` անցեալ դարի 88-90 թուականներին, երբ ի պատասխան արցախահայութեան ազգային-ազատագրական պայքարի` արցախեան շարժման, Պաքուն, անշուշտ` ոչ առանց Մոսկուայի իմացութեան ու թողտուութեան, լիովին հայաթափեց ԱդրԽՍՀ-ի գրեթէ ողջ տարածքը: Իրար յաջորդեցին Սումկայիթի, Կիրովապատ-Գանձակի, Պաքուի, Ազրպէյճանի միւս բոլոր քաղաքների ու շրջանների հայ բնակչութեան ջարդերն ու բռնատեղահանումները, որոնք ոչ այլ ինչ էին, եթէ ոչ` պետական մակարդակով հետեւողականօրէն ու նպատակասլաց իրականացուած ցեղասպանութիւն, փաստօրէն, երկրորդը 20-րդ դարում` օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան ու Արեւելեան Հայաստանում դարասկզբին իրագործուած հայոց Մեծ եղեռնից յետոյ: Յատկանշական է, որ, օրինակ, 1979թ. մարդահամարի տուեալներով, Ազրպէյճանում ապրում էր 475 հազար 500 հայ, սակայն 1988-1992թթ. հայկական ջարդերից ու բռնատեղահանումներից ի վեր այնտեղ հայ հաւաքականութիւն այլեւս գոյութիւն չունի: Չնայած, ըստ տարբեր աղբիւրների, ներկայիս Ազրպէյճանում բնակւում է 2-3 հազար (ազրպէյճանական աղբիւրների տուեալներով` 20-30 հազար) հայ, ընդ որում` գլխաւորապէս խառն ամուսնութիւնների արդիւնքում ստեղծուած ազրպէյճանական ընտանիքների կրօնափոխ ու անուանափոխ եղած կին անդամներ:
Մինչդեռ, հակառակ ազրպէյճանական վայ-գիտնականների շինծու պնդումներին, հայերը, այնուամենայնիւ, հնագոյն ժամանակներից են բնակուել մերձկասպեան Այսրկովկասում` ներկայիս Ազրպէյճանի Հանրապետութեան տարածքում: Ինչպէս վկայում է հայ եւ միջազգային պատմագրութիւնը, ներկայիս Ազրպէյճանի տարածքը, որն ընկած է Կուր գետի եւ Կովկասեան լեռնաշղթայի միջեւ, պատմականօրէն կազմել է Աղուանք երկիրը: Իսկ Կուրի եւ Արաքսի, ինչպէս նաեւ Կուրի ստորին հոսանքի եւ Կասպիական (այժմ` Թալիշի) լեռնաշղթայի միջեւ ընկած տարածքները կազմել են պատմական Հայաստանի Արցախ, Ուտիք եւ Փայտակարան, մասամբ` Սիւնիք եւ Այրարատ նահանգները: Ինչպէս յայտնի է, 387-ին, Մեծ Հայքի թագաւորութեան բաժանումից յետոյ, Պարսկաստանը Փայտակարան նահանգը կցել էր Ատրպատականին, իսկ Արցախ, Ուտիք նահանգներից եւ բուն Աղուանքից կազմել Աղուանից մարզպանութիւնը:
Անժխտելի պատմական իրողութիւն է, որ 5-րդ դարի վերջին հայ Առանշահիկների տոհմից Վաչագան Գ. Բարեպաշտը հիմնադրել է Արցախի թագաւորութիւնը, որն ընդգրկել է Արցախ եւ Ուտիք նահանգները, ինչպէս նաեւ` Կուր գետի ձախափնեայ մասում գտնուող Կամբեճան գաւառը: Ուշագրաւ է, որ 1949թ. Մինկեչաուրի տարածքում պեղումների ժամանակ յայտնաբերուել են հայկական եկեղեցու աւերակներ, որի շինարարական արձանագրութիւնը կրում է 640 թուականը: Արաբական տիրապետութեան ժամանակաշրջանում` 7-9-րդ դարերում, Արցախ եւ Ուտիք նահանգները վերամիաւորուել են Հայաստանին, իսկ 9-րդ դարի վերջին քառորդից մտել հայոց Բագրատունիների թագաւորութեան կազմի մէջ:
Վաղ միջնադարում բուն Աղուանքը, Փայտակարանը ենթարկուել են պարսից արքունիքին, 7-8-րդ դարերում` անցել արաբների տիրապետութեան տակ: Իսկ 9-րդ դարից սկսած` այս տարածքներում յայտնուել են տարբեր վաչկատուն ցեղեր, որոնք հաստատել են իրենց պետական կազմաւորումները: Ապա` 11-15 դարերում սելճուկեան թուրքերին փոխարինել են մոնկոլները, այնուհետեւ` թուրքմէնները եւ այլն: Սելճուկեան թուրքերի արշաւանքների ժամանակաշրջանում, որոնք տեղի են ունեցել
11-րդ դարի երկրորդ կէսին, վաչկատուն օղուզաթուրքմէնական մի շարք ցեղեր Միջին Ասիայից զանգուածաբար թափանցել են Ատրպատական եւ արեւելեան Այսրկովկաս: Հայերից զաւթած բերրի հողերը տրուել են սելճուկեան զինուորներին ու պաշտօնեաներին, որոնք դրանք մեծմասամբ վերածել են արօտավայրերի: Ըստ հայկական աղբիւրների, «թուրքմանք» հաւաքական անունով կոչուող իսլամադաւան ցեղերի հոսքն ուժեղացել է յատկապէս թաթար-մոնկոլական տիրապետութեան հաստատումից յետոյ` 13-րդ դարի կէսերին եւ շարունակուել մինչեւ 17-րդ դարը:
Արեւելեան Այսրկովկասը 16-18-րդ դարերում յայտնուել է մերթ Սեֆեան Պարսկաստանի, մերթ Օսմանեան կայսրութեան գերիշխանութեան ներքոյ: Տեղաբնիկ հայերը մասամբ կոտորուել են, շատերը չդիմանալով հրոսակների խժդժութիւններին` մղուել են լեռնային շրջաններ կամ արտագաղթել օտար երկրներ: Մեծաթիւ հայեր բռնի կրօնափոխուել են: Այնուամենայնիւ, ինչպէս վկայում են պատմական տուեալները, Կուրի ձախափնեակում, Ապշերոնեան թերակղզում եղել են հայերի հոծ համայնքներ: Ի դէպ, մինչեւ 1988թթ. կէսերը բնակուելով Պաքւում` ինքս անձամբ ականատես եմ եղել այդ թերակղզու Պուզովնա, Մարտաքեան եւ այլ ազրպէյճանական գիւղերի մերձակայքում փռուած հայկական գերեզմանատներ, որոնք, կարելի է ենթադրել, այլեւս աւերուել, հողին են հաւասարացուել 90-ականներին: Արէշ-Արաշ բնակավայրում, որ, գտնուելով առեւտրական բանուկ ճանապարհների խաչմերուկում ու լինելով խոշոր առեւտրական կեդրոն, կոչւում էր նաեւ Էրմանի բազար` Հայկական շուկայ, 17-րդ դարի օսմանցի ճանապարհորդ Էւլիյա Չելեպիի վկայութեամբ, 1640-ին եղել են 10 հազար հողածածկ տուն, 40 փողոց, 800 խանութ, 16 բաղնիք եւ այլն:
Երկրամասի հայ բնակչութիւնը յայտնուելով այլազգի տարբեր իշխողների վարչական ենթակայութեան ներքոյ` հարկադրաբար կատարել է նրանց կողմից սահմանուած օրէնքներն ու հրամանները: Այդուհանդերձ, ներքին ազգային կեանքում հայերն առաջնորդուել են Հայ եկեղեցու կանոններով եւ օրէնքի ուժ ստացած աւանդոյթներով: Միջնադարում գործել է մելիքական սահմանակարգը, վիմագրերում յիշատակւում են նաեւ տանուտէր, աղա, բեկ, եուզպաշի անուանումները, որոնք որոշակի հասարակական-տնտեսական յարաբերութիւնների վկայութիւն են, մասնաւորապէս` գիւղական համայնքների աւագանու, տանուտէրերի գոյութեան եւ այլն:
1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի արդիւնքում հարաւարեւելեան Այսրկովկասը միացուել է Ռուսաստանին: Վերացուել են Պարսկաստանին ենթակայ Պաքուի, Ղուպայի, Դերբենդի, Շիրվանի կամ Շամախու, Շաքիի խանութիւնները: Այդ տարածաշրջանում 1846-ին ստեղծուել է Շամախու նահանգը, որ 13 տարի անց` 1859-ին վերանուանուել է Պաքուի նահանգ: Շաքիի եւ Արէշի գաւառները ցարական կառավարութիւնը որոշակի քաղաքական նկատառումներով մտցրել է Կուրի աջափնեակում` բուն Հայաստանում կազմաւորուած Ելիզաւէտպոլի նահանգի մէջ:
Արեւելեան Այսրկովկասը Ռուսական կայսրութեանը միացնելուց յետոյ տեղի հայութիւնը, բնականաբար, ենթարկուել է կայսրութեան օրէնքներին, սակայն ներքին ազգային կեանքում պահպանել է աւանդոյթները: Ռուսաստանի տիրապետութիւնն առարկայականօրէն ապահովել է բուն Աղուանքի եւ Ապշերոնեան թերակղզու հայութեան ֆիզիքական անվտանգ գոյութիւնը: Երկրամասում աշխուժացել է տնտեսական կեանքը:
19-րդ դարի երկրորդ կէսին Ապշերոնեան թերակղզում յայտնաբերուած նաւթը վճռորոշ նշանակութիւն է ունեցել տարածաշրջանի տնտեսական աննախադէպ վերելքի համար: Հայ արդիւնաբերողները` Մանթաշեան, Փիթոյեւ եղբայրներ, Տէր Ակոպով, Տէր Մարգարեան եւ այլք մեծ դեր են խաղացել Ապշերոնեան թերակղզու նաւթի արդիւնահանման եւ վաճառքի կազմակերպման գործում: Նրանք են կառուցել Պաքու-Պաթում առաջին նաւթամուղը: Կասպից ծովում բեռնափոխադրումներ են կատարուել պաքուեցի հայ մեծահարուստների «Մասիս», «Արարատ», «Անի», «Սեւան», «Սիւնիք» եւ հայանուն այլ նաւեր: Հայ վաճառականները նպաստել են Պաքուի առեւտրի կազմակերպմանն ու միջազգային տնտեսական կապերի զարգացմանը: Ծաղկում են ապրել շրջանի հայութեան տնտեսութեան աւանդական ճիւղերը` շերամապահութիւնն ու մետքասագործութիւնը, այգեգործութիւնը, խաղողագործութիւնը, արհեստները:
Տնտեսական վիճակի բարելաւմանը զուգընթաց, աշխուժացել է նաեւ երկրամասի հայաբնակ շրջանների մշակութային կեանքը: Հիմնուել են ազգային կեանքը կազմակերպող բարեգործական, մշակութային, լուսաւորական միութիւններ, բացուել դպրոցներ, գրադարաններ, հրատարակուել գրականութիւն եւ մամուլ: 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին Ազրպէյճանի հայութեան միջավայրում գործել են Ռուսական կայսրութիւնում գոյութիւն ունեցող բոլոր ազդեցիկ կուսակցութիւնների տեղական կազմակերպութիւնները: Հայ յեղափոխական դաշնակցութիւն եւ Սոցիալ-դեմոկրատական հնչակեան կուսակցութիւնները նշանակալի դեր են խաղացել տեղի հայութեան կեանքում: Մասնաւորապէս` 1905-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հայերի ինքնապաշտպանութիւնը կազմակերպել եւ ղեկավարել է ՀՅԴ-ն: 1918-ի ամրանը, երբ օսմանեան թուրքերը ներխուժել են Անդրկովկաս եւ շարժուել դէպի Պաքու` հրի ու սրի մատնելով հայկական գիւղերը, հանդիպել են Պաքուի կոմունայի զօրքերի դիմադրութեանը, որոնց առաջին շարքերում կռւում էին հայկական զօրամասերը:
1918-20թթ. Ազրպէյճանում մուսաւաթական իշխանութեան տիրապետութեան ժամանակ հայերը կրել են մարդկային եւ նիւթական մեծ կորուստներ: Մասնաւորապէս 1918 թուականի սեպտեմբերի 15-ին ներխուժելով Պաքու, թուրքական եւ մուսաւաթական միացեալ ուժերը կազմակերպեցին քաղաքի հայ բնակչութեան եւ այդտեղ կուտակուած գաղթականութեան սպանդը` կոտորելով աւելի քան 30 հազար մարդու: 1920-ի ապրիլի 28-ին Ազրպէյճանում հաստատուեցին խորհրդային կարգեր: Իսկ 1991-ի օգոստոսի 28-ին Ազրպէյճանը հռչակուեց անկախ հանրապետութիւն:
Ինչպէս յայտնի է, Խորհրդային Միութիւնում, այդ թուում` Ազրպէյճանական ԽՍՀ-ում, առաջին մարդահամարն անց է կացուել 1926թ., իսկ վերջին անգամ` 1989-ին: Յայտնի է նաեւ, որ առաջին մարդահամարի ժամանակ դեռ չէր կիրառւում «ազրպէյճանցի» եզրը, այդ ցեղին անուանում էին «թիւրքեր», իսկ ժամանակակից թուրքերին` «թիւրք-օսմաններ»: Եւ ահա` առաջին մարդահամարի արդիւնքներով` թիւրք-ազրպէյճանցիները կազմում էին այդ միութենական հանրապետութեան բնակչութեան 62,13 տոկոսը` 1 միլիոն 437 հազար 977 մարդ, իսկ 1989-ին` 5 միլիոն 804 հազար 980 մարդ, կամ` 82, 68 տոկոս, այսինքն` 4 անգամ աւելի, քան առաջին մարդահամարի ժամանակ էր: Ընդ որում, հարկ է նշել, որ 1989 թուականի մարդահամարի ժամանակ ազրպէյճանցի անուանակարգում ընդգրկուած էր նաեւ թալիշների. լեզգիների, աւարների, ցախուրների, փադարների, թաթերի, մահմետական դաւանանքի այլ ազգային փոքրամասնութիւնների մեծագոյն մասը, իսկ քրտերը` ամբողջութեամբ:
Հայերի թիւը 1926-ին 282 հազար էր, 1989-ին` 390 հազար 505, բնակչութեան ընդհանուր թուաքանակում, համապատասխանաբար` 12, 18 տոկոս եւ 5,5 տոկոս: Հայերի բնական աճը, ինչպէս տեսնում ենք, մէկուկէս տոկոսից էլ քիչ էր, ինչը բացատրւում է առաջին եւ վերջին մարդահամարների միջակայքում` 63 տարուայ ընթացքում, Ազրպէյճանում տիրած հայատեացութեան եւ անհանդուրժողականութեան մթնոլորտի պայմաններում այդ հանրապետութիւնից հայութեան վիթխարի արտահոսքով, առանձնապէս` 1988թ. փետրուարին Սումկայիթում սկիզբ առած եւ հետագայ ամիսներին Ազրպէյճանի ամբողջ տարածքում ծաւալուած հայերի զանգուածային ջարդերով, տեղահանութեամբ ու բռնագաղթով, ինչի արդիւնքում փախստականների մեծ մասը` շուրջ 350 հազար մարդ, բնակութիւն է հաստատել Հայաստանում, մի մասն էլ Ռուսաստանում եւ այլ երկրներում: Մինչ այդ` 1960-70-ականներին գրեթէ հայաթափուել էին Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնը, Ղազախի, Զաքաթալայի եւ այլ շրջաններ:
Պաքւում ինչքան էլ փորձեն ժխտել, այնուամենայնիւ, հայերը մեծ աւանդ են ներդրել Ազրպէյճանի տնտեսութեան, ճարտարապետութեան, շինարարութեան, գիտութեան, կրթութեան, արուեստի եւ մարզական բնագաւառներում: Մեծապէս հայերի անմիջական եւ գործուն մասնակցութեամբ են կառուցապատուել ու բարեկարգուել Պաքուն, Կիրովապատ-Գանձակը, ինչպէս նաեւ` Սումկայիթ, Մինկեչաուր, Ալի-Պայրամլի նորակերտ խոշոր արդիւնաբերական կեդրոնները, գործարկուել տարաբնոյթ արտադրական հզօրութիւններ: Հայերն Ազրպէյճանում գիտութեան եւ արուեստի անուանի գործիչներ էին, ճարտարապետներ, շինարարներ, արհեստաւորներ, բժիշկներ, ճարտարագէտներ, արդիւնաբերական ու գիւղատնտեսական արտադրութեան հմուտ կազմակերպիչներ եւ այլն: Փաստօրէն, չկար կենսագործունէութեան մի այնպիսի բնագաւառ կամ ոլորտ, որտեղ ակնառու չլինէր հայկական ստեղծագործ մտքի, արարիչ ձեռքի հետքը:
1990 թուականի յունուարի13-20-ը Պաքւում հնչեց Ազրպէյճանում ամենայն դաժանութեամբ իրականացուած հայկական ջարդերի վերջին աքորտը, եւ հայերի վերջին մոհիկանները ստիպուած եղան լքել իրենց շէն օճախները` գազանաբարոյ, արիւնռուշտ ամբոխին թողնելով իրենց իսկ տաղանդի ուժով քանի՜-քանի՛ սերունդ շարունակ կերտուած ծովափնեայ այդ քաղաքը: Եւ այսօր նոյն այդ երախտամոռ ու մանկուրտացած քաղաքից հնչում են տարածաշրջանում հայութեան բազմադարեայ ներկայութիւնը, հայոց թողած վիթխարի աւանդը ժխտող ու բացասող հերիւրանքներ, աւելի՛ն, ռազմաշունչ յոխորտանքներ հայութեան հասցէին, երեւի թէ մոռացած ժողովրդական իմաստութիւնն առ այն, որ ուրիշի ոտի տակ փոս փորողը սովորաբար հէնց ինքն է ընկնում մէջը:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար


