Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Յիշողութիւնների Էջերից

Մարտ 15, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Գ. Գ.

Ամէն գարնան հետ թարմանում է իմ գարնանային յիշողութիւնը 1988 թ. մարտի 10-ի ճամբորդութիւնից` Գորիսի հիմնարկի երեք ուսանողների հետ: Բայց այս անգամ կարծես գարունն իմ հոգում աւելի շուտ եկաւ` դեռ աշնան սկզբին: Կարծես պատահական զուգադիպութեամբ ձեռքս ընկաւ Լեւոն Ադեանի «Հեռացող եզերք» վէպը Սումկայիթում եւ Պաքւում հայերի կոտորածների, նաեւ` այդ ահաւոր դժոխքից կենդանի մնացածների սարսափելի պատմութիւնների մասին:

… Նորից Արթնացան Յիշողութիւններս…

… Արցախեան գոյապայքարն սկսուած էր, մարդիկ լարուած ու խառը ժամանակներ էին ապրում, ամէնուր վախ էր ու անորոշութիւն: Ոչ մէկը չէր իմանում, թէ ի՛նչ է լինելու վերջը, ինչքա՞ն է տեւելու, ի՞նչ ենք ունենալու արդիւնքում, ի՞նչ ենք կորցնելու… Բայց, որ կորցնելու ենք մեզնից շատերին, արդէն իսկ պարզ էր…

1988-ի փետրուարի 26-29-ը Սումկայիթում անմարդկային ձեւով, իրենց իսկ յատուկ ձեռագրով ազերիները կոտորեցին քաղաքի հայ բնակչութեանը, յօշոտեցին վայրի գազանների պէս, մորթեցին, սպաննեցին: Տխրութիւն էր տիրում բոլորիս հոգիներում, ամէնուր անորոշ վիճակ էր: Արցախ-Հայաստան ճանապարհը դարձել էր վտանգաւոր: Ազերիները քարկոծում էին անցնող հայկական մեքենաները: Հայաստան հասնելու միակ ճանապարհը Գանձակով էր, որը հետագայում նոյնպէս մէկընդմիշտ փակուեց: Տեղաշարժուելը վտանգաւոր էր դարձել, մանաւանդ վատ վիճակ էր ստեղծուել Արցախում սովորող Հայաստանի ուսանողների եւ Հայաստանում սովորող Արցախի տարբեր շրջաններից եկած ուսանողների համար:

Մարտի սկզբին Գորիսի մանկավարժական հիմնարկից երեք ուսանողներ եկել էին հայրենի Արցախ, որ Կանանց տօնի հետ կապուած ազատ օրերն անցկացնեն հարազատների հետ, նաեւ շնորհաւորեն իրենց մայրերին, քոյրերին, տատիկներին: Բայց չստացուեց… Նրանք այդպէս էլ չկարողացան գնալ իրենց շրջանները եւ տեսնել հարազատներին: Ճանապարհները փակ էին, վտանգաւոր, ամէն րոպէ թշնամու կողմից վայրագ անակնկալներով լի: Հարկաւոր էր յետ վերադառնալ, գոնէ շարունակել դասերին ներկայանալ: Երկու օր մնացին Ստեփանակերտի ուսանողական հանրակացարանում` մինչեւ վերադառնալու յարմար տարբերակ լինի: Ստեփանակերտում սովորող ուսանողներս էլ նոյն կերպ չկարողացանք գնալ Հայաստանի մեր շրջանները` ճանապարհի վտանգաւորութեան պատճառով: Հէնց այդ օրերին էր, որ շտապ Գորիս գնալու խնդիր առաջացաւ նաեւ ինձ համար: Ռուսաստանի հեռաւոր ծայրում ծառայող եղբայրս 10-օրեայ արձակուրդ էր եկել, եւ ես չէի կարող եղբօրս տեսնելու հնարաւորութիւնը բաց թողնել` ծառայութեան աւարտին` մէկ տարի յետոյ տեսնելու յոյսով: Մանաւանդ պարզ չէր, թէ ի՛նչ է լինելու մեր վերջը:

Որոշել էինք թաքսիով Ստեփանակերտից Գորիս հասնել ազերի վայրի գազանների միջով: Գազան, որն ամենասարսափելի, դժոխային արարքներով ցեղասպանել է ժողովրդիս մի հատուածին իրենց իսկ տներում, իրենց իսկ կառուցած ու զարգացրած քաղաքում: Մտածում էինք` միգուցէ չքարկոծեն եւ մեզ յաջողուի բարեյաջող տեղ հասնել: Բայց «միգուցէ»-ով համարձակութեան դիմելը կտրուկ քայլ էր մեր կողմից` իմանալով, որ ընդամէնը 10 օր է անցել Սումկայիթի գազանութիւններից:

… Երբ հասանք Բերձոր (նախկինում` Լաչին), ազերի ոստիկանները կանգնեցրին մեքենան եւ մեզ ուղեկցեցին ոստիկանական բաժանմունք: Մի քանի ժամ պահեցին այնտեղ: Մտնում-դուրս էին գալիս, հաւաքւում-խորհրդակցում էին, բայց կարծես իրենք էլ չէին կողմնորոշւում, թէ ինչպէ՛ս վարուեն մեզ հետ: Իսկ մենք չէինք հասկանում իրենց լեզուն (բացառութեամբ` յատուկենտ բառերի), եւ փորձում էինք նրանց հայեացքներից գուշակել, թէ ի՛նչ է սպասւում մեզ: Թաքսու վարորդը որոշ չափով գիտէր նրանց լեզուն: Նրան ներս կանչեցին: Եկաւ եւ ասաց, որ իրեն թոյլ չեն տալիս շարունակել ճանապարհը: Ստիպուած մեզ պէտք է յետ վերադարձնի Ստեփանակերտ (պարզ էր, որ մեզ սպաննելու տարբերակը բացառուեց): Մենք չհամաձայնեցինք վարորդի հետ: Յորդորեցինք նրան` առանց մեզ վերադառնալ, իսկ մենք ոտքով շարունակեցինք ճանապարհը:

Փորձում էինք, որքան հնարաւոր է, աննկատ մնալ ազերիների աչքից: Ճանապարհով գնալը վտանգաւոր էր: Կարճ ճանապարհով իջանք Աղաւնոյ գետի ափը, որ անցնենք գետով եւ ուղիղ վերելքով բարձրանանք լերան գագաթն ու շարունակենք ճանապարհը դէպի Գորիսի շրջան:

… Ձմեռային հալոցքից գետն աւելի էր վարարել, ջուրն էլ` շատանալուց պղտորուել: Սակայն մտածելու ժամանակ չկար: Մօտակայ գիւղից կարծես նկատել էին մեզ, եւ իրար կանչելով տեղեկացնում էին: Հեռուից լսուող ձայներով, յամենայն դէպս, այդպէս էինք ենթադրում: Էլ ի՛նչ մտածել, հարկաւոր էր գործել: Սկսեցինք արագ հանել կօշիկները: Երկարաճիտ կօշիկներս ձեռքիս, նոյն ձեռքով ափիս մէջ հաւաքած վերարկուիս փէշերը, փոքրիկ պայուսակս ուսիս` ընդամէնը մի քանի վայրկեան նայեցի ջրերին, մինչ միւսները մտնում էին ջուրը, եւ այնպէս թուաց, որ ինքնակամ դժոխքի դուռն ենք գնում: Մտածեցի պահի մասին, որ կարող է վերջինը լինել մեր կեանքում: Այդ խառն ու շտապողական վիճակում վերջին տղան, ում ձեռքից բռնած պիտի անցնէի գետը, կռահեց իմ մտածումները եւ հասցրեց ասել. «Ինչ էլ լինի, ես ձեռքիցդ բաց չեմ թողնելու, հանգիստ եղի՛ր»:

Բարեյաջող անցանք յորդառատ գետը, ափին արագ հագանք կօշիկները եւ համարեա վազելով, առանց իրարից կտրուելու շարունակեցինք բարձրանալ զառիվերով: Ճանապարհի ոլորանները ձգւում էին մինչեւ լերան գագաթը, բայց մենք չէինք կարող ճանապարհով գնալ, ու մի կերպ յաղթահարում էինք կտրուկ վերելքը: Վերջին արգելքն էր: Թեթեւացած շունչ քաշեցինք` յոյսով, որ մի փոքր կը հանգստանանք ու կը շարունակենք մեր ճանապարհը հարթ տարածքով: Իսկ մեր դիմաց արդէն Հայաստանի սահմանային Տեղ գիւղի դաշտերն էին:

Չհասցրինք ոտք դնել հարթ ճանապարհին, երբ տեսանք մեր առջեւ տնկուած ազերի ոստիկաններին` նոյն մեքենայով, որով մեզ ուղեկցել էին ոստիկանական բաժանմունք: Ստացւում է` նրանք հետեւել են մեր ամբողջ ընթացքին` միգուցէ յուսով, որ գետի ալիքներին զոհ կը դառնանք, մեզնից առաջ հասել են սահմանային գօտի ու սպասել մեզ: Նրանք հեռակապով կապուեցին շրջանի բաժնի հետ եւ հաղորդեցին, որ բռնել են մեզ` 4 ուսանողներիս, եւ` որ մեզ մօտ ունենք կաշուէ պայուսակ (…..), որն իբր իրենց` կասկածելի է թւում: Հրահանգ ստացան մեզ յետ վերադարձնել Լաչին եւ այնտեղ վճռել հարցը:

