Անգլիական Մանչեսթըր Եունայթըտի միջնապահ Հենրիխ Մխիթարեան առաջին անգամ ըլլալով ընտրուեցաւ Հայաստանի տարուան լաւագոյն մարզիկը:
Հայաստանի երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարարութեան կողմէ կատարուած «Տարուան 10 լաւագոյն մարզիկներու» մրցանակին, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականին խմբապետը գերազանցեց ողիմպիականի ախոյեան Արթուր Ալեքսանեանը, որ այս տարի երրորդ անգամ ըլլալով դարձած էր յունահռոմէական ոճի ըմբշամարտի աշխարհի ախոյեան:
Լաւագոյն եռեակը ամբողջացուց հայկական ճատրակի յառաջատար Լեւոն Արոնեան, որ դարձաւ աշխարհի բաժակակիր եւ ապահովեց 2018-ի աշխարհի տիտղոսին համար մղուող պայքարին կատարուելիք մրցաշարքին իր տոմսը:
Նշենք, որ տարուան լաւագոյն մարզիկներու մեծարման երեկոն տեղի պիտի ունենայ այսօր` չորեքշաբթի, 27 դեկտեմբերին, Կարէն Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրին մէջ:
Ստորեւ` Հայաստանի 2017-ի 10 լաւագոյն մարզիկները.
ԿԷՏ | |
1.- Հենրիխ Մխիթարեան (ֆութպոլ) | 9897,62 |
2.- Արթուր Ալեքսանեան (ըմբշամարտ) | 7686,50 |
3.- Լեւոն Արոնեան (ճատրակ) | 6148,59 |
4.- Գրիգոր Մխիթարեան (Սամպօ) | 4568,93 |
5.- Մաքսիմ Մանուկեան (ըմբշամարտ) | 4377,62 |
6.- Յովհաննէս Պաչքով (կռփամարտ) | 3953,65 |
7.- Սիմոն Մարտիրոսեան (ծանրաբարձութիւն) | 3683,72 |
8.- Էտկար Ստեփանեան (հեծելարշաւ) | 2503,92 |
9.- Արթուր Թովմասեան (մարմնամարզութիւն) | 2485,95 |
10.- Տիգրան Կիրակոսեան (սամպօ) | 2196,90 |