10-էն 12 մարտ 2018-ին Երեւանի մէջ գումարուեց ՀՅԴ մամլոյ եւ տեղեկատուական այլ միջոցների ու հանրային կապերի պատասխանատուների խորհրդաժողովը, որին մասնակցում էին 12 երկրներից շուրջ 40 խմբագիրներ եւ հանրային կապի պատասխանատուներ:
Խորհրդաժողովն անդրադարձաւ ՀՅԴ աշխարհատարած լրատուամիջոցների գործունէութեան, արձանագրեց յաջողութիւններն ու առկայ հիմնահարցերը, քննարկեց հայաստանեան եւ hամահայկական խնդիրների լուսաբանման հարցերը, արդի աշխարհում տեղեկատուական դաշտի դիմագրաւած մարտահրաւէրները, ՀՅԴ հանրային կապերի ռազմավարութեան սկզբունքները եւ իրականացման մեքանիզմները:
Առանձին քննարկման նիւթ դարձաւ Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի միջոցառումների հարցը` կուսակցական լրատուամիջոցների անելիքների դիտանկիւնից:
Խորհրդաժողովը կարեւորեց գործակցութիւնը հայ մամուլի միւս միջոցների հետ` Հայաստանի, Արցախի, ազգային այլ խնդիրների հետապնդումը համադրուած ջանքերով իրականացնելու գործում:
Մերժելով հակապետական, ապազգային, արտաքին եւ ներքին ապակառուցողական հակաքարոզչութիւնը, խորհրդաժողովը միաժամանակ կարեւորեց մամուլի բազմակարծութիւնը, այլակարծութեան իրաւունքը եւ դատապարտելի համարեց ազատ խօսքի նկատմամբ դրսեւորուող որեւէ կաշկանդում:
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐՈՒ ԳՐԱՍԵՆԵԱԿ
12 մարտ 2018
Երեւան