Հայաստանի խորհրդարանին մէջ երկու օր առաջ սկսած Եւրոպական Միութիւն-Հայաստան խորհրդարանական համագործակցութեան յանձնախումբի 17-րդ նիստին ելոյթ ունեցած է նաեւ ՀՅԴ խմբակցութեան քարտուղար, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Աղուան Վարդանեան` իբրեւ նիւթ ունենալով «Տարածաշրջանային անվտանգութեան մարտահրաւէրները»:
Ստորեւ կը ներկայացնենք անոր արտասանած խօսքը` ամբողջութեամբ:
Հայաստանի խորհրդարանում ես ներկայացնում եմ Հայ յեղափոխական դաշնակցութիւն կուսակցութիւնը: Մեզ համար բարձրագոյն արժէք են անկախ պետականութիւնը, երկրի հնարաւոր առաւելագոյն ինքնիշխանութիւնը, մարդու իրաւունքներն ու ազատութիւնները: Մենք համոզուած ենք` քաղաքակրթական, հոգեւոր-մշակութային առումով Հայաստանը Եւրոպայի մաս է: Մեր ծրագրային նպատակներից է եւրոպական արժեչափերին համապատասխանող պետութիւն կառուցելը:
Այս հիմքով էլ 2017 թուականի նոյեմբերի 24-ին ստորագրուած Հայաստան-Եւրոպական Միութիւն համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագիրը մեզ համար բացառիկ ու շրջադարձային նշանակութիւն ունի: Այն Հայաստանը խաղաղ, զարգացող, ժողովրդավարական, բարեկեցիկ երկիր դարձնելու հնարաւորութիւն է: Մեզ երկուստեք դժուար, բայց մեծ հեռանկար խոստացող աշխատանք է սպասում:
Այսօրուայ իմ թեման` «տարածաշրջանային անվտանգութեան մարտահրաւէրներ»-ն է:
Հայաստանի արտաքին քաղաքականութեան առանցքային խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորումն է: Այն ուղեկցում է մեզ արդէն շուրջ երեսուն տարի: Խորհրդային Միութեան փլուզմանը զուգահեռ` միւս ժողովուրդների նման, սահմանադրական կարգաւորումներին ճշգրտօրէն համապատասխան, Արցախի ժողովուրդը արտայայտեց ազատ, Ազրպէյճանից անկախ ապրելու իր իրաւունքը: Խաղաղ այդ կամարտայայտութեանը Ազրպէյճանը պատասխանեց ռազմական նախայարձակումով, Սումկայիթի, Պաքուի կոտորածներով, հայութեան հոծ զանգուածների բռնի տեղահանութեամբ: Յիշեցնեմ, որ առաջին շրջանում Ազրպէյճանին օգնում էին Խորհրդային Միութեան յատուկ ջոկատայինները: Յիշեցնեմ նաեւ, որ այդ ժամանակ Եւրոպան, միջազգային մամուլը ամբողջովին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին էին, երբ մենք մեր ազատութեան, անկախութեան եւ ինքնորոշման համար էինք պայքարում եւ Խորհրդային Միութեան կազմաքանդումը նախապատրաստում:
Ի վերջոյ հայութեան բոլոր հատուածների հսկայական զոհողութիւնների, զրկանքների, հազարաւոր զոհերի գնով Ազրպէյճանի նախայարձակումը տապալուեց: 1994-ին ստորագրուեց հրադադարի պահպանման եռակողմ համաձայնագիրը, ստեղծուեց ԵԱՀԿ Մինսքի խումբը` Միացեալ Նահանգների, Ֆրանսայի, Ռուսաստանի համանախագահութեամբ, որն էլ առ այսօր հակամարտութեան կարգաւորմամբ զբաղուող միջազգային իրաւագիր ունեցող միակ կառոյցն է:
Այս ամբողջ ընթացքում Ազրպէյճանը անընդհատ փորձել է խեղաթիւրել հակամարտութեան բնոյթն ու էութիւնը, մերժել է կարգաւորման առաջարկները, պետականօրէն հայատեացութիւն է սերմանել, իսկ 2016 թուականի ապրիլին երկրորդ անգամ լայնածաւալ յարձակողականի դիմեց Արցախի խաղաղ բնակչութեան դէմ, որը նոյնպէս ձախողուեց: Նախայարձակը հարկադրուած էր միջնորդների դիմել` նոր կորուստներից խուսափելու համար:
Ու մինչ Ազրպէյճանը այլ երկրներից Արցախ այցելող ցանկացած քաղաքական գործչի, պատգամաւորի, արուեստագէտի, ակադեմականի սեւ ցուցակ է կազմում, հայկական նոյնիսկ հեռաւոր արմատներ ունեցողների մուտքը արգելում է իր երկիր, փորձում է կաշառել անգամ եւրոպական խորհրդարանականների (բացայայտուած օրինակները ակնյայտ են), Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը` թէեւ չճանաչուած, իր անկախ, ժողովրդավարական պետութիւնն է կառուցում, ապրում ստեղծարար կեանքով, քաղաքակիրթ աշխարհի կանոններով:
Մենք նաեւ համոզուած ենք, որ հակամարտութեան կարգաւորուած չլինելը Արցախի բնակչութեան իրաւունքների վրայ որեւէ ազդեցութիւն պէտք չէ ունենայ: Խօսքը «իւրաքանչիւր մարդ էակի անօտարելի իրաւունքի մասին է: Խօսքը կեանքի իրաւունքի մասին է, հանրային կեանքը կազմակերպելու իրաւունքի մասին է, սեփական իշխանութիւնը ձեւաւորելու իրաւունքի մասին է, արտաքին աշխարհի հետ ազատ հաղորդակցուելու եւ բազմաթիւ այլ իրաւունքների մասին է: Վերջին միտքը մէջբերում էր վերջերս ՄԱԿ-ի ամպիոնից Հայաստանի նախագահի ելոյթից:
Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորումը հիմնուած է միջազգային իրաւունքի երեք հիմնարար սկզբունքների վրայ` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականութեան եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրաւունքի: Գոհունակութեամբ պիտի նշեմ, որ Հայաստան-Եւրոպական Միութիւն ստորագրուած համաձայնագրում հէնց այս սկզբունքներն են ամրագրուած: Նաեւ լիայոյս ենք, որ Եւրոպական Միութեան անդամ երկրների տեսակէտները այս հարցում, անկախ տնտեսական կամ այլեւայլ շահերից, այսուհետ կը բխեն հէնց համաձայնագրի ոգուց ու տառից:
Մենք նաեւ համոզուած ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հակամարտութեան խաղաղ կարգաւորումը այլընտրանք չունի, եւ Հայաստանը յանձնառու է այդ ճանապարհով առաջ ընթանալ:
Վերջում եւս մէկ մէջբերում ՄԱԿ-ի ամպիոնից Հայաստանի Հանրապետութեան նախագահի ելոյթից. «Բոլորը պէտք է գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրաւունքների խնդիր է: Այն կարող է լուծուել միայն մարդու հիմնարար եւ անօտարելի իրաւունքներից մէկի` ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Կարգաւորման ինչ տարբերակի էլ յանգենք, միեւնոյնն է, Արցախի Հանրապետութիւնը չի կարող ունենալ աւելի ցածր կարգավիճակ եւ վայելել աւելի քիչ ազատութիւն, քան այսօր ունի: Ազրպէյճանը պէտք է ճանաչի եւ յարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտայայտութեամբ որոշելու իրաւունքը, իսկ արցախահայութեան անվտանգութիւնը պէտք է երաշխաւորուած լինի բոլոր հնարաւոր միջազգային եւ ներքին մեքանիզմներով»:
Աւելացնեմ, որ միայն այս պարագայում տարածաշրջանում կայուն խաղաղութիւն կը հաստատուի, պետութիւնների միջեւ համագործակցութեան հիմքեր կը ստեղծուեն, ինչը բխում է նաեւ Եւրոպայի արեւելեան գործընկերութեան եւ անվտանգութեան նպատակներից:
Հայաստան-Թուրքիա հակամարտութիւնների մասին: Աւելի ճիշդ` գոյութիւն չունեցող յարաբերութիւնների կամ դրա պատճառների մասին: Այստեղ ես նոր բան չեմ ասի: Հիմնականում կը կրկնեմ այն, ինչ ասել եմ տարիներ առաջ մեր համատեղ նիստում:
Թոյլ տուէք առանձնացնել հայ-թուրքական յարաբերութիւններում առկայ երեք խնդիր եւ դրանց հանդէպ մեր մօտեցումները:
Առաջինը Հայոց ցեղասպանութեան բաց օրակարգն է: Թուրքիան առ այսօր հրաժարւում է առերեսուել իր պատմութեանը, պետական յատուկ ծրագրով ձգտում է թոյլ չտալ, որ միջազգային հանրութիւնը վերջնականապէս ճանաչի ու դատապարտի այն: Մեր մօտեցումը շատ յստակ է` Ցեղասպանութեան միջազգային համընդհանուր եւ մասնաւորապէս Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումը հիմնարար նշանակութիւն ունի ո՛չ միայն պատմական արդարութեան վերականգնման, այլեւ տարածաշրջանում փոխադարձ վստահութեան մթնոլորտի հաստատման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման առումով: Երկու երկրների միջեւ իսկապէս բարի դրացիական յարաբերութիւններ կարող են հաստատուել, եթէ հայ ժողովրդի իրաւունքների վերականգնման ուղղութեամբ քայլեր կատարուեն:
Մենք նաեւ գտնում ենք, որ անցեալի հետ ճշմարիտ առերեսումը անհրաժեշտ է հէնց թուրք ժողովրդին` իր ինքնութեան հետ հաշտ ապրելու համար: Այլ ժողովուրդներ գնացել են այդ ճանապարհով եւ այսօր ազատ են:
Երկրորդ հիմնահարցը` Հայաստանի միակողմանի շրջափակումը: 21-րդ դարում, Եւրոպական խորհրդի անդամ, Եւրոպական Միութեանն անդամակցելու յաւակնութիւն ունեցող երկրի կողմից: Մենք, ցաւօք, խուսափում ենք այս իրողութեան խիստ դատապարտումից: Մենք առաւելագոյնը չենք անում, որ Եւրոպայում փակ սահման չլինի, ինչը մեծագոյն խոչընդոտ է Հայաստանի զարգացման համար:
Այս հարցին է ուղղակիօրէն առնչւում հայ-թուրքական արձանագրութիւնների ճակատագիրը: Փաստ է` Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել ու բացել սահմանը: Մենք պատրաստ ենք: Մենք նաեւ հաստատում ենք այն, ինչ Ցիւրիխեան արձանագրութիւնների ստորագրման օրը` 2010 թուականի հոկտեմբերի 10-ին, ասել է Հայաստանի Հանրապետութեան նախագահը.
«1.- Թուրքիայի հետ ցանկացած յարաբերութիւն չի կարող կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը եւ հայ ժողովրդի հայրենազրկման փաստը:
2.- Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկայ է սահմանների հարց:
3.- Ստորագրուած արձանագրութիւնները որեւէ ձեւով չեն կարող առնչուել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման հետ»:
Հէնց սա էլ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններում առկայ երրորդ խնդիրն է: Թուրքիան մեզ համար հիմնարար` ազգային-պետական նշանակութեան ղարաբաղեան խնդրում բացայայտօրէն աջակցում է Ազրպէյճանին, հայ-թուրքական գործընթացում նախապայման է դիտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հարցի ազրպէյճանպաստ լուծումը: Այստեղից էլ բխում է Թուրքիայի եւ Ազրպէյճանի` Հայաստանին տարածաշրջանային համագործակցութեան, փոխադրական, ուժանիւթի ծրագրերից մեկուսացնելու հետեւողական քաղաքականութիւնը:
Յարգելի՛ գործընկերներ, ցաւօք, նախապայմաններով առաջնորդուելու Թուրքիայի դիրքորոշման պատճառով այդ արձանագրութիւնները մեռած էին ստորագրման իսկ օրուանից: Եւ ինչպէս յայտարարել է Հայաստանը ամենաբարձր մակարդակով` յաջորդ գարունը մենք դիմաւորելու ենք այդ փաստաթղթերի չեղարկմամբ:
Սակայն յոյս ունենք, որ սա վերջը չէ: Մենք հարեւաններ ենք եւ ապրելու ենք կողք-կողքի: Այն ժամանակ, երբ Թուրքիան կը գիտակցի, որ անհնար է յարաբերութիւններ հաստատել ի հաշիւ Հայաստանի ու հայութեան ազգային-պետական շահերի, մենք պատրաստ կը լինենք նոր սկիզբ դնել ի խնդիր տարածաշրջանային կայունութեան, խաղաղութեան ու անվտանգութեան:
Այս նպատակներն են առաջնորդել միասնական Եւրոպա նախագծող մեծ մտածողներին: Հայաստանը հաւատարիմ է այդ նպատակներին: