Անգլիա
Ֆութպոլի Անգլիոյ բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 32-րդ հանգրուանին Մանչեսթըր Եունայթըտ աներես հիւրը եղաւ Սանտըրլենտի եւ, 3 անպատասխան կոլեր նշանակելով, վերադարձաւ իր քաղաքը: Առաջին կիսախաղին մրցումին հաշիւը բացաւ Զլատան Իպրահիմովիչ: Սանտըրլենտի միջնապահ Սեպասթիըն Լարսըն` կարմիր քարտ մը ստանալով, հրաժեշտ տուաւ իր ընկերներուն եւ հիւրերուն: Երկրորդ կիսախաղի առաջին իսկ վայրկեանին անհատական վարպետութեան շնորհիւ ուշադրութիւն գրաւեց Հայաստանի ազգային հաւաքականի խմբապետ Հենրիխ Մխիթարեան` կրկնապատկելով հաշիւը: Ան Լիւք Շոյի հնարամիտ փոխանցումէն ետք գեղեցիկ անհատական անցումով մտաւ մեծ քառակուսի եւ ճշգրիտ հարուածով գնդակը գամեց բերդին հեռաւոր անկիւնը: 78-րդ վայրկեանին Մխիթարեանը փոխարինեց ֆրանսացի յառաջապահ Անթոնի Մարշալ: Մրցումի նախավերջին վայրկեանին Մանչեսթըր Եունայթըտի անգլիացի յառաջապահ Մարքուս Ռաշֆորտ ճշգրիտ փոխանցում մը ստանալով վարպետէն` Իպրահիմովիչէն, նշանակեց մրցումին երրորդ կոլը: Մանչեսթըր Եունայթըտ 21 մրցումէ պարտութիւն չէ կրած Անգլիոյ բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան մրցաշարքին մէջ: Իսկ Եունայթըտի նախկին մարզիչ Տ. Մոյեսի գլխաւորած Սանտըրլենտ 20 կէտով կը գտնուի վերջին դիրքին վրայ:
Սպանիա
Սպանիոյ մէջ Պարսելոնա չկրցաւ օգտուիլ Ռէալ Մատրիտ-Աթլեթիքօ Մատրիտ մրցումի արդիւնքէն (1-1)` Մալակայէն պարտուելով 2-0 արդիւնքով: Աւելի՛ն, Պարսելոնայի պրազիլցի յառաջապահ Նէյմար իրաւարարին ծաղրական ոճով ծափահարելուն համար դաշտէն վռնտուեցաւ: Նէյմար Սպանիոյ ախոյեանութեան մէջ իր կատարած 179 մրցումներուն առաջին անգամ ըլլալով կը ստանայ կարմիր քարտ:
Գերմանիա
Պունտըսլիկայի մրցաշարքի գագաթի ճակատումը իրարու դէմ հանեց Պայէրն Միւնիխը եւ Պորուսիա Տորթմունտը: Դաշտին տէրերը պատշաճ հիւրընկալութիւն մը չըրին եւ չձգեցին, որ հիւրերը շունչ մը քաշեն: Արդարեւ, Պ. Միւնիխ 4 կոլերով «հիւրասիրեց» Պ. Տորթմունտը: Պայերնի լեհ մարզիկ Ռ. Լեւանտովսքի 2 կոլ նշանակելով գերազանցեց Տորթմունտի Օպամէյանկը, կոլ նշանակողներու ցանկին առաջին դիրքը (26 կոլ) գրաւելով:
Իտալիա
Կոնզալօ Հիկուային կրկին հերոսն էր Եուվենթուսի արձանագրած 2-0 յաղթանակին Քիեւօ Վերոնայի դէմ: Արժանթինցի յառաջապահը երկու կոլեր նշանակելով (տարեշրջանի իր 7-րդ եւ ընդհանուր 27-րդ) ապահովեց Եուվենթուսի 32-րդ յաջորդական յաղթանակը իր դաշտին վրայ:
ԱՆԳԼԻԱ. 32-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Թոթենհամ – Ուաթֆորտ | 4-0 |
| Մանչեսթըր Սիթի – Հալ Սիթի | 3-1 |
| Միտըլզպորօ – Պըրնլի | 0-0 |
| Սթոք Սիթի – Լիվըրփուլ | 1-2 |
| Ուեսթ Պրոմուիչ – Սաութհեմփթըն | 0-1 |
| Ուեսթ Համ – Սուանզի | 1-0 |
| Պուրնըմաութ – Չելսի | 1-3 |
| Սանտըրլենտ – Մանչեսթըր Եունայթըտ | 0-3 |
| Էվըրթըն – Լայսթըր Սիթի | 4-2 |
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Քրիսթալ Փալաս – Արսենալ | 22:00 |
ԻՏԱԼԻԱ. 31-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Էմփոլի – Փեսքարա | 1-1 |
| Աթալանթա – Սասուոլօ | 1-1 |
| Եուվենթուս – Քիեւօ Վերոնա 0 | 2-0 |
| Սամտորիա – Ֆիորենթինա | 2-2 |
| Ա. Սէ. Միլան – Փալերմօ | 4-0 |
| Պոլոնիա – Ա. Էս. Ռոմա | 0-3 |
| Քալիարի – Թորինօ | 2-3 |
| Քրոթոնէ – Ինթեր Միլան | 2-1 |
| Ուտինեզէ – Ճենովա | 3-0 |
| Լացիօ Ռոմա – Նափոլի | 0-3 |
ՍՊԱՆԻԱ. 31-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Էսփանիոլ – Ալաւես | 1-0 |
| Ռէալ Մատրիտ – Աթլեթիքօ Մատրիտ | 1-1 |
| Սեւիլլա – Տեփորթիւօ Քորունա | 4-2 |
| Մալակա – Պարսելոնա | 2-0 |
| Կրանատա – Վալենսիա | 1-3 |
| Սելթա Վիկօ – Էյպար | 0-2 |
| Օսասունա – Լեկանես | 2-1 |
| Լաս Փալմաս – Ռէալ Պեթիս | 4-1 |
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Ռէալ Սոսիետատ – Սփորթինկ Խիխոն | 21:45 |
ԳԵՐՄԱՆԻԱ. 28-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Քէօլն – Մէօնշընկլատպախ | 2-3 |
| Ֆրայպուրկ – Մայնց-05 | 2-1 |
| Համպուրկ – Հոֆընհայմ | 1-0 |
| Լայփցիկ – Պայէր Լեւերքուզըն | 1-0 |
| Շալքէ – Վոլֆսպուրկ | 4-1 |
| Պայէրն Միւնիխ – Պորուսիա Տորթմունտ | 4-1 |
| Հերթա Պերլին – Օկզպուրկ | 2-0 |
ՖՐԱՆՍԱ. 32-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. | |
| Անժէ – Մոնաքօ | 0-1 |
| Պորտօ – Մես | 3-0 |
| Քան – Մոնփելիէ | 0-2 |
| Տիժոն – Պասթիա | 1-2 |
| Լիոն – Լորիան | 1-4 |
| Նանսի – Ռենն | 3-0 |
| Թուլուզ – Մարսէյ | 0-0 |
| Սենթ Էթիեն – Նանթ | 1-1 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Կենկան | 4-0 |






