Երէկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան Կիներու միջազգային տօնին առիթով յղեց շնորհաւորական հետեւեալ ուղերձը.
«Սիրելի՛ կանայք,
Շնորհաւորում եմ ձեզ Կանանց տօնի կապակցութեամբ:
Մարտի 8-ն այսօր մեզանում իսկապէս ձեռք է բերել տօնի կարգավիճակ: Այն եւս մի գեղեցիկ առիթ է` արտայայտելու մեր սէրն ու հիացմունքը, մեր երախտագիտութիւնն ու նուիրուածութիւնը մեզ շրջապատող կանանց ու աղջիկների հանդէպ:
Մենք ամէն կերպ խրախուսում ենք կանանց աւելի մեծ ներգրաւուածութիւնը մեր երկրի հասարակական կեանքում: Մեր համոզումն է, որ Հայաստանի կանայք ունեն դեռեւս լիարժէքօրէն չբացայայտուած մեծ ներուժ, որը պէտք է կեանքի կոչուի ամենատարբեր ասպարէզներում: Այսօր ակնյայտ է, որ մեզանում աւանդական համարուող ոլորտներից բացի, ինչպիսիք են կրթութիւնն ու առողջապահութիւնը, կանայք սկսել են լուրջ դերակատարութիւն ունենալ ձեռնարկատիրութեան, լրագրութեան, կառավարման, բարձր արհեստագիտութեան, դատական եւ այլ բնագաւառներում, ներառեալ` Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերում: Չեմ կասկածում, որ դուք զարգացնելու էք առկայ յաջողութիւնները եւ արժանիօրէն գրաւելու էք աւելի մեծ տեղ նաեւ քաղաքական կեանքում:
Սիրելի՛ կանայք,
Այդքանով հանդերձ, դուք մնում էք ազգի հիմքը կազմող աւանդական ընտանիքի յենասիւնը, մնում էք ձեր ամուսինների թեւն ու թիկունքը, ձեր զաւակների պահապան հրեշտակները, ձեր եղբայրների գորովալից քոյրերը եւ ձեր պատիւը սահմանին պաշտպանող երիտասարդների հարսնացուները:
Կրկին շնորհաւորում եմ ձեզ գարնանային այս պայծառ տօնի առթիւ:
Առանձնայատուկ երախտագիտութեամբ շնորհաւորում եմ զինուորների մայրերին, ում որդիներն այս պահին ծառայում են բանակում:
Մաղթում եմ ձեզ երջանկութիւն եւ ամենայն բարիք»: