ԶԱՖԵՐ ՍԱՐԸՔԱՅԱ
Պողազիչի համալսարանի ասպիրանտ
«Որտե՞ղ կարող եմ փոքրիկ, վայրի ելակ գտնել: Տրապիզոնի վայրի ելակներին նմանուող, նրանց պէս փոքրիկ, վայրի ելակ»[1] :
Այսօր սեւծովեան շրջանի մէջտեղում` Սամսոնի եւ Օրտուի միջեւ գտնուող Ունիէն` 100 հազարի հասնող բնակչութեամբ, սոյն շրջանի ամենազարգացած գաւառներից մէկն է: 1915 թ. հայերի տեղահանութիւնից (Հայոց ցեղասպանութիւնից-«Ակունք»-ի խմբ.) եւ 1924 թ. կնքուած Բնակչութեան փոխանակման մասին պայմանագրից առաջ, ինչպէս ամբողջ սեւծովեան ափը, այնպէս էլ Ունիէն այն վայրերից էր, որը հոծ կերպով բնակեցուած էր հայ ու յոյն բնակչութեամբ[2]: Ներքին գործերի նախարարութեան Բնակչութեան գրանցման ընդհանուր տնօրինութեան կողմից հրատարակուած «Օսմանեան կայսրութեան 1330 թ. (1912 թ.-«Ակունք»-ի խմբ.) բնակչութեան վիճակագրութիւն» վերնագրով գրքոյկից, որի հաւաստիութիւնը հիմնաւորւում է այն փաստով, որ սոյն տեղեկագիրքը հրատարակուել է 1920 թ., երբ Պոլիսը գտնւում էր անգլիական ու ֆրանսական ուժերի գրաւման տակ, երեւում է, որ այն ժամանակ Սամսոնի միայն յոյն բնակչութիւնն անգամ (54.970) գերազանցում էր տեղի մահմետական բնակչութեանը (44.992)[3]:
Օսմանեան կայսրութիւն | Կենտրոնական գաւառ (Սամսոն) | Ունիէ գաւառ | |
մուսուլման | 15.044.846 | 44.992 | 58.351 |
յոյն | 1.792.206 | 54.970 | 5251 |
հայ | 1.229.007 | 4809 | 5861 |
հրեայ | 187.073 | – | 9 |
այլ | 266.884 | 273 | – |
ընդհանուր | 18.520.016 | 105.044 | 69.472 |
Շրջանում այնպիսի քաղաքային կեդրոններից բացի, ինչպիսիք էին` Սամսոնը, Պաֆրան, Չարշամպան, Ունիէն եւ Ֆաթսան, հայ բնակչութիւն էր առկայ նաեւ գիւղական բնակավայրերում[4]: Ունիէի շրջակայքում գտնուող 10 գիւղ, Թերմէի կողմերում եղած 4 պուճաք (վարչական միաւոր Օսմանեան կայսրութիւնում, որն ընդգրկում էր գաւառի մի մասը-«Ակունք»-ի խմբ.) եւ Չարշամպայի գաւառի 20 բնակավայրերից գրեթէ բոլորը հիմնուել են 18-րդ դարի սկզբներին Համշէնից ու Սեւքետից (Քալքանտերէ) ժամանած գաղթականների կողմից: 1914 թ. սոյն շրջանում 49 եկեղեցիներ ու 3254 աշակերտների յաճախած 74 կրթական հաստատութիւններ կային, իսկ Ունիէի գաւառում առկայ էր (1130 տուն) թուով 7700 հայ բնակչութիւն, 14 եկեղեցի եւ 21 դպրոց: Իր երկաթի հանքավայրերով յայտնի սոյն գաւառի կեդրոնը եղող Ունիէն (Oinoe) տարածուած էր մի ծոցի հետեւում` մահիկի տեսքով: Երբ ժամանակին ապրուստ հայթայթելու միջոց եղած նաւաշինարանները ժամանակակից շրջանում շոգենաւերի ի յայտ գալով` կորցրեցին իրենց գործառոյթը, ծովագնաց կամ նաւաշինարար եղած Ունիէի բնակիչները հարկադրուած եղան ատագաղթել 19-րդ դարի երկրորդ կէսին: Այնտեղ մնացած 120 հայ ընտանիքները (700 հոգի) մէկտեղուել էին 18-րդ դարում կառուցուած Սուրբ Մինաս եկեղեցու եւ միաժամանակ իգական ու արական դպրոց եղող Մեսրոպեան դպրոցի շուրջ, որը 1914 թ. ունէր 175 աշակերտ[5]: Յովակիմ Յովակիմեանի «Պատմութիւն հայկական Պոնտոսի» գրքում նշւում է, որ թէեւ Ունիէի հայերի թիւը քիչ էր` յոյների եւ թուրքերի համեմատ, սակայն նրանք տնտեսապէս լաւ վիճակի մէջ էին գտնւում եւ յատկապէս ներքին շրջաններում կարեւոր դեր էին կատարում առեւտրի ոլորտում: Դարձեալ Յովակիմեանի աշխատութիւնից տեղեկանում ենք, որ Ունիէի գիւղացիները 1890-ական թուականներին կրթութեան մակարդակի առումով լաւ վիճակում էին գտնւում, եւ որ գիւղերում 8 եկեղեցու եւ նոյնքան քահանայի հետ մէկտեղ 11 դպրոցում նոյնքան ուսուցիչներ էին աշխատում[6]: Իոաննիս Քալֆօղլուն «Փոքր Ասիա մայրցամաքի պատմական աշխարհագրութիւնը» գրքում յայտնում է, որ Չարշամպայից 10 քմ հեռաւորութեան վրայ գտնուող Ունիէ գաւառն անցեալում Oinoe է կոչուել, եւ որ սոյն շրջանի 6000-ի հասնող բնակչութեան կէսը կազմել են յոյն ուղղափառները. «Նրանք լաւ դպրոցներ ունեն եւ ենթակայ են Նիքսարի մետրոպոլիտին, որի նստավայրը հիմնականում այստեղ է: Շրջակայքում սեւ քարի հանքավայրեր կան: Ունիէին 83 գիւղ է ենթակայ, իսկ վերջինիս գիւղախումբը եղող Քարաքուշին {Աքքուշ}` 34»[7]: Յովակիմեանի եւ Քալֆօղլուի հաղորդած տեղեկութիւնները ցոյց են տալիս, որ Ունիէում ապրող քրիստոնեաները կրթութեան առումով լաւ վիճակում են գտնուել: Սոյն բնակավայրի` առաւելապէս գիւղական շրջաններում բնակուող հայերը զբաղուել են ջուլհակութեամբ, կաշեգործութեամբ, կօշկակարութեամբ եւ առեւտրով, իսկ առաւելապէս քաղաքաբնակ եղող յոյները` ձկնորսութեամբ եւ արհեստների զանազան ճիւղերով: Այս շրջանում, թէեւ` ոչ հայերի եւ յոյների չափ, բայց եւ այնպէս ապրել են նաեւ հրեաներ: Ունիէում առեւտրով զբաղուած հրեաներն այսօր որպէս «Հրեական հարթավայր» կոչուող վայրին իրենց անունը թողնելով` լքել են Ունիէն:
1915 թ. հայերի տեղահանութեան սկզբում, ինչպէս այդ մասին ընդգծում է նաեւ Թաներ Աքչամը, կրօնափոխ լինելով` իրենց բնակավայրերում մնալը հայերին ներկայացուել էր որպէս այլընտրանք: Որոշ շրջաններում այս հարցում նոյնիսկ պարտադրանքներ են եղել: Գերմանական եւ ամերիկեան հիւպատոսական զեկոյցները լեփ-լեցուն են կամաւոր կամ հարկադիր դաւանափոխութիւնների մասին տեղեկութիւններով: Օրինակ` 1915 թ. յուլիսի 4-ին Գերմանիայի հիւպատոս Կիւքոֆֆի զեկոյցում տեղ է գտել հետեւեալ արտայայտութիւնը. «Սամսոնի շրջանի բոլոր գիւղերն իսլամացուել են, մահմետականացուել են նաեւ Ունիէի գիւղերը»[8]: Սամսոնում Միացեալ Նահանգների հիւպատոսը եւս նոյն ժամանակաշրջանում (1915 թ. յուլիսի 10-ին) պատրաստած իր զեկոյցում հետեւեալն է նշում կրօնափոխութիւնների մասին. «Մինչ այժմ 150-ի չափ ընտանիք է իսլամութիւն ընդունել, իսկ մնացեալն ուղարկուել է ներքին շրջաններ: Սամսոնում մօտաւորապէս 5000 հայեր, չափազանց վատ պայմաններում, տեղափոխուել են առանց փոխադրամիջոցների. կանայք ու երեխաները, տղամարդկանցից բաժանուելով, նստեցուել են բեռնատար սայլերի վրայ: Մի խօսքով, վիճակը սարսափելի է: Միւթեսարիֆը (սանճաքի` մարզի կառավարիչը -«Ակունք»-ի խմբ.) յայտնել է, որ կրօնափոխներն անգամ չեն կարող այստեղ մնալ եւ ստիպուած կը լինեն հեռանալ Տրապիզոն, Գիրեսուն (Կիրասոն,«Ակունք»-ի խմբ.), մերզիֆոն, Պաֆրայ կամ Ֆաթսայ: Թուրքերն ծաւալուն աշխատանքներ են կատարում` կրօնափոխութեան առումով: Գնացածների մեծ մասը ցանկանում է օրինակ վերցնել կրօնափոխ եղած 150 ընտանիքից, սակայն, ինչպէս երեւում է, ներկայ պահը շատ ուշ է դրա համար, եւ իսլամ ընդունելու դէպքում անգամ նրանց` այստեղ վերադառնալը մերժւում է»[9]: Իսկ Գերմանիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Վանկենհայմը իր 1915 թ. յուլիսի 7-ի զեկոյցում յայտնում է. «Տրապիզոնում հայերը զանգուածաբար իսլամութիւն են ընդունել տեղահանութիւնից խուսափել կարողանալու, իրենց կեանքն ու գոյքը փրկելու համար»[10]:
Քանի որ ներկայում Ունիէին ենթակայ Օրտուում անցեալում առնուազն Սամսոնի չափ հոծ հայ բնակչութիւն է եղել, քաղաքապետերն էլ են հայերից ընտրուել[11]: Հայերի տեղահանութիւնից անմիջապէս առաջ` 1913 եւ 1914 թթ., Օրտուի քաղաքապետը եղած Մարտիրոս Շիրինեանը Ա. Աշխարհամարտի սկսուելուն պէս հարկադրուած է եղել պաշտօնաթող լինել: 1915 թ. կատարուած տեղահանութիւնից յետոյ սոյն քաղաքում մէկ հայ իսկ չի մնացել, սակայն հանրապետական շրջանում, Օրտուի հայկական եկեղեցու արձանագրութիւնների համաձայն, 135 ընտանիք վերադարձել է Օրտու: Այս տեղեկութիւնը հաստատում է նաեւ 1940 թ. դեկտեմբերի 5-ի ամսաթուով մի տեսչական զեկոյց, որում յիշատակւում է 500 հոգանոց հայկական համայնքի գոյութիւնը. «Վիլայեթի ներսում չենք հանդիպել գաղտնի կամ բացայայտ, դասակարգային, խմբակային, շրջանային կամ միջազգային գաղափարական հոսանքների կամ մեր կուսակցութեան դէմ բացասական մտքեր ունեցողների կամ զգացմունքներ կրողների: Եւ դրա վերաբերեալ դիմումներ կամ բողոքներ չեն ստացուել: Վիլայեթի ներսում, միայն կեդրոնում 500-ի չափ հայեր կան, որոնք զբաղւում են մանր-մունր առեւտրական գործերով եւ որոշ արհեստներով: Ներկայում նրանց բացասական զգացումների եւ շարժումների մասին ոչ մի բողոք չկայ: Սակայն այդ փոքրամասնութեան` Օրտուում գտնուելը ցանկալի չի համարւում»[12]:
