Հայ ազատագրական շարժման եւ անկախութեան գաղափարի յղացման ու տարածման նախակարապետները ԺԸ.րդ դարուն առաւելաբար կեդրոնացած էին Հնդկաստանի երկու քաղաքներու` Կալկաթայի եւ յատկապէս Մատրասի մէջ, ուր հրատարակեցին նաեւ շարք մը պարբերականներ ու յատկանշական գիրքեր: Ստորեւ կու տանք անոնցմէ ոմանց հակիրճ կենսագրականը, իսկ Շահամիր Շահամիրեանի մասին (որ կարեւորագոյնը կը թուի ըլլալ) յաջորդին կը հրատարակենք համեմատաբար ընդարձակ յօդուած մը, ուր աւելի լայն ծիրին վրայ կը քննարկուի այս շարժման դրդապատճառներն ու նպատակները:
«Ա.»

Յովսէփ Էմին
1751-1759 թուականներին բնակուել է մեծ Բրիտանիայում, ուր ուսումնասիրել է ռազմարուեստ եւ լէյտենանտի կոչումով մասնակցել է ֆրանսացիների դէմ անգլիացիների ռազմական գործողութիւններին:
Հնդկահայ գաղութում ազատագրական շարժման առաջին մունետիկը եղաւ Յովսէփ Էմինը: Նրա նախնիները Հայաստանից Պարսկաստան էին տարուել շահ Աբաս Ա.ի ժամանակ: 1759 թուականին Էմինը եկել է Հայաստան, ուր փորձել է կազմակերպել հայերի ապստամբութիւնը թուրքերի դէմ: 1761 թուականին բանակցութիւններ էր վարել ռուսական կառավարութեան հետ Ս. Փեթերսպուրկում, որպէսզի ռուսները օգնութիւն տրամադրեն հայ ազատագրական պայքարին: Վրաստանում գտնուելիս 1763 թուականին փորձել է Թուրքիայի դէմ պայքարի մէջ ներգրաւել Հերակլ Բ. վրաց թագաւորին, բայց օգնութիւն չստանալով նրանից, ինչպէս նաեւ հայկական կաթողիկոս Սիմէոնից` Վրաստանից 1764 թուականին մեկնել է Ղարաբաղ, Մելիք Յովսէփի մօտ: Արցախում նայ մասնակցել է Մահմուտ Շահի դէմ մարտին` պաշտպանելով Գետաշէնը:
1770 թուականից Յովսէփ Էմինը բնակուել, մահացել ու թաղուել է Կալկաթայում:


Իր կեանքի պատմութիւնը Յովսէփ Էմինը գրի է առել 1792 թուականին Լոնտոնում տպագրուած , հայազգի Յովսէփ Էմինի կեանքը եւ արկածները, որը ինքն է գրել անգլերէն լեզուով» («The Life and Adventures of Joseph Emin an Armenian, written in English by himself») գրքում:
Յովսէփ Էմինի գործունէութեանն է նուիրուած արձակագիր Էդուարդ Աւագեանի երկու հատորից բաղկացած «Մի կեանքը քիչ է» վէպը, որը լոյս է տեսել 1979-1980թուականներին:
Մովսէս Բաղրամեան, 18-րդ դարի հայ ազատագրական մտքի ակնառու ներկայացուցիչ, որը յատկապէս յայտնի դարձաւ իր «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» (Մատրաս, 1772 թ.) գրքոյկով` հայ իրականութեան մէջ առաջին քաղաքական հրապարակախօսական տպագիր աշխատութիւնը:
Մովսէս Բաղրամեանը հաւանաբար առաջին անգամ իր ծննդավայրում` Արցախում է հանդիպել Յովսէփ Էմինին, որը Անգլիայում ռազմական կրթութիւն էր ստացել նպատակ ունենալով Հայաստանում ազգային զինուած ուժեր ստեղծել: Հետագայում 1770 թ. նրանք երկուսով մեկնում են Հնդկաստան, որտեղ Մովսէս Բաղրամեանը դառնում է Մատրասի հայրենասիրական խմբակի պարագլուխներից մէկը եւ շահամիր Շահամիրեանի ամենամտերիմ գործակիցը:
Նրանք երկուսով նամակագրական աշխուժ կապեր են հաստատում Արցախի մելիքների, վրաց թագաւորների, Էջմիածնի եւ Գանձասարի կաթողիկոսների Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Յովսէփ Արղութեանի, իշխան Յովհաննէս Լազարեանի եւ շատ ուրիշների հետ:
Հայրենասիրական խմբակի երեք պարագլուխները` Մովսէս Բաղրամեանը, Յովսէփ Էմինը եւ Շահամիր Շահամիրեանը ազատագրական-հայրենասիրական քարոզչութիւն են սկսւում` ոգեշնչելով Մատրասի հայերին: Նրանք համոզեցին հնդկահայ այլ գործիչների եւս, որ առանց ժողովրդի լայն աջակցութեան` Հայաստանի ազատագրութեան գործում հնարաւոր չէ հասնել յաջողութեան: Հետեւաբար անհրաժեշտ է միաւորել հայ երիտասարդութեանը, նրանց դաստիարակել հայրենասիրութեան եւ ազգային արժանապատուութեան ոգով:
Հայ ժողովրդի լայն շրջաններում ազգային գիտակցութիւնը բարձրացնելու նպատակով վաճառական եւ մեծահարուստ Շահամիրեանի միջոցներով 1771 թ. Մատրասում բացւում է տպարան: 1772 թ. այս տպարանում լոյս է տեսնում Մովսէս Բաղրամեանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» գիրքը:
Գրքում ներկայացուած են հայ ժողովրդի հերոսական անցեալը, նրա աշխարհագրական լայն սահմանները, եւ դրանց հակադրւում է առկայ վիճակը, երբ երկիրը շահագործւում է օտարների կողմից, Հայաստանը աստիճանաբար հայաթափ է լինում:
Գիրքը կոչ է անում հայ երիտասարդներին դուրս գալ օտար բռնակալների դէմ եւ զէնքի ուժով հասնել ազատութեան: Եկել է ժամանակը, որպէսզի հայերն ունենան իրենց սեփական պետութիւնը: Այդ պետութիւնը Բաղրամեանը կոչում է «Մեծ Հայաստան», որը պիտի ընդգրկէր պատմական Հայաստանի բոլոր երկրամասերը, այդ թւում` Կիլիկիան:
Վերագտնելու համար մեր «հայրենիքը Այրարատեան», նա կարեւորում էր երեք պարագայ.
– Ազգային գիտակցութիւն
– Զինուորականութիւն
– Եւրոպական կրթութիւն
«Նոր տետրակը» ապացուցում էր, որ հայ պետականութեան անկման գլխաւոր պատճառը երկրի կառավարութեան միապետական ձեւն էր. մէկ մարդը ի վիճակի չէ անսխալ կառավարել, իսկ թագաւորի սխալը դժբախտութիւն է երկրի համար: Ուստի վերականգնուած հայոց պետականութիւնը այլեւս պիտի չլինէր միապետական, համոզուած էր Բաղրամեանը: Դրա փոխարէն` նա առաջարկում է ստեղծել սահմանադրութիւն եւ երկիրը կառավարել ընտրովի ներկայացուցիչների կողմից:
«Նոր տետրակի» օրինակները ուղարկւում են Էջմիածնի Սիմէոն կաթողիկոսին, Գանձասարի Յովհաննէս Հասան-Ջալալեանին, վրաստանի Հերակլ Բ. թագաւորին: 1786 թ. այն թարգմանւում է ռուսերէն եւ լոյս է տեսնում Փեթեսպուրկում: Իսկ այնուհետեւ թարգմանւում է նաեւ վրացերէն:
«Նոր տետրակին» յաջորդում է Շ. Շահամիրեանի «Որոգայթ փառացը» (1773 թ.): Այս գիրքը, որին իր մասնակցութիւնն է ունեցել նաեւ Մովսէս Բաղրամեանը, նոյնպէս քննադատում էր միապետութեան վերականգման այդ ժամանակուայ շատ քաղաքական մտածողների ձգտումները: «Որոգայթ փառացը» պարունակում էր պետականութեան կառավարման համար օրէնքների ժողովածու` սահամանադրութիւն, որը պէտք էր կիրառուէր հայոց հայրենիքը օտար լծից ազատագրելուց յետոյ:
