«Հայ Դատն Այսօր» 13-րդ
Խորհրդաժողովին Առիթով
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Թեհրանի «ՀՈՒՍԿ» (Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն) հաստատութեան եւ միջազգային յարաբերութիւնների իրանական կենտրոնի համատեղ նախաձեռնութեամբ, «Տարածաշրջանի նոր իրադարձութիւնների հոլովոյթը եւ հեռանկարը» բնաբանով կայացած խորհրդաժողովը 3-րդն էր իր ձեւի մէջ, որտեղ պարսկալեզու լսարանին էր մատուցւում քաղաքագիտական վերլուծական քննարկումներ, ինչպէս միջազգային, այնպէս էլ տարածաշրջանային հիմնախնդիրների մասին:
Այս ընդհանուր պարունակում, սակայն, քննարկումների կիզակէտում են յայտնւում մասնաւորապէս Մերձաւոր ու Միջին Արեւելքի, ինչպէս եւ` Հարաւային Կովկասի աշխարհագրա-քաղաքական զարգացումները` առանցքում պահելով դրանց ազդեցութիւնը եւ փոխկապակցութիւնը Իրանի, Հայաստանի եւ միջամուխ ու հարեւան միւս երկրների ուղղութեամբ:
Անշուշտ, հայ-իրանական ու տուեալ դէպքում` քաղաքական մտքի առնչութիւնների եւ փոխճանաչողութեան լաւագոյն հարթակ է հանդիսանում նմանատիպ խորհրդաժողովը, որտեղ երկու հարեւան ու բարեկամ երկրների ակադեմական-գիտական փաղանգի ներկայացուցիչներ առարկայական վերլուծութիւն-մեկնաբանութիւններով ուղի են հարթում ինչպէս միջպետական փոխյարաբերութիւններում, այնպէս էլ` երկու երկրների քաղաքական կողմնորոշումների ու դիւանագիտական գործողութիւնների բարդ ու տեղ-տեղ էլ տատասկոտ ճամբում:
Ինչեւէ, պարսկալեզու լսարանի համար հերթական` 3-րդ սեմինարը ըստ էութեան կայացած համարելով` ընդառաջ պէտք է գնանք այսօր ու վաղը կայանալիք «Հայ դատն այսօր» 13-րդ խորհրդաժողովին, որտեղ եւս հայաստանեան թէ սփիւռքեան գիտավերլուծական հեղինակների քննարկումների միջից աւելի կոփուած ու նորովի մեկնաբանութիւններ կը հրապարակուեն` Հայ դատի ու հայոց պահանջատիրութեան ե՛ւ պետական ե՛ւ ազգային ռազմավարական թէ մարտավարական հիմնախնդիրների վերաբերեալ:
Ինչ խօսք` 13-րդ «Հայ դատն այսօր» խորհրդաժողովն էլ, ինչպէս երբեւէ, կոչուած է լինելու հայոց համազգային ու համահայկական նպատակներին սպասարկող` իրեն բաժին ընկած պարտաւորութիւնն արդարացնելու ի խնդիր:
«Ալիք»
16 նոյեմբեր 2017