Սոյն զեկոյցի հեղինակ` Կեսարիայից ընտրուած պատգամաւոր Հիլմի Քըլըչը թէեւ ընդունում է, որ հայերի այդ խումբը որեւէ վատ բան չի անում, որի համար կարելի է բողոքել, սակայն եզրակացնում է, թէ` «այդ փոքրամասնութեան` Օրտուում գտնուելը ցանկալի չէ»: Այն տարեթուին, երբ գրուել է այս զեկոյցը, դեռ Օրտուում բնակւում էին նաեւ որոշ յոյն ընտանիքներ, որոնք չէին ենթարկուել փոխանակման` բողոքական լինելու պատճառով: Այդ յոյն ընտանիքներից մէկի անդամը եղող մսագործ Միհայիլի որդի Հարիս Էթչին աթելթիզմով սկսուած իր մարզական կեանքը ֆութպոլով էր գագաթնակէտին հասցրել, մուսուլման դարձել` թուրքական զինուած ուժերին ենթակայ «Քարագիւճիւ» խմբի կազմում խաղալու հնարաւորութիւն ունենալու համար եւ անունն էլ փոխել ու դարձրել էր Հալիս: 1949 թ. լիկայի ախոյեան դարձած եւ Կալաթասարայ խմբի աստղը եղած Էթչին հետագայում, Յունաստան գնալու համար վերստին փոխել էր անունը եւ Հարիս դարձել[13]:
Հիլմի Քըլըչի զեկոյցից ընդամէնը 6 ամիս անց` 1941 թ. յունիսի 2-ին, Կիրասոնում Ժողովրդահանրապետական կուսակցութեան ղեկավար, դոկտոր Նուրի Օզքայեան կուսակցութեան գլխաւոր քարտուղարութեանը յղած իր նամակում բողոքում է Թրակիայից եւ Պոլսից Կիրասոն գաղթած հրեայ ընտանիքներից.
«Որոշ շրջաններում կատարուող կամայական ազատ արձակումների պատճառով Թրակիայից ու Պոլսից այստեղ են եկել մի քանի հրեայ ընտանիքներ: Պարզուել է, որ նրանք այստեղի մի արտասահմանեան հաստատութիւնում աշխատող իրենց ազգականների մօտ են եկել հիւրի կարգավիճակով: Զարմանալի է այն փաստը, որ 10-15 հոգանոց խմբերով եկած այդ անձինք, լինեն կին թէ տղամարդ, կրում են թուրքական եւ մահմետական անուններ: Նրանցից մէկը, որը գտնւում է բանակ զօրակոչուելու տարիքում, մի կեղծ փաստաթուղթ ներկայացնելով` փորձել է ապահովել, որ իր ընտանիքի բոլոր անդամները Թրակիայից այստեղ տեղափոխուեն: Այդ ամբարտաւանը, իր խելքով կառավարութեանը մոլորութեան մէջ գցելով, ձգտում էր ազատուել զինուորական ծառայութիւնից: Պաշտօնեաների զգօնութեան շնորհիւ նրա խարդաւանքը բացայայտուեց, եւ իսկոյն արուեց այն ամէնն, ինչ անհրաժեշտ էր: Սակայն դրա կապակցութեամբ ուշադրութիւն է գրաւել, որ նրանց ձեռքին գտնուող անձնագրերում նրանց անունները փոխուած են թուրքական եւ մուսուլմանական անուններով: Աւելի տարօրինակ է հետեւեալ փաստը. այն դէպքում, երբ սրանց այստեղի ազգականները կրում են այնպիսի անուններ, ինչպիսիք են` Ֆարազան, Էսթերը, Եակոն, Մոյիսը, նրանց նորեկ եղբայրներն ու մօտիկ ազգականները կոչւում են` Միւնեւեր, Այքութ, Սեւիմ եւ այլն նման անուններով: Դժբախտաբար երեւում է, որ այդ կերպ թուրքի յարգալից անունը, ով գիտէ, ինչպիսի ստոր նպատակների եւ կրքերի գործիք կը դառնայ եւ դրա պատճառով ստոր բամբասանքների եւ հեգնանքի տեղիք կը տայ: Ինչ-որ կերպ օրինական ճանապարհ գտնելով եւ դատական որոշում ստանալով` իրենց անունները մերինով փոխածներին ի՞նչ հայեացքով պէտք է նայենք: Այդ անձանց` նման կերպ անուանափոխուելու պատճառը, իմաստը եւ նպատակը բացայայտ են: Եթէ դա թոյլ տանք, ապա մեր կառուցուածքում եւ, յատկապէս, հետագայում նրանց երեխաների գրանցումներում կը ներկայացուի, թէ իբր նրանք իսկական թուրք են, քանի որ նրանց մայրերն ու հայրերը ժամանակ թուրքական անուններ են ստացել մի բան, որ ձեր խոնարհ ծառայի կարծիքով, մեր ապագայի տեսանկիւնից անթոյլատրելի եւ անհանգստացնող դրութիւն կ՛առաջացնի: Ճիշդ է, որ դատարանում իրաւական պատճառ ներկայացուելու դէպքում անունները կարող են փոխուել: Թերեւս սրանք եւս այդ ձեւով են դատարանից նման որոշում ստացել: Ահա եւ օրինական յօդուածի կիրառման ժամանակ նմանատիպ անթոյլատրելի արարքները հաշուի առնելով` սոյն գործը` իր ամբողջ նրբութեամբ, ձեր ուշադրութեանն եմ ներկայացնում եւ յարգանքներիս հաւաստիքը յայտնում»[14]:
Թարգմանեց ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
«Ակունք»
(Շար. 1)
[1] Leon Z. Surmelian, Soruyorum Size Hanimlar ve Beyler, çev. Zülal Kiliç (Istanbul: Aras, 2013), s. 350.
[2] Սեւծովեան շրջանի հայերի մասին սահմանափակ թուով աղբիւրներ կան: Սփիւռքում գրուած երկու հայկական գրքեր տակաւին չեն թարգմանուել ու հրատարակուել թուրքերէնով կամ այլ լեզուներով: Դրանցից մէկը Օթոն Հեքիմեանի` 1961 թ. Փարիզում լոյս տեսած եւ 143 էջից բաղկացած «Սամսոնի հայութեան տխուր բաժինը 1915-1918 թթ. Մեծ եղեռնին» գիրքն է, իսկ միւսը` Յովակիմ Յովակիմեանի` 1967 թ. Պէյրութում հրատարակուած «Պատմութիւն հայկական Պոնտոսի» 951 էջանոց աշխատութիւնը: Աւելի մանրամասն տեղեկութիւնների համար տես` Sarkis Karayan, «Bibliography Histories of Armenian Communities in Turkey», Armenian Review 33/1 (Mart 1980), էջ 89-96, նաեւ` Ռիչարտ Կիրակոսեանի խմբագրութեամբ լոյս տեսած` Armenian Pontus: The Trebizond – Black Sea Communities, Costa Mesa, Kaliforniya: Mazda, 2009: Հետեւեալ աշխատութիւններում եւս կարելի է գտնել որոշ սահմանափակ տեղեկութիւններ` Peter Charanis, The Armenians in the Byzantine Empire (Lizbon: Calouste Gulbenkian հիմնադրամ, 1963); Anne Elizabeth Redgate, The Armenians (Oxford: Blackwell, 2000); Edmund Herzig ve Marina Kurkchiyan (կազմողներ), The Armenians: Past and Present in the Making of National Identity (Londra: Routledge Curzon, 2005):
[3] Orhan Sakin, Osmanli’da Etnik Yapi ve 1914 Nüfusu (Istanbul: Ekim, 2010), s. 195, 203, 270: Սոյն աշխատութեան` 2008 թ. կատարուած առաջին տպագրութեան մէջ մի սխալի պատճառով հայերի եւ յոյների թուերի վերաբերեալ տեղեկութիւնները խառնուել էին, 2010 թ. վերջին հրատարակութեան մէջ այդ սխալն ուղղուել է:
[4] Սամսոնում եւ կենդրոնին ենթակայ գիւղերում կային 43 հայկական եկեղեցիներ: 27 հայկական դպրոցներում սովորում էր 1705 աշակերտ, որից 1361-ը` տղայ, 344-ը` աղջիկ, աշխատում էին ընդհանուր թուով 59 ուսուցիչներ, որոնցից 44-ը` տղամարդ, 15-ը` կին: 1915 թ. առաջ, Թուրքիայի Հանրապետութեան սահմաններում գտնուած հայկական եկեղեցիների եւ դպրոցների մասին տես` Zakarya Mildanoğlu, «1915» in «Cansiz» Canlari Araniyor», Agos, 22 Nisan 2011, (Զաքարեայ Միլդանօղլուի յօդուածների հայերէն թարգմանութիւնը տես` http://akunq.net/am/?p=9726; http://akunq.net/am/?p=9738-ակունքի խմբ.):
[5] Ներքին շրջաններում եղած 10 հայկական գիւղերում (Օզան, Եաղմուրճան, Էյրուպէյլէ, Թեքետամ, Դիւզթարլան, Խաչտուր, Եուսուֆլար, Սէյլեն, Կէօզդերէն եւ Մանաստերէ) բնակուողները զբաղւում էին քարտաշութեամբ, ջուլհակութեամբ, պնդուկ աճեցնելով եւ ծխախոտագործութեամբ: Տես` Raymond H. Kévorkian ve Paul B. Paboudjian, 1915 Öncesinde Osmanli imparatorlugu՛nda Ermeniler, թարգմանիչներ` Mayda Saris եւ Sosi Dolanoğlu (Istanbul: Aras, 2012), էջ 199, 204; այ. Սաֆրաստեան, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի կողմից Թուրքիայի արդարադատութեան եւ դաւանանքների մինիստրութեան ներկայացրած հայկական եկեղեցիների եւ վանքերի ցուցակներն ու թաքրիրները 1912-1913 թթ., Էջմիածին, 1966, էջ 41-47: Տես նաեւ` Orlando Carlo Calumeno Koleksiyonu՛ndan Kartpostallarla 100 Yil Önce Türkiye՛de Ermeniler, կազմող` Osman Köker (Istanbul: Birzamanlar), առաջին հատոր (2005), էջ 181-182, երկրորդ հատոր (2013), էջ 250-251:
[6] Յովակիմ հովակիմեան, «Պատմութիւն հայկական Պոնտոսի», էջ 717-720:
[7] Ioannis Kalfoğlu, Kücük Asya Kitasinin Tarihi Coğrafyasi (Istanbul: Albatros, 2013), էջ 130:
[8] PA-AA/R14086, Սամսոնի հիւպատոս Կիւքոֆֆի` 1915 թ. յուլիսի 4-ի զեկոյցը, որը կցուած է Գերմանիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Վանկենհայմից վարչապետ Պեթման Հոլվեկին 1915 թ. յուլիսի 16-ի զեկոյցին: Տես` Taner Akçam, «Ermeni Meselesi Hallolunmuştur »: Osmanli Belgelerine Göre Savas Yillarinda Ermenilere Yönelik Politikalar, (Istanbul: Iletisim, 2008), էջ 295:
[9] Սամսոնի հիւպատոս Վիլիամ Փիթերից Միացեալ Նահանգների արտակարգ եւ լիազօր դեսպան Հենրի Մորկենթաուին, LC/HM (Sr.) /Reel 7/619, մէջբերումը` Ara Sarafian (der.), United States Official Records on the Armenian Genocide 1915-1917 (Princeton and London: Gomidas Institute, 2004), էջ 62-63: Աւելի մանրամասն տես` Raymond Kévorkian, Ermeni Soykırımı, çev. Ayşen T. Ekmekci (Istanbul: Iletisim, 2015), էջ 690-99:
[10] PA-AA/R14086, Արտակարգ եւ լիազօր դեսպան Վանկենհայմից վարչապետ Պեթման Հոլվեկին 1915 թ. յուլիսի 7-ին ուղարկուած զեկոյցը, տե՛ս Թաներ Աքչամի վերոնշեալ աշխատութեան 295-296 էջերը: Անատոլիայի բազմաթիւ շրջաններում տեղի ունեցած այդ անկարգութիւնների վերաբերեալ առկայ են հետեւեալ ուսումնասիրութիւնները, որոնք հարցին մօտենում են տարբեր տեսակէտներից եւ զանազան աղբիւրների դիմելով` Fuat Dündar, Kahir Ekseriyet: Ermeni Nüfus Meselesi (1878-1923) (Istanbul: Tarih Vakfi, 2013); Zeynep Türkyilmaz, «Anxieties of Conversion: Missionaries, Stateand Heterodox Communities in the Late Ottoman Empire» (չտպագրուած ատենախօսութիւն, Քալիֆորնիայի համալսարան, 2009 թ.); Donald Bloxham, The Great Game of Genocide: Imperialism, Nationalism, and the Destruction of the Ottoman Armenians (Oxford: Oxford University Press, 2005); Ryan Gingeras, Sorrowful Shores: Violence, Ethnicity, and the End of the Ottoman Empire 1912-1923 (Oxford: Oxford University Press, 2009); Selim Deringil, Conversion and Apostasy in the Late Ottoman Empire (Cambridge: Cambridge University Press, 2012); Nicholas Doumanis, Beforethe Nation: Muslim-Christian Coexistence and its Destruction in Late Ottoman Anatolia (Oxford: Oxford University Press, 2013):
[11] Հայերը մինչեւ 1915 թ. մեծամասնութիւն էին կազմում Օրտուի քաղաքային խորհրդում: Օրտուցի հայերի թեմայով ներկայում եւս Օրտուում բնակուող Յարութիւն Արթունի հետ արուած հարցազրոյցը տես` Selami İnce ve Emek Uygun, “Ordu Ermenilerine Ne Oldu?”, “Bir Gün”, 28 Haziran 2008; Selçuk Küpçük, “Ordu şehrinde gayri resminin tarihi: Bakırcı Harut Usta’nın öyküsü”, Karadeniz’in Kaybolan Kimliği içinde, կազմող`Uğur Biryol (Istanbul: Iletisim, 2014), 147-177: Օրտուի հայերի մասին աւելի մանրամասն տեղեկութիւնների համար տես` Vartiter Kotcholosian Hovannisian, «Ordu on the Black Sea», Armenian Pontus: TheTrebizond – Black Sea Communities, կազմող` Richard G. Hovannisian (Costa Mesa, Kaliforniya: Mazda, 2009), էջ 297-342: Տե՛ս նաեւ` Berke Baş, «Büyükannemin Hikâyesi Üzerinden Ordu’nun Tarihine Bakabilir Miyim?», Torunlar içinde, կազմողներ` Ayşe Gül Altınay եւ Fethiye Çetin (Istanbul: Metis, 2009), էջ 182-94: Կան նաեւ Պերքէ Պաշի մեծ մօր` Նահիտէ Քափթանի (1904-1993) միջոցով Օրտուի հայերին ներկայացնող Նահիտէի խաղիկը (2009) եւ Օրտուի երիտասարդներին նուիրուած «Beton Park (2010)» վերնագրով փաստավաւերագրական ֆիլմը:
[12] BBA-CA 490.01.612.127.06.
[13] Ibrahim Dizman, «Ordulu Kasap Mihail’in Oğlu Haris Futbol Oynamak İçin Dinini Değiştirdi”», Atlas Tarih 18 (Subat-Mart 2013), s. 126-29.
[14] BBA-CA 490.01.611.120.06