Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Աւգեան Ախոռների Մաքրման Հերթական Մեկնարկ Եւրոպայում

Հոկտեմբեր 30, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Ո՞ւմ չէ յայտնի, որ աղբազերծման այդ գործընթացն առաջին անգամ մեկնարկել է  հինաւուրց Հելլադայում` Աւգիաս արքայի բարձիթողի մատնուած աղբակուտակ ախոռներում: Խնդիրը, ինչպէս գիտէք, այն ժամանակ լուծուել է յունական դիցարանի հերոս Հերակլէսի ջանքերով, ով մէկ օրում մաքրել է դրանք` այնտեղ ուղղելով Ալփէոս եւ Պինոս գետերի ջրերը:

Եւ ահա մաքրազտման այդ գործողութիւնը, նախադէպից հազարամեակներ անց, հերթական անգամ իրականացուեց բառացիօրէն վերջերս, միջազգային  երկու կառոյցում համաժամանակ` Միաւորուած ազգերի կրթութեան, գիտութեան  ու մշակոյթի կազմակերպութիւնում (ՅՈՒՆԵՍՔՕ) եւ Եւրոպայի խորհրդի  Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ): Ընդ որում, զարմանալի զուգադիպութեամբ, ինչպէս հին աշխարհի հսկայ Հերակլէսի վերագրուող այդ առասպելի ժամանակ էր` դարձեալ մէկ կամ մէկ-երկու օրում: Ուշագրաւ է նաեւ, որ եթէ անյիշելի այն ժամանակներում խօսքը վերաբերում էր ընդամէնն արքայական երամակի աղտեղանքի հեռացմանը, ապա այս անգամ խնդիրն առաւել ընդհանրական է եւ վերաբերում է ազրպէյճանական «խաւիարային քաղաքականութեան» կամ վերջին շրջանում միջազգայնօրէն շրջանառուող մէկ այլ բնորոշմամբ` «ազրպէյճանական լուացքատան» անդուրալի հոտ արձակող, մեղմ ասած, թափօններից աշխարհի ձերբազատմանը: Այո՛, ո՛չ այլ կերպ: Հէ՛նց այդպէս:

Ահաւասիկ, հոկտեմբերի 10-ին Փարիզում խայտառակաբար ձախողուեց ԵՈՒՆԵՍՔՕ-ի գլխաւոր տնօրէնի պաշտօնում Ազրպէյճանի ներկայացուցիչ, Ռուսաստանում այդ երկրի արտակարգ եւ լիազօր դեսպան Փոլատ Պիւլպիւլօղլուի ընտրութիւնը: Լրահոսի տեղեկատուութեամբ, քուէարկութեան առաջին փուլում միջազգային այդ կառոյցի գործադիր կոմիտէի 58 անդամ երկրներից, նուազագոյն շեմ համարուող 30 «կողմ» ձայնի  փոխարէն, միայն երկուսն է «կողմ» քուէ տուել ազրպէյճանցի թեկնածուի օգտին: Ի՛նչ խօսք, դժուար չէ կռահել, թէ ինչ երկրներ են դրանք: Որեւէ կասկած չի յարուցում, որ առաջինը հէնց Ազրպէյճանն է, ով շատ էր ուզում միջազգային այդ կառոյցի խմբավարի հարթակում կարգել իւրայինին: Թէկուզ Պաքուի համար Պիւլպիւլօղլուից էլ ոչ պակաս իւրային էր այդ կազմակերպութեան 11-րդ գլխաւոր տնօրէնը` Պուլկարիայի ներկայացուցիչ Իրինա Պոքովան, ով 2009թ. այդ պաշտօնում ընտրուելուց ի վեր իրեն համարում է Ազրպէյճանի Առաջին տիկնոջ, իսկ ներկայումս նաեւ առաջին փոխնախագահի`  Մեհրիպան Ալիեւայի մտերիմ ընկերուհին: Ի հարկէ, քա՛րը գլուխը, թէ այդ բարձրաստիճան տիկնայք առօրեայ կեանքում յատկապէս ում հետ են գերադասում մտերմիկ զրոյց ունենալ: Բայց ահա, ինչպէս նշել եմ այդ թեմայով մէկ այլ մեկնաբանութեան մէջ, պուլկարացի մեր գրչակիցների լրագրողական հետաքննութեան արդիւնքում պարզուել է, որ այդ մտերմութիւնից, մազութի հոտ է փչում, ինչի արդիւնքում տիկին Պոքովան յանկարծակի հարստացել է: Պուլկարական bivol.bg ելեկտրոնային կայքը դեռեւս անցեալ տարուայ յունուարի 9-ին յօդուած էր հրապարակել` տեղեկացնելով, որ նա Նիւ Եորքի Մանհաթան թաղամասում տիրապետում է  աւելի քան երեք միլիոն տոլարի անշարժ գոյքի, որը երեք բնակարան է կազմում`ձեւակերպուած անձամբ Պոքովայի, ամուսնու եւ որդու անուններով: Նրա յաճախակի այցերը Պաքու, աւելի՛ն, ակնյայտ ազրպէյճանամէտ մօտեցումը տարածաշրջանի նիւթական ու ոչ նիւթական արժէքներին` անկասկած լաւագոյնս վկայում են, թէ ի՛նչ միջոցների հաշուին է ԵՈՒՆԵՔՕ-ի պուլկարացի ղեկավարը ձեռք բերել այդ գոյքը: Նշել եմ  նաեւ, որ այդ պաշտօնում իրեն փոխարինողի դերում նա տեսնում էր հէնց Մեհրիպան Ալիեւային, ում իր իսկ նախաձեռնութեամբ ժամանակին շնորհուել է Բարի կամքի դեսպանի պատուաւոր կոչում:  Սակայն, ինչպէս յայտնի է, կառավարող վարչախմբում գործող առաջնային անձանց հնարաւոր փոխատեղման հեռանկարով Պաքւում անսպասելի փոխուել են քաղաքական ծրագրերը. Ազրպէյճանի Առաջին տիկինը նախագահ ամուսնու հրամանագրով, համատեղութեան կարգով,  նշանակուել է երկրի առաջին փոխնախագահ, իսկ ԵՈՒՆԵՍՔՕ-ի գլխաւոր տնօրէնի պաշտօնի համար, Իրինա Պոքովա-Մեհրիպան Ալիեւա զոյգի երաշխաւորութեամբ, վերջինիս փոխարէն  առաջ է քաշուել Մոսկուայում Ազրպէյճանի դեսպան Պիւլպիւլօղլուի  թեկնածութիւնը:

Բայց երեւի թէ նման բարձր միջազգային հարթակում, ինչպիսին ԵՈՒՆԵՍՔՕ-ն է,  այլ բան է օտարազգի իւրայինը` ի դէմս պուլկարացի գլխաւոր տնօրէնի, այլ բան` բուն արիւնակիցը: Մանաւանդ, այնպիսի մի արիւնակից, ում քանիցս փորձութիւն անցած հաւատարմութիւնն ալիեւեան վարչախմբին սահմաններ չի ճանաչում: Պատահական չէ, որ Պաքուն եւ Անգարան  եռանդուն ջանքեր էին գործադրում ԵՈՒՆԵՍՔՕ-ի հերթական` 12-րդ գլխաւոր տնօրէնի պաշտօնում Պիւլպիւլօղլուին կարգելու ուղղութեամբ եւ, որոշ տեղեկութիւններով, կարծես թէ ահագին աշխատանք էին կատարել հարկ եղած թուով քուէների ապահովման համար: Համաձայն շրջանառուող տուեալների, այդ երանելի դիրքը, բառիս բուն իմաստով, գնելու նպատակով Պաքուն դոյզն իսկ չի ափսոսացել ծախսելու ոչ պակաս, քան 10 միլիոն նաւթատոլար:Երկրորդ քուէն, կարելի է ենթադրել, տուել է Թուրքիան, ինչը միանգամայն հասկանալի է մեզ համար, հիմք ընդունելով «Նմանը զնմանը գտանէ» հայկական հին իմաստութիւնը: Կամ թէ չի բացառւում, որքան էլ առաջին հայեացքից տարօրինակ թուայ,  վստահութեան այդ քուէն Պիւլպիւլօղլուն պարգեւել է Ռուսաստանը: Մոսկուան, ինչպէս յայտնի է, նախապէս քանիցս յայտարարել էր իր այդ կողմնորոշման մասին` երկրագնդի անխտիր բոլոր, այդ թւում Ռուսաստանի  տարազգի պատմամշակութային ու գիտակրթական արժէքների բացայայտման, անխաթար պահպանման եւ գալիք սերունդներին փոխանցման համալիր խնդիրների ճակատագիրը հակուած լինելով շնորհել Ազրպէյճանի դեսպանի տնօրինմանը:

Մի մարդու, ում անմիջական մասնակցութեամբ անցած դարավերջին եւ նոր դարասկզբին Ազրպէյճանում վայրագօրէն ոչնչացուել եւ կամ իւրացուել են բնիկ ազգային հաւաքականութիւնների` հայերի, լեզգիների, աւարների, ցախուրների, թալիշների եւ այլ ժողովուրդների պատմամշակութային արժէքները: Մի մարդու, ով, թութակի պէս անդադար կրկնելով երկրի նախագահի փրփրաբերան յոխորտանքները, ազրպէյճանական հանրութեանը շարունակաբար արիւնահեղ պատերազմի է հրահրում մարդկային քաղաքակրթութեան հիմնասիւներից մէկի` հայ ժողովրդի եւ, առանձնապէս, նրա արցախեան հատուածի դէմ, ընդ որում, խոստանալով անձամբ, զէնքը ձեռքին, կռիւ տալ, իր իսկ արտայայտութեամբ, «Գարաբաղի ազրպէյճանական հողերի ազատագրման համար»:

Այնուամենայնիւ, քուէարկութեան արդիւնքում Ազրպէյճանի այդ վայ-մշակութաբան-դիւանագէտը ձեռք բերեց այնքան քուէ, ինչքանին իրականում արժանի է թէ՛ ինքը եւ թէ՛ իր երկիրը` ամբողջութեամբ: Ըստ երեւոյթին, միջազգային հանրութիւնը, ինչքան էլ մեզ արտաքուստ թուայ, թէ թմբիրի մէջ է, միեւնոյնն է, ամենեւին էլ լեթարգիական քուն չի ապրում: Համաձայնենք, որ մարդկային բանականութիւնն ունակ է անսպասելի դուրս ելնել անգամ մահաքունից ու կշռադատ գնահատել իր շրջապատի լաւն ու վատը, բարին ու չարը: Եւ, ահաւասիկ, երեւի թէ այդ իրողութեան շնորհիւ է, որ  ԵՈՒՆԵՍՔՕ-ի ախոռը ձերբազատուեց ազրպէյճանական աղտեղանքով լցուելու վտանգից. Պիւլպիւլօղլին ստիպուած էր  քուէարկութեան երկրորդ փուլում հանել իր թեկնածութիւնը: Նա, ի հարկէ, թոնթորաց, թէ իրեն «քցել են», քանզի, իր իսկ խօսքով ասած` «Այն աջակցութիւնը, որ ԵՈՒՆԵՍՔՕ-ի գործադիր կոմիտէի շատ անդամներ յայտարարում էին նախընտրական քարոզարշաւի ընթացքում, յաջողութեան յոյսի հիմք է հանդիսացել»: Եթէ փորձենք ստուգաբանել այդ թոնթորանքի տողատակը, ապա դժուար չէ կռահել, որ այդ նպատակով Պաքուի տուած կաշառքները գործադիր կոմիտէի շատ անդամներ բառիս բուն իմաստով կերել-ուրացել են:

Հայկական առածն ասում է. «Չկայ բարիք` առանց չարիքի»: Բայց առածը լրանում է նաեւ հակառակ իմաստով. «Չկայ չարիք` առանց բարիքի»: Արդեօք, բարի՞ք չէ, որ Պիւլպիւլօղլուի այդ ձախողմամբ, կարելի է յուսալ վերջնականապէս արգելափակոց դրուեց աշխարհի ժողովուրդների ազգային պատմամշակութային արժէքների` ազրպէյճանական յանգի յօշոտուելու, խեղաթիւրուելու ծայր աստիճան վտանգաւոր հեռանկարի առջեւ: Արդիւնքում, որպէս միջազգային հանրութեան ողջամիտ կողմնորոշման արտայայտութիւն, ԵՈՒՆԵՍՔՕ-ի գլխաւոր տնօրէնի պաշտօնում հոկտեմբերի 13-ին` քուէարկութեան 5-րդ փուլում, ընտրուեց Ֆրանսայի մշակոյթի եւ հաղորդակցութեան նախկին նախարար, 45-ամեայ Օտրէ Ազուլէն` յաղթահարելով անհրաժեշտ քուէների նուազագոյն շեմը եւ ստանալով 30 «կողմ» ձայն: Ինչ խօսք, տիկին Ազուլէն դժուարին պահի է ստանձնել իր այդ նոր պաշտօնը: Նախ` դեռեւս նիստի նախօրեակին Միացեալ Նահանգները յայտարարել են, որ 2018թ. դեկտեմբերի 31-ից դադարեցնում են իրենց անդամակցութիււնը ԵՈՒՆԵՍՔՕ-ին, խնդիրը պարզաբանելով  կազմակերպութեան մէջ արմատական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտութեամբ եւ նրա բանաձեւերում դրսեւորուած «հակաիսրայէլեան կանխակալութեամբ»: Ընդ որում, Միացեալ Նահանգներ մտադիր են շարունակել փոխգործակցութիւնը ԵՈՒՆԵՍՔՕ-ի հետ` որպէս դիտորդ-պետութիւն:  Փոքր ինչ աւելի ուշ, նոյն դրդապատճառով նախագահ Տոնալտ Թրամփի  օրինակին է հետեւել նաեւ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանեահուն` երկրի արտաքին գործոց նախարարութեանը յանձնարարելով մշակել որոշում ԵՈՒՆԵՍՔՕ-ի կազմից դուրս գալու մասին: ԵՈՒՆԵՍՔՕ-ն վերածուել է անհեթեթի թատրոնի, փոխանակ պահպանելու պատմութիւնը` ԵՈՒՆԵՍՔՕ-ն խեղաթիւրում է այն», նշւում է Իսրայէլի  վարչապետի մամլոյ ծառայութեան հաղորդագրութեան մէջ: Խօսքը վերաբերում է Երուսաղէմ քաղաքի հնութիւններին,  որոնց գնահատումներում ԵՈՒՆԵՍՔՕ-ն գերապատուութիւնը տուել է բացառապէս մահմետական անուանումներին, մի կողմնակալ քաղաքականութիւն, որն ազրպէյճանամէտ Իրինա Պոքովայի կանխակալ թելադրանքով այդ միջազգային կառոյցն իրականացնում էր նաեւ հայոց նիւթական ու ոչ նիւթական մի շարք արժէքների ազգային պատկանելութեան հարցում` դրանք հիմնականում վերագրելով ազրպէյճանական ժողովրդին: Այնպէս որ, նորընտիր Օտրէ Ազուլէն դեռ շա՜տ ու շա՛տ անելիքներ ունի իր տնօրինմանը յանձնուած գրասենեակում կատարեալ մաքրութեան վերականգնման հրատապ ու անյետաձգելի խնդրում:

Աւգեան ախոռներից աղբահանման նոյն այդ իրավիճակն էր հոկտեմբերի 10-ին տիրում նաեւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, միջազգային մի հեղինակաւոր կառոյց, որի գլխին դամոկլեան սրի պէս կախուել էր փտածութեան աղտում լիովին թաղուելու վտանգը:  Ի դէպ, անցած գրեթէ եօթ տասնամեակում մէկ անգամ չէ, որ  աղտն այդ ուրուականի պէս պտտուել է Եւրոպայի պալատի  գլխավերեւը, ինչի մասին այսօր էլ յստակ են յիշում վեհաժողովի հնաբնակները:

Այդ յոռի երեւոյթի վերջին աղմկայարոյց բնութագրիչները, որոնք հասու են դարձել  միջազգային հանրութեանը, առնչւում են հիմնականում Ազրպէյճանի «խաւիարային քաղաքականութեան» հետ: Ինչպէս յայտնի է, հիմք ընդունելով այդ ամէնը, Վեհաժողովն այս տարուայ  իր գարնանային նստաշրջանում` ապրիլին  որոշում էր կայացրել հետաքննել Ազրպէյճանի հետ կապուած կաշառատւութեան գործարքները: Բանն այն է, որ բացայայտուել էին վեհաժողովի որոշ ներկայացուցիչների` Ազրպէյճանի կառավարութիւնից կաշառք վերցնելու մի շարք նոր իրողութիւններ:

Ազրպէյճանական կաշառատւութեան խնդիրը սուր քննարկումների տեղիք է տուել նաեւ վեհաժողովի աշնանային նստաշրջանում, որի օրակարգում էր այդ երկրին առնչուող երկու զեկոյց: Առաջինը վերաբերում էր Ազրպէյճանում  ժողովրդավարական հաստատութիւնների գործունէութեան վիճակին, որը ներկայացրել են աւստրիացի պատգամաւոր Սթեֆան Շեննախը եւ ռումինացի պատգամաւոր Ցեզար Ֆլորինը: Իսկ երկրորդ զեկոյցի թեման Ազրպէյճանում  մարդու իրաւունքների պահպանման մասին էր, որը պատրաստել էր պելճիքացի ծերակուտական Ալան Տեթեքսը: Բայց վերջինս մինչ այդ գերադասել էր ԵԽԽՎ-ի անդամութիւնից հրաժարական տալ անգլիական «Տի Կարտիըն»»  թերթի հետաքննութեան հրապարակումից յետոյ, համաձայն որի, նա կապուած է եղել Ազրպէյճանի հետ եւ դրամական միջոցներ, այսինքն կաշառք է ստացել, ուստի եւ, փաստօրէն, գլուխ է փախցրել այդ կապակցութեամբ անխուսափելի պարզաբանումներից:

Զեկոյցը, նոր լրամշակմամբ ու խմբագրութեամբ  նստաշրջանին ներկայացրել է վեհաժողովի Իրաւաբանական հարցերի եւ մարդու իրաւունքների կոմիտէի նորանշանակ նախագահ, ուքրանացի պատգամաւոր Ելենա Սոթնիքը, իր խօսքում անդրադառնալով նաեւ «Տի Կարտիըն»-ի հրապարակմանը: Իսկ թերթը հիմք ընդունելով իր իրականացրած հետաքննութիւնը` յայտարարել է, որ Ազրպէյճանի իշխանութիւններն ստեղծել ու կառավարել են մի գաղտնի ուրուագիծ, որի շնորհիւ 2,9 միլիառ տոլար են «լուացել» բրիտակական կեղծ ընկերութիւնների միջոցով: Այդ միջոցները ծախսուել են եւրոպական քաղաքական գործիչներին եւ աստիճանաւորներին գնելու նպատակով: Դրամատնային գրառումները փոխանցուել են դանիական «Պերլինքսէ» թերթին եւ այլ լրատուամիջոցների, ինչպէս նաեւ Փտածութեան եւ կազմակերպուած յանցագործութեան հետազօտման կեդրոնին (OCCRP): Պարբերականներն այդ ուրուագիծը անուանել են ոչ այլ կերպ, քան` «Ազրպէյճանական լուացքատուն»: Պաքւում, բնականաբար, շտապել են այդ հրապարակումները «ոչ առարկայական եւ սադրիչ» յորջորջել` ուղղուած  երկրի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի անդամների դէմ: Նշելով, որ զեկուցումը պատրաստուած էր այն ժամանակ, երբ ԵԽ Նախարարների կոմիտէն նախագահում էր Ազրպէյճանը, Ելենա Սոթնիքը նստաշրջանին յայտնեց, որ Ալան Տեթեքսն իր զեկուցման մէջ մատնացոյց չի արել Ազրպէյճանում քաղաքական բանտարկեալներին առնչուող եւ ոչ մի յստակ տուեալ: Ուքրանացի պատգամաւորն իր ղեկավարած կոմիտէի անունից անհանգստութիւն է յայտնել մարդու իրաւունքների խախտումների աճի կապակցութեամբ եւ Ազրպէյճանին յիշեցրել Եւրոպայի խորհրդից նրան հեռացնելու վտանգի մասին:

Հիմնաւորուած մեղադրանքների թիրախ էր դարձել նաեւ ԵԽԽՎ նախագահ, սպանացի Փետրօ  Ակրամունթը, ով այդ պաշտօնում ընտրուել էր անցեալ տարուայ յունուարին` առաջադրուած լինելով իր իսկ գլխաւորած Եւրոպական ժողովրդական կուսակցութեան (ԵԺԿ) մասնաբաժնով: Յայտնի է, որ նա  Եւրոհամարկման կողմնակից է, սատարում է Ուքրանիային եւ Ազրպէյճանին, յաճախակի հանդէս է գալիս հակառուսական եւ հակահայկական յայտարարութիւններով, առաջինին` Ղրիմի, երկրորդին` Արցախի առնչութեամբ:

Յիշեցման կարգով նշեմ, որ հիմնական մեղադրանքը, որ գարնանային նստաշրջանում հնչել է նրա հասցէին, կապուած էր Ագրամունտի` որպէս ԵԽԽՎ նախագահ Սիրիա կատարած այցի հետ, որ նա իրականացրել է առանց վեհաժողովին եւ կամ նրա Բիւրոյին նախապէս տեղեակ պահելու: Միեւնոյն ժամանակ, նրա անունը քանիցս հնչել է Ազրպէյճանի կողմից վեհաժողովի անդամներին կաշառելու վերաբերեալ լրագրողական հետաքննութիւններում: Մարդու իրաւունքների պաշտպանները քննադատում էին Ակրամունթի կապուածութիւնն Ազրպէյճանի կառավարութեան հետ` շեշտելով, որ նա  բազմիցս աչք է փակել այդ երկրում մարդու իրաւունքների ոտնահարման անժխտելի իրողութիւնների վրայ:

Բայց, ինչպէս ասում են, շաբաթն աւելի շուտ եկաւ, քան ուրբաթը: Վեհաժողովի գարնանային նստաշրջանի բացման օրը` ապրիլի 24-ին, պատգամաւորներն Ակրամունթին հեռացրին  դահլիճից` թոյլ չտալով նախագահել նիստը: Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտօնում Փետրօ Ակրամունթի մնալ-չմնալն օրերի հարց էր: Իր հրաժարականի մասին նա խոստացել էր յայտնել նստաշրջանի աւարտից երկու օր անց`  վեհաժողովի  պիւրոյի Փրակայի նիստում, քաղաքական խմբերի հետ նախնական խորհրդակցութիւններ անցկացնելուց յետոյ:  Բայց ահա խուսափեց մեկնել Փրակա` ներկայացնելու իր հրաժարականը: Վեհաժողովի պիւրոն իր նիստում ստիպուած էր անվստահութեան քուէ յայտնել նրան: Եւ վերջապէս, ամիսներ անց, վեհաժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկից չորս օր առաջ, որոշակիօրէն` հոկտեմբերի 6-ին, Փետրօ Ակրամունթը, ենթարկուելով պատգամաւորների գերակշիռ մեծամասնութեան պահանջին, ստիպուած եղաւ պաշտօնապէս հրաժարական տալ զբաղեցրած պաշտօնից:

Ընդունուած է ասել` սուրբ տեղը դատարկ չի մնում: Եւ հոկտեմբերի 10-ին, քուէարկութեան երրորդ փուլի արդիւնքներով, ժամանակաւորապէս համալրուեց նաեւ ԵԽԽՎ նախագահի թափուր պաշտօնը:  Հաւաքելով 132 քուէ` այն զբաղեցրեց Կիպրոսի Հանրապետութեան պատուիրակութեան ղեկավար, վեհաժողովում ԵԺԿ խմբի   անդամ Սթելլա Քիրիաքիտիսը, ով մինչ այդ գլխաւորում էր վեհաժողովի առողջութեան, ընկերային հարցերի եւ կայուն զարգացման յանձնաժողովը: Ի դէպ, նրա թեկնածութեան օգտին քուէարկել էր նաեւ Հայաստանի պատուիրակութիւնը: Շատ աւելի քիչ` 191-ից ընդամէնը 84 պատգամաւորական «կողմ» ձայն ստացաւ քուէարկութեան երրորդ փուլում նոյն կուսակցական խմբից նրա միակ մրցակից` լիթուացի Էմէանուելիս Զնիկերիսը, ում, դարձեալ, ի դէպ, ԵԽԽՎ նախագահի պաշտօնում տեսնելու համար ջանք ու եռանդ չէին խնայում ազրպէյճանական եւ թուրքական պատուիրակութիւնների ներկայացուցիչները: Նշեմ նաեւ, որ տիկին Քիրիաքիտիսը կը պաշտօնավարի մինչեւ 2018թ. յունուարին կայանալիք ընտրութիւններ: Այդ ժամանակ ԵԽԽՎ-ի նախագահ կ՛ընտրուի մէկ այլ քաղաքական խմբի ներկայացուցիչ:

Անշուշտ կարելի է պատկերացնել Պաքուին ու Անգարային համակած խորը ափսոսանքն ու, մանաւանդ, վրդովմունքը ողջամիտ բանականութեան Հերակլէսի վարմունքից, որ ընդամէնը մէկ-երկու օրուայ ընթացքում, համաժամանակ մաքրազտելով վիթխարի աղբակուտակի վերածուող ԵՈՒՆԵՍՔՕ-ն եւ ԵԽԽՎ-ն, խստիւ արգելեց թուրք-ազերական հետագայ բոլոր աղբանետումները: Միեւնոյն ժամանակ յուսանք, որ հայեացք նետելով այդ երկու միջազգային կառոյցներին` այլեւս առիթ չենք ունենայ կրկնելու մարդկութեան մեծագոյն հանճարներից մէկին` Վիքթոր Հիւկոյին. «Ամեն ինչ պղծուած է եւ աւերուած, այստեղով թուրքն է անցել»: Բայց որքա՞ն իրատեսական է այդպէս միամտօրէն յուսալ…

Արցախ

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Նախորդը

Պիքֆայայի Եւ Ս. Մըսքի Քաղաքապետները` Ս. Աստուածածին Վանքին Մէջ

Յաջորդը

Ազատ Խոհեր` «Համահայկական» Ժողովներէ Ետք

RelatedPosts

Մեր Ընթերցողները Կը Գրեն.  Դպրոցական Օրերէն Լաւ Յիշատակ Մը
Անդրադարձ

Մեր Ընթերցողները Կը Գրեն «Թռչէի Մտքով Տուն»

Մայիս 10, 2025
Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Գիտակից Մայրը (Մայրերու Օրուան Առթիւ)

Մայիս 10, 2025
Բնակա՞նը,  Թէ՞  Բնութիւնը
Անդրադարձ

Հերոսածին Մայրեր

Մայիս 10, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?