… Յետոյ եմ հասկացել, թէ ինչ վտանգներով է լեցուն եղել այդ օրը: Որ կարող էին ուղղակի ոչնչացնել մեզ, ինչպէս ոչնչացրին Սումկայիթի հայ բնակչութեանը: Ոչ ոք չէր էլ իմանայ, թէ ինչ եղանք մենք, որ որոշել էինք հասնել մեր տուն եւ դասերին: Իսկ այն ժամանակ տաքարիւն ուսանողի գլխով` մտքովս անգամ չէր անցնում, թէ ի՛նչ կարող էր լինել:

Ազերիները վերցրել էին մեր անձնագրերը եւ պահանջում էին նստել իրենց մեքենան ու յետ վերադառնալ Լաչին: Դա ինձ մօտ ծիծաղ առաջացնող մի տխմարութիւն թուաց: Եւ բարկացած պոռթկացի. «Ո՞նց, ուզում էք ասել, որ ես ոտքով հասնեմ իմ հողը ու դուք ինձ վերադարձնէ՞ք: Դա չլինելու բան է: Անձնագիրն էլ պէտք չէ, ես գնացի»: Ու ոտքով շարունակեցի ճանապարհս դէպի տուն, հարազատներիս մօտ: Իսկ մինչ այդ հասցրել էի տղաներին ասել, որ օրէնքով նրանք իրաւունք չունեն մատով իսկ դիպչել ինձ` «Ես կը գնամ, իսկ ձեզ ստիպուած բաց կը թողնեն»:

Յետոյ էր, որ ամէն յիշելուց զարմանքից ժպտում էի. «Ինչպէ՞ս թէ` իրաւունք չունեն կնոջը մատով իսկ դիպչել: Թուրքի համար ի՞նչ օրէնք: Սումկայիթում ինչե՜ր չարեց»: Բայց այն ժամանակ իմ խրոխտ պահուածքն օգնեց: Անցայ 100-200 մեթր` չիմանալով ինչ են խօսում, ինչ է կատարւում: Յետ էլ չէի նայում:

Չգիտեմ` խի՞ղճը տանջեց նրանց, թէ՞ ինչ պատճառով, բայց անձնագրերը վերադարձրին տղաներին եւ միասին եկան իմ յետեւից: Ուզում էին, որ նստենք մեքենան, մի քիչ էլ մօտեցնեն գիւղին, յետոյ մենք ոտքով գնանք: Համոզում էին, որ իբր իրենք թալիշներ են, դրա համար չեն ուզում մեզ համար վատ լինի: Իսկ մենք զգուշանում էինք` միգուցէ սո՞ւտ են ասում:

… Հին շտապօգնութեան մեքենայ էր` ներսը ձեւափոխած, հեռակապի սարքաւորումներ տեղադրած: Մինչ մեքենան նստելը փոքր-ինչ խորհրդակցեցինք: Տղաներից մէկի մօտ դանակ կար: Որոշեցինք, որ նա նստի վարորդի մօտ, իսկ մենք յետեւի մասում` սարքաւորումների մօտ: Եթէ յանկարծ վարորդն ուզենայ յետ շրջել մեքենան, մեր ընկերը դանակով կը խփի նրան, իսկ մենք կը բացենք մեքենայի յետեւի դուռը եւ կը գլորուենք գետնին: Մի տեսակ կարծես շարժանկար լինի, իսկ այն ժամանակ իրական էր, քան աւելին: Մեքենայով մի քանի հարիւր մեթր էլ բերեց ազերին ու յետ վերադարձաւ` այս անգամ արդէն վտանգ տեսնելով սահմանին մօտ իր գտնուելու համար:

Երբ վազելով հասանք Գորիսից գիւղ եկած օթոպիւսին, ժողովուրդը զարմացած մեզ էր նայում.

– Որտեղի՞ց էք գալիս:

– Ստեփանակերտից:

– Ինչպէ՞ս, ինչո՞վ:

– Ոտքով:

Մարդիկ զարմացած էին.

– Թուրքերի միջո՞վ… ուղղակի անհաւատալի է…

… Տարիներ են անցել` երկար ու ձիգ տարիներ: Չգիտեմ` ի՛նչ եղան այդ տղաները, որոնց հետ անցայ կեանքի ու մահուան մի ճանապարհ, ապրեցի մի այնպիսի օր, որտեղից նոր կեանք է սկսւում: Կեանք, որ կարող էր չլինել դրանից յետոյ… ի՞նչ եղան նրանք: Մասնակցեցի՞ն Գոյապայքարին: Ո՞ղջ մնացին: Ի՞նչ են անում հիմա…

2016 Թ. Սեպտեմբերի 2…

Ճանապարհը ձգւում է դէպի Գորիս` այսքան տարիների ընթացքում որերորդ անգամ արթնացնելով յուշեր, դառը յուշեր, բայց այս անգամ` նաեւ պայծառ լոյս բերելով իր հետ: Հանդիպումը նոյն հիմնարկի (ներկայումս` համալսարան) աշխատակիցների հետ մի նպատակ ունէր. արխիւի միջոցով գտնել այդ երեք ուսանողներից գոնէ մէկին եւ իմանալ, որ բոլորի հետ ամէն ինչ լաւ է: Երեւի տարօրինակ թուաց իմ այցը: Դժուար էր բացատրել, թէ ինչ նշանակութիւն ունի դա ինձ համար, ինչպէս բացատրել, որ այն օրը կարող էր վերջինը լինել մեզ համար, բայց այնտեղից սկսուեց նոր կեանք,  եւ այդ կեանքի մէջ շարունակեցին իրենց կեանքը կառուցել երբեմնի չորս ուսանողները:

… Պրպտումներս արդիւնք չտուեցին: Արխիւի աշխատողը գործուղման մէջ էր, եւ ես վերադարձայ իմ առօրեայ կեանքին: Սակայն մտովի չհրաժարուեցի նրանց գտնելու ցանկութիւնից: Աւելի՛ն. այդ ցանկութիւնը ձեռք-ձեռքի, գետի միջով անցնող ուսանողների կերպարով աւելի ամուր նստեց յիշողութեանս թեւերին, որ շրջի ամէնուր եւ գտնի նրանց…

Հ. Գ.- Անչափ երախտապարտ կը լինեմ նրանց, ովքեր կ՛օգնեն ինձ` գտնելու իմ ուղեկիցներին: Կը խնդրէի տարածել նիւթը. միգուցէ ոեւէ մէկին ծանօթ թուայ այս պատմութիւնը եւ ճանաչի պատմութեանս հերոսներից գոնէ մէկին: Արձագանգէք թերթի կամ կայքի հասցէով: Կանխաւ շնորհակալութիւն:

1988-ին նրանք ուսանում էին Երեւանի պետական մանկավարժական համալսարանի Գորիսի մասնաճիւղում, բայց, ցաւօք, բաժինն ու կուրսը չգիտեմ: Անուններն էին` Էդօ, Կամօ, Մհեր (վստահ չեմ, որ 29 տարուայ հեռուից գոնէ անունները ճիշդ եմ յիշում):

 

 

 

Նախորդը

Ո՞վ Կը Մտածէ Ապրուստի Տագնապներ Ստեղծողներուն Դէմ Բողոքի Ցոյց Կազմակերպելու Մասին

Յաջորդը

Հայաստան-Սուրիա Դիւանագիտական Յարաբերութիւններու 25-Ամեակին Առիթով Երեսփոխան Նորա Արիսեանի Խօսքը` Սուրիոյ Խորհրդարանի Ամպիոնէն

RelatedPosts

«Քանզի Ես Ողորմութիւն (Սէր) Կ՛ուզեմ Եւ Ոչ Թէ` Զոհ Ու Ողջակէզներէն Աւելի` Աստուծոյ Գիտութիւնը» (Ովսեայ 6.6)
Անդրադարձ

«Քանզի Ես Ողորմութիւն (Սէր) Կ՛ուզեմ Եւ Ոչ Թէ` Զոհ Ու Ողջակէզներէն Աւելի` Աստուծոյ Գիտութիւնը» (Ովսեայ 6.6)

Հոկտեմբեր 21, 2025
Մեծապէս Կը Սխալին
Անդրադարձ

Մեծապէս Կը Սխալին

Հոկտեմբեր 21, 2025
Տարեփակի Խոհեր  Ա. –   Պիտի Վերականգնենք Մեր Երթը` Պատմութեան Եւ Աշխարհագրութեան Մայրուղիներուն Վրայ
Անդրադարձ

Տոմս. «Մեր Ժողովուրդը Ո՞ւր Է…»

Հոկտեմբեր 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?