Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մեր Պետութեան Հիմքերը Շատ Ամուր Եւ Որակով Են Դրուած

February 27, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Զրուցեց եւ գրառեց` ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ

Արարատ Դանիէլեան

1988-ի փետրուարի հետ կապուած յիշողութիւններով ու մտորումներով կիսուել է Արցախի Հանրապետութեան արդարադատութեան նախարար Արարատ Դանիէլեանը:

Իմ մօտ տպաւորուել է 1988 թուականի փետրուարի 12-ի` կուսակցութեան տնտեսական ակտիւների ժողովը, որը տեղի է ունեցել քաղաքային կուսակցական կազմակերպութեան շէնքի դահլիճում: Այն առաջին հիմնական ժողովներից մէկն էր, որը բեկումնային դարձաւ: Այդ օրը Պաքուից ժամանել էին կուսակցական ականաւոր գործիչներ. ներկայ էին ԼՂԻՄ մարզային կառոյցի ղեկավարներ: Նրանք ցանկանում էին կայացած ստորագրահաւաքները, խօսակցութիւնները, ժողովները բացասական գնահատականի արժանացնել, բայց ժողովն այդ ուղղութեամբ չգնաց: Հետաքրքիրն այն էր, որ եթէ ժամանածների կողմից որեւէ արտայայտութիւն էր հնչում, դահլիճում գտնուողները դժգոհում էին, բայց ոչ` բացէ ի բաց. ոտքերը դոփում էին յատակին, ցածրաձայն դժգոհութեան արտայայտութիւններ անում: Տասնամեակներ շարունակ վարչական, ամբողջատիրական համակարգում ապրող ամբողջ ժողովրդին համակել էր ազատութեան գաղափարը եւ մի հզօր ուժ դարձել:

Համայնավար երիտասարդական կոմիտէի քարտուղարը

Այն ժամանակ ես Ստեփանակերտի մանկավարժական հիմնարկում էի աշխատում. Համայնավար երիտասարդական կոմիտէի քարտուղարն էի: 1988-ի յունուարին գտնւում էի Մոսկուայում: Մարզային ուսանողական ջոկատներին շտապ պէտք է ձեւաւորէինք: Կարգի համաձայն` այդ պաշտօնի թեկնածուն պէտք է Կենտկոմ հարցազրոյցի գնար: Արդէն հարցազրոյցն աւարտուել էր, երբ զանգեցին-տեղեկացրին, որ Ղարաբաղում գործընթացներ են սկսուել` վերադառնանք:

Յիշում եմ ուսանողութեան մէջ տիրող ալեկոծուած վիճակը, ինքնաբուխ հաւաքը դահլիճում: Ասում էին` «Համայնավար երիտասարդական միութիւնը ժողով է անում». իբր մենք էինք կազմակերպել: Հաւաքի ժամանակ մարդիկ ելոյթ ունեցան, բացատրեցին` ինչ են անում, ինչի համար: Տասնամեակներ շարունակ ոչ մի կուսակցութիւն, ոչ մի առաջնորդ ոչ մի կոչ նման ալիք չէր բարձրացրել:

Փետրուարի 13-ին գիւղատնտեսական ուսումնարանի ուսանողութեան ցոյցը կայացաւ: Հրապարակը փակել էին, բայց ալիքն արդէն բարձրացել էր: Բոլորը հաւատում էին միացմանը: Մենք, ի հարկէ, պատկերացնում էինք, որ նման հարց հեշտ չի լուծուի, բայց Ազրպէյճանի ձեռնարկած հակաքայլերը յանգեցրին պատերազմական իրավիճակին:

Իրաւագիտակցութեան բարձր մակարդակ
եւ ոչ համարժէք պատասխան

Խորհրդային Միութեան ղեկավարութիւնը ցանկանում էր հարցը լուծել կուսակցական կարգապահութեան շրջանակներում: Հետաքրքրական է, որ այդ օրերին որեւէ իրաւախախտում չկար. այնքան բարձր էր ժողովրդի իրաւագիտակցութեան մակարդակը: 15-20.000-անոց երթի ընթացքում ոչ մի տեղ խախտում չեն արել, թէկուզ ծառի ճիւղ չեն կոտրել, ապակի չեն ջարդել: Մարդիկ գիտակցում էին, որ ամէն ինչ պիտի անեն, որպէսզի ցուցարարների դէմ ուժ չգործադրուի, որպէսզի գործը չտուժի: Ինչ արուել է` օրէնքի սահմաններում է արուել: Ցաւօք, այժմ պատմական, իրաւական դաշտում չեն քննում հարցը, քաղաքական դաշտ են տեղափոխում:

Փետրուարի 19-ից սկսւում է գործադուլը, որը տեւում է մինչեւ մարտի 3-ը: Այն ժամանակ խօսում էին, որ մարտի 3-ին Քորբաչովի ծնունդն է, պէտք է հրապարակը ազատուի: Մենք հաւատում էինք կուսակցութեանը, Լենինին, հաւատում էինք, որ նման կուսակցութիւնը կարող է հարցը լուծել: Բայց հետագայում պարզուեց, որ դա իրենց ընկալմամբ դժուար հարց է: Ղազախստանում կուսակցական անդամների քանակն աւելացնելու համար Պաւլոդարի մարզը փոխանցում են նրան: Նման հարցերը կարողանում են լուծել, իսկ Ղարաբաղի հարցը, որ բռնի ուժով մտցրել են Ազրպէյճանի կազմի մէջ, չէին ցանկանում լուծել: Ին՞չ է նշանակում` դուք մտածե՞լ էք այն 250-300.000 հայի մասին, որ ապրում են Ազրպէյճանում: Խորհրդային Միութեան ղեկավարութիւնն իր յայտարարութիւններով նպաստեց Պաքուի, Սումկայիթի ոճրագործութիւններին: Այն ժամանակ այսօրուայ կապի պայմանները չկային, եւ միայն մարտի սկզբներին պարզ դարձաւ, թէ ինչ է տեղի ունեցել` ի պատասխան մեր արդար պահանջների: Այդ օրերին մարզը շրջապատող շրջաններից ազրպէյճանական ներքին գործերի աշխատակիցներ են բերել, լցրել քաղաքը: Տուեալ ոլորտում աշխատող հայ աշխատակիցներին հեռացրել են գրասենեակներից: Ազրպէյճանի Համայնավար կուսակցութեան Կեդրոնական կոմիտէի վարչական մարմինների բաժնի վարիչ Ասատովը յայտարարել է, որ այնքան զինուած մարդ ունեն, որ կարող են Ղարաբաղը հայերի գերեզմանոցը սարքել:

Համաժողովրդական ընդվզում

Ղարաբաղը Ազրպէյճանի իրաւազօրութեան տակ մտցնելուց յետոյ, համարեա 10 տարին մէկ իրավիճակը լարւում էր, այսինքն` ժողովուրդը պատրաստ էր ազատ ապրելու, Հայաստանին միանալու գաղափարն ընդունելուն: Չնայած բոլոր միջոցներով կտրել էին կապը Հայաստանի հետ, չէին թողնում, որպէսզի հայկական մշակոյթը զարգանայ, ազրպէյճանական լեզուն էին դասաւանդում, բայց պատմական յիշողութիւնը մշտապէս պահւում էր Ղարաբաղի հայերի մէջ, չէր մարում պայքարի ոգին:

Ղարաբաղում միջազգայնականութեան, ժողովուրդների միջեւ բարեկամութեան գաղափարներն իսկապէս ընդունում էին, բայց մենք եւ նրանք անհամեմատելի էինք: Ցանկացած ոլորտի աշխատանքներ Արցախում 1-2 աստիճան աւելի բարձր էին: Երբ Մոսկուայից ստուգումների էին գալիս, անմիջապէս բերում էին Ղարաբաղ, եւ գրանցուած այդ դրական ակտիւները իրենց հաշուին էին գումարւում: Ամէն բնագաւառում ճնշումը զգում էինք: Ու այս ամէնը տարիներ, տասնամեակներ շարունակ:

Մշակուած, նպատակուղղուած քաղաքականութիւն էին վարում: Երեւանում կրթութիւն ստացածների համար արհեստական խոչընդոտներ էին ստեղծում, որպէսզի աշխատանք չգտնելով` հեռանան Ղարաբաղից: Փոխարէնը Պաքուից անընդհատ տարբեր մասնագէտներ էին ուղարկում, բնակարան եւ աշխատանք տրամադրում: Ամէն մի շէնքում տարբեր մասնագիտութեան տէր ազրպէյճանցիներ էին ապրում: 1988-ի փետրուարի ցոյցերի օրերին արթնանում էինք, տեսնում, որ բոլորը գիշերով հեռացել են: Ինչ-որ տեղից հրաման էին ստանում, թողնում-գնում եւ մի շաբաթ յետոյ` մի օրում բոլորը յետ վերադառնում:

1988-ի փետրուարին անօրինակ խանդավառութիւն, ոգեւորութիւն էր տիրում: Հրապարակը ծայրից ծայր լիքն էր մարդկանցով: Ոստիկանները, զինուորները փակում էին ճանապարհները, չէին թողնում տեղաշարժուել: Քանի որ թռուցիկներ տարածելը եւս արգելուած էր, հրապարակում սովորական սպիտակ թղթեր էին բաժանում եւ առանց գրութեան բոլորը հասկանում էին` ինչ է գրուած, ու փոխանցում էին միւսներին: Մօտաւորապէս 30.000 մարդ գիշեր-ցերեկ, խարոյկներ վառած, հրապարակում էր: Գիւղերից ուտելիք էին բերում, մարդիկ իրենց ունեցածը կամաւոր տալիս էին միւսներին:

Ի հարկէ, միայնակ այդ հարցերը հնարաւոր չէր լուծել, մշտապէս զգացել ենք Հայաստանի Հանրապետութեան եւ Սփիւռքի աջակցութիւնը:

Շարժման արդիւնքները` 30 տարուայ հեռաւորութիւնից

30 տարիների ընթացքում ահագին բան է փոխուել, նոր սերունդն իմացել է` ինչ է հայրենիքը, ինչ է հայրենիքի համար պայքարելը, հայ լինելը: Այն ժամանակներում պատմութիւնն այլ ձեւով էր ներկայացւում, իսկ հիմա կարող ենք մեր նախնիների հողում ապրել, զարգանալ: Այսօր թէկուզ միացումը չկայ, բայց մի սերունդ է մեծանում, որն ազատ ոգի ունի, ազատ է մտածում: Ասածների համար ոչ մէկը չի հետապնդւում:

Արցախը 30 տարի յետոյ

Յառաջիկայ 30 տարում Արցախն անկախ եմ տեսնում, չնայած հիմա ամէն ինչ անկանխատեսելի է: Կը ցանկանայի, որ մեր պետութեան տարիքը մեծ լինի ամենատարեց քաղաքացուց: Ունենք լաւ երիտասարդներ, որոնք լաւ կրթութիւն են ստանում, յոյս ունեմ, որ նրանք ամէն ինչով կը նպաստեն Արցախի բարգաւաճմանը:

30 տարին մի ակնթարթում անցաւ: Եւ պէտք է անցեալից դասեր քաղել: Դրա համար ամէն ինչ պէտք է ճիշդ լուսաբանուի: Ճիշդ է, առանձին մարդիկ հերոսութիւններ արել են, բայց Արցախեան շարժման յաղթանակը ժողովրդի յաղթանակն է:

Մեր անելիքները

Մեր պայմաններում մենք հանգիստ նստելու իրաւունք չունենք, պէտք է 1 օրում 2-3 օրուայ աշխատանք կատարենք: Պէտք է կարողանանք ճիշդ ներկայանալ աշխարհին, ներկայացնել մեր կատարած աշխատանքները: Օրէնսդրութիւնը պիտի կատարելագործուի: Նոր Սահմանադրութեամբ մարդկային իրաւունքները հռչակել ենք որպէս բարձրագոյն արժէք. ամէն ինչ պէտք է արուի մարդու, քաղաքացու համար: Իւրաքանչիւրը պէտք է բարեխղճօրէն վերաբերուի իր գործին:

Այսօր մի քիչ երկրորդական ծրագիր է մղուել միացման գաղափարը, բայց մեզ համար դա առաջնային խնդիր է: Մեր երիտասարդներին պէտք է բացատրենք, որ ամէն ինչ սկսուել է միացման գաղափարից եւ պէտք է աւարտուի միացման գաղափարով:

Մեր պետութեան հիմքերը շատ ամուր եւ որակով են դրուած, եւ այդ հիմքերի վրայ պարտաւոր ենք համապատասխան ամուր պատեր կառուցել: Իսկ այդ պատերի կառուցման համար անհրաժեշտ է իւրաքանչիւրիս ջանքը:

 

 

Նախորդը

Դրամագլուխ Ի Շահ Ապագայի

Յաջորդը

Լիբանանեան Կարճ Լուրեր

RelatedPosts

«Դրօշակ»-ի Առաջնորդող.  Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ
Անդրադարձ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ

February 3, 2026
Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը
Անդրադարձ

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը

February 3, 2026
Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը
Անդրադարձ

Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը

February 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.