Դէպի Ղարադաղ…
19 յունիս 1967:
Բնական զարմանք էր պատճառել բոլոր նրանց, ովքեր լսել էին, որ մի քանի հայեր նպատակադրել ենք գնալ Ղարադաղի հայաբնակ գիւղերը եւ լինել մի քանի օր մեր հայ եղբայրների ու քոյրերի հետ: Զարմանքի պատճառը անշուշտ նախ ճանապարհի խիստ դժուար լինելու իրողութիւնն էր, ապա` նպատակակէտի հետաքրքրութիւնը: Այս ամէնը սակայն եկան փշրուելու հայի անխորտակ կամքի ու տոհմիկ ոգու առաջ, եւ եօթը հայորդիներով մեկնեցինք Ղարադաղ:
Հայ ժողովուրդը իր ազգային պատմութեան ամբողջ տեւողութեան ընթացքին եղել է ջերմօրէն հաւատացողը իր կրօնական եւ ազգային աւանդութիւններին. հայը միշտ կապուած է եղել իր եկեղեցուն, իր դպրութեան օրրանին, եւ ուր էլ որ գտնուել է, ինչ պայմանների տակ էլ որ ապրել է, ամենեւին չի սայթաքել իր ազգութիւնից եւ ոչ մի ձեւով էլ չի խաթարուել նրա տոհմիկ աւանդութիւններն ու բարքերը:
Գնացողներիս մէջ կար նաեւ Թաւրիզի հոգեւոր հովիւ Բագրատ քհնյ. Մելքոնեանը, որը գնում էր հեռաւոր ու մենաւոր այս անկիւնում շնչող հայութեան հոգեւոր մխիթարութիւն պարգեւելու եւ նրանց հոգին առաւել եւս գօտեպնդելու ազգային ու կրօնական զգացումներով:
Ինչքա՜ն յուզիչ եւ ինչքա՜ն տպաւորիչ էր գնացող խմբի անդամներից իւրաքանչիւրի զբաղման պարագան: Ամէն մէկը եկամտաբեր գործի տէր, թողած գործ ու հասոյթ, հաճոյքով միացած խումբին, գնում էր այցելելու իր արենակից եղբայրներին:
Աւելի քան 15 ժամ երկար ու տաժանելի ճամբորդութիւնից յետոյ, գիշերուայ ժամը 11:00-ին հասանք Ղարադաղի Վինա գիւղը:
Յոգնած էինք ու պարտասած…
Առաջնորդուեցինք գիւղացիներից Ս. Ստեփանեանի բնակարանը եւ կարճ ու մտերմիկ զրոյցից յետոյ քնեցինք:
* * *
20 յունիս 1967:
Առաւօտ է:
Արեւը իր առաջին շողերը տարածել էր գիւղի ամբողջ տարածքին ու ոսկեզօծ արտերը գիւղի, բնական ու թանկարժէք գանձարանի տպաւորութիւն էին թողնում մեր վրայ: Ինչքա՜ն համաչափ եւ ինչքա՜ն ներդաշնակ էին ցորենի հասկերն ու կանաչազարդ անտառների թաւշանման բոյսերը: Դրախտային առինքնող գեղեցկութեամբ օծուն եւ մեր ազգային ոգու զգացումները իրենց գագաթնակէտին հասցնող մի հիասքանչ տեսարան էր պարզւում մեր դիմաց:
Զարթնել է արդէն հայ գիւղացին: Եռուզեռ կայ ամէնուրեք: Տղամարդիկ գնացել են արտերը գործելու, կանայք ու աղջիկները նուիրուած են տան գործերին, միաժամանակ պատրաստում են ճաշը, որպէսզի տանեն իրենց ամուսնուն կամ եղբայրներին: Կալերը, եզները, գութանը մեր մէջ ազգային հարազատ ապրումների հոգեվիճակ են ստեղծում: Ինչքա՜ն տպաւորիչ էր, երբ երգերից լսելուց ու գրքերում կարդալուց յետոյ, գիւղացու տոհմիկ կենցաղի մասին այժմ մեր հարազատ աչքերով էինք տեսնում այդ ամէնը, եւ մեր հոգին լցւում` յուզումով եւ գերբնական ապրումներով:
Վինա գիւղը հաշւում է շուրջ 60 տուն` 419 շունչով: Գիւղի վերեւամասում գտնւում է Թումանեան եղբայրների կառուցած շէնքը (1907), որը գործածուել է Թումանեանների կողմից թէ՛ որպէս բնակարան եւ թէ՛ որպէս գործատեղի: Այդ գործատեղից օգտուել են հայ գիւղացիները եւս եւ ապահովել են իրենց գոյապրուստը` մինչեւ 1937 թիւը, որից յետոյ ցայժմ այդ հսկայ շէնքը մնացել է անգործածելի վիճակում:
Խումբով դիտարկելուց յետոյ գիւղի տեսարժան վայրերը եւ գիւղական որոշ աշխատանքներին, ականատես լինելուց յետոյ, գնացինք գիւղի եկեղեցին` Ս. պատարագի արարողութեամբ գիւղացիներին հոգեւոր մխիթարութիւն պարգեւելու:
* * *
… Եւ դարձեալ գիւղում լսուեցին հայ եկեղեցու զանգերի ղօղանջը, որը դարեր շարունակ մեր ազգային իրականութեան մէջ հայ հաւատացեալների հոգիներում ազգային իրաւ ու հարազատ գիտակցութիւն արթնցնող ձայնն է եղել: Զանգերի ղօղանջը կարճ ժամանակում եկեղեցում հաւաքում է հայ հաւատացեալ գիւղացիներին, որոնք շարան-շարան գալիս էին, երկար լռումից ու դադարից յետոյ, ի խորոց սրտի Աստծուն խօսք ասելու, հոգու վշտերն ու սրտի մրմունջը յայտնելու Արարչին: Հայ մամիկները գլխածածկ, երկիւղածութեամբ մօտենում էին Ս. խորանին եւ մոմ վառում:
Ս. պատարագի ընթացքում, քահանայ հայրը սրտառուչ խօսքերով թելադրեց հայ գիւղացուն անխախտ ու աննկուն մնալ քրիստոնէական սուրբ հաւատքի վրայ եւ ոչ մէկ գնով չընկրկել ազգային ու կրօնական գետնի վրայ` այլազան խաթարիչ հովերի դիմաց:
Քիչ յետոյ հայ գիւղացիները երկիւղածութեամբ ու խորը հաւատքով մօտենում են Ս. սկիհին եւ հաղորդւում:
Ս. պատարագի արարողութիւնից յետոյ, եկեղեցու բակում հաւատացեալների հետ խմբական յիշատակի նկարներ ենք վերցնում եւ ընդհանուր առմամբ մտքի փոխանակումներ ենք ունենում: Եկեղեցու բակում գտնւում է նաեւ գիւղի ազգային դպրոցը, ուր սովորում են շուրջ 30 աշակերտներ: Ուսուցիչն է Սոկրատ Ստեփանեանը: Այս դպրոցի գրենական պիտոյքները հոգացւում են Թաւրիզի ՀՕՄ-ի կողմից:
Այնուհետեւ որոշում ենք ճաշից յետոյ գնալ Հեռասար, որը մօտակայ մէկ լերան գագաթն է, եւ որտեղից երեւում են յստակօրէն ռուսական սահմանային գիւղերը:
* * *
Որոշուած ժամին գնացինք Հեռասար: Ստորոտից անցնում է Մայր Արաքսը` իր լիառատ ու տարածուն հոսանքով: Մեր դիմացում բարձրանում են Զանգեզուրի լեռները եւ տարածւում` մի շարք գիւղեր: Նստած ենք դէմ առ դէմ եւ երկար ու իրաւ ապրումներով դիտում ենք մեր դիմացում պարզուող գեղեցիկ ու տպաւորիչ տեսարանին…
Յուզիչ եւ կենսալի ապրումներ ունենալուց յետոյ, երեկոյեան վերադարձանք տեսարանին…
Յուզիչ եւ կենսալի ապրումներ ունենալուց յետոյ, երեկոյեան վերադարձանք գիւղ:
* * *
21 յունիս 1967:
Առաւօտեան ժամը 8:00-ն է: Գիւղը դատարկուած է տղամարդկանցից, իսկ մայրերը տենդագին պատրաստութեան մէջ են իրենց նորածին երեխաները մկրտելու համար: Ինչքա՜ն հոգեպարար եւ ինչքա՜ն սրտազեղ արարողութիւն էր, որ կատարւում էր այդ օր. աւելի քան 30 նորածին, միամեայ կամ երկամեայ երեխաներ, իրենց մանկական ճիչերով ու կանչերով գեղեցիկ համանուագ էին կազմում փոքրիկ աղօթատեղում, ուր քահանայ հայրը կատարում էր մկրտութեան խորհուրդը:
Ժամը 10:00ին արարողութիւնը վերջ գտաւ եւ խումբով շարժուեցինք դէպի մօտակայ Քարագլուխ գիւղը: Այստեղ եւս մատուցուեց Ս. պատարագ, հայ գիւղացիները հաղորդուեցին, եւ 7 երեխաներ մկրտուեցին:
Քարագլուխ գիւղը, որ հաշւում է 30 տուն` 160 շունչով, ունի մէկ եկեղեցի եւ մէկ դպրոց, ուր սովորում են 23 աշակերտներ: Ուսուցիչն է Րաֆիկ Մարտիրոսեանը: Այս դպրոցի գրենական պիտոյքներն եւս հոգացւում են, Ատրպատականի ՀՕՄ-ի կողմից: Վինա եւ Քարագլուխ գիւղերի ուսուցիչների ռոճիկը վճարում է Ատրպատականի հայոց թեմի Թեմական Խորհուրդը:
Մի քանի ժամ էլ այս գիւղում հայ գիւղացիների հետ շփում ունենալուց յետոյ վերադարձանք Վինա, ուր ուշ գիշերին տեղի պիտի ունենար հարսանեկան հանդէս:
* * *
Գիշեր է…
Լուսինն ու աստղերը երկնակամարում գեղեցիկ լուսաւորութեամբ յատուկ փայլ ու շքեղութիւն էին տալիս գիւղին:
Ցնծութեան մէջ է Վինա գիւղը: Դհոլ-զուռնայի ոգեւորիչ ձայների առթած յուզիչ ապրումների ներքոյ հարսնեւորների հետ գնում ենք եկեղեցի:
Եկեղեցու բակում կանգնած են գիւղի հայ երեխաները ու իրենց հետաքրքիր հայեցաքներով յատուկ յուզումի են մատնում մեզ: Ինչքա՜ն անմեղ եւ ինչքա՜ն տպաւորիչ դէմքի արտայայտութիւն ունէին նրանք, որ խորը յուզումի մատնելով մեզ` մեր հոգեկան հրճուանքը հասցնում էին իր գագաթնակէտին:
Ս. պսակի խորհուրդի հոգեյոյզ արարողութիւնից յետոյ եկեղեցու բակում հայ գիւղացի նորահաս օրիորդների իրենց ազգային տոհմիկ ու հեզաճկուն պարերով առաւել ոգեւորութիւն ու խանդավառութիւն էին ստեղծում:
* * *
22 յունիս 1967:
Հրաժեշտի ու բաժանման օրն էր դա:
Մօտից ճանաչել հայ գիւղն ու գիւղացին, ականատես լինել նրա ուրախութիւններին ու ցաւերին, թափանցել նրա իրաւ հոգեբանութեան եւ այսքան շուտ բաժանուելու դառն իրողութիւնը ծանր էր կշռում մեր բոլորի հոգիների վրայ:
Կեանքի պայմանների դասաւորումը սակայն թոյլ չէր տալիս մեզ աւելի մնալ այնտեղ, ուստի պատրաստուեցինք ու հրաժեշտ տուեցինք Ղարադաղի մեր հայ եղբայրներին ու քոյրերին:
Հայ գիւղը իր տոհմիկ եւ հարազատ կեանքով գրաւական է հայ ժողովրդի յաւիտենականութեան: Արդարեւ, մեծահանճար Կոմիտաս վարդապետը հայ գիւղի խոպան դաշտերից էր, որ ի լոյս բերեց մտքի եւ սրտի թաքուն գանձերը. թափանցել հայ շինականի ներքին հոգեբանութեան, զգացումներին ու յոյզերին. շրջեց գիւղից գիւղ, գեղարուեստական պեղումներ անելու նպատակով, ուսումնասիրեց հայ գեղջուկի կեանքը, քննեց նրա ուրախ ու տխուր պահերը, արտերի, գոմերի մէջ, կալի, գութանի եւ հերկի ժամանակ, եւ այդպիսով կարողացաւ կերտել եւ ստեղծել հայ ցեղի տոհմային եւ ժողովրդական երաժշտութիւն:
Արդարեւ, ինչքան գեղեցիկ, տպաւորիչ եւ մանաւանդ իրաւ ու տաք են տողերը եւ նկարագրութիւնները տաղանդաւոր գիւղագիր Համաստեղի:
Հայ գիւղացին, իր անկեղծ, հարազատ ու գուրգուրոտ նկարագրով, լաւագոյն վկայութիւնն է բերում այն մասին, որ շնորհիւ այդ տոհմիկ նկարագրին` մեր ժողովուրդը կը գոյատեւի:
ՀՐԱՆԴ ԱՃԵՄԵԱՆ
Թաւրիզ