ԵՓՐԵՄ ԼԵՒՈՆ ԶԱՔԱՐԵԱՆ
Օրերով ու գիշերներով փոշու ու կեղտի մէջ բացօթեայ մնալը, արեւին ու շոգին վառուելը անտանելի դարձան: Իսկ միւս կողմից դարձեալ պաշիպոզուկների բռնութիւնները, սպանութիւններն ու թալանը չէին դադրում: Իսկ երբեմն մեզանից ցանկացածին բռնում էին, տանում:
Տանում էին յատկապէս գեղեցիկ, ջահել կանանց ու աղջիկներին, չնայած նրան, որ մարդիկ այնքան էին հիւծուել, որ այլեւս գեղեցկութիւն չէր մնացել:
Գնալով քարաւանում տղամարդ չմնաց, նրանք բոլորը զոհուեցին: Մնացին կանայք, երեխաներն ու աղջիկները:
Մի տեղ ճանապարհին հեռուից շատ տներ երեւացին: Մարդիկ ասացին, որ դա Տիարպեքիր քաղաքն է: Ասեցին, որ այնտեղ հայ հացթուխեր շատ կան, եթէ հնարաւոր լինի այնտեղ գնալ, հայերը մեզ կ՛օգնեն հացով եւ ջրով: Բայց ո՞վ կարող էր այդպիսի հերոսութիւն գործել: Ամենադժուարը խմբից հեռանալն էր: Եթէ թուրք զինուորները նկատէին, կը սպաննէին տեղնուտեղը:
Երկար խորհելուց յետոյ կանայք որոշեցին երեք երեխայ ուղարկել: Ընտրեցին Սամուէլին, Մինասեան Արթինի տղային` Եղիային, ու էլի մի ուրիշ, մօտ 10-11 տարեկան տղայի: Ես չէի համաձայնւում Սամուէլին ուղարկել, որովհետեւ նա այնքան ամչկոտ էր, այնքան աչքափակ, որ եթէ ոեւէ անծանօթ նրա հետ խօսէր, նա լաց կը լինէր: Նրան թուրքերն անմիջապէս կը բռնէին ու գուցէ կը սպաննէին: Բայց երբ ինձ ասացին. «Քո երեխան երեխայ է, մերը երեխայ չի՞, ինչ է», ես կոտրուեցի:

Սամուէլն առանց այն էլ արեւահար էր եղել, հազիւ էր քայլում: Իսկ միւս կողմից թուրքն էր սպառնում նրա կեանքին: Յիշեցի, թէ ինչպէս շատ երեխաների թուրքերը տարան, ինչ շնութիւններ արին, սպաննեցին կամ վիրաւոր ու տկլոր բաց թողեցին: Իսկ ոմանց ծնողների աչքի առաջ մորթեցին: Իսկ միւս կողմից` այնքան էլ յոյս չունէի հիւանդ երեխային կենդանի տեղ հասցնել: Այս բոլորը ծանր ու թեթեւ անելուց յետոյ համաձայնեցի Սամուէլիս ուղարկել: Իսկ երբ Սամուէլին հարցրի.

– Կարո՞ղ ես տղաների հետ գնալ այն երեւացող քաղաքն ու հաց ու ջուր բերել,- երեխան զարմացած նայեց ինձ, թէ ի՛նչ եմ ասում: Արդեօք լո՞ւրջ եմ ասում, թէ՞ կատակ եմ անում: Թէ ինչպէ՛ս կարող է այդպիսի բան անել: Երեխան անգամ չպատասխանեց. կպաւ ինձ ու կուչ եկաւ:
Ես ու միւս երեխաների մայրերն սկսեցինք Սամուէլին համոզել, որ չվախենայ, գնայ տղաների հետ: Երեւում էր` միւս տղաներն աչքաբաց էին, նրանք էլ սկսեցին համոզել Սամուէլին: Սամուէլը մոլորուած` մէկ մէկիս էր նայում, մէկ` միւսին: Բայց տեսնելով, որ տղաները չեն վախենում, վերջում սիրտ առաւ ու ինքն էլ համաձայնուեց եւ գնաց տղաների հետ` մի յարմար տեղ ծլկելով խմբից:
Ճիշդն ասած, խիղճս տանջում էր, որ երեխային իմ ձեռքով թուրքերի ձեռքն ուղարկեցի: Բայց միւս կողմից մտածում էի, որ գոնէ աչքովս չեմ տեսնի նրա սեւ օրը:
Ըստ պայմանի, երեխաներն այդ օրը երեկոյեան պիտի վերադառնային:
Բայց երեկոյեան վերադարձաւ միայն մէկն առանց հաց ու ջրի: Իսկ Սամուէլն ու Եղիան չկային: Այդ երեխան ասաց, որ երբ նրանք մօտենում էին քաղաքին, թուրքերը նկատեցին ու յարձակուեցին նրանց վրայ: Նրանք փախան` ով ուր կարող էր: Իսկ թէ ուր մնացին Սամուէլն ու Եղիան, չգիտեր: Ի՞նչ կարող էի անել: Ոչինչ: Կարծեցի, որ նրանց սպաննեցին, որովհետեւ Սամուէլը երբեք առանց ինձ չէր մնայ: Լալիս էի ու գնում: Կանայք ինձ յուսադրում էին, թէ երեխան կենդանի կը լինի: Բայց զգում էի, որ նրանք էլ ինձ նման յոյս չունէին, միայն յուսադրում էին ինձ: Այդպէս էլ գնաց, կորաւ ու կորաւ իմ անմեղ բալիկս:
Գիշեր-ցերեկ լալիս էի ու աղօթում Աստծոյն, որ Աստուած իմ հոգին առնի, միայն իր բարի ձեռքը Սամուէլիս վրայ պահի: Բալիկներիս, ամուսնուս, տունուտեղ կորցրած` մտայ դժոխքի քարաւանը, մոլորուած, լալով գնում էի դէպի անապատները…
Քարաւանը քանի գնում, ցամաքում էր: Էլ մարդու նման չէինք, մեզ անասունի նման ծեծում էին ու քաշում: Գնալով աքսորեալների թիւն այնքան քչացաւ, որ կրկին մնացինք մի խումբ կանայք ու աղջիկներ: Ի վերջոյ հասանք Մուսուլ: Այնտեղ մեզ բաց թողին` կրկին բաժանելով փոքր խմբերի: Ես գնացի իմ ծանօթ թուրքի մօտ, ուր եղել էի առաջին անգամ: Ինձ լաւ ընդունեցին: Ծառայ դարձայ: Մի տարի քարշ եկայ մէկի-միւսի մօտ…
Ա՜խ, ամէն ինչ չես պատմի: Որքան անտանելի է, երբ դու քոնը չես: Երբ ուրիշն է քո գլխի տէրը, թէկուզ երեխայ կամ զառամեալ պառաւ լինի: Կ՛ասի` չոքիր, ու կը չոքես, եթէ ուզում ես կենդանի մնալ:
Մեզ համար ոչ ցուրտ կար, ոչ արեւ, ոչ շոգ, ո՛չ գիշեր, ոչ ցերեկ, ոչ թեթեւ, ոչ ծանր, ոչ էլ հանգիստ: Շատերը չդիմացան այդ ծանր օրերին ու մահացան: Մի տարի յետոյ մեզ կրկին ազատ արձակեցին: Բայց ո՞ւմ էր պէտք այդ ազատութիւնը: Այդ երկար տարին մի օր աչքերիս արցունքը չի ցամքել: Կրկին ջարդուած սրտով վերադարձայ Օրտու, կորցրած բոլոր հարազատներիս, բացի մեծ եղբօրիցս` Գալստեան Կարապետից, որ ազատուած էր եւ ապրում էր Ռուսաստանում:
Օրտու քաղաքում ծանօթներ գտայ: Շատերը Եղեռնի ժամանակ անտառներում թաքնուած հայ տղամարդիկ էին: Մօտ 80 հոգի գաղտնի նաւակ վարձեցին ու նաւակով փախանք Ռուսաստան, Ատլեր քաղաք, Սեւ ծովուն հիւսիսը: Ես գնացի եղբօրս` Կարապետի մօտ, որ բնակւում էր Կակրայի շրջանի Օտլուղ գիւղում, որ գտնւում էր Պիլենկովոյից վերեւ: Հոն ամուսնացայ Ճանսուզեան Սեդրակի հետ ու երեխաներ ունեցայ:

Անցան տարիներ… բայց քանի որ Սամուէլիս մահն աչքով չէի տեսել, յոյսս չէի կտրում ու չէի դադարում փնտռելէն: Նա իմ սրտում միշտ կենդանի էր ու միշտ` 8 տարեկան:
Շատ ու շատ մարդիկ Եղեռնի ժամանակ կորցրած հարազատներին գտան աշխարհի տարբեր ծայրերում: Ամէն անգամ, երբ լսում էի, թէ ոեւէ մէկը գտել է իր հարազատին, վառուած սրտիս մոխիրների տակ թաղուած յոյսի կայծերը բոցկլտում էին ու աւելի եռանդով էի փնտռում: Փնտռում էի աշխարհի տարբեր մասերում: Վերջապէս, ինչպէս ասացի, բախտը ժպտաց, Սամուէլս գտնուեց Պէյրութում, Անթիլիասի որբանոցում, 1928 թ.: Սկսայ նամակցիլ նրա հետ: Նա էլ ինձ գրում էր որբանոցից, թէ ինչպէ՛ս ինք ապրում էր այնտեղ եւ մեծանում: Որբանոցին մէջ նա սորվում էր կօշկակարութիւն:
Դարձեալ անցան երկար տարիներ… Մինչեւ այդ, բոլորն ինձ ասում էին` 42 տարի անցնելուց յետոյ ի՞նչ ես կորցրել, ի՞նչ ես փնտռում: Իմ երեխաներն այդ չէին ասում, բայց նրանց վերաբերմունքն այդ էր ասում: Իսկ ոմանք բացէ ի բաց ասում էին ինձ, թէ ի զուր ժամանակ եմ վատնում: Յետոյ էլ աւելցնում, թէ ի՛նչ արած, մօր սիրտ է թող փնտռի:
Այդքան ժամանակ անցնելուց յետոյ ո՞վ էր սպասում այսպիսի բախտի, արեւի ու հրաշքի: Երբ Սամուէլիս նկարը ստացայ, քիչ էր մնում ուրախութիւնից ուշքս գնար, գժուէի: Ճիշդն ասած, 42 տարի անցնելուց յետոյ ես էլ այնքան յոյս չունէի, որ կը գտնեմ Սամուէլիս, բայց չփնտռել չէի կարող: Չէի կարծում, թէ Աստուած այնքան բարի կը լինէր, որ էն աշխարհից որդուս կը նուիրէր ինձ: Հիմա ուզում եմ տեսնել բալիկիս: Ա՜խ, բալիկս, տեսնելու բախտ կը վիճակուի՞ արդեօք, ասաց ու լաց եղաւ:
Մի քիչ հանգստանալուց յետոյ Զանակ տատին ներողութիւն խնդրեց, որ ինձ անհանգստացրեց, յետոյ խնդրեց, որ Սամուէլին նամակ գրեմ ու օգնեմ, որ գոնէ մի րոպէ տեսնի նրան, եթէ դա հնարաւոր է: Վազեցի, թուղթ ու գրիչ վերցրի, եկայ: Հարցրի.
– Սամուէլի հասցէն ունէ՞ք:
Ասաց, որ ինքը կը թելադրի, ես կը գրեմ: Ասացի` լաւ:
– Կը ներես,- ասաց,- որ գրելու ես անգրագէտիս թելադրածը: Սխալներիս ուշադրութիւն մի՛ դարձնիր,- ու սկսեց թելադրել:
– Սամուէ՛լս, բալի՛կս, անուշի՛կս,- ու էլի յուզուեց, աչքերին արցունքի կաթիլներ երեւացին: Այդպէս էլ լացակումած սկսեց թելադրել:
– Արդեօ՞ք Աստուած ղսմաթ կանի՞ իրար տեսնել, թէ՞ չէ: Իրօ՞ք այդտեղ ես, թէ չէ, եաւրի՛կս… ինչպէ՞ս ես, տղա՛ս… Ա՜խ, շատ ու շատ եմ կարօտել… Արդեօք դո՞ւ էլ մեզ նման արեւին ու լուսնին նայում ես, թէ՞ չէ: Բալիկս, եթէ նայում ես, գոնէ լուսնին ու արեւին նայելով` մի քիչ կարօտս կ՛առնեմ: Եթէ քեզ չտեսնեմ էլ, Աստուած տայ` դու կենդանի լինես, ողջ ու առողջ լինես, լաւ լինես, բալի՛կս, ուրիշ ոչինչ չեմ ուզում:
Այստեղ մի քիչ հանգստանալուց յետոյ շարունակեց.
– Բալի՛կս, որտե՞ղ կորար, որտե՞ղ մնացիր: Աշխարհը վառւում էր, որտե՞ղ գլուխդ պահեցիր կրակից: Ինչպէ՞ս կենդանի մնացիր: Քանի՜ տարի Տէր Զօրի անապատները չափչփեցի: Ի՞նչ գիտէի, որ կենդանի ես, կամ որտեղ ես, որ գայի, օգնէի: Անո՛ւշ բալիկս, քեզ լաւ նայիր, քաղցած, ծարաւ մի՛ մնայ: Անո՛ւշ բալիկս, գրում եմ այս նամակն ու վախենում եմ, որ այս բոլորը երազ լինի: Աստուած, որ այսքան բարի եղաւ, բախտի մի դուռ էլ կը բանայ, ու իրար կը տեսնենք: Ա՜խ, տղա՛ս, ինչո՞վ կարող եմ քեզ օգնել, ասաց ու սկսեց հեկեկալ, լաց լինել: Դժուարանում էր խօսել: Ես կարծես հանգիստ լսում էի, բայց յանկարծ իմ սիրտն էլ փոթորկուեց: Աշխատում էի ինձ հանգիստ պահել, որ Զանակ տատին աւելի չյուզեմ: Բայց տեսնելով, որ լացը չի կտրում, որպէսզի նրան այդ վիճակից դուրս բերեմ, հնարաւորին չափ հանգիստ թոնով ասացի.
– Նամակը շատ երկար ստացուեց:
Վախենալով, որ վերջացնում եմ գրելը, անմիջապէս ուշքի եկաւ, իրեն հաւաքեց ու ասաց.
– Չէ՛, չէ՛, գրի՛ր: Տղա՛ս, քո աչքերին, ձեռքերին, մամա ասող ձայնիդ մատաղ: Բալի՛կս, կ՛ասես` ի՞նչ մայր էր, քեզ նման երեխային թողեց դժբախտութեան մէջ ու հեռացաւ: Բայց ես քեզ անտէր չեմ թողել, բալի՛կս: Այդպէս ստացուեց: Դու երեւի յիշում ես, թէ ի՛նչ էր կատարւում: Ի՞նչ օրի էի ես ու քեզ համար ի՞նչ կարող էի անել, ոչնչով քեզ օգնել չէի կարող: Մեռնէր քո մայրը, այդ օրերը չտեսնէր:
Այստեղ Զանակ տատիկի լացն ուժեղացաւ: Որպէսզի նրա լացը կտրեմ, ներողութիւն խնդրեցի ու ասացի.
– Վերջացնենք գրելը:
Մի պահ նա մտքերի մէջ ընկաւ, յետոյ ասաց, որ վերջացնում ենք, բայց կրկին սկսեց թելադրել.
– Բալի՛կս, շա՞տ սոված-ծարաւ մնացիր, թէ՞ չէ: Շա՞տ ինձ փնտռեցիր: Ա՜խ, բալի՛կս, արդեօք քեզ կը տեսնե՞մ, թէ՞ չէ: Գոնէ աչքս թարթելու չափ ժամանակ քեզ տեսնէի ու համոզուէի, որ կենդանի ես:
Այսքանն ասելուց յետոյ լռեց: Քիչ յետոյ ասաց, որ մնացածը ինքս գրեմ: Բայց ի՞նչ գրէի ես: Քիչ յետոյ ասացի, որ գրեցի, վերջացրի: Նա լուռ մտքերի մէջ ընկաւ: Նկատւում էր, որ գոհ էր: Ուրախութեան շողերը թափառում էին դէմքին:
Մէկական նամակ էլ Զանակ տատիկի անունից գրեցի Խորհրդային Միութեան ու Լիբանանի կառավարութիւնների արտաքին գործերի նախարարութիւնների հասցէներով, խնդրեցի` գոնէ մի րոպէով թոյլ տան տեսնել Սամուէլին, նշելով, թէ երբ, որտեղ, ինչպէս էր կորցրել Սամուէլը 42 տարի առաջ: Նամակները ծրարեցի, գրեցի հասցէները ու ասացի, որ նամակները պատրաստ են, ես փոստ կը գցեմ: Բայց Զանակ տատին անհանգստացաւ, ասաց, որ նամակներն ինքը փոստ կը գցի: Ապշած նայում էր նամակներին, նրա ձեռքերը սկսեցին դողդողալ, դէմքի մկանները` խաղալ: Նրա դէմքին երեւում էին նրա ներքնաշխարհի տրտունջի ու յոյսի ալիքների տատանումները: Մի ձեռքով, դանդաղ սկսեց արցունքները սրբել, միւսովը «ա՜խ, Սամուէլս» ասելով` վերցրեց նամակներն ու հարցրեց, թէ դրանից ո՞րն է Սամուէլի նամակը: Ցոյց տուեցի: Զանակ տատին Սամուէլի նամակը դրեց կրծքին, յետոյ համբուրեց ու ասաց.
– Ա՜խ, Սամուէ՛լս, մի՞թէ այս նամակը ձեռքդ պիտի առնես: Մեռնեմ քո թաթիկներին: Բալի՛կս, այս նամակի վրայ թողած համբոյրներս թող համբուրեն քո ձեռքերը:
Այս ասելով` դանդաղ կանգնեց: Աչքերը փակեց: Խոր շունչ քաշեց ու աչքերի արցունքները սրբելով` ասաց.
– Լաւ էր` անցածը չյիշէի: Մնաք բարով, ես էլի կը գամ,- ասաց ու գնաց: Դրանից յետոյ Զանակ տատին ամէն ամիս գալիս էր հարցնելու, թէ ինչո՛ւ նամակներին պատասխան չկայ: Ամէն անգամ ասում էի, թէ նման նամակների պատասխանը շուտ չի գալիս:
Անցաւ վեց ամիս: Ոչ մի պատասխան: Կրկնեցի նամակները: Անցաւ էլի վեց ամիս: Մի օր էլ նամակ ստացան, որ Սամուէլին թոյլատրել են երեք ամիսով գալ Խորհրդային Միութիւն եւ հիւր լինել մօրը:
Ինչ խօսք, երեւի թոյլատրող մարդկանց գութը շարժուել էր, որ այդքան երկար ժամանակ էին տուել:
1964 թ. յուլիսի վերջերին Սամուէլից մի հեռագիր ստացայ, որ նա 28 յուլիսին «Լաթվիա» նաւով իր կնոջ եւ 8 տարեկան երեխայի` Իշխանի հետ Լիբանանից մեկնում են Օտեսա:
Մի խումբ ազգականներ թռան Օտեսա` Սամուէլին դիմաւորելու: Իսկ մի խումբ ազգականներ, հարեւաններ ու համագիւղացիներ գնացին Ատլեր, այնտեղ դիմաւորելու, որովհետեւ Սամուէլը օդանաւով Օտեսայից թռչելու էր Ատլեր:
Թէ ի՛նչ եղաւ Օտեսայում, չգիտեմ, բայց մենք Ատլերում երկար սպասեցինք: Լուրն անմիջապէս տարածուեց օդակայանում, որտեղ այդ ժամանակ եկող-գնացողների եռուզեռ էր տիրում:
Մարդիկ, երբ իմացան, որ մայր ու որդի 43 տարի առաջ իրար կորցնելուց յետոյ պիտի հանդիպեն, դիմեցին դէպի այն դահլիճը, ուր պիտի մտնէին Օտեսայից եկողները: Այդ դահլիճում էին հաւաքուել ծանօթ թէ անծանօթ, հայեր, ռուսներ, վրացիներ ու այլ ազգերի մարդիկ, նոյնիսկ` կոլխոզի նախագահը:

Մէկ էլ ռատիոյով հաղորդեցին, որ Օտեսայից թռչող օդանաւը վայրէջք է կատարում: Յետոյ էլ ասացին, որ այդ օդանաւով Պէյրութից եկած հիւրը հանդիպելու է 43 տարի առաջ կորցրած իր մօրը: Այդ յայտարարութիւնից յետոյ մեր դահլիճում այնքան մարդ հաւաքուեց, որ ասեղ գցելու տեղ չկար: Շուտով եկան Օտեսայից թռչողները: Եկան Սամուէլի կինն ու ութ տարեկան տղան` Իշխանը: Նրանց ուղեկցում էին Օտեսա դիմաւորելու գացողներից մի քանիսը: Իսկ Սամուէլը չկար: Ասացին, որ այդ օդանաւում տեղ չի եղել բոլորին, եւ որ Սամուէլը կը գայ յաջորդ օդանաւով:
Զանակ տատին երբ իմացաւ, որ Սամուէլը չկայ, դէմքի ժպիտը մարեց: Զննող հայեացքով նայեց մէկին-միւսին` պարզելու համար, կատա՞կ են անում, թէ՞ լուրջ են ասում: Բայց ոչինչ չհասկացաւ: Սամուէլի կնոջն ու երեխային դիմաւորելուց յետոյ միայն հասկացաւ, որ իրօք Սամուէլը չկայ: Սամուէլի փոխարէն` գրկել էր 8 տարեկան թոռանը` Իշխանին, բայց դա նրան չէր հանգստացնում: Աստիճանաբար նրա ոտքերը թուլացան: Որպէսզի չընկնի, Զանակ տատին դիմեց կողքին կանգնած մարդկանց օգնութեանը եւ լալկան ձայնով ասաց.
– Ո՞ւր է Սամուէլս, ո՞ւր է բալիկս: Ի՞նչ եղաւ նրան:
– Կը գայ, մայրի՛կ, կը գայ: Հանգստացիր, շուտով կը գայ,- ասում էին Օտեսայից եկածները:
– Ինձ մի՛ խաբէք, որտե՞ղ մնաց տղաս` Սամուէլս: Ի՞նչ եղաւ, ի՞նչ պատահեց: – Ասաց ու աչքերը չորս արած` շարունակեց եկողներին մէջ փնտռել Սամուէլին: Բայց չգտնելով նրան` լրջացած ասաց.
– Կատակ է՞ք անում, թէ՞ մի բան պատահեց:
Այս անգամ մարդիկ աւելի լուրջ սկսեցին հասկացնել, որ ոչինչ չի պատահել, որ իրօք Օտեսայում բոլորին տեղ չի եղել օդանաւում, որ Սամուէլը կը գայ մի ժամ յետոյ` յաջորդ օդանաւով: Բայց Զանակ տատին կրկին կասկածում էր, թէ կարո՞ղ է այդպէս լինել, ու չէր հանգստանում:
– Չէ՛, ո՞ւմ էք խաբում,- ասաց նա աւելի լրջացած ու բարձր ձայնով, իսկ յետոյ տեսնելով, որ կատակ չեն անում, ինչ-որ կասկածների մէջ ընկած ու խեղճացած, աղերսանք արտայայտող, մարող ու լալկան ձայնով դիմեց բոլորին.
– Ո՞ւմ էք համոզում: Ի՞նչ պատահեց: Ինձ ճիշդն ասէք, ի՞նչ եղաւ տղաս: Էլի՞ կորաւ:
Այստեղ Զանակ տատիկի աչքերը մթնեցին, գլուխը պտտուեց, ձայնը կտրուեց, արցունքները գլորուեցին այտերի վրայով: Անուժ, անօգնական դարձաւ: Ամբողջ տեսքն արտայայտում էր մի այնպիսի յուսահատութիւն, որ կարծես` էլ փրկութիւն չկար:
– Քեզ չեն ասում` մի տարի սպասիր, ասում են` մի ժամ սպասիր: 43 տարի սպասել ես, մի ժամ չե՞ս կարող սպասել,- ասաց համագիւղացիներից մէկը ու յետոյ աւելցրեց,- մի ժամ յետոյ եթէ Սամուէլը չգայ, նոր կը հարցնես, թէ ո՛ւր է նա:
(Շար. 2)