Ըստ «Որոգայթ փառացի» պետութեան բարձրագոյն օրէսնդիր մարմինը պէտք է լինէր «Հայոց տունը»` կազմուած ժողովրդի կողմից ընտրուած պատգամաւորներից: «Հայոց տունը» պէտք էր ստեղծէր գործադիր իշխանութիւն (կառավարութիւն): Այդ նպատակով փոխանորդներից պէտք էր ընտրուէին 13 հոգի, որոնցից մէկը վիճակահանութեամբ կարող էր դառնալ նախարար, իսկ միւսները` նախարարի խորհրդակիցներ: Նախարարը լինելու էր օրէնքների առաջին կատարողը եւ զօրքերի գլխաւոր հրամանատարը:
Ստանալով «Նոր տետրակի» օրինակները` կաթողիկոս Սիմէոն Երեւանցին իր նամակներում զգուշացնում էր Մովսէս Բաղրամեանին, որ հայ երիտասարդները կարող են անժամանակ ապստամբութիւն բարձրացնել: Մովսէս Բաղրամեանի ազատական մտքերը, ըստ կաթողիկոսի, գուցէ կարող են օգտակար լինել քիչ թէ շատ քաղաքական ապահովութիւն ունեցող եւրոպացիների համար, որոնց ջատագովում է Բաղրամեանը, սակայն սահմանադրութիւն չճանաչող խանութիւնների ու սուլթանութիւնների լծի տակ գտնուող հայերի համար դրանք միայն վտանգաւոր կարող են լինել:
Կաթողիկոսի եւ Մովսէս Բաղրամեանի միջեւ լարուածութիւնը իր գագաթնակէտին է հասնում «Որոգայթ փառացի» հրատարակութիւնից յետոյ: Սիմէոն Երեւանցին որոշում է խիստ միջոցների դիմել. նա հրամայում է հաւաքել ու այրել ,նոր տետրակի օրինակները, փակել տպարանը եւ հեռացնել Մովսէս Բաղրամեանին: Սակայն այս ամէնը չկասեցրեց գրքի տարածումը:
Խոճաջանեան, Չաքիկենց, Չաքիկեան, Գրիգոր Միքայէլի (ծն. եւ մահ. թթ. անհտ.), 18-րդ դարի երկրորդ կէսի հայ ազատագրական շարժման եւ մշակութային գործիչ, մատրասի խմբակի ղեկավարներից, հայ տպագրութեան երախտաւոր:
Ծնուել է Նոր Ջուղայում (Իրան), սովորել` տեղի հայկական առեւտրական դպրոցում: Հետագայում ընտանիքով տեղափոխուել է Պասրա (այժմ` Իրաքում): Վաճառական հօր գործերով անցել է Հնդկաստան, առեւտրական խոշոր գործառնութիւններ կատարել Իրանի, Թուրքիայի եւ Արեւմտեան Եւրոպայի երկրների հետ` դառնալով հնդկահայ խոշորագոյն խոճաներից: Ժամանակակիցներից ստացել է «Խոճաջանեան» պատուանունը, որ յետոյ փոխարինել է ազգանուանը:
Մասնակցել է հայ հասարակական կեանքի իրադարձութիւններին, մտերմական կապեր ունեցել ժամանակի ակնառու գործիչներ Սիմէոն Երեւանցու, Շ. Շահամիրեանի, Էմին Յովսէփի, Մ. Բաղրամեանի եւ այլոց հետ: Հայաստանի ազատագրման էմինեան ծրագրի (զօրախմբեր ստեղծել, զինամթերք հայթայթել եւ այլն) իրագործմանը (Գր. Խոճաջանեան) խոստացել է յատկացնել հարստութեան կէսը, պայմանաւ որ ծրագրին հաւանութիւն տայ կաթողիկոսը: Մասնակցել է Էմինին` հնդկահայերի տրամադրած 12.000 ռուփիի հանգանակութեանը, Մատրասի տպարանի հիմնադրմանը (1772), «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ», «Տետրակ ոչ կոչի նշաւակ», «Որոգայթ փառաց» քաղաքական-հրապարակախօսական երկերի նախնական մշակմանը:
1773 թ.-ին Շ. Շահամիրեանի հետ նամակ է գրել Սիմէոն Երեւանցուն եւ յորդորել նրան` միանալու Հայաստանի ազատագրութեան իրենց ծրագրին: Այն գործադրելու համար կաթողիկոսը պէտք էր միաբանեցնէր վրաց թագաւոր Հերակլ Երկրորդին Խամսայի մելիքների հետ, դիմէր ռուսական կայսրուհի Եկատերինա Երկրորդի օգնութեանը, տեղեկութիւններ հաւաքէր հայերի թուի մասին, հայ երիտասարդութեան մէջ տարածէր զինավարժութիւն: Իր հերթին կաթողիկոսը զգուշացրել է նրանց` հեռու մնալ այնպիսի գաղափարներից, որոնք կարող են գրգռել Հայաստանում օտար իշխողների վրէժխնդրութիւնը: Այնուհետեւ Խոճաջանեանը միջոցներ է տրամադրել 1771 թ.-ին կառուցելու Էջմիածնի տպարանը (միայն շէնքի կառուցմանը յատկացուել է 3106 ոսկի դրամ) եւ 1776 թ.-ին` թղթի գործարանը (7800 պարսկ. թուման): Խոճաջանեանը վարձել եւ Էջմիածին է ուղարկել ֆրանսացի թղթագործ վարպետներ Պէյսոնին ու Տեսիորին` հոգալով նրանց եռամեայ ծախսերը:
Խոճաջանեանի մասին յայտնի տեղեկութիւնները վերաբերում են մինչեւ 1789-1790 թթ.-ին: Մահացել եւ թաղուել է Մատրասում:
Լազարեաններ
Լազարեանները նշանաւոր տոհմ են Ռուսաստանում, մեծահարուստ բարեգործներ, հայ ազգային-ազատագրական շարժման, կրթամշակութային, հասարակական-քաղաքական, պետական, ռազմական գործիչներ: 1774 թ.-ին Եկատերինա Երկրորդ կայսրուհու հրամանագրով նրանց շնորհուել է ռուսական ժառանգական ազնուականի տիտղոս:
Լազարեանների նախնիները Նախիջեւանի Դաշտ գիւղից էին: Տոհմի անուանադիրը` Ղազարի որդի Խոճա Մանուկը, 1605 թ.-ին գաղթել է Սպահան, 1656 թ.-ին հաստատուել Նոր Ջուղայի Դաշտ թաղամասում: Լազարեանները կարեւոր դեր են ունեցել Նոր Ջուղա հայկական աւանի (ներկայումս` Սպահանի թաղամաս) հայոց կեանքում: Խոճա Մանուկի որդի Աղազարը Ս. Լուսաւորիչ վանքում կառուցել է կուսանոց եւ մի շարք շինութիւններ: Որպէս մեծահարուստ վաճառականներ` Լազարեաններն առեւտրական կապեր են ունեցել Ռուսաստանում եւ մեծ դեր խաղացել Պարսկաստանի տնտեսական կեանքում:
Աղազար Նազարէթի Լազարեանը Լազարեանների ազնուականական տոհմի հիմնադիրն է Ռուսաստանում (1774 թ.): Եղել է Նոր Ջուղայի կառավարիչ: Յարութիւն ու Մանուկ եղբայրների հետ 1741 թ.-ին ստեղծել է ընկերութիւն եւ առեւտրական կապեր հաստատել Ռուսաստանի հետ: 1747 թ.-ին տեղափոխուել է Աստրախան, 1749 թ.-ին` Մոսկուա, որտեղ գնել եւ ընդարձակել է Ֆրեանովոյի մետաքսագործական գործարանը, որդու` Խաչատուրի կտակած միջոցներով կառուցել է տուել հայոց Ս. Խաչ եկեղեցին:
Յովհաննէս Աղազարի Լազարեանը հայ ազատագրական շարժման գործիչ էր, Ռուսաստանի իսկական պետական խորհրդական եւ արդիւնաբերող-կալուածատէր: Արքեպիսկոպոս Յովսէփ Արղութեանի հետ կազմել եւ ռուսական կառավարութեանն է ներկայացրել «Պրն. Իվան Լազարեւի նոթան» Ռուսաստանի հովանու ներքոյ հայ պետականութեան վերականգնման ծրագիր:
Յովհաննէսի նիւթական միջոցներով դպրոցներ են բացուել` Թիֆլիսում, Նոր Նախիջեւանում, Գրիգորիուպոլսում, 1815 թ.-ին հիմնադրուել է Մոսկուայի Լազարեան ճեմարանը, ռուսական օրիորդաց դպրոցը Ցարսկոյէ Սելոյում (այժմ` քաղաք Պուշկին), կառուցուել են հայկական եկեղեցիներ Ս. Փեթերսպուրկում ու Մոսկուայում: Յովհաննէս Լազարեանը 1768 թ.-ին Աւստրիայի Իոսիֆ Երկրորդ կայսրից ստացել է պարոնի, 1788 թ-ին` կոմսի տիտղոսներ:
Մինաս Աղազարի Լազարեանը Ամենայն Հայոց կաթողիկոս Դանիէլ Ա. Սուրմառեցու հաւատարմատարն էր ռուսական արքունիքում: Հայ եկեղեցու կառավարումը բարեփոխելու նպատակով մշակել է կանոնադրութիւն (1808 թ-ին կաթողիկոսը վաւերացրել է), որի հիման վրայ հետագայում ստեղծուել է Սինոտը կամ Բարձրագոյն խորհուրդը:
Խաչատուր Աղազարի Լազարեանը (1741–74 թթ.) հասարակական գործիչ էր, բարերար: Նրա կտակով եւ թողած միջոցներով հայրը եւ Յովհաննէս եղբայրը 1779-81 թթ.-ին Մոսկուայի Հայկական նրբանցքում կառուցել են Ս. Խաչ եկեղեցին, որն աւերուել է 1930-ական թթ.-ին:
Յովակիմ Աղազարի Լազարեանը եղբօր` Յովհաննէսի կտակի համաձայն, հիմնադրել է Լազարեան ճեմարանը: Պաշտպանել է Հայ առաքելական եկեղեցու շահերն ու ինքնուրոյնութիւնը, միջնորդել է, որ ռուսական կառավարութիւնն անձեռնմխելի թողնի ռուսահայ գաղութներին նախկինում տրուած առանձնաշնորհներն ու արտօնութիւնները: Մոսկուայի Վականքովեան գերեզմանատանը կառուցել է Ս. Յարութիւն (այժմ` առաջնորդանիստ) եկեղեցին: Նրա նամակներն արժէքաւոր տեղեկութիւններ են պարունակում 18-րդ դարի վերջի եւ 19-րդ դարի սկզբի հայ հասարակական կեանքի վերաբերեալ:
Յովհաննէս Յովակիմի Լազարեանը (1786-1858 թթ.) եղել է Ռուսաստանի արքունի սենեկապետ (1836 թ.), իսկական պետական խորհրդական (1837 թ.), ծառայել է ռուսական կայսերական պահակագնդում, արտաքին գործերի նախարարութիւնում: 1815 թ.-ից ցկեանս Լազարեան ճեմարանի հոգաբարձուն էր: 1851 թ.-ին 60 հզ. ռուբլի է նուիրել ճեմարանի նախակրթարանի բացման համար: Նպաստել է Ալեքսանդր Խուդաբաշեանի հայ-ռուսերէն բառարանի (1838 թ.) տպագրութեանը:
Եղիազար Յովակիմի Լազարեանը ռուսական բանակի գնդապետ էր, 1826-28 թթ.-ի ռուս-պարսկական երկրորդ պատերազմի ժամանակ մասնակցել է Ատրպատականի գրաւմանը եւ Դեհկարխանի ու Թուրքմենչայի հաշտութեան բանակցութիւններին, եղել Թաւրիզի պարետ, 1828 թ.-ի փետրուարին նշանակուել է պարսկահայերի գաղթի կազմակերպիչ: Նոյն թուականին` Ներսէս Աշտարակեցու աքսորուելուց յետոյ, Եղիազարը Հայաստանում աշխարհազօր ստեղծելու եւ պետականութիւնը վերականգնելու մեղադրանքով արտաքսուել է Կովկասից: Վերադառնալով Ս. Փեթերսպուրկ` թողել է զինուորական ծառայութիւնը:
Խաչատուր Յովակիմի Լազարեանը մեծ ջանքեր է գործադրել Արեւելեան Հայաստանը Ռուսաստանին միացնելու համար: Կազմել եւ ռուսական կառավարութեանն է ներկայացրել «Մի շարք առաջարկներ Վրաստանի եւ յարակից երկրամասերի մասին» ծրագիրը` առաջարկելով Ռուսական կայսրութեանը ենթակայ Հայաստանի տարածքում ստեղծել հայոց ինքնավար թագաւորութիւն: 1833-38 թթ.-ին Խաչատուրի յանձնարարութեամբ կազմուել եւ Մոսկուայում հրատարակուել է «Հայ ժողովրդի պատմութեան տեսութեանը վերաբերող աքթերի ժողովածուն» (ռուսերէն), որը հայ-ռուսական յարաբերութիւնների պատմութեան կարեւոր սկզբնաղբիւր է:
Խաչատուրի (1871 թ.) եւ Եղիազարի (1870-ական թուականներ) մահուամբ վերացել է Լազարեանների արական ճիւղը: 1873 թ.-ի կայսերական յատուկ հրամանագրով Լազարեանների ազգանունը փոխանցուել է Խաչատուր Լազարեանի դուստր Եղիսաբէթի ամուսնուն` իշխան Սիմէոն Դաւթի Աբամելիքին, եւ Աբամելիքներն անուանուել են Աբամելիք-Լազարեաններ (Աբամելիք-Լազարեւներ): Սակայն Սիմէոն Սիմէոնի Աբամելիք-Լազարեանի (1857-1916 թթ.) մահուամբ մարել է նաեւ Աբամելիք-Լազարեանների տոհմը: