ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Գարնան երրորդ ամիսը` մայիսը, հայ ժողովրդի համար, անշուշտ, առանձնանում է տարուայ միւս բոլոր օրացուցային ամիսների մէջ: Առանձնանում է ոչ այնքան բնակլիմայական պայմաններով, որոնք, կարելի է ասել, գրեթէ նոյնական են աշխարհի բոլոր ծագերում, ի հարկէ, բացառութեամբ յաւերժական ձմրան թագաւորութիւններ Արկտիկայի եւ Անտարկդիտայի: Հայոց մայիսն ահա աւելի քան մէկ դար շարունակ առանձնանում է, առաջին հերթին, իր իմաստային նշանակութեամբ` Յաղթանակի խորհրդով:
Յաղթանակ, որ հայ ժողովուրդը նուաճել է հարիւր տարի առաջ` շուրջ վեցդարեայ պետականազուրկ, կախեալ վիճակից յետոյ 1918 թուականի մայիսի 28-ին հռչակելով մեր նախնեաց բազում սերունդների երազանքի ու ազատութեան պայքարի արգասիքը` Հայաստանի Ա. Հանրապետութիւնը: Այդ պատմական իրադարձութեանը յետադարձ հպանցիկ հայեացքն անգամ, կարծում եմ, բաւական է, որպէսզի մենք ինքներս` մեր նախնեաց նոր սերունդների ժառանգներս, էլ չեմ ասում` մնացեալ աշխարհի ժողովուրդները, ապշանքով խորհենք, թէ այդ ի՛նչ հզօր ուժ էր կուտակուած կործանարար ցեղասպանութիւն ու համատարած աւերածութիւն ապրած մեր հերոսական նախնիների մէջ, որ կարողացան փլատակների կոյտի վերածուած, հարիւր հազարաւոր գաղթականների ապաստան դարձած, համաճարակներից ու սովից բառիս բուն իմաստով հնձուող պատմական բնօրրանի այդ փոքրիկ հողակտորի վրայ, ասել է, թէ` իրական, վերերկրեայ դժոխքի պայմաններում վերածնել, վերականգնել, վերահաստատել հայոց անկախ պետականութիւնը: Աւելի՛ն. արժանավայել պաշտպանել իր այդ խիզախ, աւելի՛ն. յանդուգն նուաճումը` հէնց նոյն այդ մայիսին ջախջախիչ պարտութեան մատնելով մեր դարաւոր դահճին` թուրքական պետութեան բազմահազար, սպառազէն, հայ ազգին վերջնականապէս գազանաբար յօշոտելու նպատակադրուած գերակշիռ բանակին` Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի հերոսական ճակատամարտերում:
Յաղթանակ, որ հայ ժողովուրդը Բ. Աշխարհամարտում, խորհրդային միւս ժողովուրդների, աշխարհի շատ այլ ժողովուրդների հետ մէկտեղ, դարձեալ ջախջախիչ պարտութեան մատնեց 20-րդ դարի համամարդկային ժանտախտ հռչակուած գերմանական ֆաշիզմին, այն պետութեանը, որի իրաւանախորհրդի` կայսերական Գերմանիայի յանցաւոր թողտուութեամբ ու աջակցութեամբ, նաեւ անմիջական, համակողմանի մասնակցութեամբ է 1915 թուականի ապրիլին սկիզբ առել եւ հետագայ տարիներին իրագործուել Հայոց ցեղասպանութիւնն օսմանեան Թուրքիայի ողջ տարածքում, հայ ժողովրդի բնօրրան Արեւմտեան Հայաստանում, իսկ հետագայում նաեւ Արեւելեան Հայաստանում ու արեւելեան Անդրկովկասի հայահոծ տարածքներում: Փաստօրէն, 1945 թուականի մայիսի 9-ը ոչ միայն հիթլերեան Գերմանիայի ու նրա յանցաւոր դաշնակիցների վերջնական պարտութեամբ նշանաւորուած համընդհանուր Յաղթանակի օր դարձաւ, այլեւ` դրանից քսան տարի առաջ ցեղասպանութիւն ապրած եւ այն պահ անգամ չմոռացած հայ ժողովրդի յաղթանակած ցասման ու վրէժխնդրութեան օր:
Յաղթանակ, որ արցախահայութիւնը եւ նրա հետ միասին համայն հայութեան քաջարի զաւակները նուաճեցին անցած դարավերջին` հայրենական պատերազմի ելնելով ի պաշտպանութիւն Արցախ աշխարհի եւ տասնամեակների գերութիւնից վերջնականապէս ազատագրելով հայոց բերդաքաղաք Շուշին` Արցախի վաղեմի մշակութային ու քաղաքական կեդրոնը: Եւ 1992 թուականի մայիսի 9-ին, ուղիղ 47 տարի անց` նոյն այն օրը, երբ գերմանական Ռայխսթակի վրայ ծածանուեց խորհրդային դրօշը, ազատագրուած Շուշիի գլխավերեւը նոյնպէս յաղթական փողփողաց բերդաքաղաքի օրինական տիրոջ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պետական դրօշը: Եւ ուղիղ 47 տարի անց, նոյն այն օրը, երբ պարտուած Պերլինում յաղթած խորհրդային բանակի հայ զինուորները ցնծալի քոչարի էին պարում, նոյն քոչարին էր թնդում նաեւ ազատագրուած Շուշիի հրապարակներում, իր հաւատացեալ ժողովրդի գիրկը վերադարձած Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու բակում:
Բնականոն է, որ հէնց այդ օրն էլ` մայիսի 9-ը, հռչակուեց Արցախի Պաշտպանութեան բանակի կազմաւորման տօնական օր, բանակ, որի ձեւաւորման գործընթացը, սկսուած լինելով դեռեւս նախորդ տարուայ աշնանն արցախահայութեան դէմ Ազրպէյճանի սանձազերծած պատերազմում, փաստօրէն, որպէս մէկ միասնական հրամանատարութեան ներքոյ կեդրոնացուած ու միաձոյլ զօրական կառոյց, արձանագրեց իր առաջին խոշորագոյն յաղթանակը` ազատագրեց Շուշին, այն բարձրադիր քաղաքը, որի նպաստաւոր կրակակէտերից թշնամին զօր ու գիշեր մահ էր սփռում, հրետակոծում, աւերածութեան ենթարկում շրջակայ բոլոր հայկական բնակավայրերը եւ, առանձնապէս, նորահռչակ հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտը:
Եւ, ահաւասիկ, մայիսեան մէկ օրում` մայիսի 9-ին մենք` հայերս, նշում ենք եռակի տօն, Ե-ռա-տօն` Հայրենական մեծ պատերազմում յաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի Պաշտպանութեան բանակի կազմաւորման օրը, այն, իրաւամբ, համարելով նորագոյն պատմութեան շրջանում մեր ժողովրդի ամենանշանակալի օրը: Խնդիրը գուցէ թէ ոչ այնքան հայոց ազգային առանձնայատկութեան մէջ է, որքան` հայոց պատմական ճակատագրի հոլովոյթում, կամ, աւելի ճիշդ, նոյն այդ ճակատագրի առանձնայատուկ հոլովոյթում:
Բայց, կարծում եմ, հայ ժողովրդի կեանքում տեղի ունեցած այդ դարակազմիկ պատմական իրադարձութիւնների նման գնահատանքը, այնուամենայնիւ, լիարժէք չի հնչի, եթէ դրանք ընկալենք սոսկ որպէս ճակատագրի կամքին խարսխուած կամ այդ կամքից աղերսուած արտայայտութիւններ: Ոչ, ի հարկէ: Խնդիրն առաւել քան խորքային է եւ անընդգրկելի ծաւալուն` որպէս ազգային հոգեբանութեան արժէք, որ, իբրեւ այդպիսին, բխում է օրհասի ժամին համախմբուելու, մէկ միասնական բռունցք կազմելու, միաբանուելու, մէկ հաւաքական կամք դառնալու մեր ժողովրդի կարողութիւնից:
Անշուշտ, նոյն այդ հաւաքական կամքի արտայայտութիւն էր հայ ժողովրդի, այդ թուում` նրա արցախեան հատուածի անձնուէր մասնակցութիւնը Բ. Աշխարհամարտին` Խորհրդային Միութեան եւ հակահիթլերեան դաշինքի միւս պետութիւնների զինուած ուժերի կազմում: Եթէ խօսենք զուտ թուերի լեզուով, ապա 1939-1945 թուականներին ֆաշիստական ժանտախտի դէմ ի զէն էր ելել, ընդհանուր առմամբ, աւելի քան 600 հազար հայ`: Խորհրդային Միութիւնից եւ աշխարհի այլ երկրներից: Նրանցից շուրջ 300 հազարը զոհուեց մարտի դաշտերում: Հարկ է նշել, որ պատմութեան մէջ երբեւէ հայ ժողովուրդը միաժամանակ ռազմի դաշտ չի հանել այդքան զինուոր եւ որեւէ պատերազմի ժամանակ այդքան մարդկային կորուստներ չի տուել:
Շարունակենք քննախոյզ հայեացքով դիմել վիճակագրական տուեալներին: Այսպէս, Բ. Աշխարհամարտի մասնակից հայերից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, որ կազմում էր հանրապետութեան բնակչութեան 22 տոկոսը, 200 հազարը` Խորհրդային Միութեան այլ հանրապետութիւններից: Սա իրօք զգալի թիւ է, եթէ հաշուի առնենք, որ 1939 թուականի վիճակագրութեան տուեալներով հայերի թիւը Խորհրդային Միութիւնում 2 միլիոն էր, այսինքն` խորհրդային հայազգի քաղաքացիների 25 տոկոսը մարտնչում էր: Բացի նրանցից` նաեւ 100 հազար հայ մարտնչում էր հակահիթլերեան դաշինքի երկրների զօրքերի կազմում: Միայն Արցախ աշխարհից, ներառեալ` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը եւ հիւսիսային Արցախը, պատերազմ է մեկնել մօտ 90 հազար հայ, որ կազմում էր տարածաշրջանի հայ բնակչութեան աւելի քան մէկ երրորդը: Նրանց գրեթէ կէսը ռազմաճակատի տարբեր հատուածներում զոհուել է, այդ թուում` 22 հազարն ինքնավար մարզից, 18 հազարը` հիւսիսային Արցախի շրջաններից, ընդհանուր առմամբ, 40 հազար մարդ: Մեծ թուով հայ ազգութեան տղամարդիկ եւ աղջիկներ զօրակոչուեցին նաեւ Ազրպէյճանի այլ հայաշատ վայրերից` Պաքուից, Նախիջեւանից, Գանձակից, Շամախուց, Աղսուից, Իսմայիլլիից, Ղուբա-Խաչմազ գօտու շրջաններից եւ այլ տարածաշրջաններից: Բայց ահա համեմատութեան համար նշեմ, որ պատերազմի տարիներին 19 ազրպէյճանցուց զօրակոչուել է ընդամէնը… մէկ հոգի: Ի լրումն եւս մէկ անգամ նշեմ նաեւ, որ պատերազմը եւս մէկ առիթ էր Ազրպէյճանում դեռեւս 20-ական թուականներից սկիզբ առած հայաթափման գործընթացն առաւել ծաւալուն դարձնելու եւ արագացնելու համար:
Մեծ հայրենականի ընթացքում կազմաւորուել են 6 հայկական տիվիզիաներ: 103 հայ արժանացել է խորհրդային Միութեան հերոսի կոչման, 27-ը դարձել է Փառքի շքանշանի լրիւ ասպետ, որ նոյնպէս հաւասարազօր է հերոսի կոչման, իսկ այլ շքանշաններով ու մետալներով պարգեւատրուել են շուրջ 80 հազար հայ զինուորներ ու սպաներ: Հայ զօրահրամանատարների թիւը ԽՍՀՄ-ում կազմում էր 64 մարդ` մարաջախտներ, զօրավարներ, ծովակալներ: Նրանք պատերազմի ընթացքում ստանձնել են բարձր ու պատասխանատու պաշտօններ. 1-ը` ռազմաճակատի, 3-ը` բանակի, 5-ը` կորպուսի, 22-ը` տիվիզիայի, 25-ը` պրիկատի, 100-ը` այլ զօրամիաւորումների հրամանատարներ:
Հերոսաբար պաշտպանելով Խորհրդային Միութիւնը, հայ զօրավարները, սպաներն ու զինուորները քաջ գիտակցում էին, որ այդպիսով իսկ պաշտպանում են նաեւ հայրենի բնօրրանը` Հայաստան-Արցախ աշխարհը: Մանաւանդ, նրանց յայտնի էր, որ ֆաշիստական զօրքերի կողմից Ստալինկրատը գրաւելու պարագայում Հայաստանի սահմանների մօտ կեդրոնացած թուրքական 26 սպառազէն տիվիզիաներ պատրաստ են յարձակուել ու մտնել Հայաստան, հետեւապէս անխուսափելի կը դառնար հայ ժողովրդի վերջնական բնաջնջումը: Բայց Ստալինկրատը, որի պաշտպանութեան դիրքերում մարտնչում էին աւելի քան 30 հազար հայ սպաներ ու զինուորներ, մնաց անառիկ, ինչի շնորհիւ ի դերեւ ելան Հայաստանը հերթական անգամ հրի ու սրի մատնելու թուրքական զօրաբանակների նիւթած յոյսերը: Անգարայի այդ նկրտումները վերջնականապէս փլուզուեցին 1945 թուականի մայիսի 9-ի յաղթանակով` գերմանական Ռայխսթակի գրաւմամբ, որի պատերի վրայ սերունդներին ի պահ թողնուեցին նաեւ հայ մարտիկների յաղթական գրառումները, իսկ նրա փլատակների մօտ, կրկնում եմ, թափ առաւ հայկական շուրջպարը` քոչարին: Այնպէս որ, ֆաշիստական Գերմանիայի դէմ 1945 թուականի մայիսի 9-ի յաղթանակը խորհրդային ժողովուրդների, այդ թուում` հայ ժողովրդի միասնական յաղթանակն էր:
Բ. Աշխարհամարտում հայ զօրավարների ցուցաբերած բարձր ռազմարուեստը, հայ ռազմիկների անձնուէր հայրենասիրութիւնն ու հերոսականութիւնը, որպէս սերունդների փոխկանչ, իրենց հերթական փայլուն դրսեւորումը ստացան Մեծ հայրենականի յաղթական աւարտից տասնամեակներ անց` 1992 թուականի մայիսի 9-ին, հայոց պատմական Շուշի բերդաքաղաքի ազատագրմամբ:
Նորահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պետական իշխանութեան նորաստեղծ մարմիններն այդ ժամանակաշրջանում կառավարման համակարգի ձեւաւորման դեռեւս առաջին քայլերն էին կատարում: Արցախահայութեան ինքնորոշման սահմանադրական իրաւունքը, ցաւօք, դարձեալ ըմբռնում չէր գտնում Պաքւում, եւ իշխանութեան կազմաւորման աշխատանքներն իրականացւում էին Ազրպէյճանի կողմից Արցախի բացարձակ շրջափակման եւ յարաճուն յարձակման պայմաններում: Արդիւնքում` որպէս հիմնախնդրի ուժային լուծման փորձ, Արցախին պարտադրուեց լայնածաւալ պատերազմ` հազարաւոր անմեղ զոհերով եւ տասնեակ հազարաւոր փախստականներով հանդերձ:
Խոր կսկիծ է յարուցում առանձնապէս Մարաղայի ողբերգութիւնը, որը ԼՂՀ Գերագոյն խորհրդի նախագահութեան 1992 թուականի ապրիլի 12-ի եւ ԼՂՀ Ազգային ժողովի մի շարք յայտարարութիւններում գնահատուել է որպէս հայ խաղաղ բնակչութեան նկատմամբ Ազրպէյճանի իրագործած ցեղասպանութեան աքթ:
Այսպիսին էր մեր հարեւանների պատասխանը ԼՂՀ ղեկավարութեան պատրաստակամութեանը` շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցութեամբ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապուած հարցերի ամբողջ համալիրը:
Նորանկախ հանրապետութիւնում այդ ժամանակաշրջանի թիւ մէկ հիմնախնդիրը երկրի ինքնապաշտպանութեան ապահովումն էր, ինչի կազմակերպման նպատակով ստեղծուեց ԼՂՀ Ինքնապաշտպանութեան ուժերի կոմիտէ: Ինքնապաշտպանութիւնն իրականացւում էր կամաւորական ջոկատների ուժերով, որոնք համալրւում էին ինչպէս արցախցի, նոյնպէս եւ Հայաստանից ու սփիւռքից, այդ թուում` Լիբանանից Արցախի պաշտպանութեանը ելած հայ քաջորդիներով:
Դեռեւս 1991 թուականի աշնանից սկսած կասեցուեց ազրպէյճանական բանակի առաջխաղացումը դէպի հանրապետութեան խորքերը, վերացուեցին հակառակորդի հիմնական կրակակէտերն Արցախի տարածքում: Այդ համածիրում Շուշիի ազատագրումը բեկումնային էր արցախեան ազատամարտի համար, քանի որ, ինչպէս նշեցի, հէնց Շուշիից էին ազրպէյճանցիները գնդակոծում Ստեփանակերտն ու մերձակայ հայկական գիւղերը: Շուշին այդ օրերին վերածուել էր Ստեփանակերտը հրետակոծող թիւ մէկ կրակակէտի: Այսպէս, 1991թ. նոյեմբերից մինչեւ 1992 թուականի մայիսի սկիզբը Շուշիի, Ջանհասանի, Քէօսալարի, Ղայպալուի ազրպէյճանական կրակակէտերից Ստեփանակերտի վրայ արձակուել է շուրջ 4740 արկ, որոնցից մօտ երեք հազարը` «Կրատ» կայանքներից: Այդ հրետակոծութիւնների պատճառով զոհուել են 111 եւ վիրաւորուել 332 խաղաղ բնակիչներ, աւերուել 370 բնակելի տներ ու շինութիւններ: Ստեփանակերտը, փաստօրէն, գրեթէ 70 տոկոսով ոչնչացուած էր, մարդիկ ապրում էին նկուղներում, բացակայում էին տարրական կենցաղային պայմանները:
Շուշիի ազատագրման ռազմագործողութիւնը, որն անուանուել էր «Հարսանիք լեռներում», իրականացուել է 4 ուղղութեամբ` միաժամանակեայ յարձակումներով: Չնայած հակառակորդի գերակշռող ուժին, հայ հերոսների արիութեան եւ մարտունակութեան շնորհիւ, Շուշին վերջնականապէս ազատագրուեց: Իսկ Լաչինի միջանցքի ազատագրմամբ վերջապէս ճեղքուեց հանրապետութեան տեւական շրջափակումը: Իրար կապելով Ստեփանակերտն ու Գորիսը, այն, յիրաւի, դարձաւ, ինչպէս որ կոչուեց այնուհետեւ Կեանքի ճանապարհ:
Շուշիի յաղթանակը մեր նորագոյն պատմութեան այն պանծալի էջը դարձաւ, որը հետագայում հայրենասիրական շունչ ու ոգի փոխանցեց նոր սերունդներին:
Մայիսի 9-ը դարձաւ եռատօն, որովհետեւ, դարձեալ շեշտում եմ, հէնց այդ օրն է համարւում Արցախի Պաշտպանութեան բանակի ստեղծման օր: Արցախի Հանրապետութեան զինուած ուժերը, որոնք անգամ օտարերկրեայ զինուորական գործիչների ու փորձագէտների գնահատմամբ, ամենամարտունակն են տարածաշրջանում, յիրաւի, երկրի ու ժողովրդի անվտանգութեան յուսալի երաշխիքն են: Պէտք է առանձնապէս ընդգծել, որ 1994 թուականից մինչ օրս հակամարտութեան գօտում հրադադարը պահպանւում է բացառապէս ԼՂՀ զինուած ուժերի շնորհիւ, որոնք զսպում են հակառակորդի յարձակողապաշտ գործողութիւնները եւ, ըստ էութեան, խաղաղարար առաքելութիւն իրականացնում տարածաշրջանում: Այո՛, հէնց Արցախի Պաշտպանութեան բանակի շնորհիւ է, որ պահպանւում է իրավիճակի յարաբերական կայունութիւնը արցախա-ազրպէյճանական զօրքերի շփման գծի երկայնքով մէկ: Յարաբերական, քանզի Ազրպէյճանը, պարբերաբար խախտելով 1994 թուականի մայիսեան համաձայնագիրն անժամկէտ հրադադարի հաստատման մասին, առ այսօր շարունակում է սին յոյսեր կապել ղարաբաղեան հիմնախնդրի ուժային լուծման հետ:
Աւաղ, անցած 24 տարիների ընթացքում այդպէս էլ չյաջողուեց հրադադարը փոխակերպել լիարժէք եւ համապարփակ խաղաղութեան, ինչի պատճառով սահմանի երկու կողմերում մինչ այսօր զոհւում են մարդիկ: Պատճառն Ազրպէյճանի վրէժխնդրական քաղաքականութիւնն է, որը չի դադարեցնում մարտական գործողութիւններ վերսկսելու սպառնալիքները: Պաքուի ցնորամիտ նկրտումները հերթական անգամ հուժկու հակահարուած ստացան անցեալ տարուայ ապրիլի սկզբներին` իր իսկ սանձազերծած լայնածաւալ պատերազմում: Անշուշտ, թշնամուն դարձեալ ի ցոյց է հանուել օրհասի ժամին համախմբուելու, մէկ միասնական բռունցք կազմելու, միաբանուելու, մէկ հաւաքական կամք դառնալու համայն հայութեան կարողութիւնը:
Այդպէս ու միայն այդպէս է հայոց բազմադարեայ ճամբին ի յայտ եկել 1918-ի մայիսը, այդպէս են լոյս աշխարհ եկել 1945-ի եւ 1992-ի մայիս ամիսները` ամէն մի առանձին դէպքում ոգեպնդելով, հայրենի բնօրրանում յարատեւելու յոյս ու հաւատ, ուժ ու կորով հաղորդելով մեր ժողովրդին:
Շնորհաւոր եռատօնը, սիրելի՛ ժողովուրդ: Փա՛ռք բոլոր նրանց, ովքեր Մեծ հայրենականում պաշտպանեցին խորհրդային երկիրը, ովքեր կերտեցին Շուշիի յաղթանակը, անմար յիշատակ նրանց, ովքեր իրենց կեանքը զոհաբերեցին կենաց ու մահուան կռիւներում, սակայն սերունդներին փոխանցեցին յաղթանակած հայրենիք, փա՛ռք բոլոր նրանց, ովքեր այսօր իսկ անառիկ են պահում մեր սրբութեան սրբոց հող հայրենիի սահմանները:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար