ՆԱՐԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
բ.գ.թ., դոցենտ
Բայց եւ Չարենցը սուր տագնապներ, ջղաձգումներ է ունենում, որովհետեւ ցնդել, առասպել են դարձել ե՛ւ իրական ծննդավայրը, ե՛ւ պատմութիւնը, ե՛ւ ազգային գաղափարաբանութիւնը: Ստացւում է, որ զուր խաբկանք է եղել ամէն ինչ, ուղեղային մշուշ, սրտի հիւանդութիւն: Բայց հոգեկան ուժգին մակընթացութեանը երբ յաջորդում է սթափ տեղատուութիւնը, Չարենցը հակասում է նորից ինքն իրեն` գրելով. «Նրան, միայն նրա՛ն, այսինքն ոչ թէ Մազութի Համոյին, այլ նրա հանճարեղագոյն ուղեղին էր, այո՛, պարտական նայիրեան այդ քաղաքը իր երկրային գոյութեամբ, եւ առանց նրա, այսինքն ոչ թէ Մազութի Համոյի, այլ նրա ուղեղի, չէր կարող գոյութիւն ունենալ, անգամ մի երկվայրկեան ապրել ոչ միայն նայիրեան այդ քաղաքը, այլեւ ամբողջապէս հէնց ինքը` երկիրը Նայիրի՛: Չե՞ս հաւատում: Նայիր շուրջդ ապա. ո՞ւր է մեր նկարագրած քաղաքը, ո՞ւր են նրա բնակիչները: Չկան, ծուխ են դարձել, ցնդել են մշուշում. դարձել են մուժ ու յիշատակ: Ինչո՞ւ: Որովհետեւ չկայ, այլեւս ցնդել է մշուշում Մազութի Համոյի ուղեղը. չկայ. մուժ է դարձել. դարձել է մշուշ ու յիշատակ»:
Վէպի երրորդ մասում Չարենցը գաղտնազերծում է մեր ազգային ողբերգութեան բուն ակունքները, ասելիքը հրապարակում ոչ ենթաշերտով, այլ` ուղղակիօրէն: Այստեղ է, որ Չարենցն, ի վերջոյ, տալիս է քաղաքական պատասխանը ուղեղամորմոք այն հարցի, թէ ինչո՞ւ ընկաւ երկիր Նայիրին: Ճշմարտութիւնն այդ տարիներին հրապարակաւ ասելու եւ իր քաղաքական վերաբերմունքն ի լուր ամէնքի հռչակելու համար առնուազն պէտք էր սխրանքի գնալ: Պատմական հաւաստիութեամբ Չարենցը ներկայացնում է հայրենիքի կորուստի քաղաքական հիմնապատճառները` ուղղակի ազգային դաւաճանութիւն որակելով այդ օրերին հայ պոլշեւիկների գործունէութիւնը` ի դէմս վէպի պոլշեւիկ հերոսների` օր. Սաթոյի, Կարօ Դարայեանի եւ Մարուքէ Դրաստամատեանի: Վէպի այս մասում է նաեւ, որ Չարենցը բացայայտում է իր գլխաւոր հերոսի` Մազութի Համոյի ողբերգական կերպարը: Ազգային նպատակի իրագործման ճանապարհին Չարենցի հերոսը յանուն Նայիրիի արտասովոր ինքնազոհողութեան է գնում. Համոն սեփական աչքերով տեսնում է քաղաքի ռուս պարէտին իր կնոջ հետ իր իսկ ննջասենեակում: Երերւում է վստահութիւնը, բայց Համոն տագնապում է նախ` Նայիրիի համար. նա, ում հետ Մազութի Համոն պիտի ազատագրի երկիր հայրենին, բռնաբարում է իր ընտանեկան սրբութիւնը, եւ դա` ճակատագրական այն պահին, երբ, ինչպէս Չարենցն է գրում, «ուղեղայինն արդէն երկրայինի պիտի փոխուէր. ուղեղայինը պիտի իրականանար»: Ճիշդ այդպէս բռնաբարւում է նաեւ Մազութի Համոյի ազգային սրբութիւնը: «Քաղաքական իրադրութիւնն ինքնին դառնում է զաւեշտական,- նկատում է Դ. Գասպարեանը,- եւ մահաշունչ ծաղրը տարածւում է ամէն ինչի վրայ: Ուղեղային եղջիւրներից մինչեւ ամուսնադաւութեան պոզեր մի քայլ է միայն ոչ միայն Համոյի համար, այլեւ` ամբողջ երկրի»:
Ռուսական զօրքերը, ըստ Չարենցի, 1914 թ. առաջ շարժուելով եւ նահանջելով Արեւմտահայաստանից, մեծ կորուստներ պատճառեցին` արեւմտահայութեանը թողնելով դարաւոր թշնամու եաթաղանի դիմաց. «Ձիերը, քարացած նիոբէների նման, տեղերում մնացին» /123/: Չարենցի ակնարկած Նիոբէն Մազութի Համոն է, յունական առասպելի` զաւակներին կորցրած մայրը, որ կերպարանափոխւում է արցունք թափող քարի:
Վէպում Չարենցի խոհերը շատ դէպքում արտայայտում է Մազութի Համոն: Ահա նորից շրջւում են քաղաքական խաղաթղթերը, ցարական զօրքերը վերագրաւում են «երազեալ վայրերը»` հասնելով մինչեւ Էրզրում. կատարւում է Մազութի Համոյի կանխատեսումը, բայց բաւականին ուշ, մեծ կորուստներից յետոյ. «Ինչո՞ւ հնարաւոր չէր Էրզրումի գրաւումը «եօթ» օրից. ո՞վ էր խանգարողը: Ո՞վ կար դէմը կեցած, ի՞նչ զօրաւոր ուժ. ռազմի ի՞նչ կարողութիւն… Ո՞վ, ո՞վ վերցրեց Վանը, եթէ ոչ` Նայիրեան բանակը. ո՞վ վերցրեց նոյն Էրզրումը… «սրիկանե՛ր, լրբե՛ր, դաւաճաննե՛ր», փրփուրը բերանին որոտում էր յաճախ` ձեռքը սեղանին խփելով, Տեղական Կոմիտէի նիստերին Մազութի Համոն»:
Ա. Համաշխարհային պատերազմի աւարտը, ըստ Չարենցի վէպի, ազգային հեռանկարներ է ընձեռում Նայիրիի համար: Դարաւոր ոսոխը ծնկի էր եկել, թուում էր` հասել է մեր ժողովրդի արեան հատուցման պահը, մարմնաւորւում, իրականութիւն էր դառնում երազեալ Նայիրին: Բայց վրայ է հասնում 1917 թ. ռուսական յեղափոխութիւնը եւ խորտակում ազգային վերջին հեռանկարները: Ռուսական յեղափոխութիւնից էլ հէնց Չարենցն սկսում է երկիր Նայիրիի կորուստի պատմութիւնը: Ցարական զօրքերը հետ են կանչւում Արեւմտահայաստանից` հայ կամաւորներին թողնելով միայնակ: Բայց ռազմաճակատը քայքայող մեծագոյն չարիքը, ինչպէս Չարենցն է փաստում, «դեզերտիրութիւնն» էր: Չարենցը մերկացնում է հայ պոլշեւիկների ազգուրաց գործունէութիւնը, ինչի արդիւնքում ջլատւում են նայիրեան բանակի խանդավառ շարքերը, եւ սկսւում է դասալիքութեան, նահանջի եւ ազգային կորուստների կորստաբեր ուղին:
Չարենցի պոլշեւիկ հերոսները ընդյատակեայ միջոցներով, զրպարտութիւններով, ստայօդ խոստումներով դասալքութիւն են քարոզում կռուող կամաւորների եւ ժողովրդի շարքերում` առաջխաղացում ապահովելով դարաւոր ոսոխի համար: Եւ ի՞նչ էին տարածում նրանք հայրենիքի ազատագրման նուիրեալների` Մազութի Համոյի եւ նրա գաղափարակիցների մասին. իբր Մազութի Համոն իր «Լոյս» նաւթարդիւնաբերութիւնից աբոզներով նաւթ է վաճառել դարաւոր ոսոխին եւ ոսկիներ դիզել իր ժողովրդի արեան հաշուին, իբր բժիշկ Սերգէ Կասպարիչը սպաննել է իր հիւանդ կնոջը, որպէսզի ազատուի նրանից, եւ որ նա նայիրեան գեղեցկուհիներ է մատակարարել գաղտնի բաժանմունքի վարիչին:
Չարենցը բազմիցս հերքում է նման տեղեկութիւնների իրաւացիութիւնը, մատնանշում այդ խայտառակ, նենգամիտ զրպարտութիւնների հեղինակներին. «Այսպիսի ահա չլսուած ամբաստանութիւններ կային իրա` Համօ Համբարձումովիչի եւ բժիշկ Սերգէ Կասպարիչի հասցէին այդ միֆական նամակում, եւ մենք չենք կասկածում, որ այդ միֆական նամակը հետեւանք չէր օր. Սաթոյի փչացած ուղեղի: Այո՛, ես չեմ էլ կասկածում,որ այդ միֆական նամակը կարող էր այլ աղբիւր ունենալ, քան` օր. Սաթոյի փչացած ուղեղը` որ ի բնէ փչացած լինելուց բացի` տարիներ շարունակ կրել էր իր վրայ մի աւելի ես փչացած, աւելի քան շնական ուղեղի, պ. Մարուքէի ուղեղի ազդեցութիւնը»:
Ահա պատմական ամբողջ դառը ճշմարտութիւնը` Չարենցի անկաշառ մեկնաբանութեամբ. «Ամէն ինչ փոխուել էր եւ ընդունել միանգամայն նայիրեան կերպարանք: Նայիրին էր, հին, երազեալ, յաւիտենական Նայիրին, որ տարիների մուժից, մշուշից ելած` առել էր իրական կերպարանք: Եւ ամէն ինչ լաւ էր գնում, նոյնիսկ կարելի է ասել, որ կատարեալ հանգիստ ու խաղաղութիւն կը տիրէր նայիրեան այդ քաղաքում եւ շրջանում, եթէ չլինէին մի շարք ստոր, անպատկառ, նայիրադաւաճան մարդիկ, որոնք խանգարում էին նորաստեղծ նայիրապետութեան հանգիստը: Եւ ով գիտէ` կը կատարուէի՞ն արդեօք հետագայ դժբախտ ու ահաւոր դէպքերը, եթէ չլինէին այդ ստոր, անպատկառ, նայիրադաւաճան մարդիկ: Երեւակայո՞ւմ էք` դրանք, այդ ստոր, դաւաճան, անպատկառ մարդիկ, դէմ էին «գրաւուած վայրերի» պաշտպանութեան. ինչ-որ խաղաղութիւն էին պահանջում այդ ստոր, դաւաճան, ազգուրաց մարդիկ, երբ դեռ չէր գետնահարուած ոսոխը. աւելի՛ն, երբ իր վերջին յորդաները հաւաքած` թափթփուկ բանակներով պատրաստւում էր «գրաւուած վայրերը» խուժել, վերստին հրի ու սրի մատնել այնքան դժուարութիւններով վերջապէս ազատագրուած երկիրը Նայիրի… Օ՜է, ոչ մի անուն չէր կարելի դնել այդ նայիրուրաց տխմարութեանը, քան այն անունը, որ դրել էր Տեղական Կոմիտէն, ո՛չ, «ընկերութիւնն» ինքը. եւ այդ անունն էր, ինչպէս քանիցս կրկնել ենք ի միջի այլոց, «ազգային դաւաճանութիւնը»…եւ ովքե՞ր էին դրանք, եւ ո՞վ էր դրանց ղեկավարը. արիւնարբու մի սկիւթ, ռսացած մի մոնղոլ, մի գերմանական լրտես, որ պլոմբած վակոնով հայրենիք վերադարձած` չին զօրքերու եւ անվարտիք աւարաներու օգնութեամբ ներսերում խլել էր արդէն իշխանութիւնն ու յանձնել այն գերմանացիներին` այսպիսով գլուխ բերելով իր այն խոստումը, որ տուել էր արիւնարբու Վիլհելմ կայսեր…»:
Չարենցը բացայայտում է իր օրերի պատմութեան մութ փակագծերը, հայհոյում եւ վերստին հայհոյում նրանց, որ գետնահարեցին մեր դարերի վաստակը` ազգային պետականութիւնը` 1918 թ. Հայաստանի անկախ հանրապետութիւնը:
Խորհրդահայ չարենցագիտութիւնը շրջանցել է այս ամէնը, պոլշեւիկների վիպական կերպաւորման պատմական նախահիմքերը: «Ըստ երեւոյթին,- գտնում է գրականագէտ Հ. Թամրազեանը,- իսկական պոլշեւիկների գործն ու պայքարը չէր յարմարւում երգիծական վէպի մտայղացմանը: Պ. Մարուքէն, ըստ էութեան, իր ընկերակիցների հետ միասին, մնում է որպէս Դաշնակցութեան անպրինցիպ հակառակորդ: Բայց նրանց միջոցով Չարենցը կատարում է որոշ մերկացումներ, բացում դաշնակցութեան գործունէութեան մութ կէտերը»:
Իւրայինների մատնութեամբ գերեվարւում է արդէն ազատագրուած Նայիրին, ոսոխի թափթփուկ յորդաները հասնում են մինչեւ Կարս: Մազութի Համոն գերմարդկային ճիգեր է գործադրում, հրատապ միջոցներ ձեռնարկում դեռ հնարաւոր փրկութեան համար, բայց կործանումն անդարձ էր. «Յաւիտենական Հիւանդի յորդաներից սարսած, Մահամերձի թափթփուկ բանակներից սարսափահար` նախիրների նման պուկ տուին նայիրեան բանակները»: Կարսի բերդում առանց զօրքի մնացած Մազութի Համոն ողբում է` կեղեքելով իրեն. «Ո՞ւր է, ո՞ւր է ուժը, ո՞ւր է կորովը հնամեայ նայիրեան ցեղի. ո՞ւր է երկաթէ բռունցքը… Ո՞ւր է,- հարցնում էր` դառնացած Եհովայի նման մազերը պոկելով, Մազութի Համոն. բայց պատասխան չկար. բերդի հազարամեայ, մռայլ պարիսպներն էին միայն լուռ նայում Մազութի Համոյին, վերջին այդ արքայակերպ նայիրցուն»: Ոսոխը մտնում է արդէն վառուող քաղաքի դարպասներից ներս, սրի քաշում բերդաքաղաքում մնացած բնակչութեանը: Մինչեւ վերջին վայրկեանը իրենց դիրքերի վրայ, եռագոյն դրօշին հաւատարիմ, մնում են Մազութի Համոն, ընկ.Վառօդեանը, Սերգէ Կասպարիչը: Բերդի աշտարակի ամենաբարձր մասում` եռագոյնի կողքին, նրանք գերեվարւում են եւ, զարհուրելի գանահարանքի ենթարկուելով` խաչելութեան հանւում այն հեռագրասիւների վրայ, որոնք մի քանի օր առաջ կանգնեցրել էին հայրենիքի դասալիքների համար: Չարենցն իր պատմութիւնն աւարտում է խորհրդանշական պատկերով. Մազութի Համոյի գլխավերեւում ոսոխը մի տախտակ է փակցնում` վրան նայիրեան տառերով գրուած` Մ.Հ.ԱՅ.Ն., որ նշանակում է` Մազութի Համօ` Արքայ Նայիրի: Ճիշդ այդպէս, իւրայինների կողմից մատնուելով, խաչելութեան էր հանուել մարդկութեան փրկիչը` Քրիստոսը, եւ խաչուած Քրիստոսի գլխավերեւում եւս գրուած էր` Յ.Ն.ԱՅ.Հ., այսինքն` Յիսուս Նազովրեցի` Արքայ Հրէից:
Ի դէպ, Դաշնակցութեան եւ Քրիստոսի խորհրդանշական պատկեր-անդրադարձն առկայ է ոչ միայն Չարենցի վէպում, այլեւ` դարասկզբի հայ մտքի պատմութեան մէջ. «Ինչպէս Նազովրեցու մեծութիւնը նրա մէջ չէ, որ պատմութեան մէջ մի քանի փաստեր թողեց, այլ որ զգայապաշտ մարդկութեան նոր իտէալներ տուաւ եւ մի այլ աշխարհի կարօտով հոգիները վառեց,- գրում է Նժդեհը,- այնպէս էլ մեր նորագոյն պատմութեան այս հերոսներն ու առաքեալները արժէք դարձան ոչ թէ իրենց յաջող կամ անյաջող կռիւներով, այլ նրանով, որ առաքինութիւնների մի նոր տախտակ դրին իրենց ժողովրդի առջեւ»:
Չարենցի քաղաքական վերաբերմունքի տեսանկիւնից կարեւոր է նաեւ վէպի վերջաբանը: Խօսքի մի առիթով համբակ անուանելով իրեն` Չարենցը Նայիրիի մասին խօսքը վերջացնում է ողբերգաերգիծական երանգով. «Նայիրոմազութիհամոյական» գարի, «որ տեսել էր մի անգամ երկարականջ քեռին իր այն նշանաւոր երազում»: Այսինքն Նայիրին որպէս նուիրական վերջնանպատակ յարակայում է ոչ միայն Դաշնակցութեան գաղափարաբանութեան, այլեւ իր` Չարենցի գործի գաղափարի մէջ:
«Երկիր Նայիրի»-ն գրականագիտութեան մէջ շատ է համեմատուել Աբովեանի «Վէրք Հայաստանի»-ի հետ: Այդ առթիւ Ս. Աղաբաբեանը գրում է. «Չարենցը նոյնպէս գործ ունէր բացուած վէրքերի հետ, բայց նա տեսաւ նաեւ ազգային վերածնութեան սկիզբը, ուստի եւ պէտք էր դիմէր զրնգուն, ցնծագին ուրախութեան ոճին»:
Չկիսելով անուանի գրականագէտի այս դիտարկումը եւ մի կողմ թողնելով գրական բոլոր առնչութիւնները` նշենք միայն, որ «Վէրք Հայաստանի»-ն եւ «Երկիր Նայիրի»-ն խաբուած ու ստրկութեան դատապարտուած ժողովրդի պատմութեան ողբերգեր են, ազգային վէրքի խոր հառաչանքներ: Խորհրդային տիրապետութեամբ չի վերջանում Չարենցի ողբը, ինչպէս չէր վերջանում Աբովեանի ողբը ռուսական տիրապետութեամբ: Ինքը` Չարենցը, վէպում ընդգծուած տառատեսակով գրել է. «Խաչատուր Աբովեանը «Վէրք Հայաստանի, ողբ հայրենասէրի» իր յայտնի վէպում պատմում է, թէ ինչպէս լիդիացուոց Կրեսոս թագաւորի համր լեզուն բացւում է մայրենի լեզուի հրաշալի հրաշքով: Իմաստն այն է, որ հայրենազուրկ մարդու գոյութիւնը մի վէրք է, մի եարա, իսկ մայրենի լեզուն` հրաշարար պալսամ»:
Կայ կորուսեալ հայրենիքը, կայ նաեւ կորուսեալ հայրենիքի լեզուն` որպէս կորուստի յիշողութիւն, ինքնութեան ակունք, հոգեւոր հիմք ու սկիզբ վերագտնումի: Չմոռանանք, որ «Երկիր Նայիրի» վէպը հիմնաքար եղաւ կորուսեալ հայրենիքի գրականութեան ստեղծման ճանապարհին:
Ի՞նչը մղեց, սակայն, նայիրապաշտ պոէտին «Երկիր Նայիրի»-ից հինգ տարի անց` 1929 թ., նայիրադաւան կուսակցութեանը յղելու «դաշնակցականներին» բանաստեղծութիւնը. ահաւասիկ մի հարց, որի պատասխանը կեանքի ուղենիշի նման կախւում էր ոչ միայն այն տարիների քաղաքական ուղեգծի, այլեւ Նայիրիի կորուստի հարցականը որոնող բանաստեղծի մորմոքուած ուղեղի վրայ: Առաջին հայեացքից կարող է թուալ, թէ Չարենցը տուրք է տուել ժամանակի հակադաշնակցական քաղաքականութեանը, մանաւանդ որ իր դէմ նացիոնալիստական մեղադրանքներ էին ուղղում: Բայց դեռ հարց է` իր ենթաբնագրով ո՞ւմ դէմ է ուղղուած բանաստեղծութիւնը: Մեր համոզմամբ, Չարենցը բանաստեղծութեան ենթախորքում դրել է իշխող վարչակարգի գաղափարախօսութիւնը եւ այդ գաղափարախօսութեանը հլու համակերպուած սերունդի հոգեբանութիւնը.
– Մեզ ասին նրանք, որ կեանք մի վսեմ
Կերտելու համար հարկաւոր է նախ
Ձեր դէմ մահացու պայքար սկսել,
Ձեզանից լինել հեռու եւ անկախ…
Պարզ է դառնում, թէ իշխող կուսակցութիւնն ինչ քարոզչութեամբ էր ժողովրդի թշնամի հռչակում ազգային կուսակցութեանը` իր ամբողջ համակարգով գործելով նրա գաղափարախօսութիւնը խեղաթիւրելու, ոչնչացնելու ուղղութեամբ: Բանաստեղծութեան վերջում Չարենցը գրում է, թէ` «երգում է քնարն իմ պղնձաձոյլ»: Շատ չանցած` Չարենցը հրաժարուեց այդ քնարից եւ կրկին կանգնեց դասական արուեստի մայրուղու վրայ: Այդպէս էլ վերնագրեց յաջորդ գիրքը` «Գիրք ճանապարհի», որ նաեւ իր կեանքի ճանապարհի խոհերի գիրքն էր:
1933 թ., կրկին անդրադառնալով «դաշնակցականներին» բանաստեղծութեանը, Չարենցը գրում է «Սոնետ»-ը` բնաբան ընտրելով առաջինի «օ՜, դուք ողբալի` պնակալէզներ» տողը: Նշենք, որ «Գիրք ճանապարհի»-ի «արուեստ քերթութեան» շարքն սկսող այս բանաստեղծութիւնը նախորդում է «NOSTALGIA» երկմասանոց բանաստեղծութեանը, nostalgia կամ կարօտախտ` հեռւում մնացած հայրենիքի հանդէպ: Հայրենիքի ճակատագրով տառապեալ պոէտը մի ձեռքով հոգով երգում էր այն, ինչի ուխտաւորն էր Դաշնակցութիւնը, միւս ձեռքով քննադատում Դաշնակցութեանը: Դա լաւագոյնս յիշեցնում է հաւատաքննող միջնադարի` եկեղեցական քարացած տոկմաների ու աւանդական միօրինակութեան ժամանակահատուածը, երբ բանաստեղծները կեանքի կարօտը երգելու համար Աստծու ներբողը պիտի ասէին:
Այն խոհերն ու ապրումները, որ արտայայտում է դեռ 1925-ին գրուած «հանգուցեալ պարոնը կամ պարոն հանգուցեալը» պատմուածքի դաշնակցական հերոսը, նաեւ Չարենցինն են: Հռոմում Չարենցը, որին հաւատացրել էին, թէ դաշնակցականը մեռած է, գերեզմանուած, հանդիպում է «հանգուցեալ պարոնին»` նոյնացնելով նրան յարեալ Քրիստոսին: Ամբողջ պատմուածքում ենթազգացւում է Չարենցի զսպուած համակրանքը Դաշնակցութեան հանդէպ: Ասելիքը դնելով խորքում` Չարենցը պատմուածքն աւարտում է Դաշնակցութեան չհիմնաւորուած քննադատութեամբ` իր վերաբերմունքը չբացայայտելու համար:
1933 թ. գրած «մահուան տեսիլէ պոէմում, Չարենցը, ուրուագծելով հայ ազգային-ազատագրական շարժման նուիրեալների ողբերգական ու վսեմ կերպարները` Րաֆֆի, Խրիմեան Հայրիկ, Քրիստափոր Միքայէլեան, Սիմոն Զաւարեան, Ռոստոմ Զօրեան, Սիամանթօ, Վարուժան, Ահարոնեան, Խաժակ եւ ուրիշներ, չհակասելով ինքն իրեն եւ պատմական ճշմարտութեանը` Դաշնակցութեան հիմնադիր-խորհրդանիշներից մէկի` Քրիստափոր Միքայէլեանի մասին գրում է.
Ես սրտի փոխարէն ունէի իմ կրծքում պողպատ զսպանակ,
Անծանօթ էր կեանքում ինձ համար ամենայն վարանում ու մահ,
Մեր երկրի արի այրերից կազմեցի ես մեծ մի բանակ,
Եւ մեր սեւ դրօշի վրայ գրեցի «հայրենիք կամ մահ»:
Գնացին նոքա, այդ արի զինուորները, Երկիրն Աւետեաց,
Տիրում էր այնտեղ բռնութիւն, ե՛ւ ոճիր, ե՛ւ կեանք անազատ.
Գնացին նոքա` սրբելու մեր դէմքից նախատինք ու լաց,
Բայց երկիրն արեամբ ողողեց տագնապած Արքան այն գազան:
… Ես գլուխս դարձրի այնժամ դժոխքի մի գոռ մեքենայ,
Բայց դժբախտ փորձի ժամանակ Արքայից հեռու նա պայթեց,
Եւ խփեց-խորտակեց նա ինձ… Իսկ Արքան կենդանի մնաց,
Եւ, իբրեւ դեւի տրիտուր, նախճիրներ նիւթեց ու ջարդեր…
Եւ մնաց նա կենդանի…կենդանի նա մնաց…վա՜յ ինձ…
Աշխարհից հեռացայ ես այսպէս` իմ ուխտը թողած անկատար…
Այս խոր ըմբռնումն ու ներքին պատկառանքը Չարենցն ունէր Դաշնակցութեան հանդէպ, ինչքան էլ հրապարակաւ չխոստովաներ: Չարենցի ճանապարհը եւս տանելու էր նրան ինքնազոհաբերութեան, եւ Գողգոթայի նոր խաչափայտին գամուելուց առաջ բանաստեղծի միտքը պիտի շաղափէր այս տանջալի խոհը.
Իբրեւ Յիսո՞ւս ես արդեօք լեառ բարձրանում,-
Թէ՞ աւազակ ես լոկ դու մահապարտ…
Պիղատո՞ս է արդեօք այսօր ամէն մի մարդ,
Որ քո հանդէպ ձեռքերն է լուանում…
Ունե՞ս արդեօք, Հոգի՛ս, անագորոյն նժար,
Որ նժարես այս խոհն անկշռելի
Չարչարանքիդ այս սե՜ւ կէսգիշերին…
Յիշենք, որ Չարենցի հոգեւոր աշխարհում խաչին գամուած առաջին հերոսը դաշնակցական Մազութի Համոն էր: Մի դէպքում խաչելութիւն թուրք յորդաների, միւս դէպքում` պոլշեւիկեան իշխանութեան կողմից: Երկու դէպքում էլ խաչելութիւն Նայիրիի ճանապարհին:
(Շար. 2 եւ վերջ)