ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Ինչպէս յայտնի է, զգայապատրանքը լատիներէն hallucinatio արտայայտութեան իմաստային թարգմանութիւնն է հայերէնում: Ունենք մի շարք հոմանիշներ` զգայախաբութիւն, մտապատրանք, մտատեսիլք, բանդագուշանք, ցնորք, զառանցանք եւ այլն: Զգայապատրանք են այն մտապատկերները (կեղծ ընկալումները), որոնց համապատասխանող առարկաներ շրջապատում չկան, բայց մարդուն թւում է, որ իր ընկալումներն իրական են:
Եւ ահաւասիկ` տասնամեակներ ի վեր նոյն այդ թուացեալ ընկալումներով է ապրում ազրպէյճանական հանրութիւնը, մանաւանդ` նրա քաղաքական ղեկավարութիւնը: Եւ առաջին անգամը չէ, ինչ մեր չարակամ հարեւանների հանրային-պետական երկնակամարում քաղցր երազների պէս զգայապատրանքներ կամ պարզապէս պատրանքներ են սաւառնում` իբր թէ ահա-ահա Արցախը սկուտեղի վրայ Պաքուին մատուցելու մասին: Ճիշդ այն, ցաւօք, իրական սկուտեղի պէս, որի վրայ գրեթէ հարիւր տարի առաջ` 1921թ. յուլիսի 5-ին, Ռուսաստանի համայնավարական (պոլշեւիկեան) կուսակցութեան Կովկասեան բիւրոյի ապօրինի որոշմամբ, «պոլշեւիկեան գաղափարներով նոյնպէս տոգորուած անկեղծ բարեկամի» քղամիդ հագած քեմալական Թուրքիայի յորդոր-պարտադրանքով, հայոց պատմական Արցախ-Ղարաբաղը կամայականօրէն մատուցուեց ու բռնակցուեց Ազրպէյճանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեանը` յանձնելով նրա իրաւասութեանը: Բայց ժամանակները փոխուել են: Այլեւս պատմութեան փոշուն է յանձնուած Խորհրդային Միութիւնը` միակուսակցական կառավարման իր բռնապետական համակարգով: Իսկ դարավերջին հռչակուած նորանկախ Ազրպէյճանի Հանրապետութիւնը, հրաժարուելով իր խորհրդային անցեալից, շտապել է իրեն յայտարարել Ազրպէյճանի Ա. Հանրապետութեան իրաւաժառանգորդ, գոյութեան ընդամէնը երկու տարուայ ընթացքում այդպէս էլ միջազգային ճանաչման չարժանացած մի արհեստածին պետական կազմաւորման, որի չորոշարկուած սահմանների մէջ հայկական Արցախը երբեւէ չի մտել: Հետեւապէս, յայտարարելով պետական անկախութեան հռչակման մասին եւ, ըստ այդմ, հրաժարուելով խորհրդային իրաւաժառանգութիւնից, Ազրպէյճանական ԽՍՀ Գերագոյն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունած իր այդ որոշմամբ, փաստօրէն, միաժամանակ հրաժարուել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նկատմամբ խորհրդային Ազրպէյճանի իրաւասութիւնից: Կամայ թէ ակամայ` էական չէ: Էականն այն «կոտրած տաշտակն» է, որի կողքին իր համար պատմական այդ փաստաթղթի ընդունման օրից ի վեր յայտնուել է նորանկախ Ազրպէյճանը եւ առ այսօր, ժողովրդական բառ ու բանով ասած, ծնկներն է ծեծում թոյլ տուած անշրջահայեաց իրաւական քայլի համար: Բնականաբար չի յապաղել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին որոշումը, որ նոյն տարուայ սեպտեմբերի 2-ին ընդունեց ԼՂԻՄ մարզային եւ Շահումեանի ենթաշրջանային խորհուրդների համատեղ նիստը` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամաւորների մասնակցութեամբ, ընդ որում` ԽՍՀՄ օրէնսդրական կանոններին, ինչպէս նաեւ միջազգային իրաւական փաստաթղթերում ամրագրուած ժողովրդի ինքնորոշման իրաւունքին համապատասխան: Իրականում, փլուզուած խորհրդային կայսրութեան տարածքի անդրկովկասեան այդ հատուածում` արեւմտեան մերձկասպեան, գրեթէ երեք օրուայ տարբերութեամբ կազմաւորեցին երկու անկախ, ինքնիշխան պետութիւններ` Ազրպէյճանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնները: Իրադարձութիւնների հետագայ ընթացքն ակնյայտ ցոյց տուեց, որ թէ՛ խորհրդային եւ թէ՛ յետխորհրդային Ազրպէյճանի քաղաքական շրջանակներում իսպառ բացակայում են բանական մարդուն` հոմոսափիենսին, բնութագրող այնպիսի կարեւորագոյն յատկանիշներ, ինչպիսիք են` մարդասիրութիւնը, կշռադատ ողջամտութիւնն ու հեռատեսութիւնը: Մանաւանդ` ազգամիջեան եւ միջպետական, ի մասնաւորի` դրացիական յարաբերութիւններում: Հակառակ դէպքում, այսինքն` այդ յատկանիշների առկայութեան պարագայում, ազրպէյճանական իշխանութիւնները հազիւ թէ 1988-1990թթ. դիմէին այդ այսրկասպեան տարածքի, ընդ որում` ի սկզբանէ ԱդրԽՍՀ պետականակիր ժողովուրդներից մէկի` կէս միլիոնից աւելի հայ ազգաբնակչութեան զանգուածային ջարդերին ու բռնատեղահանմանը, որ, յանցակազմի ամբողջութեան մէջ, ոչ այլ ինչ էր, քան` միջազգային իրաւական օրէնքով խիստ անթոյլատրելի ու պատժելի ցեղասպանութեան աքթ: Ըստ երեւոյթին, գիշատչական ոգեշնչման աղբիւր եւ իրաւական անպատասխանատուութեան հիմք է ծառայել Արեւմտեան Հայաստանում եւ օսմանեան Թուրքիայի այլ տարածքներում 1915-1923թթ. երիտթուրքական ու քեմալական կառավարութիւնների իրագործած եւ առ այսօր միջազգային համընդհանուր ու վերջնական դատապարտում չստացած հայ ժողովրդի Ցեղասպանութիւնը պատմական հայրենիքում: Ապա` հազիւ թէ պաշտօնական Պաքուն դիմէր հետագայ ծայրայեղ, ըստ էութեան, արկածախնդրական քայլի, նոյնպէս` նորահռչակ պետականութեան տէր դրացու` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ լայնածաւալ պատերազմի սանձազերծման, նպատակ հետապնդելով զաւթել Արցախի տարածքները` արցախահայութեան բնաջնջման կամ նուազագոյնը` համատարած հայաթափման գնով:
Բայց նախախնամութիւնը մեր տարաբախտ հարեւանների` ազրպէյճանցիների պարագայում, գերադասել է օժտել մարդկային ցեղի դրական յատկանիշների հանրագումարից երեւի թէ գէթ մէկով` առաւելապէս արագ վազելու ունակութեամբ, ինչի ականատեսը եղանք թէ 90-ականների քառամեայ եւ թէ անցեալ տարուայ քառօրեայ պատերազմի ժամանակ, երբ ազրպէյճանական զինուորները զարմանալիօրէն արագ վազքով գրոհում էին հայկական դիրքերը եւ նոյնքան` ոչ պակաս մարաթոնեան արագավազութեամբ փախուստի դիմում` ճողոպրելով հայրենի եզերքի պաշտպանութեանն ի զէն ելած հայ կամաւորական ջոկատների, ապա եւ Արցախի Պաշտպանութեան բանակի զօրամասերի հուժկու հարուածներից:
Եւ քանի որ բնութեան մէջ պատահական ոչինչ չի լինում եւ ինչ լինում է` կատարւում է զուտ պատճառահետեւանքային յաջորդականութեան շղթայում, ուստի եւ, նոյն այդ տրամաբանութեամբ պայմանաւորուած, Ազրպէյճանը յաջորդաբար ձախողուեց դէպի Արցախ իր այդ ամենեւին էլ ոչ մարզական վազքի փորձերում, միով բանիւ` չարաչար տանուլ տուեց իր իսկ նախաձեռնած ու սանձազերծած արիւնահեղ ու աւերիչ պատերազմում: Մեզ` արցախցիներիս համար արդիւնքները, Ազրպէյճանի համար հետեւանքները յայտնի են: Յայտնի են ոչ միայն երկուստեք: Նաեւ` միջազգային հանրութեան, կարելի է ասել` համայն աշխարհի համար: Այնպէս որ, չմանրամասնենք դրանք:
Պարզապէս արձանագրենք, որ անյաջողութեան մատնուելով ուժի կիրառման իր արկածախնդրական քաղաքականութեան մէջ ու երեւի թէ վերջապէս գիտակցելով, որ ռազմական ճանապարհով հազիւ թէ կարողանայ ծնկի բերել հպարտ ու անսասան արցախահայութեանը, առաւել եւս, որ հերթական լայնածաւալ պատերազմը կարող է նոր ծանր հետեւանքների առաջ կանգնեցնել իրեն` եւս մի քանի շրջանի կորստի տեսքով, Ազրպէյճանը շարունակաբար մտահայեցողաբար անդրադառնում է 1921-ի «սկուտեղի» տարբերակին, պատրանքներով լեցուն յոյսեր կապելով մերթ` մահմետական պետութիւնների տարաբնոյթ դաշինքների, մերթ` գերտէրութիւնների ազդեցութեան հետ:
Վերջին զգայապատրանքը, պարզւում է, կապուած է, այսպէս կոչուած, «Փութինի ծրագրի» հետ: Մինչ այդ, ինչպէս յայտնի է, ազրպէյճանական քաղաքական եւ փորձագիտական հարթակներում որպէս այդպիսին քննարկւում էր, դարձեալ այսպէս կոչուած, «Լաւրովի ծրագիրը»: Իբր թէ Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերկէյ Լաւրովը մշակել է ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ծրագիր, որը Պաքուի մատուցմամբ փորձագիտական շրջանակներում սկսեց շրջանառուել «Լաւրովի ծրագիր» անուամբ: Խօսքը վերաբերում է նախկին ԼՂԻՄ-ին յարակից եւ ազրպէյճանա-ղարաբաղեան առաջին պատերազմի տարիներին Արցախի Պաշտպանութեան բանակի հակայարձակողական գործողութիւնների արդիւնքում եօթ ազատագրուած շրջաններին, որոնք իբր թէ ենթադրւում է Մոսկուայի պարտադրմամբ զիջել Ազրպէյճանին` վերջինիս դրդելով միանալ Եւրասիական տնտեսական համագործակցութեանը: Սակայն պատրանքն այդ երկար չտեւեց, քանզի իրականում զանգուածային լրատուամիջոցներում լայն քննարկման առարկայ դարձած այդ փաստաթուղթը հրապարակուած չէ ոչ մի տեղ եւ, ի խորին հիասթափութիւն Պաքուի, որպէս այդպիսին գոյութիւն չունի, այլ կերպ ասած` ո՛չ ամանը կայ եւ ոչ էլ` ամանում թէկուզ կորեկի մի հատիկ, ինչը հաստատեց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնը` իր պաշտօնական ներկայացուցչի միջոցով: Պարզից էլ պարզ էր, որ նման քայլով Մոսկուան ոչինչ չէր շահի: Ընդհակառակը, ինչպէս դիտարկում է ռուս յայտնի քաղաքական վերլուծաբան Սթանիսլաւ Թարասովը, այդպիսով իսկ Մոսկուան Երեւանին իսկոյն եւեթ կը վանէր իրենից, կը նպաստէր Հայաստանում արեւմտամէտ կողմնորոշման ամրապնդմանը, միեւնոյն ժամանակ ոչ մի կերպ չէր կարող դադարեցնել Եւրամիութեան եւ Միացեալ Նահանգների հետ Ազրպէյճանի` տարիներ ի վեր կարգաւորուած հաղորդակցական-ուժանիւթային գործընկերութիւնը: Փորձագէտի գնահատմամբ, ամէն դէպքում հակամարտութեան արագացուած լուծումը, ընդ որում` նրա մասնակիցների թիկունքում, առանց նրանց կողմից փոխզիջումների, նոր ռիսքեր կը ստեղծէր ամբողջ Անդրկովկասում եւ այդ տարածաշրջանում Ռուսաստանի շահերի համար:
Եւ ահաւասիկ վերջերս սկսել է շրջանառուել «սկուտեղով մատուցման» հերթական զգայապատրանքը` «Փութինի ծրագիրը»: Թէ ի՛նչ է այն պարունակում` երեւի թէ բացի Պաքուի քաղաքական գործիչներից ու փորձագէտներից, ոչ ոքի յայտնի չէ, անգամ` հնարաւոր է նաեւ անձամբ նախագահ Վլատիմիր Փութինին: Բայց թէ ինչո՛ւ այդ պատրանքային «սկուտեղի» անունը կայ` ամանում չկայ, պարզւում է` ահա թէ ինչո՛ւ: Ինչպէս յայտնի է, հոկտեմբերի վերջերին Թուրքիայի նախագահ Ռեճեփ Էրտողանը, ժամանելով Ազրպէյճան` մասնակցելու համար Պաքու-Թիֆլիս-Կարս երկաթգծի հանդիսաւոր բացման արարողութեանը, դեռեւս ինքնաթիռում լրագրողներին յայտարարել էր, թէ շուտով Սոչիում հանդիպելու է Ռուսաստանի նախագահի հետ եւ, ի շարս երկուստեք հետաքրքրող խնդիրների, քննարկելու է նաեւ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցը եւ խնդրելու է նրա ազդեցիկ միջամտութիւնը, քանզի, ըստ նրա, կարգաւորման բանալին միայն Փութինի ձեռքում է գտնւում: Ընդամէնը այդքանը: Բայց այդքանը բաւական էր, որպէսզի Պաքւում մեծ յոյսեր կապէին այդ, չակերտաւոր ասած, «պատմական» հանդիպման հետ: Երկու նախագահների հանդիպումը, ի հարկէ, կայացաւ: Նոյեմբերի 11-ին: Սակայն, ըստ պաշտօնական հաղորդագրութիւնների, բանակցութիւնների օրակարգում բացառապէս սիրիական թնճուկն էր եւ Ռուսաստան-Թուրքիա միջպետական յարաբերութիւնների տակաւին չհարթուած կնճիռները, իսկ ահա ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան մասին խօսք անգամ չկար: Տունդարձի ճանապարհին միայն Թուրքիայի նախագահը լրագրողներին խոստովանեց, որ Փութինի հետ հանդիպմանը, իրօք, շօշափել է այդ հարցը, սակայն հիասթափուած է, քանզի հասկացել է, որ Ռուսաստանի նախագահին այն սակաւ է հետաքրքրում: Պարզուել է նաեւ, որ հարցի շուրջ երկու նախագահների զրոյցը տեղի է ունեցել ոչ թէ ընդլայնուած կազմով բանակցութիւնների ընթացքում, այլ, ինչպէս վկայում է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հիւսէյն Տիրիոզը, նրանց դէմ առ դէմ առանձնազրոյցի ժամանակ:
Սակայն երեւակայական «Փութինի ծրագրի» վառած կրակը դեռ լրիւ չհանգած` տեղի ունեցան Ռուսաստանի արտաքին գործոց նախարարի պաշտօնական այցերը, նախ Պաքու, ապա` Երեւան, որոնք կապուած էին, համապատասխանաբար, ռուս-ազրպէյճանական եւ ռուս-հայկական դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակի հետ: Դա բաւական էր, որպէսզի Պաքուի փորձագիտական շրջանակներում Ռուսաստանի թիւ մէկ դիւանագէտի այցերն ընդունուէին որպէս Պաքուին եւ Երեւանին «Փութինի ծրագիրը» ներկայացնելու միջոց: Ինչ վերաբերում է դիւանագիտական յարաբերութիւնների յոբելեանական տարեդարձին, ապա այն իբր թէ միայն պատրուակ էր այցի հիմնական նպատակը քողարկելու համար: Այսինքն սկուտեղը կայ, առկայ է նաեւ սկուտեղի «պարունակութիւնը», եթէ ոչ ամբողջական Արցախի, ապա թէկուզ նրա մի մասի` նախկին ԼՂԻՄ-ի յարակից շրջանների տեսքով, մնում է միայն համբերատար սպասել եւս մի փոքր ժամանակ, եւ վերջապէս կ՛ազդարարուի մատուցման հանդիսաւոր պահը:
Ժողովրդական առածն ասում է` ծիտը երազում կորեկ տեսաւ: Բայց զգայապատրանքն այն դէպքը չէ, երբ քնած վիճակում մարդիկ երազ են տեսնում ու երազում ի յայտ է գալիս այն ամէն ցանկալին, ինչ երեւակայում ես օր ցերեկով` արթուն ժամանակ: Ազրպէյճանական հանրութեան պարագայում այլ իրողութիւն է` զգայապատրանքը: Բանն այն է, որ, ի տարբերութիւն քնի մէջ տեսած երազի, այն սովորաբար առաջ է գալիս, երբ մարդն արթուն է: Առողջապահութեան բնագաւառի մասնագէտները հաստատապէս կարող են վկայել` ֆրանսացի յայտնի հոգեբուժ, հոգեբուժութեան առաջին գիտական աշխատութեան հեղինակ, բնագաւառի բարեփոխիչ Ժան-Էթիեն Տոմինիք Էսքիրոլի բնորոշմամբ, ով տակաւին 1817թ. է առաջին անգամ շրջանառութեան մէջ դրել hallucinatio եզրոյթը, զգայապատրանքն առաջանում է խիստ յոգնածութեան, ոգելից խմիչքների, հոգեմետ նիւթերի օգտագործման եւ որոշ հոգեկան ու նեարդային հիւանդութիւնների դէպքերում: Ասել է թէ` սա արդէն կարելի է ամենայն վստահութեամբ ախտորոշել որպէս լուրջ հիւանդութիւն, որով ախտահարուած է Հարաւային Կովկասի այդ մերձկասպեան երկրի, յուսանք, եթէ ոչ ամբողջական հանրութիւնը, ապա նրա մի զգալի մասը, առաջին հերթին` ռազմաքաղաքական ղեկավարութիւնն ու, այսպէս կոչուած, «քաղաքագիտական շրջանակները»: