ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Վերջին մի քանի օրերին Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը պարբերաբար հաղորդում էր այն մասին, որ Ազրպէյճանը ղարաբաղեան եւ ազրպէյճանական զօրքերի շփման գծում կուտակում է կենդանի ուժ, զանազան զինատեսակներ, ծանր հրետանի: Ընդ որում, այս հաղորդագրութիւնները ամրագրւում էին տեսագրութեամբ, որն ամենայն ակնյայտութեամբ, ինչպէս ասում են, տեսանելիօրէն հաստատում էր հակառակորդի կենդանի ուժի ու զինատեսակների լայնածաւալ տեղաշարժը:
Որեւէ կասկած չկայ, որ Ազրպէյճանի զինուած ստորաբաժանումների նման աշխուժութիւնը պայմանաւորուած է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի սրմամբ`
յարուցուած ընդդիմութեան բողոքի ցոյցերով: Իմանալով Ազրպէյճանի իշխանութիւնների յանցաւոր էութեան մասին, որոնք չեն էլ թաքցնում ղարաբաղեան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իրենց մտադրութիւնները, կարելի է մեծ համոզուածութեամբ ենթադրել, որ Երեւանում իրադրութեան ապակայունացումն ունակ է սպառնալիքի տակ դնել ԼՂՀ անվտանգութիւնը: Այդ մասին նախազգուշացումներ եղան ինչպէս Արցախի ղեկավարութեան կողմից, որն առաջարկեց Հայաստանում կայունութիւնը պահպանել սահմանադրական օրէնսդրութեան շրջանակներում, այնպէս էլ քաղաքական որոշ վերլուծաբանների կողմից: Բայց, ինչպէս ցոյց տուեցին հետագայ իրադարձութիւնները, անգամ Սերժ Սարգսեանի հրաժարականից յետոյ ցոյցերը շարունակուեցին` առաջ բերելով անկանխատեսելի հետեւանքների վտանգ: Թէ ինչպէ՛ս կը զարգանան հետագայ իրադարձութիւնները, ցոյց կը տայ ժամանակը, սակայն մեզ առաւել մտահոգեց մէկ այլ հանգամանք, այն է` ընդդիմադիր լրագրողներից ոմանք, չգիտես ինչու, կասկածի տակ դրեցին ազրպէյճանական զօրքերի վերատեղաբաշխման մասին ԼՂՀ պաշտպանութեան նախարարութեան տարածած տեսանիւթերի իսկութիւնը` դրանք անուանելով «հին»: Ըստ էութեան, նրանք, կամայ թէ ակամայ, սկսեցին ջուր լցնել Պաքուի քարոզչամեքենայի ջրաղացին: Ահա թէ ինչո՛ւ:
Բանն այն է, որ դէպի շփման գիծ ազրպէյճանական կենդանի ուժի ու զինատեսակների աշխուժ տեղափոխման մասին Արցախի պաշտպանական գերատեսչութեան կողմից համոզիչ տեսանիւթեր ներկայացուելուց յետոյ պաշտօնական Պաքուն, ի դէմս` արտաքին գործերի նախարարութեան (ԱԳՆ) եւ պաշտպանութեան նախարարութեան, իրեն բնորոշ ճղճղան պահելաձեւով հայկական կողմին մեղադրեց ապատեղեկատուութեան տարածման մէջ: Ընդ որում, ինչն ուշագրաւ է, Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութեան մամուլի ծառայութեան ղեկավար Հաճիեւը, կրկնելով հայ լրագրողներին, ովքեր, փաստօրէն, նրա համար հանդէս եկան յուշարարների դերում` ասես օգնելով նրան, բարբառեց, թէ հայկական կողմի յայտարարութիւնները «չեն արտացոլում իրականութիւնն ու յենւում են անցեալ տարուայ տեղեկատուութեան վրայ»: Այնուհետեւ լկտիօրէն, ինչը թէ՛ իր, թէ՛ Ազրպէյճանի ղեկավարութեան համար սովորական է, յայտարարեց, թէ` «այստեղ նպատակը մէկն է` մոլորութեան մէջ գցել հասարակական կարծիքը»:
Թէ ո՛վ է իրականում մոլորութեան մէջ գցում հասարակական կարծիքը, դժուար չէ կռահել: Վերահսկման ժամանակակից արհեստագիտական միջոցների առկայութեան պայմաններում այնքան էլ բարդ չէ արձանագրել մեծ քանակութեամբ անձնակազմի, զինատեսակների ու ծանր սպառազինութեան տեղաշարժը, դա էլ հօ խոտի դէզի մէջ ասեղ փնտռել չէ: Ազրպէյճանում երբեք չեն էլ թաքցրել, որ իրենց համար յարմար պահին կարող են սանձազերծել նոր պատերազմ, ինչը հաստատեցին 2016 թ. ապրիլեան իրադարձութիւնները: Այն ժամանակ Պաքուի վարչակարգը ենթադրում էր, որ ինքն էական առաւելութիւն ունի սպառազինութեան հարցում ու կարող է իրեն թոյլ տալ փորձել հիմնախնդիրը լուծել ուժով` ոչնչացնելով Արցախի Հանրապետութիւնը: Այն ժամանակ դա չստացուեց, եւ, ըստ երեւոյթին, ազրպէյճանական որոշ «ճուռակներ»-ի այժմ թւում է, որ Հայաստանում ստեղծուած քաղաքական իրավիճակը լաւ հնարաւորութիւն է ընձեռում օգտուել դրանից: Այս առումով չէր խանգարի ծանօթանալ Ազրպէյճանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի արտայայտութեան հետ, ով բառացիօրէն օրերս ազրպէյճանական ATV հեռուստաալիքին տուած հարցազրոյցում յայտարարել է, որ բանակցութիւնների ձախողման դէպքում Ազրպէյճանին ոչինչ չի մնայ անել, քան` հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Իսկ ձախողումն, ազրպէյճանական ընկալմամբ, դա Լեռնային Ղարաբաղն է` Ազրպէյճանի սահմաններից դուրս:
Ազրպէյճանը ջանասիրաբար նախապատրաստւում է պատերազմի, ուստիեւ ԼՂՀ պաշտպանական գերատեսչութեան տեսանիւթերի իրականութեանը չհամապատասխանելու մասին Ազրպէյճանի ԱԳՆ-ի ու պաշտպանութեան նախարարութեան ներկայիս բոլոր պնդումները իւրատեսակ քարոզչական ապատեղեկատուական ծխածածկոյթ են` իրենց սադրիչ եւ յոյժ վտանգաւոր ռազմական հնարքները` քողարկելու համար: Այս կապակցութեամբ օրինաչափ հարց է ծագում. եթէ, ազրպէյճանական կողմի կարծիքով, «պաշտպանութեան նախարարութիւնը սահմանագծում զինատեսակների կուտակման միջոցառումներ չի անցկացնում», ապա ինչո՞ւ են ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահներն ապրիլի 23-ին հանդէս եկել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերեալ յայտարարութեամբ: Նրանում մասնաւորապէս նշւում է, որ տարածաշրջանում քաղաքական վերջին իրադարձութիւնների ու շփման գծում սրացման հնարաւորութեան լոյսի ներքոյ Մինսքի խմբի համանախագահներն ընդգծում են երկուստեք հրադադարի պահպանման եւ, մասնաւորապէս, ծանր սպառազինութիւնն առաջնագծից հեռացնելու վճռորոշ նշանակութիւնը: Ու թէեւ միջազգային միջնորդները, սովորոյթի համաձայն, իրենց խաղաղարար կոչերը հասցէագրեցին երկու կողմերին, իրազեկ մարդկանց համար հասկանալի է` յստակօրէն ո՛ւմ են նրանք զսպուածութեան կոչում:
Այստեղ, սակայն, կը ցանկանայինք «արժանին հատուցել» Ազրպէյճանին. նա գրեթէ երբեք չի ունկնդրել Մինսքի խմբի համանախագահների կոչերին եւ անգամ հրաժարուել է կատարել ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները, այն պարզ պատճառով, որ ընկալունակ չէ դիւանագիտական լեզուի նկատմամբ եւ հասկանում է միայն ուժի լեզուն: Ու եթէ Պաքուի որոշ «տաք գլուխներ»-ի մօտ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից օգտուելու ու Արցախի դէմ նոր պատերազմի գնալու գայթակղութիւն է առաջացել, ապա դա պատրանքային յոյսեր են: ԼՂՀ զինուած ուժերը, ինչպէս դա բազմիցս է եղել, արագ կը բուժեն նրանց ռազմամոլութեան տենդն ու կը կոտրեն ամբարտաւանութիւնը, որը նրանց թոյլ չի տալիս սթափ գնահատել իրավիճակն ու հրաժարուել հերթական ռազմական արկածախնդրութիւնից: