ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ
1988-ի փետրուարին սկիզբ առած Արցախեան շարժումը հետզհետէ լայնացող հունի մէջ ներառաւ ազգային-ընկերային բնոյթի բազմաթիւ հիմնահարցեր: Որոշ ժամանակից ակնյայտ դարձաւ, որ առանց ինքնուրոյնութեան եւ որոշակի ազատութիւնների հայութիւնը ունակ չի լինելու լուծել այդ կենսական հիմնախնդիրները: Հանրահաւաքային հրապարակների օրակարգում ներառուեց նաեւ Հայաստանի անկախութեան հարցը: Ակնյայտ դարձաւ նաեւ, որ ազգային հիմնահարցերը շաղկապուած են իրար եւ կազմում են մէկ ընդհանուր աշխարհաքաղաքական հանգոյցի օղակները: Խնդիրների արծարծումը տրամաբանօրէն տարաւ դէպի դրանց ծագման ակունքներ, երբ առանց օրինաչափ լուծումների յանգելու դրանք պարզապէս սառեցուեցին խորհրդայնացման եւ խորհրդա-թուրքական դաւադիր գործարքների պարտադրած գործընթացներում:
Արցախեան շարժման սկզբնաւորման օրերից հայութիւնը, կարծես բնազդօրէն զգաց, որ Արցախի հարցն իր խորքով ու տարողութեամբ աւելին է քան մի քանի հազար քառակուսի քիլոմեթր տարածքի հարցը: Որ խորհրդային կայսրութեան փլուզմամբ այդ հիմնահարցերը վերադարձան իրենց ելակէտին եւ որ արցախեան խնդրի, որպէս Հայ դատի բաղկացուցիչներից մէկը լուծումը ձեռք է բերում ռազմավարական նշանակութիւն` հայ ժողովրդի ապագայի առումով: Եւ պատահական չէ, որ այն դուրս եկաւ Արցախի ու Հայաստանի սահմաններից ու ձեռք բերեց համազգային ընդգրկում եւ արժէք: Արցախի հարցը ծնեց համահայկական այնպիսի միասնութիւն, որի նախադէպը քիչ է պատահել մեր դարաւոր պատմութան հոլովոյթում: Արցախեան շարժման հոսանքը սրբեց իր ճանապարհից գաղափարական, քաղաքական, կուսակցական, եւ այլ բնոյթի տարակարծութիւնները, դրանց նկատմամբ հաստատելով համազգային կարեւորագոյն մարտահրաւէրի գերակայութիւնը: Ինչպէս փաստեցին 2016-թուականի ապրիլեան իրադարձութիւնները խաբուսիկ ընդարմութեան խորքում հայութեան համար այս հիմնախնդիրը պահպանում է կենսական կարեւորութիւնը եւ վտանգի պահին ունակ է կրկին ու կրկին բռունցքել աշխարհացրիւ ազգին:
Համահայկական այն ալիքը, որ ծաւալուեց 88-ի ըմբոստացմամբ կարելի է բնորոշել, որպէս մէկ ազգ` մէկ պայքար: Հայութեան աշխարհատարած քարտէսի վրայ ընթացք առաւ միասնական ու անդադրում մի աշխատանք, որ դրսեւորւում էր սկսած նիւթական բնոյթի օժանդակութիւններից, մինչեւ նոյն խրամատում խմբուելը, մինչեւ քաղաքական-դիւանագիտական լոպիիստական եւ քարոզչական ջանքերը: Լուրջ յաւելում ունեցաւ սփիւռքեան օրակարգը: Հայ դատի աւանդական օրակարգերի վրայ աւելացան Արցախի ու Հայաստանի հիմնախնդիրները: Մեղմ ասած միամտութեան կամ անտեղեակութեան պէտք է վերագրել երբեմն հնչող այն տեսակէտները, թէ սփիւռքը շարունակում է ապրել սոսկ ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման մտահոգութեամբ: Վաղուց արդէն այդ մտահոգութիւններին գումարուել են Արցախն ու Հայաստանը` Արցախի անկախութեան ճանաչում, Արցախի ու Հայաստանի համար պիւտճէթային ամէնամեայ միջոցների քուէարկութիւնների, տարաբնոյթ օժանդակութիւնների ապահովման ջանքեր եւ ներհամայնքային տարբեր ձեռնարկումներ ուղղուած յստակ թիրախների` հայրենիքում ճանապարհների դպրոցների, բնակելի տների կառուցում ու վերանորոգում եւ բազում այլ աշխատանքներ: Հէնց պատերազմական գործողութիւնների ժամանակ, օրինակ, անգնահատելի դեր խաղաց այն հանգամանքը, որ ազերիական յարձակումների կամ այլ վտանգաւոր ձեռնարկումների պահերին արագ կերպով արտերկիր փոխանցուած տեղեկատուութիւնը, որպէս ահազանգ, հնչեցւում էր ամէնուր` պետական ու միջազգային ատեաններում: Կարելի է նմանօրինակ փաստեր շատ յիշել, չմոռանալով առաջին հերթին այն հայորդիների մասին, ովքեր արցախեան հողում կնքեցին իրենց մահկանացուն: Անժխտելի իրականութիւնն այն է, որ Արցախի, Հայաստանի ու սփիւռքի միջեւ եղած պատնէշների փլուզման, մէկ ազգ` մէկ հայրենիք տեսլականի միս ու արիւն առնելու մեծ առիթը եղաւ երեսուն տարի առաջ սկսուած արցախեան շարժումը: Այն եկաւ փաստելու, որ ներազգային անհասկացողութիւնների եւ պառակտումների առիթը նախ եւ առաջ եղել է օտարի միջմտութիւնն ու թելադրանքը եւ ազգային միասնութեան հիմքը կարող է դառնալ միայն ազգային հիմնահարցերի նկատմամբ համահայկական համախոհութիւնը, ազգային-քաղաքական եւ այլ օրակարգերի շուրջ ընդհանուր ջանքերի մէկտեղումը: Այս միասնականութիւնը գլխաւոր երաշխիքն է ընդհանուր յաղթանակների, ինչի մասին ժամանակին հանճարեղօրէն բանաձեւել է Չարենցը: Այդ միասնականութեան մէջ է ոչ միայն Արցախի ու Հայաստանի արդիւնաւէտ պաշտպանութիւնը սպառնալիքներից, այլեւ սփիւռքի դիմակայութիւնը զանազան մարտահրաւէրների, ինչի օրինակը եղաւ
սիրիական փորձութիւնը եւ առհասարակ, օտար միջավայրերում հայկական դիմագծի պահպանման հնարաւորութիւնը: Այն ողջ դրականը, որ տուեց Արցախեան շարժումը պարտաւոր ենք պահպանել որպէս արժէք, որպէս ապագային ծառայող դրամագլուխ:


