ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Պաքւում «աւանդաբար» են արձագանգել Արցախի Հանրապետութեան ԱԺ յայտարարութեանը:
Ազրպէյճանում վաղուց արդէն «աւանդոյթ» է ձեւաւորուել սուիններով ընդունել Արցախի Հանրապետութեան ցանկացած արտաքին քաղաքական քայլ: Ընդ որում` անել դա չափազանց յարձակողական ու նոյնչափ կոպիտ ձեւով, հաշուի չնստելով ո՛չ փաստերի, ո՛չ տարրական տրամաբանութեան, ո՛չ ողջամտութեան հետ: Նման ախտաբանական, խելացնորութեան աստիճանի նեարդայնութեան պատճառը բաւականին պարզ է` Պաքւում գիտակցում են, որ ԼՂՀ-ի մեկուսացմանն ու վարկաբեկմանն ուղղուած տարիներով վարուող պետական քաղաքականութիւնը, որի համար ոչ քիչ դիւանագիտական ջանքեր ու ֆինանսական միջոցներ են ծախսւում, ցանկալի արդիւնք չի տալիս, իսկ աւելի ճշգրիտ` ձախողւում է:
Դրանում հերթական անգամ համոզուեցինք այն բանից յետոյ, երբ մարտի 2-ին ԵԱՀԿ-ում, մեր հանրապետութեան արտաքին գործերի նախարարութեան նախաձեռնութեամբ, որպէս պաշտօնական փաստաթուղթ, տարածուեց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի յայտարարութիւնը` Սումկայիթում հայազգի բնակչութեան զանգուածային կոտորածի 30-րդ տարելիցի կապակցութեամբ: Ինչպէս սովորաբար լինում է, դրան հետեւեց Ազրպէյճանի ԱԳՆ մամուլի ծառայութեան ոչ անյայտ ղեկավար Հիքմեթ Հաճիեւի արձագանգը, ով ազրպէյճանական քարոզչութեան լաւագոյն աւանդոյթներով մատուցեց կեղծիքի ու փաստերի խեղաթիւրմամբ շաղախուած մեկնաբանութիւն, ընդ որում` օգտագործելով հնադարեան ձեւակերպումներ, որոնք վկայում են նրա քաղաքական տգիտութեան մասին: Կարծում ենք` Հիքմեթի հերթական տխմարութիւնն արժանի է, որ այն հանգամանալից վերլուծութեան ենթարկենք:
Սկսենք նրանից, որ ազրպէյճանական ԱԳՆ խօսնակը վրդովել է այն բանից, որ Արցախի Ազգային ժողովի յայտարարութիւնը տարածուել է` ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչութեան օգնութեամբ: Յիշեցնենք` սա բնական սովորութիւն է, որը բխում է երկու հայկական հանրապետութիւնների արտաքին քաղաքական գերատեսչութիւնների համագործակցութեան մասին յուշագրից, եւ արդէն առաջին տարին չէ, որ այն կիրառւում է: Նշենք, որ այդ համագործակցութեան շրջանակներում ԼՂՀ ԱԳՆ միայն 2017թ. ընթացքում որպէս պաշտօնական մօտ տասը փաստաթղթեր է տարածել միջազգային հեղինակաւոր կազմակերպութիւններում` ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽԽՎ-ում եւ այլն: Բայց դա աշխատանքի ձեւ է միայն, որն, այնուամենայնիւ, այնքան ուժգին չի զայրացնում Հաճիեւին, որքան փաստաթղթի, տուեալ դէպքում Սումկայիթում հայերի ցեղասպանութեան մասին Արցախի խորհրդարանի յայտարարութեան բովանդակութիւնը: Ու նրա ողջ ցասկոտ երկարաշունչ ճառը միտուած է միայն մէկ բանի` քողարկել, աղաւաղուած ձեւով ներկայացնել 30-ամեայ վաղեմութեան սարսափելի ողբերգութեան մասին իրական ճշմարտութիւնը, երբ նպատակաուղղուած, ազրպէյճանական իշխանութիւնների կողմից մշակուած ծրագրով ոչնչացւում էր Սումկայիթի հայկական բնակչութիւնը:
Պէտք է ասել` Հիքմեթը, իր բարձրաստիճան խաւարամիտ, ցեղապաշտ պետերի օրինակով, լկտիութեան ու անամօթութեան պակաս չունի: Ինչե՛ր արժէ նրա այն արտայայտութիւնը միայն, թէ «Հայաստանը չի կարող որեւէ մի փաստ ներկայացնել»: Մինչդեռ փաստերը մէկը չեն, ոչ էլ երկուսը, այլ` հարիւրաւոր, որոնք կազմում են այսպէս կոչուած «սումկայիթեան թղթապանակը», ինչի մասին Ազրպէյճանում չեն կարող չիմանալ: ԽՍՀՄ Գերագոյն եւ այլ ատեանների դատարանների դատավարութեան նիւթերը, դատարաններ, որոնցով մէկ Կորպաչովի կամքով ցրուել էին Սումկայիթում հայերի ջարդերի վերաբերեալ քրէական գործերը, ամենայն համոզչութեամբ ապացուցում են ինչպէս այդ յանցագործութեան լիակատար համապատասխանութիւնը «ցեղասպանութիւն» բնորոշմանը, այնպէս էլ դրանում Ազրպէյճանի բարձրագոյն ղեկավարութեան մեղսակցութիւնը:
Այդուհանդերձ, հակառակ անհերքելի փաստերի, պաշտօնական Պաքուն ողջ այս 30 տարիների ընթացքում շարունակում է ստել: Ահա եւ այս անգամ Հաճիեւը նշել է, որ` «Ազրպէյճանի գլխաւոր դատախազութիւնը եւ ԱԳՆ սումկայիթեան դէպքերի առնչութեամբ հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ` լայն հասարակայնութեանը տեղեկացնելով տեղի ունեցածի բուն էութեան մասին, մասնաւորապէս` այն, որ դա եղել է ԽՍՀՄ պետանվտանգութեան կոմիտէի եւ Հայաստանի յատուկ ծառայութիւնների նպատակաուղղուած սադրանք»: Ընթերցողի ուշադրութիւնը հրաւիրենք ուշագրաւ մի հանգամանքի վրայ: Մի քանի տարի առաջ ազրպէյճանական մամուլը տարածել էր հաղորդագրութիւն, որի համաձայն, «Նախկին ԽՍՀՄ պետանվտանգութեան կոմիտէն եւ դատախազութիւնն անց են կացրել հետաքննութիւն, որի ընթացքում բացայայտուել են բազմաթիւ փաստեր, որոնք անվիճելիօրէն ու համոզիչ կերպով ապացուցում են, որ սումկայիթեան իրադարձութիւնների իրական կազմակերպիչները հայերն իրենք էին»: Ինչպէս կարելի է նկատել` երկու դէպքերում էլ շօշափւում է Պետանվտանգութեան կոմիտէն, բայց եթէ առաջին մէջբերման մէջ այն հանդէս է գալիս մեղադրեալի դերում, ապա երկրորդ դէպքում` մեղադրողի: Այդ դէպքում ո՞վ է ստում: Համաձայնենք` ազերիական քարոզչութեան համար տհաճ բացթողում` սումկայիթեան ձեւով, կացնային ոճով: Սուտն այստեղ սահմաններ չի ճանաչում:
Ի տարբերութիւն նման մերկապարանոց, փաստարկներից զուրկ մեղադրանքների` մենք կը ներկայացնենք իրական, այլ ոչ մտացածին վկայութիւն, որը պատկանում է ԽՍՀՄ դատախազութեան քննչական խմբի աւագ քննիչ Վ. Ռեւային. «Սումկայիթում գործնականում ցեղասպանութիւն է եղել, երբ մարդուն սպաննում են միայն այլ ազգի պատկանելու պատճառով»: Ասենք աւելի՛ն, ազրպէյճանցիներն իրենք հաստատել են, որ «Սումկայիթը» կազմակերպուել էր Ազրպէյճանի իշխանութիւնների ու իրականացուել իրենց ցեղակիցների կողմից: Այսպէս, Ազրպէյճանի կոմկուսի Սումկայիթի քաղկոմի նախկին առաջին քարտուղար Ճ. Մուսլիմզատէն, ով առաջինն էր նրանցից, ովքեր ամբոխին ջարդերի էին կոչում, աւելի ուշ տեղի ունեցածի մէջ հրապարակայնօրէն մեղադրեց Ազրպէյճանի գերագոյն իշխանութիւններին: Իր հերթին, այն ժամանակ Ազրպէյճանի դատախազի պաշտօնը զբաղեցնող Ի. Իսմայիլովը ողբերգութիւնից 15 տարի անց յայտարարել էր, որ մեղաւորները, ովքեր մարդկանց հրահրել են ջարդեր իրականացնել Սումկայիթում, այսօր նստած են Միլլի մեճլիսում: Ու ազրպէյճանցիներին պատկանող նման բացայայտումները քիչ չեն:
Փաստերը յամառ բաներ են: Դրանցից էլ հէնց վախենում է Պաքուի իշխանութիւնը, որն անձնատուր է լինում ամէն տեսակ ստորութիւնների, որպէսզի բոլոր խարդախ միջոցներով թաքցնի այդ փաստերի ճշմարտացիութիւնը: